ՔԱՐՈԶ ՏԱՊԱՆԱԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ ԸՍՏ ԱՅՆ ԽՕՍՔԻ, ՈՐՆ ԱՍՈՒՄ Է. «ԲԵՍԵԼԻԷԼԸ ՏԱՊԱՆԱԿԸ ԱՆՓՈՒՏ ՓԱՅՏԻՑ ՊԱՏՐԱՍՏԵՑ ԵՒ ՆԵՐՔՈՒՍՏ ԵՒ ԱՐՏԱՔՈՒՍՏ ԱՅՆ ՈՍԿՈՎ ՊԱՏԵՑ»
«ԶՔեզ քաղաք Աստուծոյ եւ տաճար անապական, աստուածազարդ եւ լուսազգեաց.
Անվախճան փառօքն պսակեաց Սուրբ Հոգին.
Եւ յաւէժ ուրախանան միշտ հաւատացեալք:
Ի քեզ ծագեալ ի համագոյիցն Աստուծոյ արդարութեան Արեգակն.
Որ լուսաւորեալ փարատեաց ի քէն զխաւարն անգիտութեան
Եւ հաստատեաց զհիմունս քո ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից:
Ի քեզ կանգնեալ սեղան սրբութեան եւ բղխեալ աղբիւր անապական.
Որ յորդառատ վտակօք արբուցանէ յաւէտ զտիեզերս գեղեցկապէս.
Բղխեալ զբողբոջս անուշից. եւ յաւէտ ուրախանան»:
(Շարակնոց)
Աստուածային գիրքն ասում է. «Մովսէսը քառասուն օր եւ քառասուն գիշեր մնաց Սինա լերան վրայ, եւ Աստուած նրան տուեց օրէնքը՝ գրուած քարէ տախտակի վրայ»[1]:
Եւ թէ ինչու օրէնքը տուեց ոչ թէ քաղաքում, այլ անապատում՝ լերան վրայ, կասենք՝ չորս պատճառով:
Նախ՝ քանի որ աշխարհը եւ քաղաքը լի են զանազան չարիքներով, ապա արժանի էր, որ Աստուած իջնի ոչ թէ այնտեղ, այլ անապատ մի վայր:
Երկրորդ՝ ցոյց է տալիս, որ նրանք, ովքեր ընդունում են Աստուծոյ օրէնքները, պէտք է մաքուր լինեն բոլոր մեղքերից, որ գործում են քաղաքում, [եւ Նա] որպէս բժիշկ պէտք է նախ մաքրէր ախտը, ապա տար դեղամիջոցը:
Երրորդ՝ ինչպէս որ երբ մէկը ծովի միջով ճանապարհ է գնում, նախապէս՝ մինչ ցամաքի վրայ է, պատրաստում է նաւարկութեան համար անհրաժեշտ բոլոր պարագաները՝ առագաստը, ղեկը եւ այլն, այդպէս էլ Աստուած անապատում նախապատրաստեց նրանց օրէնքներով, որպէսզի երբ գնան քաղաքները, ընթանան նոյն օրէնքներով:
Չորրորդ՝ օրէնքը տրուեց անապատում, որպէսզի հաստատեն իրենց մտքերում, որ այն Աստուծոյ կողմից էր, ոչ թէ մարդկանց: Աստուած մանանան տուեց երկնքից եւ ջուրը՝ վէմից, որոնք կերակուր էին մարմնի համար, իսկ հոգու համար տուեց օրէնքը: Այն տուեց քարեղէն տախտակների վրայ, քանի որ քարը կարծր նիւթ է, որի վրայ գրուածը հեշտութեամբ չի ջնջւում, ինչպէս փայտի կամ թղթի վրայից:
Առաջին տախտակի փշրուելը նշանակում է, որ փոխուեց Հին օրէնքը եւ հաստատուեց Նորը:
Երկու տախտակները, որոնց վրայ գրուած էին Օրէնքի տասը պատուիրանները, խորհրդանշում են հոգին ու մարմինը՝ զարդարուած հինգ ներքին եւ հինգ արտաքին զգայութիւններով: Ինչպէս առաքեալն է ասում Կորնթացիների երկրորդ թղթում. «Դուք թղթեր [2] էք՝ գրուած ոչ թէ քարեղէն տախտակների, այլ սրտի մարմնեղէն տախտակների վրայ, ոչ թէ թանաքով, այլ Սուրբ Հոգով»[3]:
*Արդ, տապանակի մասին վեց հարցումներ կան:
Նախ՝ թէ ինչ խորհուրդ ունէր տապանակը,
Երկրորդ՝ թէ ինչո՞ւ էր տապանակն առջեւից ընթանում, իսկ ապա՝ վէմը,
Երրորդ՝ թէ ինչո՞ւ գերուեց տապանակը եւ ապա վերադարձաւ գերութիւնից,
Չորրորդ՝ թէ ինչո՞ւ Օզիան մեռաւ,
Հինգերորդ՝ թէ ինչո՞ւ ենք այսօր նշում տապանակի տօնը,
Վեցերորդ՝ օրուայ նաւակատիքի մասին:
*Քննենք առաջին գլուխը, թէ ինչ են խորհրդանշում տապանակի չափսերը՝ երկուսուկէս կանգուն երկարութիւնը, մէկուկէս կանգուն լայնութիւնը եւ մէկուկէս կանգուն բարձրութիւնը: Եւ սա բազում խորհուրդներ ունի:
Նախ ասենք, որ տապանակի երեւումը վայելում է հրեշտակներին, քանի որ նրանք բնութեամբ անապական ու անմահ են, իսկ չափսերի մասին ասենք, որ նախ՝ ամէն իր, որ պատուական է, ունի իր չափսերն ու սահմանը, եւ նրա չափսերի մէջ շփոթութիւն չկայ, որի համար կանգունով են չափւում: Երկրորդ՝ [տապանակը] երկարութիւն, լայնութիւն եւ խորութիւն ունեցող մարմին է, այսինքն խորանարդ է, որը հաստատուն է եւ կայուն: Երրորդ՝ երկարութիւնը [հրեշտակների] անմահ կեանքն է, քանի որ նրանք վեր են, քան ժամանակները եւ նուազ, քան յաւիտենական Աստուած: Այլ նրանք մշտնջենաւոր են, ինչպէս մեր հոգին, այսինքն ունեն սկիզբ, բայց ոչ վախճան: Նաեւ՝ իրենց բարձր գիտութեամբ առաւել են, քան մարդիկ եւ ցածր, քան Աստուած: Այսպէս է նաեւ լայնութիւնը, որը խորհրդանշում է նրանց, որոնք իրենց էութեան մէջ աճում են իմաստութեամբ: Չորրորդ՝[տապանակ] բոլոր կողմերը միասին հինգ կանգուն էր, որը ցոյց է տալիս, որ նրանք կազմուած չեն չորս տարրերից, այլ հինգերորդ էութիւններ են, եւ ինչպէս ոմանք են ասում՝ անմարմին, անփոփոխ եւ անմահ են, ինչպիսին չէ տարերքներից կազմուած մարմինը: Իսկ ոմանք էլ ասում են, թէ նրանք Աստուծոյ հետ համեմատութեամբ թերի են եւ անկատար, քանի որ եղական են եւ գոյանալով ոչնչից՝ գոյութեան են եկել: Եւ կամ էլ ասում են, թէ բանականների մի մասը ստեղծուած են երկնքում, իսկ միւս մասն էլ բնակւում է երկրի վրայ: Հինգերորդ՝ նշում է երեք չափը՝ երկարութիւնը, լայնութիւնը եւ բարձրութիւնը եւ ոչ թէ խորութիւնը, որը թանձրութիւնն է: Ըստ Փիլոնի՝ նշանակում է, թէ անմարմինները մինչեւ երեք չափն են հասնում, ինչպէս երկրաչափերն են գրում, նիշ, գիծ, երեւոյթ: Սա իմանալիների չափն է: Իսկ չորրորդը՝ [թանձրութիւնը], որ մարմին է, թանձր զգալիներս ենք:
Իսկ ներսից եւ դրսից այն ոսկով պատելը նշանակում է, որ նրանք աստուածատեսակ են եւ մաքուր. ներսից, քանի որ լինելիս մաքրութիւնն առան իրենց բնութեամբ, եւ դրսից, քանի որ օրըստօրէ աւելանում է նրանց լուսափայլ իմաստութիւնը՝ ըստ Մեծն Դիոնիսիոսի:
Ծնօտը, որ շուրջ պատող շրջանակն է, խորհրդանշում է նրանց իմանալի կերակուրը, քանզի ծնօտը կերակրուելու միջոց է:
Չորս օղակները եւ երկու լծակները նշանակում են, որ նրանք չորս տարրերից կազմուած աշխարհի խնամածուներն են Աստուծոյ նախախնամութեան երկակի զօրութեամբ՝ արարչական եւ արքունական, որովհետեւ բարերարներ են եւ պատուհասում են՝ ոմանց պահելով խաղաղութեան մէջ:
Վկայութիւնը օրէնքի տախտակներն են, քանի որ բարիք են խոստանում օրէնքը պահողներին, եւ պատիժ՝ չպահողներին: Վկաներ են իմանալիների դասերը նախ՝ քանի որ Սուրբ Երրորդութեան դռներն են եւ անճառ փառքի տեսնողները: Երկրորդ՝ երբ նրանք երեւում են երկրի վրայ, դողում են տեսնողները, որովհետեւ իրենց երեւումով վկայում են Ամենազօրի փառքի մասին: Այդպէս էլ Քերովբէները հովանի էին Սրբութեան Սրբոցի վրայ, եւ Աստուած խօսում էր նրանց միջով, որովհետեւ Աթոռները, Քերովբէներն ու Սերովբէները Աստուծոյ շուրջն են: Նրանք անընդմիջաբար սովորում են Սուրբ Երրորդութիւնից եւ ուսուցանում ստորիններին: Նրանք Սրբութիւն Սրբոցում են, որ լուսեղէն երկինքն է՝ անմարմին զօրքերի բնակարանը:
*Դարձեալ՝ տապանակը խորհրդանշում է սուրբ Աստուածածնին. անփուտ փայտը խորհրդանշում է նրա անապական կուսութիւնը, ներսի եւ դրսի ոսկին՝ հոգու եւ մարմնի մաքրութիւնը, նրա մէջ դրուած երկու տախտակները՝ խօսքով միաւորուած հոգին եւ մարմինը, մանանան՝ Տիրոջ անապական մարմինը, գաւազանը՝ Յեսսէի արմատից նոյն գաւազանը, իսկ բուրվառը՝ անուշահոտութիւնը:
*Դարձեալ՝ ըստ սուրբ Կիւրեղի՝ տապանակը մեր Տէր Յիսուս Քրիստոսն է, անփուտ փայտը՝ Նրա անապական մարմինը, ոսկին՝ Աստուածութեամբ միաւորուած Նրա հոգին եւ մարմինը, տապանակի վրայ դրուած քաւութիւնը՝ Նա եղաւ մեր քաւութիւնը, Սրբութիւն Սրբոցը՝ վարագոյրի ներքին կողմը: Եւ ինչպէս որ գնալիս [տապանակն] առաջնորդում էր ժողովրդին, այդպէս էլ մեր Տէրը, որ ասում էր. «Ուր Ես եմ, այնտեղ կը լինի եւ Իմ պաշտօնեան» [4]:
*Դարձեալ՝ տապանակը քառակողմ էր եւ անփուտ փայտից: Այդպէս էլ Խաչը քառաթեւ է, անապական եւ աստուածընկալ: Եւ Նա մեզ քաւութիւն է տալիս Խաչով, որի համար էլ սուրբ Խաչ է կոչւում:
*Դարձեալ՝ տապանակը սուրբ Եկեղեցին է, որ անփուտ է մեղքերի գիջութիւնից, որը թէպէտ հրով այրւում էր, սակայն ջրից ու որդերից չէր ապականւում: Նոյնպէս էլ սուրբերը թէպէտ մեռան, սակայն գեջ ցանկութեամբ չմեղկացան եւ տեղի չտուեցին որդին, որը ոխակալութիւնը եւ սրտի նախանձութիւնն է:
«Ներսից եւ դրսից պատած էր ոսկով». ովքեր պատկանում են աշխարհին, զարդարում են միայն մարմնի արտաքինը, իսկ սուրբերը նախ զարդարում են հոգին հաւատով եւ առաքինութեամբ եւ ապա մարմինը՝ սուրբ գործերով, ինչպէս առաքեալն է ասում. «Բարին ենք մտածում գործել ոչ միայն Տիրոջ առաջ, այլև մարդկանց առաջ»[5]:
«Իր մէջ ունէր երկու տախտակներ», այսինքն հրաշագործ Խաչը, կենսատու մանանան, բուրվառը, խունկը, վէմը եւ սուրբ Սեղանը եւ Քերովբէներ երկու քշոցները:
Իսկ հինգուկէս կանգունը նշանակում է, որ Քրիստոսի Գալուստը, Փրկական Խաչը եւ Եկեղեցին լինելու են հինգերորդ հազարամեակի կէսում՝ եւ երեւալու են վեցերորդ հազարամեակի սկզբում: Այս է տապանակի խորհուրդը, որ Սրբութիւն Սրբոցում է:
Իսկ այժմ որտե՞ղ է տապանակը: Երեմիան, նրա աշակերտը եւ ովքեր նրա հետ էին, տապանակը տարան Սինա լեռը եւ այնտեղ Աստուծոյ անուամբ կնքեցին վէմի վրայ՝ ասելով. «Թող ոչ ոք չբացի սա, բացի Մովսէսից, որ բերեց: Եւ ոչ ոք չբացի, բացի Ահարոնից»: Ցերեկը ծածկուած էր լինում ամպով, իսկ գիշերը՝ լոյսով: Այսքանը առաջին գլխի մասին:
*Երկրորդ՝ թէ ինչո՞ւ էր տապանակն առջևից ընթանում, իսկ վէմը՝ բանակի յետեւից: Տապանակը Քրիստոսն է, որ ունէր Օրէնքի տախտակները, եւ Վէմը եւս Քրիստոսն է, ինչպէս առաքեալն է ասում: Եւ սա շատ մեկնութիւններ ունի:
Նախ՝ ցոյց է տալիս, որ Քրիստոսն է առաջինը եւ վերջինը, այսինքն Եկեղեցու սկիզբն ու վերջը ոչ միայն Աստուածութեամբ, այլ նաեւ՝ մարդկութեամբ:
Երկրորդ՝ պահպանում է առաջին եւ վերջին թշնամիներից, որոնք են սատանան եւ մեղքը:
Երրորդ՝ առաջնորդում է մեր մուտքն ու ելքն աշխարհ՝ ըստ այն խօսքի, թէ «Տէրը կը պահպանի քո մուտքն ու ելքը»[6]:
Չորրորդ՝ Տէրը նախ օրէնքն է տալիս եւ ապա՝ ջուրը, որովհետեւ նախ խնամում է հոգով եւ ապա մարմնով:
Հինգերորդ՝ տապանակը գնում էր առջեւից եւ հանգիստ էր տալիս, իսկ յետեւից վէմը ջուր էր տալիս, որովհետեւ Տէրն այժմ պատրաստում է հանգիստը, իսկ յետոյ պիտի տայ վայելչութիւնը:
Վեցերորդ՝ թէպէտ Քրիստոս երկինք համբարձուեց, սակայն նա մեզ հետ է մեր բոլոր օրերին, ինչպէս որ ասաց:
Եօթերորդ՝ նախ օրէնքն ենք կատարում, իսկ յետոյ մխիթարութիւն ենք ստանում:
Ութերորդ՝ նախ օրինակն է, ապա՝ ճշմարտութիւնը:
Իններորդ՝ նրանք արդարացան գործերով, որը նշանակում էր Օրէնքը, իսկ մենք՝ հաւատով, որ ցոյց էր տալիս յետեւից ընթացող վէմը:
Տասներորդ՝ տապանակը, տախտակը, մանանան եւ այլն խորհրդանշում են Քրիստոսի առաջին Գալուստը, իսկ աղբիւր բխեցնող Վէմը, որը յաւիտենական կեանքի խորհրդանիշն է, խորհրդանշում է Տիրոջ երկրորդ Գալուստը:
Հարց՝ ինչպէ՞ս էր վէմը Քրիստոս: Պատասխան՝ ինչպէս որ սափորը Կոյսն էր, եւ գաւազանը՝ խաչը, այդպէս էլ վէմը Քրիստոսն էր: Վէմ է կոչւում, որովհետեւ նախ՝ Ադամը հող դարձաւ, իսկ Քրիստոս վէմ էր անմեղութեամբ, երկրորդ՝ ամուր էր Աստուածութեամբ, երրորդ՝ անապական էր մարմնով, չորրորդ՝ Եկեղեցու հիմքն էր, հինգերորդ՝ անկիւնաքար էր:
Այս վէմից ջուր բխեց նախ՝ լուացուելու եւ խմելու համար, ինչպէս որ Փրկչի կողից ջուր եւ արիւն բխեց, երկրորդ՝ տասներկու ցեղերի քարոզութեան համար, երրորդ՝ որ տրուի Սուրբ Հոգին, որ ծաւալուեց Քրիստոսով, չորրորդ՝ ջուր բխեց երկու անգամ խփելով, քանի որ ոմանց՝ սուրբերին, տալիս է, իսկ ոմանց՝ անսուրբներին՝ ոչ, հինգերորդ՝ բախուեց գաւազանով, որովհետեւ իշխանութեամբ է բաշխւում բոլոր ազգերի մէջ: Այսքանը երկրորդ գլխի մասին:
*Եւ երրորդ գլուխն այն մասին էր, թէ ինչու է աւերում սրբութիւնները եւ գերեվարում: Որովհետեւ նախ՝ սպասաւորներն անարժան են, ինչպէս Ոփնին ու Փենեհէսը՝ Հեղիի որդիները, իսկ Նորում՝ քահանաներն ու ժողովուրդը, որի համար Մովսէսը ջարդեց Աստուածագիր տախտակները ու աւիրեց ժողովրդի յանցանքների պատճառով: Երկրորդ՝ որպէսզի նրա պատճառով չարիք չգործէին, ինչպէս որ ասում էին. «Տիրոջ տաճարը մեզ մօտ է» եւ անօրէնութիւն էին գործում: Երրորդ՝ նշանակում է Աստուծոյ խիստ բարկութիւնը, որ չխնայեց Իր Սրբութիւնը մարդկանց մեղքերի պատճառով: Չորրորդ՝ ցոյց է տալիս, որ չխնայեց Իր Սրբութիւնը եւ չի խնայելու ձեզ՝ յանցաւորներից, եթէ դարձի չգաք: Այդ պատճառով է Նորում Խաչն ու Եկեղեցին գերի տալիս այլազգիներին:
Հարց՝ ինչո՞ւ Դագոնը կործանուեց տապանակի առջեւ: Պատասխան՝ Դագոնը կործանուեց երկու կերպով. նախ՝ ընկաւ Մովսէսի օրէնքով, ապա կորստեան մատնուեց Քրիստոսով: Հարուածներ ստացան նրա գլուխը, ձեռքն ու ոտքը, որպէսզի նախ՝ այլազգիները չկարծեն, թէ աստուածների օգնութեամբ զօրքերի գլուխ ելան ու պատերազմը տարան: Երկրորդ՝ քանի որ ժողովուրդը գնում էր ոտքով, տարածում էր ձեռքերը եւ երկրպագում էր՝ գլուխը խոնարհած, այդ պատճառով հատուեցին այդ անդամները: Երրորդ՝ քանի որ ոտքերն ու ձեռքերը կապուած բազում զաւակներ էին զոհում նրան, այդ պատճառով էլ հատուեցին նրա ոտքերն ու ձեռքերը: Չորրորդ՝ ի նշանակ իմանալի Դագոնի, որն իր գլուխը բարձրացրեց ընդդէմ Աստուծոյ, բռունցքով հարուածեց եւ ոտքի տակ տուեց մարդկային ազգին, որին մեր Տէրը խորտակեց Խաչով: Հինգերորդ՝ ցոյց է տալիս սկզբնական եւ ներգործական մեղքերի ընթացքն ու գործը. գլուխը նշանակում է մահն ու ապականութիւնը, որին Քրիստոս խորտակեց Յորդանանում:
Հարց — ի՞նչ է նշանակում տապանակի վերադարձը եօթ ամիս անց:
Պատասխան — նշանակում է հեթանոսներին տրուած օրէնքների եւ Աւետարանի գերուելը, իսկ վերադարձը՝ այս կեանքի եօթ հազարամեակները: Դարձեալ՝ բոլոր սրբութիւնները ժողովւում են այնտեղ, որտեղից ելել են, իսկ անդրանկածին երինջները մարգարէներն ու առաքեալներն են, որոնք ծնեցին անդրանիկ հաւատացեալներին: Նրանք են սուրբերն ու Աստուծոյ պատարագները: Սայլերը երկու Կտակարաններն են, որոնք միշտ պտտւում են մեր մէջ՝ ինքնին խոնարհուելով եւ կրկին բարձրանալով: Այսքանը երրորդ գլխի մասին:
*Չորրորդ հարցում՝ ինչո՞ւ պատժուեց Օզիան:
Նախ՝ պէտք էր ուսի վրայ առնէին տապանակը, ինչպէս հրամայել էր Աստուած, իսկ նրանք սայլով էին բերում, ինչպէս այլազգիները:
Երկրորդ՝ որովհետեւ արժան չէր այն գիշերով բերել:
Երրորդ՝ որովհետեւ բերողը քահանայ չէր, որի պատճառով էլ Դաւիթը յետոյ ասաց քահանաներին. «Ղեւտացինե՛ր, դուք սրբէ՛ք եւ վերցրէ՛ք տապանակը, որպէսզի Օզիայի պէս չլինէք»: Եւ եօթ դասը պարողների դասերն էին, որոնցից երեք դասերը երգում էին բերանով, այսինքն նուագով, սրնգով ու փողով, իսկ չորս դասերը նուագում էին ձեռքերով՝ տաւիղով, քնարով, թմբուկով եւ ծնծղայով: Եւ մեր մէջ եօթն են ձայնական գործիքները, որոնցով սաղմոսում ենք հոգու զօրութեամբ եւ առաքինութեամբ՝ չորսը մարմնաւոր եւ երեքը՝ աստուածային: Այս մտքով, երբ ընծան բերում են Սեղանի վրայ, քահանաների եօթ դասերը սպասաւորում են, երգում եղանակով եւ քշոց, բուրվառ եւ զանգակ հնչեցնում, իսկ սարկաւագները կանգնում են սպիտակ զգեստներով եւ բաց գլխով, ինչպէս Դաւիթը: Վառում են ջահերը, ինչպէս որ ասում է. «Ես որպէս լոյս եկայ աշխարհ», եւ յետոյ բաշխւում է նշխարը, ինչպէս որ Դաւիթը Իսրայէլի բոլոր բնակիչներին բաշխեց հացի մի բլիթ եւ մի պատառ՝ եփուած կասկարայի վրայ: Այսքանը չորրորդ գլխի մասին:
*Հինգերորդ հարցում՝ ինչո՞ւ ենք այսօր նշում տապանակի տօնը: Պատասխանենք՝ չորս պատճառով:
Նախ՝ Հնում տօնում էին տապանակի տօնը, Նորում այն փոխեցին Եկեղեցու տօնի, եւ այսօր Եկեղեցու տօնն է:
Երկրորդ՝ Զատկից յետոյ յիսուն օրերի ընթացքում Մովսէսն Աստծուց ստացաւ Օրէնքը եւ տապանակը պատրաստելու հրամանը: Արդ, նոյն յիսնօրեակում տօնում ենք Սուրբ Հոգու իջման տօնը, իսկ միւս յիսնօրեակին տօնում ենք տապանակի տօնը:
Երրորդ պատճառ՝ այս յիսնեակը Մովսէսի քառասուն օրերն են, որ պահեց լերան վրայ եւ ստացաւ Աստուծոյ օրէնքը: Մենք եւս պահեցինք եւ պահքի աւարտին տօնում ենք Օրէնքի տւչութեան եւ Աստուծոյ տապանակի տօնը:
Չորրորդ պատճառ՝ յաջորդ օրը, որ Վարդավառի տօնն է, Հնում տօնում էին տաղաւարահարաց տօնը, եւ եօթ օր քաղաքից դուրս տաղաւարների մէջ էին բնակւում նախ՝ ի յիշատակ քառասուն տարի անապատում տաղաւարների մէջ բնակուելու, երկրորդ՝ յօրինակ մեզ, որ այս կեանքի եօթ դարերը բնակւում ենք դրսում՝ յոյս ունենալով ութերորդում մտնել մեր սեփական ժառանգութեան մէջ, որի համար այսօր Հնում կատարուող տաղաւարահարաց տօնի փոխարէն նշում ենք Աստուծոյ տապանակի տօնը:
*Վեցերորդ հարցումը նաւակատիքի խորհուրդի մասին է: Ի՞նչ է նշանակում օրուայ նաւակատիք անունը կամ որն է միս չուտելու պատճառը: Նաւակատիք նշանակում է նորոգութիւն, որ Տիրոջ Յայտնութեամբ, Յարութեամբ եւ ի խորհուրդ Տիրոջ այլակերպութեան այս քառասուն պահոց օրերի ընթացքում նորոգուեց մեր բնութիւնը հին մեղքերից: Իսկ միս չուտելու պատճառն այն է, որ դա արգելուած է ոչ միայն այսօր, այլ նաեւ երկու ճրագալոյցներին:
Նաեւ երեք յիսնեակների բոլոր օրերին առաքեալների կողմից սահմանուեց հեռու մնալ մսից, իսկ աւարտին՝ գառ մորթել: Ովքեր անմաքուր լինելու պատճառով չեն կարող ճաշակել Աստուծոյ Գառան Մարմնից, թող նախ դրանից ուտեն եւ ապա այլ կերակրից, որպէսզի գոնէ օրինակին հաղորդ լինեն, իսկ կատարեալները նախ ճշմարիտից, ապա օրինակից եւ յետոյ ընդհանուր կերակուրներից: «Որովհետեւ ասացին, թէ այս երեք քառասուն օրերը Ադամի դրախտային կեանքի օրինակն էին, — գրում է սուրբ Բարսեղը, — եւ կարծում են, թէ քառասուն օր մնաց դրախտում, որտեղ միս չէին ուտում: Եւ այս հոգեւոր դրախտում մենք սուրբ քառասունքի մէջ ենք: Այստեղ կենաց ծառը Աստուծոյ Խօսքն է, նրանից կերէք, իսկ չարի եւ բարու գիտութեան ծառն այս պահքն է, պահողների համար՝ բարի, իսկ չպահողների համար՝ չար»:
Արդ, պահեցողութեամբ խոստովանութիւնը գաւազանի շնորհն ունի. երբ մեղանչում ենք, քառասուն օր խոստովանութեամբ եւ պահեցողութեամբ ապաշխարենք եւ նորոգուենք ի Քրիստոս նորոգուած խորհրդով: Այս է նաւակատիքը, որը լուսաբանեցինք ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ, որ օրհնեալ է յաւիտեանս յաւիտենից. ամէն:
[1] Բ Օրէնք Թ 9-10:
[2] ուղերձ, նամակ:
[3] Հմմտ. Բ Կորնթ. Գ 3:
[4] Յովհ. ԺԲ 26:
[5] Բ Կորնթ. Ը 21:
[6] Սաղմ. ՃԻ 8:
Աղբյուր ՝https://shavigh.am/