«Հիշեցե՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խոսքն ասացին: Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին՝ հետևո՛ղ եղեք նրանց հավատին: Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան » (Եբր․13:7-8)
Այսօր` այս տարի հունիսի 8-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Ներսես Մեծի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օրը։ Ազգահեն և եկեղեցահեն՝ այսպես է բնութագրվում երկու հոգևորականների ծառայությունն ու գործունեությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում։ Նրանց անջնջելի հետքը երբեք ու երբեք չի սրբվի, որքան էլ որ անցներ տարիներ ու դարեր։ Երկու հայրերի գործունեության ու անսահման ազգասիրության շնորհիվ է, որ սերունդներս՝ մենք այսօր էլ հիշում ու արժևորում ենք նրանց, սակայն արդյո՞ք ամբողջապես հասկանո՞ւմ ենք նրանց կատարածի արժեքն ու էությունը։
Այս սրբադասված հոգևորականների հիշատակության օրը ևս մեկ առիթ է՝ նրանց ճանաչելու, նրանց միջոցով Քրիստոսին և քրիստոնեությանը էլ ավելի մոտենալու։ Ուրեմն՝ եկեք
Ո՞վ էր Սուրբ Ներսես Հայրապետը։
Նա Սուրբ Գրիգոր Լուսավորչի ժառանգներից էր՝ թոռան թոռը։ Մի ուշիմ ու խելացի երիտասարդ, ով կրթություն էր ստացել իր պապի՝ Հուսիկ Հայրապետի մոտ, սովորել է նաև Կեսարիայում, մայրաքաղաք Կոնստանդնուպոլսում։
Երբ Փառեն կաթողիկոսը մահացավ, հայոց Արշակ թագավորի սենեկապան Ներսեսը, լինելով աշխարհական, դարձավ կաթողիկոսական գահի ամենաարժանի թեկնածուն։ Հետաքրքրական է այն դրվագը, որ Ներսեսը արքայի պարտադրմամբ ձեռնադրվեց որպես կաթողիկոս:
Հետո միայն նա պիտի այնքան ազգանվեր ու շնորհաշատ լիներ, որ ստանար իրեն արժանի կոչումը՝ Մեծ։
Եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը և իր ժողովրդի մեծանուն բարերարը գումարեց Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովն, ուր ընդունեց այնպիսի որոշումներ, որոնք կանոնակարգում էին եկեղեցու ու ընտանիքի սկզբունքները, ներքին կյանքը։
Նրա նախաձեռնությամբ էր․ որ հիմնվեցին վանքեր ու դպրոցներ, բոլոր անտունների ու աղքատների համար կառուցվեցին ապաստաններ ու հիվանդանոցներ:
Իսկապես անգնահատելի ու անչափելի է Հայրապետի կատարած գործը հավատի, եկեղեցու ու ժողովրդի համար։ Նա երբեք ու երբեք չէր լքում իր ժողովրդին, ինչի վառ ապացույցն է Ձիրավի ճակատամարտում նրա մասնակցությունը։
Հայրապետը անմիջականորեն չէր մասնակցում ճակատամարտին, սակայն ողջ ընթացքում մոտակա լեռան վրա բազկատարած աղոթում էր հայոց բանակի հաղթանակի համար:
Սուրբ Ներսես Մեծին անվանել են նաև «Հայոց հայր» և «Սրտերի լուսավորիչ»։
Ո՞վ է Խադ եպիսկոպոսը
Հայրապետի բոլոր այս ձեռնարկներին աջակից ու գործակից է եղել Խադ եպիսկոպոսը, որին պատմիչ Փավստոս Բյուզանդը կոչել է նաև Ներսես Հայրապետի աթոռակից։
Խադ եպիսկոպոսը եղել է Ներսես Մեծ հայրապետի հավատարիմ գործակիցը գրեթե բոլոր ասպարեզներում։ Սուրբ Խադը եղել է Կարին գավառի Մարագա գյուղից։ Նա ավագ սարկավագ էր։ Երբ Ներսես Մեծը հարկադրված էր հեռանալ Հայաստանից, Խադին ձեռնադրում է եպիսկոպոս և նշանակում կաթողիկոսական տեղապահ։ Սուրբ Խադի հասցեին հնչում էին բազում քննադատություններ՝ որպես ձի հեծնող և շքեղ հանդերձներ կրող, այս ամենի պատճառով նա հրաժարվում է այդ բաներից և մինչև իր կյանքի վերջը խարազնազգեստով շրջում: Սուրբ Խադի մասին ասվում է, որ եղել է շատ աղքատասեր և ողորմած, գործել է բազմաթիվ հրաշքներ ու բժշկել հիվանդներ։
Հայրապետները ոչ միայն քրիստոնեության, այլ նաև հայրենիքի նվիրյալներ էին։ Չկար մի գործ, որ կատարվեր նրանց կողմից և չլիներ աստվածահաճո։ Մե՛նք էլ դառնանք նրանց գործի պահպանողը, կրողն ու փոխանցողը, որպեսզի միշտ զորանա հայ ազգը, միշտ ծաղկի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։