Մայիսի 22-ի առավոտյան` հրետանային նախապատրաստական կրակից հետո, թուրքական զորքերը Սարդարապատի արձակ դաշտով հարձակման անցան Քյորփալու (այժմ` Արշալույս) և Ղուրդուղուլի (այժմ` Արմավիր) գյուղերի բնագծում դիրքավորված հայկական ուժերի վրա և հասան Ղամըշլու (այժմ` Եղեգնուտ): Թշնամին առաջանում էր այն ամբարտավան ինքնավստահությամբ, որ հեշտությամբ կճնշի հայկական փոքրաթիվ զորքերի դիմադրությունը և արագորեն կգրավի Էջմիածինը, ապա նաև Երևանը:
Սակայն երբ ասկյարների հոծ շարքերը գրեթե ամբողջությամբ ծածկել էին դաշտը, գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանով միաժամանակ որոտացին հայկական ուժերի հրետանային մարտկոցները` կրակե հեղեղ թափելով թուրքական զորքերի գլխին: Հրետանին, որը ղեկավարում էր գնդապետ Քր. Արարատյանը` Հայաստանի Հանրապետության ապագա ռազմական նախարարը, դիպուկ կրակ էր վարում թշնամու թե՛ գրոհող հետևազորի և թե՛ հրետանային ու գնդացրային կրակակետերի վրա:
Ի դեպ, հետագայում թուրքերը Սարդարապատում իրենց պարտությունը պատճառաբանում էին հայերի մեծաքանակ հրետանու առկայությամբ: Մինչդեռ իրականում թուրքերի 40 հրանոթների դիմաց հայկական զորքերն ունեին ընդամենը 18 հրանոթ: Պարզապես Արարատյանի հմուտ մարտավարության շնորհիվ հրանոթները մարտի ընթացքում անընդհատ տեղափոխվում էին մի դիրքից մյուսը և տարբեր կրակակետերից ռմբահարում թշնամուն` այդպիսով ստեղծելով մեծաքանակ հրետանու տեսլականը:
Դիպուկ հրետակոծության հետևանքով թշնամու շարքերում խուճապ առաջացավ, զորաշարքերը խառնվեցին իրար: Գլուխները կորցրած ասկյարները սկսեցին արձակ դաշտում մահաբեր կրակից պատսպարվելու տեղ փնտրել և չգտնելով` ինքնաբերաբար մղվեցին ետ` դեպի ելման դիրքերը:
Պահը հասունացել էր, և գնդապետ Դ. Բեկ-Փիրումյանի հրամանով հայկական զորքերը անցան հարձակման: Գնդապետ Պ.Բեկ-Փիրումյանի ղեկավարած 5-րդ` «Մահապարտների» հրաձգային գունդը, Իգդիրի և պարտիզանական հետևակային գնդերը, հատուկ հեծյալ գունդը աշխարհազորային ջոկատների աջակցությամբ նետվեցին գրոհի, հուժկու հարված հասցրին թշնամուն և փախուստի մատնեցին նրան:
Ճնշելով թուրքական զորքերի հոծ պաշտպանությունը և արագորեն առաջանալով` հայկական զորքերը թշնամուն 15-20 կմ ետ շպրտեցին Սարդարապատ գյուղի և կայարանի դիրքերից և ազատագրեցին Գեչըրլուն և Մոլլա-Բայազեթը: Ճակատի հյուսիսային հատվածում մեր զորքերը ազատագրեցին Կոշը և Ուջանը:
Այսուհանդերձ, գնդապետ Դ.Բեկ-Փիրումյանը վճռեց չշարունակել թշնամու կրնկակոխ հետապնդումը և չկտրվել ելման դիրքերից` զգուշանալով, որ թուրքերը կարող են ուշքի գալ, համալրում ստանալ և հակահարձակման անցնելով` ի չիք դարձնել ձեռք բերված հաջողությունը: Օգտվելով այդ հանգամանքից` խուճապահար նահանջող թուրքական զորքերը կարողացան համախմբել իրենց ուժերը և ամրանալ Արաքս կայարանում և մերձակա Չիմնի-ղըռ և Թյուլքի-թափա բարձունքների շրջանում:
Առաջին իսկ մարտերում հայ զինվորները ծանր կորուստներ (շուրջ 500 սպանված և վիրավոր) պատճառեցին թշնամուն: 36-րդ հետևակային դիվիզիային փոխօգնության հասնելու և անձնակազմը համալրելու նպատակով Վեհիբ փաշայի հրամանով թուրքական 5-րդ դիվիզիայի զորամասերը փորձեցին Սուրմալուից գետանցել Արաքսը և հարվածել մեր զորքերի թիկունքին: Սակայն Արաքսի ափին դիրքավորված հայկական սակավաթիվ ջոկատները հաջողությամբ կասեցրին թուրքերի բոլոր գրոհները:
Հայ զինվորների առաջին հաղթական մարտերը բուռն ոգևորություն առաջացրին ազգաբնակչության շրջանում: Անմիջապես սկսեց ստվարանալ զինվորագրվողների թվաքանակը, անգամ դասալիքները սկսեցին շարք վերադառնալ: Բոլորը հուսավառվել էին վերջնական հաղթանակի հավատով և ցանկանում էին օժանդակել համազգային պայքարին` ռազմաճակատի կարիքների համար զոհաբերելով ամեն ինչ:
Մայիսի 24-ին գեներալ Մ. Սիլիկյանը կոչով դիմեց ժողովրդին.
«Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու: Հասել է պահը, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով իր անձնականը, հանուն մեծ գործի` հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պիտի գործի դնի իր վերջին ճիգը` թշնամուն հարվածելու համար…
Հայե՛ր, ժամանակը չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են զենք վերցնելու, և ես պահանջում եմ բոլորից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով` հայրենիքի պաշտպանության համար:
Հայուհինե՛ր, հիշեցե՛ք 5-րդ դարի փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին Մեծ գործի` անմահ Վարդանի կռիվների ժամանակ, հետևեցեք նրանց օրինակներին, եթե չեք ուզում, որ Ձեր պատիվը ոտնահարվի, խրախուսեցեք նրանց ու արհամարհեցեք այն վախկոտներին, որոնք զանազան պատրվակներով խուսափում են ճակատ գնալուց…
Հանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիկական գոյության, հանուն ոտնակոխ եղած ճշմարտության: Ոտքի կանգնեցեք: Դեպի գործ, դեպի սրբազան պատերազմ…
Երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Սիլիկյան»:
Առաջին հաղթական մարտերից հետո հայկական զորքերը դիրքավորվեցին Սարդարապատի մերձակայքում: Աջ կողմից` կայարանի մոտ, 5-րդ գնդի վեց վաշտերն էին, Էջմիածնի պարեկային վաշտը, Զեյթունի գունդը, հատուկ հեծյալ գնդից մեկ էսկադրոն, Ղարաքիլիսայի գնդից մեկ վաշտ: Երկաթուղագծից հարավ կանգնած էին Իգդիրի ջոկատը, պարտիզանական գունդը, հատուկ հեծյալ գունդը, նաև երկրորդ մարտկոցի չորս հրանոթ: Պահեստային ուժերն էին` 5-րդ գնդի երկու վաշտ, Մակուի գումարտակը, Երզնկայի և Խնուսի գնդերը:
Մայիսի 25-ին գեներալ Սիլիկյանի հրամանով վերախմբավորելով իրենց ուժերը` հայկական զորամասերը վեց վերստ ձգվող ճակատով դիրքեր գրավեցին թուրքական զորքերին զուգահեռ` 800 քայլ հեռավորության վրա` ճակատով դեպի հյուսիս:
Շտաբս-կապիտան Սարգսյանցի գլխավորությամբ ձևավորված զորասյունը հարձակում գործեց Արաքս-Ներքին Թալին-Մաստարա ուղղությամբ: Առաջնահերթ խնդիրը Թյուլքի-թափա լեռան գրավումն էր և այնտեղ ամրացած թշնամուն ետ շպրտելը: Սակայն, չնայած հայ ռազմիկների խիզախությանն ու անձնազոհությանը, թուրքական դիրքերը մնացին անառիկ: Հաջողություն չունեցան նաև Արաքս կայարանի շրջանում ամրացած թշնամուն իր նպաստավոր դիրքերից դուրս մղելու համար ձեռնարկված ճակատային գրոհները: Հայկական զորքերի ճակատային գրոհները որևէ արդյունքի չհանգեցրին նաև հաջորդ օրը:
«Հարձակումը դանդաղեց: Թուրքերը, հասցնելով հարմար խրամատավորվել, ամուր պահում էին սարերը… Ծանր իրավիճակ էր ստեղծվել: Սարդարապատի խումբը հայտնվել էր կիսաօղակի մեջ, պահեստային ուժեր չկային: Թուրքերը գրավել էին բարձունքները, մենք` նրանց ներքևում էինք»,- վերհիշում է Սարդարապատի ջոկատի շտաբի պետ Ա. Շնեուրը:
Թուրքական զորքերի համառ դիմադրությունը կոտրելու համար հայկական ուժերի հրամանատարությունը` գեներալ Մ. Սիլիկյանի գլխավորությամբ, մշակեց հնարամիտ ծրագիր, ըստ որի` հայկական զորքերի մի մասը պետք է թևանցում կատարեր և թիկունքից հարվածեր թշնամուն: Այդ նպատակով փոխգնդապետ Հասանփաշայանի գլխավորությամբ ձևավորվեց առանձին հարվածային զորախումբ` Խզնաուզի ջոկատը, որը կազմված էր Երզնկայի հետևակային գնդից, Մակուի առանձին գումարտակից, երկու էսկադրոնից, Խնուսի գնդի մեկ վաշտից և չորս հրանոթից:
Մայիսի 27-ի լուսաբացին հարվածային զորախումբը, թևանցում կատարելով Խզնաուզ (այժմ` Արագած) և Կոշ գյուղերի կողմից, Շամիրամի ձորով ու լեռներով դուրս եկավ Արաքս կայարանի մատույցները և թիկունքից անակնկալ գրոհ ձեռնարկեց թշնամու վրա: Թշնամու թիկունքին Թալինի կողմից հարված հասցրեց նաև մշեցիների ջոկատը` Պանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորությամբ:
Առավոտյան Ժամը 9-ին սկսվեց հարձակման հրետանային նախապատրաստությունը: Ժամը 14-ին տեղեկություն ստացվեց, որ Երզնկայի գունդը շրջանցել է թուրքական զորքերի թևը: Թուրքերի դիմահար կրակի հետևանքով փոքր-ինչ դանդաղեց Մակուի գումարտակի թևանցումը Ներքին Կալակուտ գյուղի մերձակայքում, սակայն իսկույն փոխօգնության եկած Երզնկայի գնդի երկու վաշտերը շտկեցին իրավիճակը:
Երզնկայի գունդը, կտրուկ թեքվելով հարավ, դուրս եկավ ամրացված բարձունքների թիկունքը և անմիջապես հարձակման անցավ: Միաժամանակ Սարդարապատի կողմից ճակատային գրոհի նետվեցին հայկական մյուս զորախմբերը: Թշնամին փորձեց դիմադրել, սակայն երկկողմանի ճնշմանը երկար չդիմացավ և ծանր կորուստներ կրելով` լքեց իր դիրքերն ու խուճապահար նահանջեց:
«Թուրքերը խուճապահար փախչում են Կարա-Բուրուն լեռան ուղղությամբ` դեն նետելով հանդերձանքը: Մեր փոքրաթիվ հեծելազորը հետապնդում է նրանց: Ձախ զորասյունը հետապնդելով թուրքերին երկաթգծի երկայնքով` գրավում է Արաքս կայարանը, իսկ երեկոյան նաև Մաստարա կիսակայարանը: Աջ զորասյունը, որի կազմում էր նաև Երզնկայի գունդը, երեկոյան մոտենում է Մաստարա գյուղին: Պանդուխտի հեծյալները շարունակում են հետապնդել թշնամուն Կրիզլուի և Գյոզլուի վրայով, մայիսի 28-ին հասնում են Սողութլու: Թուրքերը խուճապի մեջ են: Նրանց գումարտակներն անցնում են Արփաչայի արևմտյան ափը» (Ա. Շնեուր):
Հաջորդ օրը, զարգացնելով հարձակումը, հայկական զորքերը ազատագրեցին Արագած և Ղարաբուրուն կայարանները, Ներքին և Վերին Թալինը ու Մաստարան: Թուրքական զորքերը նահանջեցին Ալեքսանդրապոլի ուղղությամբ: Հաղթանակը կատարյալ էր. թուրքական 36-րդ դիվիզիան ջախջախվեց ու ետ շպրտվեց: Ճակատամարտում թուրքական զորքերը կորցրին ավելի քան 3500 զինվոր: Մեր կորուստները անհամեմատ քիչ էին:
Սարդարապատի ճակատամարտի հաղթական ավարտի ավետիսը համաժողովրդական ցնծության ալիք բարձրացրեց Երևանում:
ՎԱՀԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ