Իսկ հայոց Ներսես եպիսկոպոսապետը միշտ դիմադրում էր Պապ թագավորին, նախատում էր նրան ու հանդիմանում ծանր փաստացի հանդիմանություններով. նրա բազմաթիվ չար գործերի պատճառով թույլ չէր տալիս ոտք դնել եկեղեցու շեմքին ու ներս մտնել: Միշտ նրան նախատում, հանդիմանում, խրատում էր, որ կորստական գործերից հրաժարվի, ուղղության գա. շարունակ նրա հետ խոսում էր, որ ապաշխարության գա: Նրա առջև վկայություններ էր դնում Սուրբ Գրքից՝ նրա վրա ահ գցելով վերջին դատաստանի հավիտենական պատիժներով, որպեսզի զգաստանա, ուղղվի և արդարության կարգերի ու մաքուր գործերի հետևի:
Իսկ Պապ թագավորն ամենևին չէր լսում նրան, այլ դեռ հակառակում էր և հետը թշնամանում, նրա մահվանն էր սպասում և ցանկանում սպանել նրան, բայց հունաց թագավորի ահից չէր համարձակվում նույնիսկ նրան խոսքով անարգել հայտնապես կամ նրա դեմ խստություն բանեցնել, թող թե մահացնել: Հենց [Հայոց] աշխարհի ժողովուրդն էլ, զորքերն էլ թույլ չէին տա այդպիսի բան անել մի մարդու, որից կախված էին Հայոց աշխարհի բոլոր մարդիկ նրա արդար գործերի, մաքուր վարքի, խաղաղ առաջնորդության պատճառով և նրա գործած հայտնի սքանչելի նշանների համար բոլորը նայում էին նրա վրա, ինչպես երկնավոր հրեշտակի: Եվ թագավորը ոխ էր պահում նրա դեմ, միջոց էր փնտրում նրան սպանելու և հայտնապես այս բանն ասել անգամ չէր համարձակում, այլապես զորքերը իրեն կսպանեին: Որովհետև բոլոր մարդիկ ապաստանել էին նրա աղոթքին և նրան առհասարակ բոլորը սիրում էին՝ մեծերն ու փոքրերը, պատվականներն ու հասարակ մարդիկ, ազնվականներն ու շինականն
Աղբյուր՝ Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն,
թարգ.՝ Ս. Մալխասյանցի, Հինգերորդ դպրություն,
Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1987