Առակներ 9.1-6
1 Իմաստութիւնը շինեց իր տունը եւ կանգնեցրեց եօթ սիւներ, 2 մորթեց իր անասունները, խառնեց պատրաստեց գինին, պատրաստեց նաեւ իր սեղանը: 3 Նա ուղարկեց իր ծառաներին, որ բարձր ձայնով հրաւիրեն իր հացկերոյթին, եւ ասաց. 4 «Ով անզգամ է, թող գայ ինձ մօտ»: 5 Իսկ պակասամիտներին ասաց. «Եկէք կերէ՛ք իմ հացից եւ խմեցէ՛ք իմ գինուց, որ պատրաստել եմ ձեզ համար: 6 Թողէ՛ք յիմարութիւնը եւ դուք կապրէք, իմաստութի՛ւն փնտրեցէք եւ դուք կփրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը»:
Զաքարիա 3.7-4.9
3.7 «Այսպէս ասաց Ամենակալ Տէրը. “Եթէ իմ ճանապարհներով գնաս եւ պահես իմ հրամանները, դու կլինես դատաւորը իմ տան. եւ եթէ պահես իմ գաւիթները, քեզ կդարձնեմ մէկը նրանցից, որոնք ահա շրջում են դրանց մէջ: 8 Բայց լսի՛ր, Յեսո՛ւ, մե՛ծ քահանայ, դու եւ քո մերձաւորները, որ նստած են քո առաջ, քանզի նրանք գիտակ կանխատես մարդիկ են: 9 Ահա ես բերում եմ իմ ծառային՝ Շառաւիղին, քանի որ այն քարի վրայ, որ դրեցի Յեսուի դիմաց, եօթ աչքեր կան. ահա ես խորխորատ պիտի փորեմ,– ասում է Ամենակալ Տէրը,– եւ պիտի շօշափեմ այդ երկրի ամբողջ անօրինութիւնը մէկ օրում: 10 Այն օրը,– ասում է Ամենակալ Տէրը,– բոլորդ պիտի կանչէք, իւրաքանչիւրն իր ընկերոջը, որթատունկի եւ թզենու տակ”»:
4.1 Եւ հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, դարձաւ եւ արթնացրեց ինձ, ինչպէս մարդ արթնանում է իր քնից, եւ ասաց ինձ. 2 «Ի՞նչ ես տեսնում դու»: Ես ասացի. «Ահա տեսնում եմ ոսկեձոյլ մի աշտանակ եւ նրա վրայ գունդ. գնդի վրայ՝ եօթ ճրագ, ճրագների վրայ՝ եօթ բերաններ»: 3 Աշտանակի վրայ կային երկու ձիթենիներ. մէկը՝ վառուած գնդի աջ կողմում, եւ մէկը՝ ձախ կողմում: 4 Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ, ես հարցրի եւ ասացի. «Ի՞նչ են դրանք, Տէ՛ր»: 5 Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, պատասխան տուեց եւ ասաց ինձ. «Չգիտե՞ս ինչ են դրանք»: Ես ասացի. «Ո՛չ, Տէ՛ր»: 6 Պատասխան տուեց հրեշտակը եւ ասաց ինձ. «Սա Տիրոջ խօսքն է Զորոբաբէլին՝ ասուած ոչ թէ մեծ զօրութեամբ եւ ուժգնութեամբ, այլ իմ Հոգով,– ասում է Ամենակալ Տէրը:– 7 Ո՞վ ես դու, մե՛ծ լեռ, որ կանգնած ես Զորոբաբէլի առաջ, ես կհանեմ ժառանգութեան քարը՝ շնորհների հաւասարութիւն շնորհելու նրան»: 8 Տիրոջ խօսքը հասաւ ինձ եւ ասաց. 9 «Զորոբաբէլի ձեռքերը հիմք գցեցին այս տանը եւ նրա ձեռքերն էլ կկանգնեցնեն դա: Երբ դա պատահի, դու կիմանաս, թէ Ամենակալ Տէրն ուղարկեց ինձ քեզ մօտ:
Եբրայեցիներ 9.1-10
1 Առաջին ուխտն էլ ունէր պաշտամունքի կանոններ եւ երկրային սրբարան. 2 քանզի առաջին խորանը պատրաստուեց այսպէս. նրա մէջ կային աշտանակը, սեղանը եւ առաջաւորութեան հացը. այս մասը կոչւում է սրբութիւն: 3 Եւ երկրորդ վարագոյրի յետեւում էր այն խորանը, որ կոչւում էր սրբութիւնների սրբութիւն, 4 որտեղ դրւում էր ոսկէ բուրվառը եւ ներսից ու դրսից ոսկով պատուած կտակարանների արկղը, որի մէջ կար ոսկէ սափորը՝ լի մանանայով, եւ Ահարոնի գաւազանը, որ ծաղկեց, եւ ուխտի տախտակները. 5 եւ նրա վրայ կանգնած էին փառքի քերովբէները, որ հովանի էին անում քաւութեան սեղանի վրայ. դրանց մասին այժմ մէկ առ մէկ խօսելու կարիք չկայ: 6 Եւ այս ամէնը այսպէս էր դասաւորուած. քահանաները միշտ առաջին խորանն էին մտնում պաշտամունք կատարելու. 7 իսկ երկրորդ խորանը տարին մէկ անգամ միայն քահանայապետն էր մտնում. եւ այդ անում էր ոչ առանց զոհի արեան, 8 որ մատուցում էր իր եւ ժողովրդի մեղքերի համար: Սրանով Սուրբ Հոգին ցոյց էր տալիս, որ սրբարանի ճանապարհը յայտնուած չէ, քանի դեռ հաստատուն է մնում առաջին խորանը. 9 դա խորհրդանշան է ներկայ ժամանակի համար, երբ ընծայւում էին պատարագներ եւ զոհեր, որոնք չէին կարող կատարեալ դարձնել զոհաբերողների խղճմտանքը, այլ դրանք կապուած էին միայն կերակուրների, ըմպելիքների 10 եւ պէս-պէս լուացումների հետ, որոնք մարմնական ծիսակատարումներ էին՝ ի զօրու մինչեւ բարեփոխման ժամանակները:
Ավ. ըստ Հովհաննեսի 10.22-30
22 Այն ժամանակ Երուսաղէմում տաճարի Նաւակատիքի տօն էր, եւ ձմեռ էր: 23 Եւ Յիսուս շրջում էր տաճարի մէջ՝ Սողոմոնի սրահում: 24 Հրեաները նրա շուրջը հաւաքուեցին ու ասացին. «Մինչեւ ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»: 25 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ձեզ ասացի, եւ ինձ չէք հաւատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հօր անունով, դրանք վկայում են իմ մասին: 26 Բայց դուք չէք հաւատում, որովհետեւ իմ ոչխարներից չէք. 27 իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից. 28 եւ ես նրանց կտամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի: 29 Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, ամէնքից մեծ է. եւ իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել: 30 Ես եւ իմ Հայրը մի ենք»: