Առակներ 31.29-31
29 «Շատ դուստրեր հարստութիւն ձեռք բերեցին, շատերն էլ սխրագործութիւններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց եւ անցար բոլորից: 30 Քո մէջ կանացի կեղծ բարեհաճութիւն չկայ, եւ ոչ էլ՝ սին գեղեցկութիւն»: Արդարեւ, իմաստուն եւ բարեպաշտ կինը պիտի օրհնուի: 31 Նա պատիւ է տալիս Աստծուց երկիւղ կրողներին, դուք էլ նրա շուրթերի պտղից պատի՛ւ տուէք նրան, եւ թող նրա ամուսինը գովաբանուի դրսում. քանզի եթէ մարդուս ճամփան բաց է նրա հայեացքի առջեւ, ապա նա յաջողութիւն պիտի գտնի յաւիտեանս յաւիտենից:
Եսայի 61.10-62.3
61.10 Ես պիտի հրճուեմ Տիրոջով, որովհետեւ նա ինձ փրկութեան զգեստ եւ ուրախութեան պատմուճան հագցրեց, որպէս փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին եւ որպէս հարսի՝ զուգեց ինձ զարդով: 11 Ինչպէս երկիրը, որ աճեցնում է իր ծաղիկները, եւ ինչպէս պարտէզը, որ ծլեցնում է իր սերմերը, այնպէս էլ Տէրն է ի յայտ բերելու իր արդարութիւնն ու ցնծութիւնը բոլոր ազգերի առաջ:
62.1 Չեմ լռի յանուն Սիոնի եւ չեմ ների յանուն Երուսաղէմի, մինչեւ չծագի նրա արդարութիւնը, ինչպէս լոյս, եւ չբոցավառուի նրա փրկութիւնը, ինչպէս փայլակ: 2 Հեթանոսները պիտի տեսնեն քո արդարութիւնը, թագաւորները՝ քո փառքը, եւ դու նոր անունով ես կոչուելու, որ Տէրն է անուանելու: 3 Տիրոջ ձեռքին վայելչութեան պսակ պիտի դառնաս եւ քո Աստծոյ ձեռքին՝ արքայական թագ:
Հռոմեացիներ 15.30-16.2
15.30 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսով եւ Հոգու սիրով՝ մարտակից լինել ինձ, ինձ համար Աստծուն ուղղուած աղօթքների մէջ, 31 որպէսզի ազատուեմ հաւատի դէմ ապստամբողներից, որ Հրէաստանում են, եւ որպէսզի Երուսաղէմի իմ ծառայութիւնն ընդունելի լինի սրբերին. 32 այսպէս, ուրախութեամբ գալով ձեզ մօտ Աստծոյ կամքով, հանգստանամ ձեզ հետ: 33 Եւ թող խաղաղութեան Աստուածը լինի ձեզ բոլորիդ հետ: Ամէն:
16.1 Յանձնարարում եմ ձեզ Փիբէին՝ մեր քրոջը, որը սպասաւորն է Կենքրայի եկեղեցու, 2 որպէսզի Տիրոջ անունով ընդունէք նրան, ինչպէս վայել է սրբերին, եւ հոգ տանէք նրան, ինչ կարիքների համար էլ դիմի ձեզ. քանզի նա եւս հոգատար եղաւ շատերին եւ ինձ էլ:
Ավ. ըստ Մատթեոսի 10.26-33
26 Այսուհետեւ նրանցից չվախենա՛ք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ՝ գաղտնի բան, որ չիմացուի: 27 Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէք տանիքների՛ վրայից: 28 Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք Նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը: 29 Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետնին չի ընկնում. 30 եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշւուած են: 31 Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք: 32 Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է: 33 Եւ ով ինձ կուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է: