Սկիզբ https://matyan.am/2024/05/02/arajnord/
Ը. Առաջնորդները պետք է որոշակի ժամանակ հատկացնեն լսելու իրենց հպատակներին, որոնք բողոք ունեն նրա առաջ կամ կամենում են որևէ լուր հաղորդել: Առաջնորդը պիտի ընդունի նաև եկվորներին ու պանդուխտներին, զրուցի նրանց հետ ու տեղեկանա հեռավոր ազգերի սովորույթներից, ազգերի, որոնցից կարող է սովորել իր ժողովրդին օգտակար որոշ օրենքներ:
Թ. Առաջնորդներն ավելի, քան ուրիշներն, արժանի են կարեկցանքի, քան թե դատումի: Որովհետև օժտված լինելով մարդկային տկարությամբ՝ ընկած են անտանելի ծանրության ներքո: Պարտավորված են ղեկավարել բազմաքանակ ժողովրդի, նրան բարիք գործել և միշտ հոգալ կարոտյալների պետքերը: Եվ քանի որ պետքերը բազում են, շատ աշխատանք են թափում նրանք, ովքեր կամենում են բարվոք ղեկավարել:
Ժ. Եթե առաջնորդը տեսնում է իր կառավարիչների թերացումն իրենց ծառայության մեջ, պարտավոր է նրանց թերությունները հորդորիչ խոսքերով հայտնել և առանց վրդովման իրավունք պահանջել: Եթե այսպիսով ուղղվեն, կարող է վստահել նրաց հավատարմությանը, իսկ էթէ ոչ, պետք է զգուշանա նրնցից, որպեսզի վնաս չկրի:
ԺԱ. Մի առաջնորդ, որքան էլ բարեկարգ լինի, հնարավոր է, որ երբեմն իբրև մարդ սխալվի, և անշուշտ գովեստի է արժանի, եթե ունկնդիր լինելով խրատներին՝ ջանում է իր թերությունը հասկանալ և իրեն ուղղել: Ուղղվելու նշանը սեփական թերությունը խոստովանելն է և իմաստուն բարեկամների ծանր խրատները հանդուրժելը:
ԺԲ. Ով առաջնորդ չէ, տակավին չգիտի, թե ի°նչ է շատերին առաջնորդելը, ուստի համարձակորեն դատում է առաջնորդին, թե այս և այն բանում սխալվել է. բայց երբ այդպիսինին է պատահում հասնել առաջնորդական իշխանության, է՛լ առավել է սխալներ գործում և դատվում ուրիշների կողմից:
ԺԳ. Հասարակ մարդն իր մասին կարծում է, թե ամենքից ավելի ունի բոլոր պարագաներում ղեկավարելու մեծ հմտություն, և համարում, թե ինքը չէր սխալվի, եթե տեսուչ լիներ. բայց չգիտի, որ ղեկավարելու իշխանությունը նվաճում է միտքը, և ըստ իշխանության մեծության՝ փոքր սխալները նրա մեջ խիստ մեծ են երևում:
ԺԴ. Չարերը, երբեմն կարծելով, թե չարիք են հասցնում իրենց բարի ղեկավարներին, զրպարտությամբ ամբաստանում են նրանց և օտարության մատնում, բայց դրանով մեծ բարիք են գործում նրանց, որովհետև վերջիններս ազատվում են հասարակությանը ղեկավարելու բազմատագնապ հոգսերից և գտնում հանգիստ ու անզբաղ կյանք:
ԺԵ. Առաջնորդները պարտավոր են վեճը երկար հետազոտելով քննել դատարանում և հասու լինել հանգամանքների ճշմարտությանը, որովհետև ամեն ամբաստանյալ չէ, որ հանցավոր է, և ոչ էլ հանցանքի մեջ կասկածը կարող է մեկին դատապարտման արժանի դարձնել ըստ մեղադրողների բողոքի:
ԺԶ. Առաջնորդն օրենքի պահապան է և հասարակության լավ օրինակ: Ուստի դատի է արժանի ժողովրդի մեղքերի համար, եթե զանց է առնում օրենքի հանդեպ հանցավորներին պատժել և կամ իր անիրավությամբ, ագահությամբ ու սնափառությամբ չար օրինակ լինում ուրիշներին և նրանց գայթակղվելու ու մեղանչելու առիթ տալիս:
ԺԷ. Որքան նախամեծար է մեկն ուրիշներից, այնքան ուրիշներից առավել բարեկարգ պիտի լինի: Առաջնորդի փոքր հանցանքը ժողովրդի մեջ պատճառ է դառնում մեծ չարիքների,որոնք երբեմն ձգվում են բազում դարեր: Ժողովուրդն ավելի աչալուրջ է առաջնորդի փոքր թերությունները տեսնելու մեջ, քան նրա մեծամեծ առաքինությունները, և նրանից կրած սակավ վնասն առավել է զգում, քան նրա շնորհիվ ստացած բազում օգուտները:
ԺԸ. Առաջնորդներն արժանի են լինում պատժի, երբ իրենց ղեկավարությունը տալիս են անարժանների ձեռքը, ովքեր հասարակությանը չարիք են հասցնում: Որովհետև թեև իրենք անհաղորդ են վնասին, բայց քանի որ չեն ջանում քննել, արժանավորին գտնել ու կառավարչությունը նրան հանձնել, այդ պատճառով էլ նրանցից իրավացիորեն դատաստան է պահանջվում: Առաջնորդը, եթե կամենում է մեկին կառավարիչ դարձնել, պետք է նրան նախ ստորին պաշտոնի կարգի, փորձի նրա գործունեությունն ու հավատարմությունը, զննի նրա առանձին վարքը, հաճախ զրուցի նրա հետ, ծածուկ հարցնի ու իմանա նրանցից, ովքեր նրա հետ ընտանեբար են վարվում, թե ի՛նչ է ավելի սիրում, ո՛ւմ է ավելի հավանում, ինչեր է բնավորությամբ սիրում, ինչերի՛ հանդեպ ատելություն ունի, և նրա մասին բոլոր հանգամանքներին տեղեկանալուց հետո՛ միայն կարգի ավելի բարձր աստիճանի պաշտոնի:
ԺԹ. Առաջնորդը եթե ստիպված է լինում չար մեկին որևէ պաշտոնի կարգելու, նրան միշտ ստորին կարգում պիտի պահի և զգույշ լինի ամեն ինչում, որպեսզի նա ավելի բարձր պաշտոնի չհասնի և գաղտնի ու ներքին մտքերի իրազեկ չդառնա: Առավել ևս պիտի նայի, որ եթե սակավ առ սակավ չուղղվի, որևէ հնարով նրան գործից ազատի: Բայց պետք է խոհեմությամբ վարվել, որպեսզի որևէ աղմուկ չբարձրանա: Որովհետև եթե հնարավոր չէ չարն անմիջապես հեռացնել, հարկ է միշտ սպասել ավելի պատեհ առիթի՛նրան մեջտեղից հանելու համար:
«Թանգարան խրատու, յօրինեալ ի Պօղոս Պատրիարքէ Անդրիանուպօլսեցւոյ»
Երուսաղէմ, Սրբոց Յակովբեանց տպարան, 1870 թ.
Թարգմանությունը՝ Վազգեն Համբարձումյանի
( Շարունակելի )