Եսայի 2.5-11
5 Արդ, ո՛վ տունդ Յակոբի, եկէք քայլենք Տիրոջ լոյսի մէջ: 6 Նա երես դարձրեց իր ժողովրդից՝ Յակոբի տնից, որովհետեւ նրանց երկիրը, ինչպէս այլազգիներինը, առաջուայ պէս լցուեց կախարդներով, եւ նրանք բազում այլազգի որդիներ ունեցան: 7 Նրանց երկիրը լցուեց ոսկով ու արծաթով, նրանց գանձերին թիւ չկար. նրանց երկիրը լցուեց երիվարներով, նրանց ռազմակառքերին թիւ չկար: 8 Նրանց երկիրը լցուեց իրենց իսկ ձեռքերով կերտուած գարշելի կուռքերով, եւ նրանք երկրպագեցին նրանց, որ իրենց մատներն էին ստեղծել: 9 Ստորացաւ մարդը, գետնամած խոնարհուեց տղամարդը, ես չեմ ների նրանց: 10 Արդ, Տիրոջ սարսափից ու նրա փառքի զօրութիւնից գնացէք քարերի տա՛կ մտէք, հողի մէ՛ջ թաքնուեցէք, երբ նա կյառնի երկիրը պատուհասելու: 11 Տէրը նայում է բարձունքից, իսկ մարդը խեղճ ու ողորմելի է. մարդկանց ամբարտաւանութիւնը պիտի խոնարհուի, ու այդ օրը միայն Տէրը պիտի բարձրանայ,
Հռոմեացիներ 8.30-10.4
8.30 եւ որոնց որ նախասահմանել էր, նրանց էլ կանչեց. եւ որոնց որ կանչեց, նրանց էլ արդարացրեց. եւ որոնց որ արդարացրեց, նրանց էլ փառաւորեց: 31 Իսկ արդ, ի՞նչ ասենք այս մասին: Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ: 32 Նա, որ իր Որդուն իսկ չխնայեց, այլ մեր բոլորի համար մահուան մատնեց նրան, էլ ինչպէ՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ նրա հետ մէկտեղ: 33 Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծոյ ընտրեալներին. Աստուած է, որ արդարացնում է: 34 Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է: Քրիստոս Յիսուս է, որ մեռաւ, մանաւանդ որ յարութիւն էլ առաւ. եւ Աստծոյ աջում է եւ բարեխօս է մեզ համար: 35 Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը, 36 ինչպէս գրուած էլ է. «Քեզ համար ենք մեռնում ամէն օր. համարուեցինք որպէս ոչխար սպանդի համար»: 37 Բայց այս բոլորից է՛լ աւելի յաղթական ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ. 38 որովհետեւ վստահ եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանութիւնները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները եւ ո՛չ զօրութիւնները, 39 ո՛չ բարձրութիւն, ո՛չ խորութիւն եւ ո՛չ մի ուրիշ արարած չեն կարող բաժանել մեզ Աստծոյ այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով:
9.1 Ճշմարիտ եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում – խղճմտանքս է ինձ վկայում Սուրբ Հոգով, 2 որ մեծ տրտմութիւն է ինձ, եւ անհատնում ցաւ՝ իմ սրտին – 3 որովհետեւ ես ինքս երդումով փափագում էի նզովուել Քրիստոսից իմ ազգակից եղբայրների համար, 4 որ իսրայէլացիներն են. նրանցն է որդեգրութիւնը, փառքը, ուխտերը, օրէնսդրութիւնը, պաշտամունքը եւ խոստումը. 5 նրանցն են նահապետները, նրանցից է նաեւ Քրիստոս՝ ըստ մարմնի. եւ նա է բոլորի վրայ յաւիտեանս օրհնեալ Աստուած: Ամէն: 6 Կարելի չէ, որ Աստծոյ խօսքը գետնին մնայ. որովհետեւ ոչ բոլոր նրանք, որ Իսրայէլի ցեղից են, իսրայէլացիներ են: 7 Ոչ էլ բոլորը, որ Աբրահամի սերնդից են, որդիներ են. այլ՝ «Իսահակի՛ անունով քո սերունդը պիտի կոչուի», 8 այսինքն թէ՝ մարմնի որդիները չեն, որ Աստծոյ որդիներ են, այլ խոստման որդիներն են համարւում որպէս սերունդ. 9 քանզի այս է խոստումը, որ ասում է, թէ՝ «Այս ժամանակում պիտի գամ, եւ Սառան որդի պիտի ունենայ»: 10 Եւ ոչ միայն այսչափ. այլ նաեւ՝ Ռեբեկան, որ յղացաւ մեր հայր Իսահակից նոյն անկողնում. 11 որովհետեւ քանի դեռ տղաները չէին ծնուել, եւ քանի դեռ բարի կամ չար բան չէր գործուել (որպէսզի Աստծոյ ծրագիրն ըստ ընտրութեան հաստատուի 12 ոչ թէ գործերից, այլ նրանից, ով կոչեց), նրան ասուեց, թէ աւագը կրտսերին պիտի ծառայի. 13 ինչպէս գրուած էլ է, թէ՝ «Յակոբին սիրեցի եւ Եսաւին ատեցի»: 14 Իսկ արդ, ի՞նչ ասենք. մի՞թէ կայ անարդարութիւն Աստծուց: Քա՛ւ լիցի. 15 որովհետեւ ասում է Մովսէսին. «Պիտի ողորմեմ, ում ողորմելու եմ. եւ պիտի գթամ, ում գթալու եմ»: 16 Ուրեմն, դա կախում չունի նրանից, ով կամենում է, եւ ոչ էլ նրանից, ով ջանում է, այլ՝ Աստծուց, որ ողորմում է. 17 քանզի գրուածքն ասում է փարաւոնին, թէ՝ «Նրա համար քեզ գրգռեցի, որպէսզի ցոյց տամ իմ զօրութիւնը քեզնով, եւ իմ անունը հռչակուի ամբողջ երկրով մէկ»: 18 Ապա ուրեմն, ողորմում է, ում ուզում է, եւ կարծրացնում է սիրտը նրա, ում ուզում է: 19 Իսկ արդ, կասես, թէ՝ «Էլ ինչո՞ւ է մեղադրում, քանի որ նրա կամքին ոչ ոք չի հակառակում»: 20 Արդ, դու ո՞վ ես, ո՛վ մարդ, որ հակառակում ես Աստծուն. մի՞թէ ստեղծուածը կասի իր ստեղծողին, թէ՝ «Ինչո՞ւ այդպէս ստեղծեցիր ինձ». 21 բրուտը իշխանութիւն չունի՞ կաւի վրայ նոյն զանգուածից անօթ շինելու, մէկը՝ պատուական, իսկ միւսը՝ հասարակ: 22 Եթէ Աստուած ուզէր բարկութիւնը ցոյց տալ եւ յայտնի դարձնել իր զօրութիւնը, նա, որ համբերեց մեծ համբերատարութեամբ կորստեան համար պատրաստուած բարկութեան անօթներին, 23 որպէսզի յայտնի դարձնի իր փառքի հարստութիւնը ողորմութեան արժանացած անօթների վրայ, որոնց պատրաստեց փառքի համար, 24 եւ որոնց՝ մեզ, կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլ նաեւ՝ հեթանոսների… 25 Ինչպէս եւ ասում է Օսէէի գրքում. «Նրան, որ իմ ժողովուրդը չէր, ինձ ժողովուրդ պիտի կոչեմ եւ չսիրուածը՝ սիրեցեալ. 26 եւ այնպէս պիտի լինի, որ այն տեղում, որտեղ ասուեց նրանց, թէ՝ «Դուք իմ ժողովուրդը չէք», այդ նոյն տեղում նրանք կենդանի Աստծոյ որդիներ պիտի կոչուեն»: 27 Եսային աղաղակում է Իսրայէլի մասին, թէ՝ «Եթէ Իսրայէլի որդիների թիւը լինի ինչպէս ծովի աւազը, մի փոքր թուով մնացորդ պիտի մնայ նրանցից. 28 որովհետեւ, վճռական եւ անյապաղ, մի բան է կատարուելու արդարութեամբ. այդ վճռական բանը Տէրն է կատարելու երկրի վրայ»: 29 Եւ ինչպէս ասում է Եսային. «Եթէ Զօրութիւնների Տէրը մեզ սերունդ թողած չլինէր, կլինէինք ինչպէս Սոդոմը եւ կնմանուէինք Գոմորին»: 30 Իսկ արդ, ի՞նչ ասենք. այն, որ հեթանոսները, որոնք արդարութեան յետեւից չէին գնում, հասան արդարութեան՝ այն արդարութեան, որ հաւատից է. 31 իսկ Իսրայէլը գնում է օրէնքի արդարութեան յետեւից, բայց այդ օրէնքի արդարութեանը չհասաւ: 32 Ինչո՞ւ. որովհետեւ ոչ թէ հաւատին հետամուտ էր, այլ՝ օրէնքի գործերին. քանի որ նրանք, գայթակղութեան վէմին բախուելով, սայթաքեցին, 33 ինչպէս գրուած էլ է. «Ահաւասիկ, դնում եմ Սիոնի մէջ քար գայթակղութեան եւ վէմ գլորման. եւ ամենայն ոք, որ հաւատայ նրան, չի ամաչելու»:
10.1 Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագը եւ աղօթքը առ Աստուած նրանց փրկութեան համար են. 2 քանզի վկայում եմ նրանց համար, որ նախանձախնդրութիւն ունեն Աստծոյ հանդէպ, բայց՝ անգիտութեամբ. 3 որովհետեւ նրանք, չգիտակցելով Աստծոյ արդարութիւնը եւ իրենց արդարութիւնը հաստատել ուզելով, Աստծոյ արդարութեանը չհնազանդուեցին: 4 Արդարեւ, Քրիստոսն է օրէնքի վախճանը բոլոր հաւատացեալների արդարացման համար:
Ավ. ըստ Մատթեոսի 13.24-30
24 Նա մէկ ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց: 25 Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց: 26 Եւ երբ ցորենը բուսաւ ու պտուղ տուեց, ապա երեւաց եւ այն որոմը: 27 Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. “Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը”: 28 Եւ տէրն ասաց նրանց. “Թշնամի մարդ է արել այդ”: Ծառաները նրան ասացին. “Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք-հանենք այն”: 29 Եւ տէրը նրանց ասաց. “Ո՛չ, միգուցէ որոմը քաղելիս ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք: 30 Թողէք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կասեմ. նախ այդ որո՛մը քաղեցէք եւ դրանից խուրձեր կապեցէք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ”»: