Թնդանօթի միս, աննպատակ մահ — սա է վիճակւում անազատ ազգերին, եթէ դրանք ընդունակ չեն, վտանգից առաջ, նպատակ դնել իրենց հաւաքական կեանքին: Գաղութում` ամէն հայ անձնանպատակ է — հոգեախտաւոր, որ պատրանքներով լեցրած իր փչակը համարում է գոյութեան ճակատագիրը: Մեռնում են նրանք, որոնք իրենց ինքնանպատակ են դարձնում, աստւածացնում. եւ նրանք, որոնք կտրւում են նպատակից, Աստծուց: «Նպատա±կ» — «կայ այդ», կ’ասի ձեզ ամեն սոփեստ եւ ցոյց կը տայ մաշւած արժէքների փտած մի տախտակ, որի վրայ իր «ես»-ն է գրւած, իր «ես»-ի մանր գործը կամ մանր միտքը: Հանճարները սպանւում են մանր գործերից, ժողովուրդները մեռնում են մանր առաքինութիւններից:
Ոգին է կեանքի խորքը, իսկ ոգու տարողութիւնը չափւում է նպատակի մեծութեամբ,մեծութեամբ, ինչպէս բարոյականը` նպատակի իմաստով: Նպատակի մեծութիւն եւ իմաստ չի ունեցել եւ չունի անցեղ հայը: Նա չունի բարոյական խառնւածք, նրա համար չկայ արժէքների աստիճանաւորում:
Ո՞վ իր անձը, իր մէկ ու կէս հոգիանոց «կազմակերպութիւնը» կը ստորադասի ազգի ճակատագրին:
Ինչո՞ւ է գաղութը նպատակների շփոթարան, արժէքների եւ բարոյականների խառնարան: Որովհետեւ հոգեւոր գաղութը, ամէն բանից առաջ, վտանգի մոռացումի ճիգ է: Ուր այս անկենսաբանական ճիգը կայ, այնտեղ շղթայազերծւում է հոգեւոր անիշխանականութիւնը: Դեռ հասկացողութիւն չկայ ա’յն մասին, որ վտանգը սարսափի ուրւական,երեւակայութեան բանդագուշանք եւ մտացածին ահազանգում չէ, այլ ընկերային զգացումի առաջին ստեղծիչ ազդակը, կեանքի կենսաբարոյական դաստիարակը եւ պատմութեան մարզում այնքան անխուսափելի, որքան տեղատարափը` ամպումից, երկրաշարժը` հրաբխային ժայթքումից յետոյ: Քանի դեռ այս հասկացողութիւնը չկայ – չկայ կենսաբանօրէն նպատակայարմար ինքնապաշտպանութեան գործ:
Ի՞նչ է վտանգը — դա նաե’ւ ոգու կռահում է: Ի՞նչ է յաղթահարումը — դա նաե’ւ կռահող ոգու կանխումի ճիգի իմաստութիւն է:
Օրւայ հայ կեանքում կռահում չկայ — կայ միայն ենթադրութիւն. կանխումի մտահոգութիւն չկայ — կայ միայն պայմանների հաշւառում: Ի՞նչն է անկարելին — պայքարը Հայրենիքի՞ համար: Ի՞նչն է կարելին — գաղութում «հայը` հայ պահե՞լ»-ը, «ներգա՞ղթ»-ը: Ժողովրդի համար հնարաւոր են այն բաները, որոնցում ճիգի իմաստութիւն, նւիրումի եւ արիութեան պահանջ չկայ: Ազատւել տկարութեան բանդագուշանքներից — ասել է
ինքնապաշտպանութեան գործը հասկանալ ո’չ թէ «պայքար այլասերումի դէմ», այլ «պայքար Հայրենիքի համար»:
Դրանով միայն հայը` յաւիտենօրէն հայ կը մնայ:
Հայկ Ասատրյան
«Տարօնի Արծիւ», 1938 թ. , թիվ 2