Հիմի է˜լ լռենք, եղբարք, հիմի է˜լ,
Երբ մեր թշնամին իր սուրն է դրել,
Իր օրհասական սուրը` մեր կրծքին,
Ականջ չի դնում մեր լացուկոծին:
Ասացե’ք, եղբարք, Հայեր, ինչ անենք,
Հիմի էլ լռենք:
Հիմի էլ լռենք երբ մեր թշնամին,
Խլեց մեր սուրը — պաշտպանը մեր անձին,
Մշակի ձեռքիցն էլ խոփը խլեց,
Այդ սուր ու խոփից մեր շղթան կըռեց:
Վա˜յ մեզ, շղթայով կապած գերի ենք,
Հիմի էլ լռենք:
Հիմի էլ լռենք, մարդիկ ինչ կասեն,
Երբ մեր տեղ քարինք, ապառաժք խոսեն,
Չեն ասիլ որ Հայք արժանի էին
Այդ ստրական անարգ վիճակին.
Մեր սուրբ քաջ նախնյաց գործերը գիտենք.
Մինչև երբ լռենք:
Թո’ղ լռե մունջը անդամալույծը,
Կամ` որոց քաղցր է թշնամու լուծը,
Բայց մենք որ ունինք հոգի ու սիրտ քաջ`
Ե’կ, անվախ ելնենք թշնամու առաջ.
Գոնե մեր փառքը մահով հետ խըլենք:
Ու այնպես լռենք:
Հայ ժողովրդական «Հիմի՞ էլ լռենք» երգն է (խոսք՝ Ռաֆայել Պատկանյանի)՝ «Մարաթուկ» անսամ,բլի կատարմամբ:
Խոսքերը վերցված են Պատկանյանի «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» վիպասանությունից: Երգի մեղեդին ժողովրդի մեջ տարածված է եղել փոքր տարբերություններով:
Այս երգում Վարդան Մամիկոնյանը դիմում է իր զինվորներին՝ նկարագրելով հայության դրությունը, որից պարզ է դառնում, որ թշնամին անգութ է և չի ազդվելու մեր լացից ու գութ խնդրելուց, այլ սուրը դրած մեր կրծքին, սպառնում է բնաջնջել մեզ: Նա սկզբում դավով ու բարեկամական վերաբերմունքով խաբել է մեզ, մեր զգոնությունը քնեցրել, ապա սկսել է հիմքից կործանել Թորգոմա տունը և ջնջել հայ անունը: Նենգ թշնամին նաև խլել է մեր սուրը՝ դարձյալ սկզբում եղբայրական վերաբերմունք ցույւց տալով և վստահեցնելով, թե մենք սրի կարիքը չունենք: Սակայն դրանից հետո հայ գյուղացու ձեռքից նաև խոփը խլեց, երբ արդեն ընդդիմանալ հնարավոր չէր, քանզի զենք չկար այլևս նրա ձեռքին: Եվ այդ սուրն ու խոփը հալեցնելով մեզ համար ստրկության շղթա կռեց՝ ենթարկելով իր տիրապետությանը: Եվ այդ պատճառով հայ մարդն ընկել է երկրե երկիր, ազատվելու այդ ծանր լծից, սակայն օտար ափերում էլ նա միշտ մնում է իբրև օտարական՝ արժանանալով այլ ժողովուրդների արհամարհալից վերաբերմունքին ու ենթարկվելով շահագործման:
Եվ այդ ամենից հետո, հային իրեն ենթարկած թշնամին, այժմ էլ հասցնում է վերջին հարվածը՝ ձգտելով կործանել հավատքն ու մշակույթը: Չէ՞ որ ամեն ազգի ինքնությունը կախված է իրեն մեկ գաղափարի շուրջ համախմբող հավատքից և զգային մշակույթից: եվ վերացնելով դրանք էլ, այլևս հեշտ կլինի նրան ձուլել ու վերացնել:
Եվ Վարդան Մամիկոնյանը, ահեղ ճակատամարտից առաջ նկարագրելով այս իրավիճակը, հարց է տալիս հայ զորականներին, թե ի՞նչ կասեն օտարականները, եթե մենք լռենք անգամ ա՛յն դեպքում, երբ արդեն նույնիսկ Հայոց լեռներն ու ապառաժներն են աղաղակում: Արդյոք չե՞ն կարծի, որ մենք արժանի ենք ստրկական անարգ վիճակին: Ուստի բավ է՝ լռենք: Թող լռեն համրերն ու նրանք, ում համար թշնամու լուծը քաղցր է, ով տհաճությամբ չի ընդունում օրավուր նվաստացմամբ քարշ տրվող կյանքը: Եվ Հայոց սպարապետը, խթանելով հայ մարտիկիների սրտում քաջությունն ու ազատատենչությունը, հայտնում է, որ ավելի լավ է մեր փառքը մահով ետ խլենք ու այդպես լռենք, քան թե ողջ մնալով՝ լռությամբ ենթարկվենք թշնամու ստորացումներին ու կեղեքումներին:
Սա Ռաֆայել Պատկանյանը գրել է 19-րդ դարավերջին, երբ հայությունը հեծեծում էր թուրքական բռնապետության տակ: Բանաստեղծը ձգտում էր նախնյաց օրինակով բարձրացնել իր ժամանակակիցների մարտական ոգին, առավել շատերին դրդել միանալու ֆիդայական ջոկատներին, որոնք ձգտում էին մեր ժողովրդին ազատել Օսմանյան ատելի լծից, կամ գոնե առավել տանելի պայմաններով կյանք ապահովել հայությանը: Եթե 5-րդ դարում Պարսից թագավորությունը ձգտում էր Հայքում քրիստոնեությունն արմատախիլ անել ու փոխարենը երկրում հաստատել կրակապաշտությունը, ժողովրդի կենցաղից դուրս վանել իր մայրենի հայերենը և փոխարենը պարտադրել պարսկերենը, որպեսզի ժողովուրդն էլ ձուլվելով պարսիկներին, նրա տարածքներն անցնեին իրեն, ապա նման իրավիճակ էր նաև Պատկանյանի օրերում. թուրքահպատակ հայությունը միշտ հալածվում էր քրիստոնյա կրոնի պատճառով, մեղմ ասած՝ չէր խրախուսվում հայերենը, անգամ որոշ բառեր, որոնք սկսվում էին «Հ» տառով, արգելված էր օգտագործել թերթերում կամ պաշտոնական փաստաթղթերում՝ «Հայաստան», «հայրենիք», «հայկական» և այլն: Նման հալածական քաղաքականության արդյունքում Օսմանյան կայսրության տարածքում ապրող շատ հայեր սկսել էին մոռանալ հայերենը և առօրյայում խոսում էին բացառապես թուրքերեն:
Ցավոք, մեր ազգային ինքնության առջև այսօր՝ 21-րդ դարում ևս ծառացած է նույն խնդիրը: Մեր ժողովրդի շրջանում քիչ են հետաքրքրվում ազգային երգ-երաժշտությամբ, երիտասարդության մեծամասնությունը տարված է օտար երգերով, իսկ որ ավելի վատ է՝ հայկական է համարում հայերեն խոսքերով ցանկացած երգ, որոնք իրականում ոչ մի առնչություն չունեն ճշմարիտ հայկական երգարվեստի հետ: Այսինքն հայության թշնամին այսօր էլ շարունակում է մեր միջից դուրս վանել մեր ազգային մշակությը, ինչով էլ մենք կկորցնենք մեր ազգային դեմքը և կսպառվենք ու կանհետանանք աշխարհի երեսից:
Աղբյուր՝ Արշակ Ադամյան