Հռոմեացիներ 16.17-27
17 Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, զգուշացէ՛ք այնպիսիներից, որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են առաջ բերում այն վարդապետութիւնից դուրս, որը դուք սովորել էք. եւ խորշեցէ՛ք նրանցից, 18 որովհետեւ այնպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ՝ իրենց որովայնին. եւ քաղցրախօսութեամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը: 19 Ձեր այդ հնազանդութիւնը ծանօթ է բոլորին. եւ արդ, ուրախ եմ ձեզ համար. բայց ուզում եմ, որ դուք իմաստուն լինէք բարի գործերի համար եւ հեռու մնաք չարից: 20 Եւ խաղաղութեան Աստուածը շուտով պիտի խորտակի սատանային ձեր ոտքերի տակ: Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը՝ ձեզ հետ: 21 Ողջունում է ձեզ Տիմոթէոսը՝ իմ եղբայրը եւ գործակիցը. ողջունում են նաեւ Ղուկիոսը, Յասոնը եւ Սոսիպատրոսը՝ իմ ազգականները: 22 Ողջունում եմ ձեզ ի Տէր եւ ես՝ Տերտիոսս, որ այս թուղթը գրեցի: 23 Ողջունում է ձեզ Գայիոսը՝ իմ եւ ամբողջ եկեղեցու հիւրընկալը: Ողջունում է ձեզ Երաստոսը՝ քաղաքիս գլխաւորը, եւ Կուարտոս եղբայրը: 24 Այլ նրան, որ կարո՛ղ է ձեզ հաստատուն պահել՝ ըստ իմ այս աւետարանի եւ ըստ քարոզութեան Յիսուս Քրիստոսի, ըստ այն յայտնութեան խորհրդի, որ յաւիտենից ծածկուած էր, 25 իսկ այժմ յայտնուած է մարգարէական գրքերի միջոցով մշտնջենաւոր Աստծոյ հրամանի համաձայն եւ ծանուցուած է բոլոր հեթանոսներին հաւատի հնազանդութեան համար, 26 միակ իմաստուն Աստծուն, Յիսուս Քրիստոսի միջոցով՝ նրան փառք յաւիտեանս: Ամէն: 27 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը՝ ձեզ բոլորիդ հետ:
Ավ. ըստ Մատթեոսի 15.39-16.12
15.39 Երբ նա ժողովրդի բազմութիւնն արձակեց, նաւակ բարձրացաւ ու եկաւ Մագդաղիայի սահմանները:
16.1 Փարիսեցիներն ու սադուկեցիները մօտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցոյց տայ իրենց երկնային մի նշան: 2 Իսկ նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. 4 «Չար եւ շնացող մի սերունդ նշան է ուզում, եւ սակայն նրան նշան չպիտի տրուի, բացի Յովնան մարգարէի նշանից»: Եւ նրանց թողեց ու գնաց: 5 Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել: 6 Յիսուս նրանց ասաց. «Տեսէ՛ք, զգո՛յշ եղէք սադուկեցիների եւ փարիսեցիների խմորից»: 7 Աշակերտները իրենց մէջ խորհում էին ու ասում. «Որովհետեւ հաց չենք վերցրել»: 8 Յիսուս այդ իմացաւ ու ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր մտքում խորհում, թէ հաց չունէք: 9 Դեռեւս չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք. 10 ոչ էլ՝ եօթ նկանակը՝ չորս հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք: 11 Արդ, ինչպէ՞ս չէք իմանում, թէ հացի համար չէ, որ ձեզ ասացի՝ զգոյշ լինել փարիսեցիների եւ սադուկեցիների խմորից»: 12 Այն ժամանակ իմացան, թէ չէր ասել, որ զգուշանան խմորից, այլ՝ փարիսեցիների եւ սադուկեցիների ուսուցումից: