Մարգարեն Աստծո պաշտոնյան է, ով Աստծո կամքն է փոխանցում մարդկանց: Մարգարեի հիմնական հատկանիշն անկաշառ, անկախ, անվախ և աստվածային խոսքին հավատարիմ լինելն է: Մարգարեությունների հեղինակն Աստված Ինքն է: Նա Իր հայտնությունը Սուրբ Հոգու ներշնչմամբ տվել է մարդուն, ով յուրացնելով այն` մտքի, սրտի և հոգու ինքնատիպությամբ փոխանցել է ժողովրդին:
Զաքարիա մարգարեն աստվածաշնչյան 12 փոքր մարգարեներից է: Աստվածաշունչ մատյանում 14 գլուխներից բաղկացած նրա գիրքն ամենամեծն է փոքր մարգարեների գրքերից: Այն կոչվում է նաև հույսի գիրք, որ պատկերում է Աստծո թագավորության տարածումն Իսրայելում՝ Սողոմոնի տաճարի վերաշինման միջոցով: Զաքարիայի մարգարեությունները վերաբերում են Ն. Ք. 520-517 թվականներին, երբ Զորաբաբելն ու Հեսուն վերականգնում էին Աստծո տաճարը Երուսաղեմում: Հենց այստեղ է, որ Զաքարիան, իբրև Տիրոջ մարգարե, սկսում է իր առաքելությունը հրեից մեջ եւ գործուն կերպով աջակցում տաճարի վերակառուցմանը:
Զաքարիայի մարգարեությունն արժեքավոր է ոչ միայն իր տեսիլքներով, այլեւ Քրիստոսի` Մեսիայի գալստյան մասին մարգարեություններով (Զաք. 9: 9 -10, 11:12-13, 12:10, 13:7): Նա մարգարեացել է Մեսիայի (Հիսուսի) գալուստը, Նրա հաղթական մուտքը Երուսաղեմ, խաչելությունը, գեղարդով խոցվելը, երեսուն արծաթով վաճառվելը եւ այլն: Հետագայում ավետարանիչները, պատմելով Հիսուսի կյանքի վերոհիշյալ դեպքերը, հիշատակել են Զաքարիայի մարգարեությունները: Համաձայն Մատթեոս ավետարանչի, Զաքարիա մարգարեն սպանվել է Տաճարում (Մատթ. 23: 35):
Զաքարիա մարգարեի ոգին եւ կեցվածքն ուսուցողական եւ կենդանի պատգամ են` ուղղված ամենքի, որով ջանք եւ միջոց չպիտի խնայվեն տաճարների, իբրեւ հավատի վկայարանների վերականգնման եւ կառուցման համար, քանզի դրանք են, որ վկայում են հույսի ու հավատի մասին, դրանք են, որ երաշխիք են ազգային միախմբման ու հարատևման: