Հայոց թագավորության տարածքը Արշակունիների տիրապետության վերջին շրջանում` 387-428 թթ.
[Հայոց ազգի կեսի վրա] Արշակի թագավորելը հունաց թագավորի հրամանով և [մյուս] կեսի վրա Խոսրավի թագավորելը պարսից թագավորի հրամանով: Եվ թե ինչպես Հայոց աշխարհը երկու մասի բաժանելով՝ իրենց մեջ սահման էին կտրում, և ինչպես աշխարհի [զանազան մասեր] կրճատվեցին երկուսի կողմից էլ.
Բայց հայոց Մանուել զորավարի մահից հետո Արշակի թագավորությունը չկարողացավ կարգին հաստատվել աշխարհում, այլ հայոց նախարարներից շատերը զատվեցին գնացին պարսից թագավորի մոտ, Հայոց աշխարհը նրան մատնեցին և նրանից խնդրեցին Արշակունի թագավոր: Նա մեծ ուրախությամբ հանձն առավ իր կողմից իր խոսքով [թագավոր նշանակել] հայոց նույն Արշակունի թագավորների տոհմից և նրա միջոցով Հայոց աշխարհը իրեն գրավել: Ապա նա գտավ նույն տոհմից մի մանուկ՝ Խոսրով անունով, նրա գլխին թագ կապեց և նրան կին տվեց իր Զրվանդուխտ քրոջը, իր բոլոր զորքերը նրա հետ դրեց և Զիկ նվիրակին դաստիարակ նշանակեց Խոսրով թագավորին: Այսպես նրանք ելան եկան Հայոց աշխարհը: Արշակ թագավորը երբ նրանց տեսավ, տեղի տվեց, քաշվեց գնաց հունաց սահմանները: Եվ թիկունք եղավ Արշակ թագավորին հունաց թագավորը, իսկ Խոսրովին՝ պարսից թագավորը: Ապա հունաց զորքերը եկան [Արշակ թագավորին] օգնության, որ Եկեղյաց գավառում էր, իսկ պարսից զորքը և Խոսրով թագավորը Այրարատ գավառում էին: Ապա հունաց և պարսից թագավորների դեսպաններն ու պատգամավորները իրենց մեջ երթևեկություն ունեցան, և երկու թագավորները՝ հունաց և պարսից, իրար հետ խորհուրդ արեցին և համաձայնության եկան: Նրանք հարմար համարեցին նախ Հայոց աշխարհը երկու բաժին անել իրենց մեջ: Նրանք ասում էին. «Մեր երկուսիս միջև ընկած է այս հզոր և հարուստ թագավորությունը. լավ կլինի, որ այս միջոցով թուլացնենք ու խանգարենք այս թագավորությունը: Նախ երկու մասի բաժանենք այս երկու Արշակունի թագավորներով, որոնց նշանակեցինք, հետո կաշխատենք նրանց էլ կրճատել, աղքատացնել ու մեր ծառայությանը ենթարկել, որպեսզի մեր մեջ չկարողանան գլուխ բարձրացնել»:
Այսպես մտածելով՝ նրանք երկու մասի բաժանեցին աշխարհը. պարսից կողմի բաժինը մնաց Խոսրով թագավորին, իսկ հունաց կողմի բաժինը՝ Արշակ թագավորին: Բայց նրանից էլ շատ գավառներ այս ու այնտեղ խուզվեցին, կտրվեցին, և երկուսի աշխարհներից մի փոքր մասը մնաց երկու թագավորներին: Բայց Հայոց թագավորության հիմնական գավառները երկու բաժիններում հայոց երկու Արշակունի թագավորները՝ Արշակն ու Խոսրովը, սահմաններով խաղաղությամբ բաժանեցին, և Հայոց աշխարհի երկու մասերը հնազանդվում էին ամեն մեկը իր թագավորին, բայց Խոսրովի բաժինն ավելի մեծ էր, քան Արշակինը: Եվ երկուսից էլ շատ գավառներ կտրվեցին, և այն ժամանակ և այնուհետև Հայոց թագավորությունը բաժանվեց, ցրվեց, նվազեց և իր նախկին մեծությունից ընկավ:
Աղբյուր՝ Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն,
թարգ.՝ Ս. Մալխասյանցի, Վեցերորդ դպրություն, գլուխ Ա, էջ 399-401
Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1987