ՄՄ 378, Ավետարան, 13-րդ դ., գրիչ` Թորոս, էջ՝ 259ա (անվանաթերթ)
Գանձասարի վանքը եղել է մշակութային, նաև գրչության կենտրոն, որտեղ ստեղծված մատյաններից մեր օրերն է հասել XIII-XVIII դդ. գրված 13 ձեռագիր։ Ամենավաղ մատյանը XIII դարի Ավետարան է, ընդօրինակված և նկարազարդված Թորոս գրչի ձեռքով (ՄՄ 378)։ Մագաղաթյա ձեռագիրը գրվել է Խոխանաբերդի իշխան Վախթանգ-Տանգիկի և նրա կնոջ՝ Խորիշահի պատվերով, որոնց ապրած ժամանակով (XIII դ. սկիզբ) որոշվում է գրչության ժամանակը, քանի որ հիշատակարանում ստույգ թվականը բացակայում է։ Հետաքրքիր է, որ Ավետարանը որոշ ժամանակ հետո անցել է Հասան Ջալալ Դոլային, որը 1261 թ. նրա էջերին մի հուզիչ հիշատակարան է թողել, նշելով, որ այդ ժամանակ ինքը վերադարձել է Մանգու խանի մոտից (Կարակորումից) և իր սիրելի կնոջը՝ Մամքանին մահացած գտել։ Նրա հիշատակին նկարազարդել է տվել այդ մատյանն ու նվիրել վանքին։ Նույն թվականներին մոնղոլների խարդավանքների զոհն է դարձել նաև ինքը՝ իշխան Հասան Ջալալ Դոլան։ Գանձասարից հայտնի երկրորդ ձեռագիրը ներբողների մի ժողովածու է (ՄՄ 8689), որի գրիչը եղել է վանքի առաջնորդ Մատթեոս Մոնոզոնը։ 1417 թ. հիշատակարանում նա գրում է. «…գծագրութեան սորա եղեւ ի սուրբ ուխտս Գանձասարայ՝ յերկիրս Արցախական, որ այժմ կոչի Խաչէն՝ ընդ հովանեաւ սուրբ նշխարացս Յովհաննու Կարապետին»: Մատյանն ունի նաև հետագայի արժեքավոր հիշատակարաններ։ Հնությամբ երրորդ մատյանը Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանցն» է, գրված 1420 թ., Ռստակեսի գրչի ձեռամբ, Տեր Սարգսի համար (ՄՄ 4004), որը հիշատակարանում նշում է, թե այդ մատյանը պատվիրել է, քանի որ նրա մեջ կան «պատասխանիք ընդդէմ հերձուածողաց ու հեթանոսաց»։ Գանձասարի հաջորդ ձեռագիրը XVI դարից է։ 1551 թ. Ղազար քահանայի պատվերով Հայրապետ աբեղան ընդօրինակել է մի Ավետարան (ՄՄ 6513), որի հիշատակարանում նշում է. «ի յերկիրս յԱրցախ, որ է Խաչէն կոչի, ի տեղիս Մեծարանիս, որ է դուռն Գանձասարայ, որ գլուխն կա Սուրբ Յովհաննէս Մկրտչին»։ Մատյանը պատկերազարդ է, ցավոք նկարչի անունը չի պահպանվել։ 1576 թ. Կարապետ գրիչը Աղվանից Հովհաննես կաթողիկոսի պատվերով ընդօրինակել է մի Ժողովածու (ՄՄ 1923)։ Ձեռագրի հետագայի հիշատակարաններում ուշագրավ նշումներ կան Գանձասարի աթոռակալների մասին։ Հարկ է նշել, որ Գանձասարում գրչությամբ են զբաղվել նաև այլ վայրերից այստեղ եկած գրիչներ, ինչպես օրինակ Հովհաննես Ապահունեցին (1659 թ.), Մկրտիչ Կաֆայեցին (1660 թ.), Դավիթ վարդապետ Թիֆլիզեցին (1760 թ.) Աբրահամ Շաքեցին (1766 թ.) և ուրիշներ։ Ավելի մեծ թիվ են կազմում ուշ շրջանի մատյանները։ Դրանցից են՝ Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից» երկը, 1664 թ., գրիչ՝ Սիմոն, (ՄՄ 2561), Ավետարան, 1655 թ., ծաղկող՝ Գրիգոր քահանա (ՄՄ 3196), Դատաստանագիրք, 1778 թ., գրիչ՝ Հովհաննես կաթողիկոս (ՄՄ 3497) և այլն։ Հետաքրքրական է Մատենադարանի հմր. 9923 ձեռագիրը կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի կազմած վիմական արձանագրությունների տետրակն է։ 1718 թ. Գանձասարի արձանագրություններն արտագրելուց հետո նա եղել է Խաթրավանքում, Դադիվանքում, Գտչավանքում ու այլ վայրերում և հավաքել, ընդօրինակել եկեղեցիների որմերի ու խաչքարերի վրա եղած արձանագրությունները: Արցախի մյուս վանքերի նման, Գանձասարը նույնպես եղել է ձեռագրապահպանման կարևոր վայր։ Վանքն ունեցել է մատենադարան, որի հավաքածուն միջնադարում կողոպտվել է։ Այնուամենայնիվ, XIX դարում տարբեր ցուցակագրողներ Գանձասարում արձանագրել են 43 մատյան։ Դրանցից այժմ հայտնի է միայն 24 ձեռագիր, որոնց մեջ կան նաև XIII-XV դդ. շատ արժեքավոր մատյաններ (մեծ մասը պահվում է Մաշտոցյան Մատենադարանում)։
ՄՄ 378, Ավետարան, 13-րդ դ., գրիչ` Թորոս, էջ՝ 1բ (խորան)
ՄՄ 378, Ավետարան, 13-րդ դ., գրիչ` Թորոս, էջ՝ 5ա (Աստվածամայրը Մանկան հետ)
ՄՄ 6513, Ավետարան, 1551 թ. գրիչ՝ Հայրապետ աբեղա, էջ՝ 83բ (Մարկոս Ավետարանիչ)