Փախե՛ք նաև շնությունից, որովայնամոլությունից ու արբեցությունից, քանզի այս երեք չարիքները եղբայրներ են՝ ծնված սատանայից, և մեկը մյուսին գրգռելով՝ աճեցնում են: Քանզի շատ ուտելուց և խմելուց աճելով բորբոքվում է շնության և ցանկ[ասիր]ության ախտը և դրդում պոռնկության: Նաև շատ ծախս է պետք լինում շատ ուտողին ու խմողին: Շատերն էլ այս երեք չարիքների պատճառով զրկվում են իրենց տնից ու հայրենիքից և աղքատանում են, դառնում գող, զրկող ու մարդասպան: …. Եվ սա քաջ հայտնի է ձեզ, քանզի Ադամը, պտուղն ուտելով, կործանեց իրեն և մեզ: Այդպես էլ Սոդոմում և Գոմորում շատ ուտելն ու ըմպելը աճեցրեց շնության ցանկությունը. Նրանք մերժեցին որդեծնության համար Աստծո կողմից սահմանվածը, թողեցին կանանց ու նոր չարիք գործեցին, և Աստված հրով բնաջնջեց նրանց: …. Ահա, որդինե՛րս, սա է շատ ուտելու և խմելու հետևանքը: Մինչդեռ պահքը և պարկեշտությունը, երբ ուտելու և խմելու մեջ սակավապետ ենք լինում, ցամաքեցնում է պիղծ ախտը և անսանձ շնության ցանկությունը, և մարդը մարմնի մեջ հրեշտակ է դառնում:
Աղբյուր՝ «Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության»,
աշխ.՝ Պողոս Խաչատրյանի և Հակոբ Քյոսեյանի.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003, էջ 547-549, 550-551, 552
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)