Հռոմեացիներ 15.30-16.16
15.30 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսով եւ Հոգու սիրով՝ մարտակից լինել ինձ, ինձ համար Աստծուն ուղղուած աղօթքների մէջ, 31 որպէսզի ազատուեմ հաւատի դէմ ապստամբողներից, որ Հրէաստանում են, եւ որպէսզի Երուսաղէմի իմ ծառայութիւնն ընդունելի լինի սրբերին. 32 այսպէս, ուրախութեամբ գալով ձեզ մօտ Աստծոյ կամքով, հանգստանամ ձեզ հետ: 33 Եւ թող խաղաղութեան Աստուածը լինի ձեզ բոլորիդ հետ: Ամէն:
16.1 Յանձնարարում եմ ձեզ Փիբէին՝ մեր քրոջը, որը սպասաւորն է Կենքրայի եկեղեցու, 2 որպէսզի Տիրոջ անունով ընդունէք նրան, ինչպէս վայել է սրբերին, եւ հոգ տանէք նրան, ինչ կարիքների համար էլ դիմի ձեզ. քանզի նա եւս հոգատար եղաւ շատերին եւ ինձ էլ: 3 Ողջունեցէ՛ք Պրիսկէին եւ Ակիւղասին՝ իմ գործակիցներին ի Քրիստոս Յիսուս, 4 որոնք իմ անձի համար վտանգեցին իրենց գլուխը, եւ որոնցից միայն ես չէ, որ շնորհակալ եմ, այլեւ՝ հեթանոսների բոլոր եկեղեցիները: 5 Ողջունեցէ՛ք եւ նրանց առտնին եկեղեցին: Ողջունեցէ՛ք Եպենտոսին՝ իմ սիրելիին, որ ասիացիների պտուղն է ի Քրիստոս: 6 Ողջունեցէ՛ք Մարիին, որ բազում յոգնութիւններ կրեց ձեզ համար: 7 Ողջունեցէ՛ք Անդրոնիկոսին եւ Յունիային՝ իմ ազգականներին եւ բանտակիցներին, որոնք երեւելիներ են առաքեալների մէջ եւ որոնք ինձնից առաջ իսկ դարձան ի Քրիստոս: 8 Ողջունեցէ՛ք Ամպղիային՝ իմ սիրելիին ի Տէր: 9 Ողջունեցէ՛ք Ուրբանոսին՝ իմ գործակցին ի Տէր, եւ Ստաքէսին՝ իմ սիրելիին: 10 Ողջունեցէ՛ք Ապեղէսին, որ ընտրեալն է ի Տէր: 11 Ողջունեցէ՛ք նրանց, որ Արիստաբուղոսի ընտանիքից են: Ողջունեցէ՛ք Հերոդիոնին՝ իմ ազգականին: Ողջունեցէ՛ք նրանց, որ Նարկէսի ընտանիքից են ի Տէր: 12 Ողջունեցէ՛ք Տրիփոսին եւ Տրիփոնին՝ Տիրոջ գործի համար վաստակ ունեցողներին: Ողջունեցէ՛ք սիրելի Պերսիդէին, որ Տիրոջ համար բազում յոգնութիւններ կրեց: 13 Ողջունեցէ՛ք Ռուփոսին՝ ընտրեալին ի Տէր, եւ նրա մօրը, որ իմ մայրն էլ է: 14 Ողջունեցէ՛ք Ասիւնկրիտոսին, Փղեգոնտին, Երմասին, Պատրոբային, Երմէսին եւ այն եղբայրներին, որ նրանց հետ են: 15 Ողջունեցէ՛ք Փիղողոգոսին եւ Յուղիային, Ներէոսին ու նրա քրոջը եւ Ողիմպիային ու այն բոլոր սրբերին, որ նրանց հետ են: 16 Ողջունեցէ՛ք միմեանց սուրբ համբոյրով: Քրիստոսի բոլոր եկեղեցիները ողջունում են ձեզ:
Ավ. ըստ Մատթեոսի 15.29-38
29 Եւ Յիսուս, մեկնելով այդտեղից, եկաւ Գալիլիայի ծովեզերքը եւ լեռը բարձրանալով՝ նստեց այնտեղ: 30 Նրան մօտեցաւ բազում ժողովուրդ. նրանց մէջ կային կաղեր, կոյրեր, համրեր, հաշմուածներ եւ ուրիշ շատեր: Սրանց բերեցին գցեցին նրա ոտքերի առջեւ, եւ նա նրանց բժշկեց. 31 այնպէս որ ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խօսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկւում, կոյրերը՝ տեսնում. եւ փառք էին տալիս Իսրայէլի Աստծուն: 32 Եւ Յիսուս, իր մօտ կանչելով աշակերտներին, ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մօտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»: 33 Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ այս ամայութեան մէջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց այսքան ժողովուրդ կշտացնելու համար»: 34 Եւ Յիսուս նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունէք»: Եւ նրանք ասացին. «Եօթ եւ՝ մի քանի ձուկ»: 35 Եւ նա հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնի վրայ: 36 Եւ վերցնելով եօթ նկանակն ու ձկները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ կտրեց ու տուեց աշակերտներին, եւ նրանք էլ՝ ժողովրդին: 37 Բոլորը կերան ու յագեցան. եւ եօթ լիքը զամբիւղ կտորտանքների մնացորդներ վերցրին: 38 Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին՝ չհաշուած կանանց ու երեխաներին: