Պարկեշտ սուրբ կանայքն եղեն սիրողք Քրիստոսի
Եւ ընկալան զանապական զպսակն:
Եղեն տաճար սրբութեան Որդւոյն Աստուծոյ.
շինեալք ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից:
Առաւել քան զլուսաւորսի մէջ աստեղաց.
փայլին ի դասս հրեշտակաց դստերք վերինն Երուսաղէմի:
(Շարակնոց)
Հաւատի մէջ միմեանց լծակիցներ եւ առաքելուհիներ Նունէ եւ Մանէ պարկեշտ կոյսերը սուրբ Հռիփսիմեանների հռոմայեցի երեւելի կոյսերից էին՝ նրանց մէջ շատերից աւագն եւ արթունը, Մեծ Գայիանէի գործակիցներն ու աջակիցները: Արդ, ինչպէս որ սրանց ընկերները՝ պարկեշտ կոյսերի համախումբը, արժանացան վկայական պսակների, նոյն կերպով սրանք երկուսն էլ իրենց ճգնողական վարքով եւ առաքելանման չարչարանքներով նոյնօրինակ պսակների արժանի եղան. սուրբ Մանէ կոյսը Հայաստանում, եւ Նունէն՝ Վրաց աշխարհում, ինչպէս որ նախասահմանել էր Տէրը: Քանզի երբ Հռիփսիմեանց կոյսերը եկան Հայաստան, Աստուծոյ նախախնամութեամբ ոմանք խումբ-խումբ ցրուեցին՝ ճգնութեամբ առանձնանալու համար, իսկ Մանէ կոյսը դիմեց դէպի Եկեղեաց գաւառ եւ ցանկացաւ ճգնել Սեպուհ լերան վրայ, որը Դարանաղեաց լեռներից մէկն է: Այնտեղ մի այր գտաւ եւ համարեց, որ այն իր բնակութեան համար է՝ պատրաստուած Աստուծոյ կողմից: Եւ այդպէս, մեկուսանալով բոլորից, առանձնացաւ այդ լերան վրայ ու իր անձը մատնեց աղօթքների եւ ճգնութիւնների, քանզի ունէր լուսաւոր միտք ու հոգեւոր կրթութիւն եւ պարսպուած էր Աստուծոյ Հոգու շնորհներով: Եւ երկար ժամանակ ապրեց հրեշտակակրօն կարգով, մինչեւ որ մաշուեցին հանդերձները: Իր անմահ Փեսայի՝ Քրիստոս Աստուծոյ սիրոյ համար ուրախութեամբ ամէն տեսակ նեղութիւններ կրեց՝ ամայութեան մէջ յարատեւ պահեցողութեամբ, ամռանը կիզիչ արեւի տակ, իսկ ձմռանը ցրտահարուելով: Բոլոր օրերն անց էր կացնում էր՝ խոտաճարակ լինելով, սակայն նրա հոգին պարարտանում էր աստուածային այցելութիւնների իմանալի խորտիկներով, որոնք մոռացութեան էին տալիս իր մարմնի բոլոր ցաւերը: Եւ այդպէս, ինչպէս մարմնի մէջ մի հրեշտակ, երանելին ապրում էր աստուածամերձ կեանքով:
Տարիներ անց, երբ Հայաստանեայց սուրբ Գրիգոր Լուսաւորիչն անցնում էր Անիի՝ Կամախի պարիսպների մօտով, գնաց մերձակայ Դարանաղեաց գաւառ եւ շրջում էր Սեպուհ լերան վրայ՝ առանձնութեան վայր փնտռելու: Երբ հեռուից մի քարայր նշմարեց, ուղղուեց դէպի այդ կողմը, իսկ սրբուհի Մանէն, որ գտնւում էր այդտեղ, յունարէն լեզուով հեռուից ձայնեց. «Ո՛վ սուրբ հայր, սպասի՛ր երեք օր եւ ապա արի այստեղ», եւ այդ խօսքերով մարգարէացաւ իր երանելի փոխման մասին, որն այդպէս էլ եղաւ: Քանզի երեք օր անց սուրբ Գրիգորը գնաց այնտեղ եւ գտաւ Մանէի մարմինը: Անձկութեամբ լաց եղաւ նրա համար եւ ապա սաղմոսներով ու օրհնութեամբ ամփոփեց նրա մարմինը (Տիրոջ 323թ.), ինչպէս որ ամփոփել էր Հռիփսիմեանց վկաների նշխարները: Այնուհետեւ ինքը եւս մեծ ճգնութեամբ կրօնաւորեց այդ տեղում՝ կոյսի նշխարների մօտ, իսկ այդ վայրը կոչուեց «Մանեայի այրեր»:
Իսկ սրբուհի Նունէն իր այլ ընկերների հետ գտնւում էր Հայաստան աշխարհում: Սակայն Վանի շրջակայքում (Վարագայ լերան մօտ), հալածանքների պատճառով Հռիփսիմեանց կոյսերի ցրուելու եւ կամ Արարատեան երկրում վտանգի չմատնուելու պատճառով խոյս տուեց ու Տիրոջ առաջնորդութեամբ գնաց Վրաց աշխարհի Մծխիթա քաղաքը: Միառժամանակ իր անձը բոլորից ծածուկ պահելով՝ նա, որպէս մի նուաստ աղախին, մեծ չարչարանքներով ծառայում էր մի տան մէջ, իր սքանչելի առաքինութիւններով քարոզում էր ճշմարտութիւնը եւ Աստծուց բժշկութեան պարգեւ ստանալով՝ Քրիստոսի անուամբ մարդկանցից փարատում ախտերը:
Նրա մասին լուրը հասաւ Վրաց Միհրան արքային, որը Տրդատ թագաւորի չորս սպարապետներից մէկն էր: Այս Միհրանի որդին հիւանդ էր, եւ նրա մայրը՝ Սոլոմէն, նրան շատ բժիշկների մօտ էր տարել, սակայն՝ ապարդիւն: Ուղարկեց նաեւ Նունէի մօտ, որը խաչակնքերով մանկանը, ասաց. «Քրիստոս Աստուած, որ բժշկեցիր շատերին, բժշկիր նաեւ այս տղային»: Եւ նոյն պահին երեխան առողջացաւ: Այս դէպքից յետոյ հիւանդացաւ նաեւ երեխայի մայրը՝ վրաց թագուհին, որի համար, որպէս հմուտ բժշկի, շտապ եկան Նունէին տանելու: Նա չստանձնեց գնալ, որպէսզի չփառաւորուէր կամ յայտնի չդառնար, սակայն թագուհին անձամբ եկաւ նրա մօտ: Այնժամ Նունէն հարկադրուած աղօթեց նրա համար եւ Տիրոջ անուամբ առողջացրեց նրան: Իմանալով այս մասին՝ Միհրան արքան հրամայեց Նունէին արքունիք բերել ու նրան բազում պարգեւներ տալ, սակայն նա չկամեցաւ ոչինչ առնել: Զարմացաւ թագաւորը, եւ իր այն հարցին, թէ՝ «Ի՞նչ զօրութեամբ ես այդ հրաշքները գործում», սրբուհին փոքրիշատէ խօսեց ճշմարտութեան ճանապարհի մասին եւ այնուհետեւ համարձակութիւն առնելով՝ սկսեց Հոգու տւչութեամբ քարոզել քրիստոնէական հաւատը թէ՛ արքունիքում եւ թէ՛ արքունիքից դուրս:
Պատահեց, որ այդ օրերին Միհրան արքան գնաց որսի եւ մինչ դեգերում էր մի բացատում, յանկարծ պատուեց մէգով, թանձրամած մառախուղով ու շօշափելի խաւարով: Նա յոյժ վարանեց, որովհետեւ չէր կարողանում ո՛չ աջ գնալ, ոչ՝ ձախ եւ տագնապեց, որ թէրեւս իրեն եւս պատահեն այն հարուածները, որոնք ինչպէս լսել էր, պատահել էին Տրդատին՝ որսի գնալիս: Որի համար ամբողջ սրտով կանչեց ճշմարիտ Աստուծոյ անունը, որին քարոզում էր Նունէն եւ խոստացաւ, որ եթէ փրկուի վտանգից, կը պաշտի Նունէի Աստծուն: Եւ նոյն պահին լոյս ծագեց, որից փարատուեց մէգը եւ արքային առաջնորդեց դէպի իր տուն: Այնուհետեւ, ընդունելով Նունէի վարդապետութիւնը, ամբողջ արքունիքով ու երկրով հաւատացին Քրիստոսին:
Այդ նոյն ժամանակ Վրաց աշխարհում տարածուեց սուրբ Գրիգորի Վիրապից ելնելու եւ Հայոց աշխարհի քրիստոնէութեան դարձի մասին լուրը: Այդ առիթով սրբուհի Նունէն մարդիկ խնդրեց Միհրան թագաւորից եւ ուղարկեց Հայոց երկիր՝ սուրբ Գրիգորի մօտ, որպէսզի նրանցից մէկին առաջնորդ նշանակի Վրաց երկրի համար եւ կամ՝ ինչ կը հրամայի այնուհետեւ անել, որովհետեւ վրացիները յօժարութեամբ են ընդունել Աւետարանի քարոզութիւնը:
Ւսկ քանի որ սուրբ Գրիգորը դեռեւս չէր ընդունել քահանայական կարգն ու եպիսկոպոսութեան աստիճանը, պատուիրեց նախ աւերել կուռքերի պատկերները եւ կանգնեցնել տէրունական խաչեր, ինչպէս որ ինքն էր արել Հայոց երկրում, մինչեւ որ Աստուած նրանց հովիւ եւ առաջնորդ կը տար: Եւ սուրբ Նունէն Միհրան արքայի գործակցութեամբ անյապաղ իրագործեց սուրբ Գրիգորի հրամանը. կործանեց շանթառաք Արամազդի պատկերը, որ կար թագաւորանիստ Մծխիթա քաղաքում՝ մեծ գետի միւս կողմում: Ամէն առաւօտ բնակիչներն իրենց տներից սովորութիւն ունէին երկրպագելու նրան, որովհետեւ այն գտնւում էր իրենց յանդիման, իսկ ովքեր կամենում էին զոհ մատուցել, անցնում էին գետը ու մտնում այդ մեհեանը՝ զոհ մատուցելու: Սակայն մեհեանը աւերելու ժամանակ քաղաքի մեծամեծները ոտքի ելան ընդդէմ թագաւորի՝ ասելով, թէ՝ այսուհետեւ կուռքերի փոխարէն ո՞ւմ պիտի երկրպագեն: Եւ թագաւորը, ուսանելով սրբուհուց, նրանց ցոյց տուեց Քրիստոսի Խաչը: Այն առնելով՝ Նունէի հրամանով կանգնեցրին մի գեղեցիկ բլրի վրայ՝ արեւելեան կողմում, որը քաղաքից բաժանւում էր աւելի փոքր գետով, եւ հէնց յաջորդ օրը բոլոր քաղաքացիներն իրենց տներից երկրպագեցին սուրբ Խաչին: Սակայն երբ նրանցից շատերը գնացին եւ տեսան, որ խաչը սոսկ փայտ է, արհամարհեցին՝ ասելով, թէ այսպիսի փայտով լի են իրենց անտառները, ու վերադարձան:
Այնժամ սուրբ Նունէ կոյսն աղաչեց Աստծուն՝ հեռացնել այդ գայթակղութիւնը տգէտներից, եւ նրա աղօթքով ամպի սիւն իջաւ բլրի վրայ՝ լցնելով լեռը անուշահոտ բուրմունքով: Լսելի եղաւ հրեշտակների ձայնը, որոնք բարձունքներից սաղմոսներով օրհնում էին Աստծուն: Միաժամանակ հրաշագեղ ցոլալով եւ տասներկու աստղերով շրջապատուած խաչանման պայծառ լոյս իջաւ փայտեղէն խաչի վրայ: Բազմութիւնը տեսաւ այս հրաշքը, հաւատաց սուրբ Խաչին եւ հաստատուեց Քրիստոսի հաւատով, որովհետեւ ոչ քիչ բժշկութիւններ եղան սուրբ Խաչի նշանով:
Բայց քանի որ ժողովուրդը մեհեանների փոխարէն աղօթքի տան կարիք ունէր, Նունէն Միհրան արքային տուեց քրիստոնէական եկեղեցու կառոյցի օրինակը, եւ արքայի հրամանով սկսեցին մեծ եկեղեցու կառուցումը: Եւ երբ կամենում էին տաճարի մէջ սիւն կանգնեցնել, շինողները չկարողացան բարձրացնել մեծամեծ սիւներից մէկը եւ տեղադրել, ուր պէտք էր: Երբ շատ չարչարուեցին ու չկարողացան, Նունէն գիշերը գնաց այնտեղ եւ առանձին աղօթեց: Եւ ահա սիւնն ինքնին վեր բարձրացաւ եւ ուղիղ կանգնեց սահմանուած տեղում, սակայն ինչպէս օդում կախուած, որովհետեւ այն հենուած չէր իր խարսխին: Եւ դա չիմացաւ թագաւորը եւ ճարտարապետներից որեւէ մէկը: Երբ հետեւեալ օրը հնար գտնելու համար ժողովրդի բազմութեամբ եկան այդտեղ, տեսան, որ բոլորի առջեւ սիւնն իջաւ-նստեց իր խարսխի վրայ: Այնժամ բարձրաձայն գոչեցին. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը, եւ ճշմարիտ է այն, ինչը քարոզում է Նունէն», եւ աւելի ու աւելի հաստատուեցին հաւատի մէջ:
Այսուհետեւ երբ Վրաց աշխարհում տարածուեց Տրդատի մկրտութեան եւ Հայաստանում քրիստոնէութեան պայծառութեան մասին լուրը, Միհրան արքան սրբուհի Նունէի յորդորով պատգամաւորներ ուղարկեց նրանց մօտ եւ ստացաւ եպիսկոպոսներ ու քահանաներ, որոնք գալով մկրտեցին վրացիներին եւ այդ երկրում հաստատեցին պաշտամունքի բոլոր կարգերը:
Պատմահայր Խորենացին գրում է. «Երանելի Նունէն այնտեղից գնաց Վրաստանի այլ գաւառներ՝ իր անապական լեզուով քարոզելու համար: Նա շրջեց անպաճոյճ տեսքով եւ առանց աւելորդութիւնների, հրաժարուած աշխարհից եւ աշխարհի բոլոր բաներից, բայց աւելի ճիշտ ասած՝ խաչ կրելով, մահուչափ ճգնելով, բայց կեանք ունենալով, Աստուծոյ Բանին խօսքով վկայ դառնալով եւ յօժարութեամբ արեամբ պսակուելով: Համարձակւում եմ ասել, որ նա առաքելուհի լինելով քարոզեց՝ սկսած Կղարջքից, Ալանաց եւ Կասրից դռների մօտով՝ մինչեւ Մասքութների սահմանները, ինչպէս քեզ պատմում է Ագաթանգեղոսը»:
Եւ քարոզութեան այդպիսի շրջանակ առնելով՝ վերադարձաւ Մծխիթա, որտեղ խաղաղութեամբ ննջեց ի Տէր: Վրացիները պատուով թաղեցին եւ մինչ օրս պատւում են նրան՝ որպէս իրենց երկրի ճշմարիտ լուսաւորչի:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Նունէ եւ Մանէ կոյսերին յիշատակում է նոյն օրը՝ Սուրբ Էջմիածնի Կաթողիկէի տօնին յաջորդող երեքշաբթի օրը: