Առակներ 1.20-22
20 Իմաստութիւնը գովաբանւում է ճանապարհների վրայ, բարձր ձայնով հռչակւում հրապարակներում, 21 քարոզւում պարիսպների գլխից, ազդարարւում հզօրների դռների առջեւ եւ համարձակ խօսւում քաղաքների դարպասների մօտ: 22 Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները հետամուտ կլինեն արդարութեան, չեն ամաչելու: Բայց ամբարիշտները, որ թշնամութիւն են ցանկանում եւ ամբարշտանալով ատում են իմաստութիւնը, պիտի դատապարտուեն յանդիմանութեան:
Բարուք 4.36-5.4
4.36 Նայի՛ր դէպի արեւելք, ո՛վ Երուսաղէմ, եւ տե՛ս Աստծուց քեզ եկած ուրախութիւնը: 37 Ահա գալիս են քո որդիները, որոնց ճանապարհ էիր դրել, գալիս են՝ Սրբի խօսքով հաւաքուած արեւելքից մինչեւ արեւմուտք, ուրախացած Աստծոյ փառքով:
5.1 Ո՛վ Երուսաղէմ, հանի՛ր քո սգի ու լլկանքի զգեստը եւ յաւիտեան հագի՛ր Աստծոյ փառքն ու վայելչութիւնը, 2 ա՛ռ քեզ վրայ Աստծոյ արդարութեան վերարկուն եւ դի՛ր գլխիդ յաւիտենական Տիրոջ փառքի խոյրը, 3 որպէսզի Աստուած երկնքի ներքոյ ցոյց տայ քո ամբողջ պայծառութիւնը: 4 Աստծոյ կողմից քո անունը յաւիտեան կկոչուի խաղաղութիւն, արդարութիւն եւ աստուածապաշտութեան փառք:
Բ Կորնթացիներ 6.16-7.1
6.16 Արդարեւ, կենդանի Աստծոյ տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: 17 Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք,– ասում է Տէրը,– եւ մի՛ դիպէք պիղծ բաների. 18 եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ ես պիտի լինեմ ձեզ համար Հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր»,– ասում է Ամենակալ Տէրը:
7.1 Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծոյ երկիւղով:
Ավ. ըստ Հովհաննեսի 16.1-4
1 «Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք: 2 Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կգայ, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում: 3 Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ: 4 Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ: Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի: