ՄՄ 1568, Գրիգոր Նարեկացի, Մատյան ողբերգության, 1173 թ., գրիչ և ծաղկող` Գրիգոր Մլիճեցի, էջ՝ 55բ
XII–XIII դդ. Սկևռայում բեղմնավոր աշխատանք են կատարել Գրիգոր Մլիճեցի, Կոստանդին, Հովսեփ, Ներսես գրիչներն ու մանրանկարիչները, մատենագիր, լեզվաբան, երաժիշտ Գևորգ Սկևռացին, գրիչ և մանրանկարիչ Գրիգոր Պիծակը, նրա որդին` նշանավոր մանրանկարիչ Սարգիս Պիծակը, Սիոն ծաղկողը, գրիչներ Ստեփանոս Սկևռացին, Գրիգոր Չորուկը, Կոստանդինի որդիներ Լևոնը և Հովհաննեսը, և այլք, րաբունապետներ Խաչատուրը, Հովհաննեսը, Մովսես Երզնկացին և ուրիշները: XII դարում Սկևռան դարձել է կիլիկյան մանրանկարչության երկրորդ խոշորագույն կենտրոնը Դրազարկի վանքի դպրոցից հետո: Սկևռայիի վանքը եղել է նաև Կիլիկիայի մանրուսման նշանավոր կենտրոններից, մեզ են հասել այստեղ գրված բազմաթիվ խազգրքեր: Սկևռայի գրչության կենտրոնի վաղագույն և լավագույն ձեռագրերից են Գրիգոր Մլիճեցու մատյանները: 1173 թ. հայտնի հոգևորական, մատենագիր, Լամբրոնի բերդատեր Ներսես եպիսկոպոս Լամբրոնացու պատվերով նա ընդօրինակում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագիրքը (ՄՄ 1568): Այն «Նարեկ»-ի մեզ հասած վաղագույն ձեռագիրն է: Գրիգոր Մլիճեցին պատկերել է Նարեկացու չորս մանրանկար, որոնք շատ հայտնի են դարձել` «Գրիգոր փիլիսոփա» (7բ), «Գրիգոր հսկող» (55բ), «Սուրբն Գրիգոր ճգնավոր» (120բ), Գրիգոր Նարեկացին Յիսուս Քրիստոսի առջև գետնատարած (178բ): Ստանալով մատյանը` Ներսես եպիսկոպոսը վերջին էջերին շարադրում է Գրիգոր Նարեկացու վարքը: 1198 թ. Գրիգոր Մլիճեցին ընդօրինակում և նկարազարդում է նշանավոր «Սկևռայի Ավետարանը», որը Կիլիկյան Հայաստանի մանրանկարչության դպրոցի լավագույն ստեղծագործություններից է (այժմ` Լեհաստանի ազգային գրադարան 17680): Վանքի հայտնի վարդապետ Գևորգ Սկևռացուց ևս ձեռագրեր են հայտնի: 1154 թ. նա ընդօրինակել է մի մեծադիր Ճաշոց ծիսամատյան (ՄՄ 832): Նրան է պատկանում նաև 1192 թ. անապատական հայրերի խրատները բովանդակող «Խրատանի»-ն (այժմ` կորած): Սկևռայի վանքի ամենանշանավոր մատյաններից է 1237 թ. ընդօրինակված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագիրքը (Վենետիկ 2636): Այն գրել է Հուսիկ գրիչը, իսկ պատվիրատուն է Լամբրոնի բերդի տեր, Հայոց Հեթում արքայի թագադիր Կոստանդին Սևաստոս իշխանը: XIII դարում Սկևռայում ընդօրինակված մատյաններից են «Կաթողիկե թղթերի մեկնություն», 1206 թ. գրիչ` Պետրոս (Վիեննա, 1470), Գրիգոր Լուսավորիչ, Հաճախապատում ճառեր, 1216 թ., գրիչ` Բարսեղ քահանա (ՄՄ 5528), Ավետարան, 1229 թ., գրիչ` Հովսեփ (Երուսաղեմ 3602), Գրիգոր Սկևռացի, Ճառեր, 1220-1250 թթ., գրիչ` Հովսեփ (Վիեննա 166), Աստվածաշունչ, 1220-1282 թթ., գրիչներ` Թորոս, Բարսեղ, Գեորգ (Վենետիկ 841, ցուցակում`5), Ժողովածու, 1292 թ., գրիչ` Սարգիս (Նոր Ջուղա, 422), Մխիթար Գոշ, Դատաստանագիրք, 1295 թ., գրիչ` Կիրակոս քահանա (ՄՄ 488), ևն: Սկևռայի բեղուն գրիչներից է Կոստանդինը. նրա մատյաններից է 1255 թ. Նոր Կտակարանը (ՄՄ 6661), որը շուրջ 100 տարի անց նկարազարդում է Սարգիս Պիծակը: 1268 թ. Կոստանդինը գրչագրում է Աստվածաշունչ (ՄՄ 287), իսկ 1297 թ.` Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» բժշկական աշխատությունը (ՄՄ 416): Կոստանդին գրչից և իր եղբայր Ստեփանոս քահանայից գրչության արվեստը սովորում են Կոստանդինի որդիներ Լևոնը և Հովհաննեսը: Լևոն դպիրից մեզ հասած ձեռագրերից է 1295 թ. Գևորգ Սկևռացու «Եսայու մարգարեության մեկնություն»-ը (ՄՄ 4825), իսկ Հովհաննես դպիրի ձեռագրերից են 1298 թ. երկու Ավետարանները (Անթիլիաս 156, Հալեպ 31): Սկևռայի ամենահայտնի գրիչներից է Ստեփանոս քահանան` Կոստանդին գրչի եղբայրը: Նրանից հայտնի է շուրջ 15 ձեռագիր, որոնք ունեն տարբեր բովանդակություն` Աստվածաշունչ, Ավետարան, Ճաշոց, Մանրուսմունք, և այլն: Գրչից հայտնի առաջին մատյանը 1263 թ. Ավետարանն է (ՄՄ 8590): Ստեփանոսն այնքան հմուտ և գեղեցկագիր գրիչ էր, որ կատարում էր արքունական պատվերներ: 1283 թ. նա ընդօրինակում է Ավետարան Հայոց Կեռան թագուհու պատվերով, նրա որդի Հեթումի՝ ասպետության արժանանալու առիթով (ՄՄ 6764): Ձեռագիրը գրված է նուրբ մագաղաթի վրա, գրչությունը բոլորագիրն է: Նկարազարդումն ամբողջական չի պահպանվել. սկզբում կան միայն երկու խորաններ, իսկ բնագրի համապատասխան էջերում` չորս ավետարանիչների պատկերները, չորս անվանաթերթեր և բազմաթիվ լուսանցազարդեր: Ստեփանոս քահանայի մատյաններից են 1278 թ. Մանրուսմունքը (ՄՄ 759), 1290 թ. Ավետարանը (ՄՄ 2630), 1293 թ. Ավետարանը, որի ցանկերը գրում և նկարազարդում է Սիոն քահանան (ՄՄ 5784), անթվական է Հովհան Ոսկեբերանի «Հովհաննու Ավետարանի մեկնություն»-ը (ՄՄ 3816): Ստեփանոս քահանային է վերագրվում հայերեն ամենահայտնի ձեռագրերից մեկը` Հեթում արքայի պատվերով գրված և շքեղորեն նկարազարդված Ճաշոց ծիսամատայանը, որը հատուկ անունով կոչվում է «Հեթումի ճաշոց» (ՄՄ 979): Սկևռայի վանքում ձեռագրեր է ընդօրինակել Ստեփանոս անունով մեկ այլ տաղանդաշատ գրիչ` Ստեփանոս Գույներիցանցը (Գոյներ երեցի որդի): Նա աշակերտել էր հայտնի վարդապետ Գևորգ Սկևռացուն: Ստեփանոս գրչի ձեռագրերը համարվել են ընտրագույն օրինակներ, որոնցից ընդօրինակություններ են արել այլ գրիչներ: Նրա լավագույն մատյաններից է 1292 թ. Աստվածաշունչը (ՄՄ 179): Սկևռայի գրիչներից է Ստեփանոս Իրիցորդին` Ղուկաս քահանայի որդին: Նրա մատյաններից է Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայության» գործը, որն անթվական է (ՄՄ 780): 1274 թ. Հայոց Կեռան թագուհու պատվերով գրիչ ընդօրինակում է Վարդան Արևելցու «Ժղլանք» աշխատությունը (Երուսաղեմ 898), որը խոսում է գրչի չափազանց հմուտ լինելու մասին: 1295 թ. Սկևռայում Հեթում արքայի պատվերով գրվում և նկարազարդվում է մի ընտրագույն Աստվածաշունչ (ՄՄ 180), սակայն դժվար է ասել, թե որ Ստեփանոսի ձեռքի գործն է այն: Ստեփանոս անունով գրիչը 1297 թ. Սկևռայում ընդօրինակել է Ավետարան (ՄՄ 7663), որի ծաղկողը Գրիգոր Պիծակն է։ 1299 թ. Սկևռայի վանքում առաջնորդ Կոստանդին եպիսկոպոսի պատվերով Ճաշոց է ընդօրինակում հայտնի վարդապետ, երաժշտագետ Գրիգոր Չորուկը (Երուսաղեմ 454): XIV դարում Սկևռայում հանդիպում ենք երկու Հովհաննես գրիչների: Նրանցից մեկը` Մինայի և Սարգսի որդին, 1310 թ. ընդօրինակել է Ժողովածու, որ բովանդակում է Նոր Կտակարան, Ժամագիրք, Պատարագամատույց, Տոնացույց (Երուսաղեմ 1946), իսկ 1328 թ.` «Վարք սրբոց» (Երուսաղեմ, 97): Մյուս Հովհաննես գրչից հայտնի են Աստվածաշունչ, 1314 թ. (Վենետիկ 33), Ավետարան, 1325 թ. (ՄՄ 5708): Այսպիսով, XII-XIII դարերում Սկևռայի վանքը եղել է հայկական ամենախոշոր հոգևոր, գիտական, մշակութային կենտրոններից մեկը, որն ունեցել է կանոնավոր գործող բարձր տիպի դպրոց և գրչօջախ: Ներսես Լամբրոնացու և Գևորգ Սկևռացու ջանքերով այստեղ կրթվել և աշխատել են բազմաթիվ գրիչներ, ծաղկողներ և երաժշտագետներ: Սկևռայից հայտնի են ավելի քան յոթ տասնյակ ձեռագրեր, որոնք աչքի են ընկնում գրչության վարպետությամբ, շքեղ մանրանկարչությամբ: Նշելի է, որ Սկևռայի մատյանների մեջ զգալի մաս են կազմում երաժշտագիտական ձեռագրերը:
ՄՄ 979, Ճաշոց Հեթում արքայի, 1286 թ., գրիչ` Ստեփանոս քահանա, էջ՝ 6բ
ՄՄ 979, Ճաշոց Հեթում արքայի, 1286 թ., գրիչ` Ստեփանոս քահանա, էջ՝ 58
ՄՄ 979, Ճաշոց Հեթում արքայի, 1286 թ., գրիչ` Ստեփանոս քահանա, էջ՝ 40բ
Աղբյուր ՝https://www.armenianscriptoria.com/