Անուրանալի է Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի դերը Հայ Եկեղեցու հաստատման ու շենացման գործում։ Նրանք համարվում են Հայ Եկեղեցու մեծագույն սրբերից, և այսօր մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներս նշում ենք նրանց հիշատակը:
«Գնացե՜ք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19),- ասել էր Քրիստոս Իր Համբարձումից առաջ։ Հենց այս պատգամին էլ ականջալուր լինելով՝ Ս․ Թադեոսը նախ Եդեսիա եկավ, ուր տարածեց Աստծո խոսքը, բժշկեց Աբգար թագավորին, ապա եկավ Հայոց աշխարհ՝ Հայոց Սանատրուկ արքայի տիրույթները: Այստեղ զանազան վայրեր քարոզելուց հետո բազմաթիվ հեթանոսների քրիստոնեական հավատի բերեց ու հիմքերը դրեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Գալով Արտազ գավառ, առաքյալը հայոց արքունիք եկավ ու դարձի բերեց արքայադուստր Սանդուխտ կույսին: Հայոց Սանատրուկ արքայի դուստրը՝ Սանդուխտը, աշակերտելով Ս. Թադեոս առաքյալին, ընդունեց քրիստոնեությունը և հորից գաղտնի մկրտվեց։
Սակայն Սանդուխտին հանգիստ չէր տալիս մի երևույթ՝ հայրն, ով դարձի չէր եկել, չափազանց համառ էր քրիստոնեությունն ընդունելու հարցում։ Սանատրուկ արքան բարբարոսորեն չարչարում ու նահատակում էր բոլոր նրանց, որոնք գալիս էին դեպի քրիստոնեական լույսը:
Իմանալով դստեր դարձի գալու մասին՝ զայրացած թագավորն ամեն միջոց գործադրեց, որ դուստրն ուրանա իր հավատը, բայց ի վերջո տեսնելով, որ նա անդրդվելի է, հրամայեց սպանել նրան: Հենց այսպես Ս. Սանդուխտը դարձավ առաջին հայ մարտիրոսուհին: Արքայի հրամանով նահատակվեց նաև Ս. Թադեոս առաքյալը։
Ս. Թադեոս առաքյալն Ավետարանում հիշատակում է մի քանի անուններով. Թադեոս (Մարկոս 3.18), Ղեբեոս (Մատթեոս 10.3) և Հուդա (Ղուկաս 6.16, Գործք Առաքելոց 1.13): Հերոնիմոսը Թադեոսին կոչում է Եռանվանի (Trinomius), որը նշանակում է երեք անուններ ունեցող մարդ:
Հայոց եկեղեցին Ս. Թադեոս առաքյալին հիշատակում է տարին երեք անգամ, նախ` տասներկու առաքյալների շարքում, երկրորդ` Ս. Սանդուխտ կույսի հետ և երրորդ` Ս. Բարդուղիմեոս առաքյալի հետ:
Առաքյալները եղան այն մարդիկ, ովքեր ուղարկվեցին Քրիստոսի կողմից՝ քարոզելու բարի լուրը՝ Աստծո թագավորության հաստատումը երկրի վրա: Եվ բոլորովին պարտադիր չէ առաքյալ ասելով հասկանալ միայն Քրիստոսի 12 աշակերտներին: Ս. Սանդուխտ կույսը և նրա նման շատ այլ նահատակներ ևս եղան Աստծո խոսքը տարածողներն ու Քրիստոսի առաքյալները երկրի վրա։ Չէ՞ որ քրիստոնեությունն ուսուցանում է, որ «Աստված սեր է», իսկ ճշմարիտ սերը աներկյուղ է: Հենց այս իրական ու աներկյուղ սիրուց էր, որ Սանդուխտ կույսն ընդունեց նահատակության պսակը՝ հալածվելով սեփական հորից։
Այսօր, երբ հալածվելու ու նահատակվելու դարաշրջաններն այլևս անցյալում են, մենք էլ խորհենք՝ իսկ մենք ինչի՞ ենք պատրաստ՝ հանուն մեր հավատքի, հանուն Քրիստոսի։