Գ Թագավորություններ 18.29-46
29 Այն ժամանակ խօսեց թեզբացի Եղիան գարշելի կուռքերի մարգարէների հետ՝ ասելով. «Հեռո՛ւ կանգնեցէք, հիմա ես եմ իմ ողջակէզն անելու»: Նրանք գնացին հեռացան: 30 Եղիան ասաց ժողովրդին. «Մօտեցէ՛ք ինձ»: Ամբողջ ժողովուրդը մօտեցաւ նրան: 31 Նա նորոգեց Տիրոջ կործանուած զոհասեղանը, առաւ տասներկու քար ըստ Իսրայէլի ցեղերի թուի, ինչպէս Տէրն ասել էր նրան. «Իսրայէ՛լ թող լինի քո անունը»: 32 Նա քարերից Տիրոջ անունով զոհասեղան շինեց, նրա շուրջը փոս փորեց, որ կարող էր երկու գրիւ սերմ տանել, 33 ապա փայտ դիզեց զոհասեղանի վրայ, կտրատեց զուարակը, դրա կտրատուած մասերը դասաւորեց զոհասեղանին դրուած փայտերի վրայ: 34 Նա ասաց. «Չորս սափոր ջո՛ւր բերէք եւ թափեցէ՛ք ողջակէզի ու ջարդուած փայտերի վրայ»: Ապա ասաց. «Դարձեա՛լ արէք»: Նրանք նոյն բանը կրկին արեցին: Եղիան ասաց. «Երրո՛րդ անգամ էլ արէք»: Նրանք երրորդ անգամ էլ արեցին: 35 Ջուրը հոսում էր զոհասեղանի շուրջը, եւ փոսը լցուեց ջրով: 36 Զոհի մատուցման ժամին Եղիան, երկինք աղաղակելով, ասաց. «Աբրահամի, Իսահակի ու Իսրայէլի Տէ՛ր Աստուած, թող այսօր համոզուեն, թէ դու ես Իսրայէլի Տէր Աստուածը, եւ ես քո ծառան եմ: Ես արեցի այս գործերը: 37 Լսի՛ր ինձ, Տէ՜ր, պատասխանի՛ր ինձ հրով, որ այս ժողովուրդը գիտենայ, թէ դու ես Տէր Աստուածը, եւ դու յետ դարձրիր այս ժողովրդի սիրտը»: 38 Եւ երկնքից կրակ ընկաւ Տիրոջից, լափեց ողջակէզն ու փայտերը, կլանեց փոսի հողն ու ջուրը: 39 Երբ ամբողջ ժողովուրդը տեսաւ դա, ընկաւ երեսնիվայր եւ ասաց. «Արդարեւ, Տէրն Աստուած է, Տէրն Աստուած է»: 40 Եղիան ասաց ժողովրդին. «Բռնեցէ՛ք Բահաղի մարգարէներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»: Բռնեցին նրանց: Եղիան ամէնքին իջեցրեց Կիսոնի հեղեղատն ու այնտեղ կոտորեց նրանց: 41 Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, կե՛ր ու խմի՛ր, որովհետեւ անձրեւի ձայն է լսւում»: 42 Աքաաբը ելաւ, որ ուտի եւ խմի, իսկ Եղիան բարձրացաւ Կարմելոս լեռան գագաթը: Նա մինչեւ գետին խոնարհուեց, երեսն առաւ ծնկների մէջ 43 ու ասաց իր ծառային. «Ելի՛ր ու նայի՛ր ծով տանող ճանապարհի կողմը»: Ծառան ելաւ, նայեց ու ասաց. «Ոչինչ չկայ»: Եղիան ասաց. «Դու եօթ անգամ արա՛ դա»: 44 Ծառան եօթ անգամ գնաց, եւ այնպէս պատահեց, որ, եօթերորդ անգամը հազիւ լրացած, մարդու ձեռքի չափ մի փոքրիկ ամպ ջուր էր կաթեցնում: Եղիան ասաց. «Գնա՛ ու ասա՛ Աքաաբին. “Լծի՛ր քո կառքերը եւ հեռացի՛ր, որ անձրեւի չբռնուես”»: 45 Երբ սա այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, եւ սաստիկ անձրեւ սկսեց տեղալ: 46 Աքաաբը լալով գնաց Յեզրայէլ: Տիրոջ ձեռքը Եղիայի վրայ էր, որն, իր մէջքը պինդ կապելով, վազեց Աքաաբի առջեւից, մինչեւ որ մտաւ Յեզրայէլ:
Դ Թագավորություններ 2.1-15
1 Երբ Տէրը Եղիային պտտահողմով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսէէն գնացին Գաղգաղա: 2 Եղիան ասաց Եղիսէէին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրն ինձ Բեթէլ է ուղարկում»: Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»: Նրանք եկան Բեթէլ: 3 Բեթէլում գտնուող մարգարէների որդիները եկան Եղիսէէի մօտ եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ Տէրը այսօր առնել տանելու է քո մօտից քո տիրոջը»: Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացէք»: 4 Եղիան ասաց Եղիսէէին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրն ինձ Երիքով է ուղարկում»: Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»: 5 Նրանք եկան Երիքով: Երիքովում գտնուող մարգարէների որդիները մօտեցան Եղիսէէին եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ այսօր Տէրը քո տիրոջը առնել տանելու է քո մօտից»: 6 Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացէք»: Եղիան ասաց նրան. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրը ինձ Յորդանան գետի ափն է ուղարկում»: Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»: 7 Եւ նրանք երկուսով գնացին: Մարգարէների որդիներից յիսուն հոգի գնաց ու կանգնեց հեռւում, Եղիայի ու Եղիսէէի դիմաց, իսկ սրանք երկուսով կանգնել էին Յորդանան գետի եզերքին: 8 Եղիան առաւ իր մորթէ վերարկուն, ծալեց ու խփեց ջրերին: Ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, եւ նրանք երկուսով անցան ցամաքով: 9 Երբ նրանք անցան, Եղիան ասաց Եղիսէէին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ Տէրն ինձ քո մօտից չի վերացրել»: Եղիսէէն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ չափով ինձ վրայ լինի»: 10 Եղիան ասաց. «Դժուար բան խնդրեցիր, բայց եթէ քեզնից իմ երկինք բարձրանալու ժամանակ ինձ տեսնես, այդպէս թող լինի, ապա թէ ոչ՝ թող չլինի»: 11 Մինչ նրանք քայլում էին, մի հրեղէն կառք ու հրեղէն երիվարներ երեւացին, նրանց միմեանցից բաժանեցին, եւ Եղիան պտտահողմի մէջ դէպի երկինք վերացաւ: 12 Եղիսէէն նայեց ու աղաղակեց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ, Իսրայէլի կառքը եւ նրա հեծեալը»: Եւ այլեւս չտեսաւ նրան: Եղիսէէն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կէս արեց: 13 Նա ձեռքն առաւ Եղիայի մորթէ վերարկուն, որ գցել էր իր վրայ: Եղիսէէն վերադարձաւ, գնաց կանգնեց Յորդանան գետի եզերքին, 14 վերցրեց Եղիայի մորթէ վերարկուն, որ գցել էր իր վրայ, խփեց ջրերին՝ ասելով. «Եղիայի Տէ՛ր Աստուած, ո՞ւր ես հիմա»: Նա խփեց ջրերին, ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, եւ Եղիսէէն անցաւ: 15 Երբ Երիքովի մարգարէների որդիները դիմացից տեսան նրան, ասացին. «Եղիայի հոգին իջել է Եղիսէէի վրայ»: Նրանք եկան դիմաւորեցին, երկրպագեցին նրան:
Հակոբոս 5.16-20
16 Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէ՛ք եւ միմեանց համար աղօ՛թք արէք, որպէսզի բժշկուէք. քանզի արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է: 17 Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակայ. նա աղօթեց, ու երկրի վրայ երեք տարի ու վեց ամիս անձրեւ չտեղաց: 18 Ապա դարձեալ աղօթեց, եւ երկինքը անձրեւ տուեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը: 19 Եղբայրնե՛ր իմ, եթէ ձեզնից մէկը շեղուի ճշմարտութեան ճանապարհից, իսկ մէկ ուրիշը նրան յետ բերի, 20 թող իմանայ, որ ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կփրկի նրա հոգին մահուանից եւ կծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն:
Ավ. ըստ Ղուկասի 4.25-30
25 Արդարեւ, ասում եմ ձեզ, որ Եղիայի օրով Իսրայէլում բազում այրիներ կային, երբ երկինքը փակուեց երեք տարի ու վեց ամիս, եւ ամբողջ երկրի վրայ մեծ սով եղաւ: 26 Սակայն նրանցից ոչ մէկի մօտ Եղիան չուղարկուեց, այլ միայն մի այրի կնոջ՝ սիդոնացիների Սարեփթա քաղաքում: 27 Նաեւ՝ Իսրայէլում Եղիսէ մարգարէի օրով բազում բորոտներ կային, եւ սակայն նրանցից ոչ մէկը չմաքրուեց, այլ միայն՝ Նէեման ասորին»: 28 Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը լցուեցին բարկութեամբ. 29 եւ վեր կենալով նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչեւ դարաւանդը այն լեռան, որի վրայ շինուած էր իրենց քաղաքը, որպէսզի նրան գահավէժ անեն: 30 Իսկ նա, անցնելով նրանց միջով, գնաց: