Եսայի 6.1-10
1 Այն տարին, երբ մեռաւ Օզիա արքան, տեսայ Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերացած աթոռին, իսկ տաճարը լի էր նրա փառքով: 2 Նրա շուրջը սերովբէներ կային, որոնցից իւրաքանչիւրը վեց թեւ ունէր. երկուսով իրենց երեսներն էին ծածկում, երկուսով՝ իրենց ոտքերը եւ երկուսով էլ թռչում էին: 3 Ձայնակցում էին իրար եւ ասում. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զօրութիւնների Տէրը, եւ ամբողջ երկիրը լի է նրա փառքով»: 4 Կանչողների ձայնից դռան բարաւորը վեր բարձրացաւ, ու տունը լցուեց ծխով: 5 Եւ ես ասում եմ. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ. ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ եւ պղծաշուրթ ժողովրդի մէջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսայ Զօրութիւնների Տիրոջը»: 6 Եւ ահա ինձ ներկայացաւ սերովբէներից մէկը՝ ձեռքին կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից: 7 Բերեց մօտեցրեց իմ բերանին եւ ասաց. «Ահա մօտեցրի քո շուրթերին. դա կհանի քո անօրինութիւնները եւ քո մեղքերը կսրբի քեզնից»: 8 Եւ լսեցի Տիրոջ ձայնը, որն ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, եւ կամ ո՞վ կգնայ այդ ժողովրդի մօտ»: Ու ես ասացի. «Ահաւասիկ ես, ի՛նձ ուղարկիր»: 9 Նա ասաց. «Գնա՛ եւ յայտնի՛ր այդ ժողովրդին. “Լսելով պիտի լսէք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնէք, բայց չճանաչէք”. 10 քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերն էլ փակել են, որպէսզի չլինի թէ երբեւէ աչքերով տեսնեն ու ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան, եւ ես էլ բժշկեմ նրանց»:
Եբրայեցիներ 11.32-40
32 Եւ արդ, դեռ ի՞նչ ասեմ, քանի որ ժամանակը բաւական չէր լինի պատմելու Գեդէոնի, Բարակի, Սամսոնի, Յեփթայէի, Դաւթի եւ Սամուէլի ու միւս մարգարէների մասին, 33 որոնք հաւատո՛վ պարտութեան մատնեցին թագաւորութիւններ, գործեցին արդարութիւն, հասան խոստմանը, փակեցին առիւծների բերանները, 34 հանգցրին կրակի զօրութիւնը, փրկուեցին սրի բերանից, զօրացան տկարութիւնից յետոյ, կտրիճներ եղան պատերազմի մէջ, յաղթեցին օտար բանակների. 35 կանայք յարութեան միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշներ չարչարանքի ենթարկուեցին՝ մերժելով ազատութիւն ձեռք բերել, որպէսզի հասնեն լաւագոյն յարութեան. 36 եւ ուրիշներ ենթարկուեցին տանջանքների եւ գանահարութիւնների, կապանքների եւ բանտերի. 37 քարկոծուեցին, սղոցուեցին, փորձութեան ենթարկուեցին, սրով սպանուելով մեռան, թափառեցին ոչխարների եւ այծերի մորթիներով ծածկուած. ապրեցին կարիքի մէջ, նեղութեան մէջ, չարչարանքների մէջ 38 (մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ)՝ մոլորուած անապատում, լեռներում, քարայրներում եւ երկրի խորշերում: 39 Եւ սրանք ամէնքը, հաւատի մէջ վկայուած լինելով հանդերձ, չընդունեցին խոստումը: 40 Աստուած մեզ համար աւելի լաւն էր նախատեսել, որպէսզի առանց մեզ դրանք չկատարուեն:
Ավ. ըստ Ղուկասի 4.14-22
14 Եւ Յիսուս Հոգու զօրութեամբ վերադարձաւ Գալիլիա, ու գաւառի բոլոր կողմերում նրա համբաւը տարածուեց: 15 Եւ նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ փառաւորուելով բոլորից: 16 Եւ եկաւ Նազարէթ, ուր նա սնուել-մեծացել էր. եւ ըստ իր սովորութեան՝ շաբաթ օրը ժողովարան մտաւ: 17 Եւ նրան տուեցին Եսայի մարգարէի գիրքը. եւ նա վեր կացաւ ընթերցելու. եւ երբ գիրքը բացեց, գտաւ այն տեղը, ուր գրուած էր. 18 «Տիրոջ Հոգին ինձ վրայ է. դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, 19 գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին հռչակելու»: 20 Եւ փակելով գիրքը՝ տուեց պաշտօնեային ու նստեց. եւ ժողովարանում բոլոր գտնուողների աչքերը նրա վրայ էին սեւեռուած: 21 Սկսեց ասել նրանց. «Այսօր այս գրուածքները կատարուեցին, երբ լսում էիք ձեր ականջներով»: 22 Եւ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խօսքերի վրայ: