Ն. վարդապետ Դանիէլեանի «Այգուն, այգուն» երգն է՝ Խորեն Պալյանի կատարմամբ, որը չի կարելի լսել կամ երգել առանց զգացվելու եւ հուզվելու: Երգն արտահայտում է Կիլիկիայի հայոց թագավորության կորստյան ցավն ու ափսոսանքը: Երգողը խնդրում է իր Սիսվանի բլբուլին, որ այգաբացին երգի իր խցիկի առջև ու «Կիլիկիա» կանչի: Սիսվան նշանակում է Կիլիկիա, մասնավորապես՝ հայկական Կիլիկիա: Ապա նա երգում է, որ ահա, կգա գարունը, կփթթեն ծաղիկները դաշտերում ու հովիտների ծոցում, բայց միևնույնն է, բլբուլը դեռ կողբա Կիլիկիայի կորուստը: Երգում առաջին դեմքից հանդես եկողին թվում է, թե իր տեսած կարմիր վարդը ներկվել է նախնիների արյամբ, և ցողի այն կաթիլները, որ կաթում են վարդի թերթերից ու տերևներից, Զաբել թագուհու արյուն-արցունքն է: Եվ դառնացած սրտով երգողը դիմում է բլբուլինԱ խնդրելով այլևս չերգել ու չնորոգել մեր հին վշտերը, քանի որ նրա կարոտւի տաղը վերքեր է բացում մեր սրտերում ու ստիպում կարոտալից անդադար կրկնել. «Կիլիկիա՜»:
«Այգուն, այգուն»
Այգուն, այգուն իմ խըցկի մոտ,
Լուսաժպիտ մինչ ցառավոտ
Երգե պըլպուլն իմ Սիսուվանա՝
Կիլիկիա՜, Կիլիկիա՜, Կխիկիա՜:
Գարուն կուգա, ծաղկունք փթթին,
Դաշտերու մեջ, ի ծոց հովտին,
Բայց պըլպուլիկն իմ դեռ ողբա՝
Կիլիկիա՜, Կիլիկիա՜,Կիլիկիա՜:
Ա՜խ այն վարդին կարմիր թերթեր,
Արյամբ նախնյաց են ներկվեր
Եվ այն ցողեր, որ կը կաթին,
Արյուն-արցունքն են Զապելին:
Լո՛ւռ կաց, պըլպուլ, ալ մի՛ երգեր,
Մի՛ նորոգեր մեր հին վշտեր.
Լո՛ւռ կաց, քո տաղ վերքեր բանա՝
Կիլիկիա՜, Կիլիկիա՜, Կիլիկիա՜: