Ծննդոց 4.1-8
1 Ադամը պառկեց իր կին Եւայի հետ, սա յղիացաւ, ծնեց Կայէնին ու ասաց. «Մարդ ծնեցի Աստծոյ զօրութեամբ»: 2 Դրանից յետոյ նա ծնեց նրա եղբայր Աբէլին: Աբէլը դարձաւ ոչխարների հովիւ, իսկ Կայէնը հող էր մշակում: 3 Որոշ ժամանակ անց Կայէնը երկրի բարիքներից ընծայ բերեց Աստծուն, 4 իսկ Աբէլը բերեց իր ոչխարների առաջնեկներից ու գէրերից: Աստուած բարի աչքով նայեց Աբէլին ու նրա ընծաներին, 5 իսկ Կայէնի ու նրա ընծաների վրայ ուշադրութիւն չդարձրեց: Կայէնը շատ տրտմեց, նրա դէմքը մռայլուեց: 6 Տէր Աստուած Կայէնին ասաց. «Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլուեց դէմքդ: 7 Չէ՞ որ եթէ արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում: Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատուել, դու ի վիճակի ես այն յաղթահարելու»: 8 Կայէնն ասաց իր եղբայր Աբէլին. «Արի գնանք դաշտ»: Երբ նրանք դաշտ հասան, Կայէնը յարձակուեց իր եղբայր Աբէլի վրայ եւ սպանեց նրան:
Ծննդոց 5.3-11
3 Ադամը երկու հարիւր երեսուն տարեկանին իր նման ու իր կերպարանքով որդի ծնեց եւ անունը դրեց Սէթ: 4 Սէթին ծնելուց յետոյ Ադամն ապրեց եւս եօթ հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 5 Ադամը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր երեսուն տարի: 6 Սէթը երկու հարիւր հինգ տարեկանին ծնեց Ենոսին: 7 Ենոսին ծնելուց յետոյ Սէթն ապրեց եւս եօթ հարիւր եօթ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 8 Սէթը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասներկու տարի: 9 Ենոսը հարիւր իննսուն տարեկանին ծնեց Կայնանին: 10 Կայնանին ծնելուց յետոյ Ենոսն ապրեց եւս եօթ հարիւր տասնհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 11 Ենոսը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր հինգ տարի:
Ծննդոց 5.23-24
23 Ենոքը ապրեց երեք հարիւր վաթսունհինգ տարի: 24 Ենոքը սիրելի եղաւ Աստծուն: Նա անյայտացաւ, որովհետեւ Աստուած նրան տարաւ իր մօտ:
Ծննդոց 5.32
32 Նոյը հինգ հարիւր տարեկանին ծնեց երեք որդի՝ Սէմին, Քամին եւ Յաբեթին:
Ծննդոց 9.28-29
28 Ջրհեղեղից յետոյ Նոյը ապրեց երեք հարիւր յիսուն տարի: 29 Նոյը ինը հարիւր յիսուն տարի ապրելուց յետոյ մեռաւ:
Ծննդոց 14.14-20
14 Երբ Աբրամն իմացաւ, թէ գերեվարուել է իր եղբօրորդի Ղովտը, հաւաքեց իր երեք հարիւր տասնութ ընդոծիններին, 15 ինքն ու իր ծառաները գիշերով հարուածեցին նրանց, քշեցին մինչեւ Քոբաղ, որ Դամասկոսի ձախ կողմում է գտնւում: 16 Աբրամը ետ առաւ սոդոմացիների ամբողջ աւարը, ազատեց իր եղբօրորդի Ղովտին, նրա ամբողջ ունեցուածքը, ինչպէս նաեւ կանանց ու ժողովրդին: 17 Երբ նա վերադառնում էր Քոդողագոմորին եւ նրա հետ եղած թագաւորներին կոտորելուց, Շաւէի ձորում, այսինքն՝ Թագաւորների դաշտում, նրան ընդառաջ գնաց սոդոմացիների արքան: 18 Շաղէմի արքայ Մելքիսեդեկը հաց ու գինի հիւրասիրեց նրան, որովհետեւ ինքը բարձրեալ Աստծոյ քահանան էր: 19 Նա օրհնեց Աբրամին՝ ասելով. «Օրհնեալ է Աբրամը բարձրեալ Աստծոյ կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը: 20 Օրհնեալ է բարձրեալն Աստուած, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը»: Աբրամը նրան տասանորդ տուեց ամէն ինչից:
Ծննդոց 25.7-11
7 Աբրահամն ապրեց հարիւր եօթանասունհինգ տարի: 8 Աբրահամը հոգին աւանդեց ու մեռաւ երջանիկ ծերութեան մէջ՝ զառամեալ, ալեւորած տարիքում, եւ գնաց միացաւ իր նախնիներին: 9 Նրա որդիներ Իսահակն ու Իսմայէլը նրան թաղեցին քետացի Սահառի որդի Եփրոնի ագարակի զոյգ քարայրում, 10 որը գտնւում է Մամբրէի կաղնու դիմաց: Աբրահամին ու նրա կին Սառային թաղեցին այն ագարակում ու քարայրում, որ Աբրահամը Քետի որդիներից էր գնել: 11 Աբրահամի մահից յետոյ Աստուած օրհնեց նրա որդի Իսահակին, եւ Իսահակը բնակուեց Տեսիլքի ջրհորի մօտ:
Ծննդոց 35.27-29
27 Յակոբը եկաւ իր հայր Իսահակի մօտ՝ Մամբրէի կողմերում դաշտային մի քաղաք, այսինքն՝ Քեբրոն, որ գտնւում է Քանանացիների երկրում, ուր պանդխտեցին Աբրահամն ու Իսահակը: 28 Իսահակն ապրեց հարիւր ութսուն տարի: 29 Իսահակը հոգին աւանդեց ու մեռաւ տարիքն առած, խոր ծերութեան մէջ, նա գնաց միացաւ իր նախնիներին: Նրան թաղեցին իր որդիները՝ Եսաւն ու Յակոբը:
Ծննդոց 49.32-50.13
49:32 Յակոբը դադարեց իր որդիներին պատուիրան տալուց, ոտքերը յետ բերեց մահիճի մէջ, մեռաւ եւ գնաց իր նախնիների գիրկը:
50:1 Յովսէփն, ընկնելով իր հօր երեսին, լաց եղաւ նրա վրայ եւ համբուրեց նրան: 2 Յովսէփը հրամայեց դի զմռսող իր սպասաւորներին զմռսել իր հօրը. զմռսողները զմռսեցին Իսրայէլին: 3 Լրացան նրա քառասուն օրերը. այդքան էր տեւում թաղելու կարգը: Եգիպտոսը եօթանասուն օր սգաց նրան: 4 Սգոյ օրերն անցնելուց յետոյ Յովսէփը խօսեց փարաւոնի իշխանների հետ եւ ասաց. «Եթէ շնորհ եմ գտել ձեր առաջ, ապա դիմեցէ՛ք փարաւոնին եւ ասացէ՛ք, 5 որ իմ հայրը երդուեցրել է ինձ ու ասել. “Ահա ես մեռնում եմ: Ինձ կթաղես այն շիրիմում, որ ես ինձ համար փորել եմ Քանանացիների երկրում”: Արդ, թո՛յլ տուր գնամ, թաղեմ իմ հօրն ու վերադառնամ»: 6 Փարաւոնն ասաց. «Գնա՛, թաղի՛ր քո հօրը, ինչպէս որ նա երդուեցրել է քեզ»: 7 Յովսէփը գնաց, որ թաղի իր հօրը: Նրա հետ գնացին նաեւ փարաւոնի բոլոր ծառաները, նրա պալատի աւագանին, Եգիպտացիների երկրի բոլոր աւագները, 8 Յովսէփի ամբողջ ընտանիքը, նրա եղբայրները, նրա հօր ընտանիքի բոլոր անդամները: Իսկ մերձաւորներին, ոչխարներին ու արջառներին թողեցին Գեսեմ երկրում: 9 Նրա հետ գնացին նաեւ կառքերն ու հեծեալները եւ դարձան մի հսկայ բանակ: 10 Նրանք հասան Յորդանանի այն կողմը գտնուող Ատադի կալը եւ այնտեղ սաստիկ ողբ ու կոծ արեցին նրա վրայ: Նա հօր համար եօթ օր սուգ արեց: 11 Քանանացիների երկրի բնակիչները, տեսնելով Ատադի կալում արուած սուգը, ասացին. «Եգիպտացիները մեծ սգի մէջ են»: Դրա համար էլ այդ վայրը կոչուեց Եգիպտոսի սուգ. այն Յորդանանի միւս կողմն է: 12 Իսրայէլի որդիները նրա դիակի հետ վարուեցին այնպէս, ինչպէս նա էր պատուիրել իրենց. 13 վերցրին նրան ու թաղեցին այնտեղ: Նրա որդիները նրան տարան Քանանացիների երկիրը եւ թաղեցին Մամբրէի կաղնու դիմաց՝ զոյգ քարայրում, որ Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից իբրեւ սեփական շիրմավայր:
Ծննդոց 50.24-26
24 Յովսէփը, դիմելով իր եղբայրներին, ասաց. «Ահա ես մեռնում եմ: Աստուած թող այցելի ձեզ, հանի այս երկրից ու տանի այն երկիրը, որ Աստուած երդուել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին»: 25 Յովսէփը երդուեցրեց Իսրայէլի որդիներին ու ասաց. «Այն ժամանակ, երբ Աստուած ձեզ կայցելի, այստեղից կհանէք նաեւ իմ ոսկորները եւ կտանէք ձեզ հետ»: 26 Յովսէփը վախճանուեց հարիւր տասը տարեկան հասակում: Թաղեցին նրան ու տապանի մէջ դրեցին Եգիպտոսում:
Թվեր 20.23-30
23 Տէրը Հոր լեռան վրայ, Եդոմացիների երկրի սահմանի մօտ, խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 24 «Ահարոնը մեռնելով թող միանայ իր նախնիների մեռելներին: Նա չի մտնելու այն երկիրը, որ ես տուել եմ իսրայէլացիներին, որովհետեւ դուք ինձ բարկացրիք Հակաճառութեան ջրի հարցում: 25 Ահարոնին ու նրա որդի Եղիազարին ամբողջ ժողովրդի ներկայութեամբ բարձրացրո՛ւ Հոր լեռը: 26 Ահարոնի վրայից հանի՛ր նրա պատմուճանը եւ այն հագցրո՛ւ նրա որդի Եղիազարին, եւ Ահարոնն այնտեղ թող մեռնի ու միանայ իր նախնիների մեռելներին»: 27 Մովսէսն արեց այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել իրեն. նա ամբողջ ժողովրդի ներկայութեամբ Ահարոնին բարձրացրեց Հոր լեռը, 28 նրա վրայից հանեց նրա զգեստները եւ դրանք հագցրեց նրա որդի Եղիազարին: 29 Ահարոնը մեռաւ լեռան գագաթին, իսկ Մովսէսն ու Եղիազարը իջան լեռից: 30 Ամբողջ ժողովուրդը տեսաւ, որ վախճանուեց Ահարոնը, եւ բոլոր իսրայէլացիները երեսուն օր ողբացին Ահարոնի մահը:
Բ Օրենք 34.5-12
5 Եւ Տիրոջ ծառայ Մովսէսը վախճանուեց Մովաբի երկրում՝ Տիրոջ խօսքի համաձայն: 6 Նրան թաղեցին Գայիում՝ Փոգորի տան մօտ, եւ ոչ ոք մինչեւ այսօր չգիտէ, թէ որտեղ է նրա գերեզմանը: 7 Երբ Մովսէսը վախճանուեց, հարիւր քսան տարեկան էր: Այդ տարիքում ո՛չ նրա տեսողութիւնն էր վատացել, ո՛չ էլ դէմքը խորշոմել: 8 Իսրայէլացիները Մովաբի երկրի Արաբոթ վայրում՝ Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց, երեսուն օր ողբացին: Վերջացան Մովսէսի սգոյ լացի օրերը: 9 Նաւէի որդի Յեսուն լցուեց իմաստութեան հոգով, որովհետեւ Մովսէսն իր ձեռքը դրել էր նրա վրայ: Իսրայէլացիները հնազանդուեցին նրան եւ արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին: 10 Իսրայէլում այլեւս Մովսէսի նման մարգարէ չելաւ: Նա մի մարդ էր, որին Տէրը երես առ երես ճանաչեց: 11 Եգիպտացիների երկրում փարաւոնի, նրա պաշտօնեաների հանդէպ կատարուող Տիրոջ առաքած բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը, նրա ամբողջ երկրի հանդէպ եղած մեծամեծ նշանները 12 Մովսէսը իսրայէլացիների առջեւ կատարում էր ամուր ձեռքով եւ հզօր բազուկով:
Հեսու 24.29-33
29 Եւ Իսրայէլը պաշտեց Տիրոջը Յեսուի կենդանութեան բոլոր օրերին եւ այն ծերերի կենդանութեան բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Յեսուից յետոյ եւ որոնք տեսան Տիրոջ բոլոր գործերը, որ նա արեց Իսրայէլի համար: 30 Սրանից յետոյ Նաւէի որդի Յեսուն՝ Տիրոջ ծառան, հարիւր տասը տարեկանում մեռաւ: 31 Նրան թաղեցին իր ժառանգութեան սահմաններում՝ Թամնասաքարում, Եփրեմի լեռան վրայ, Գայաս լեռան հիւսիսային կողմում: Այնտեղ, որտեղ թաղեցին նրան, որպէս յիշատակ նրա հետ դրեցին այն քարէ սրերը, որոնցով նա Գաղգաղայում թլփատել էր իսրայէլացիներին, երբ նրանց հանեց Եգիպտոսից, ինչպէս հրամայել էր Տէրը. դրանք այնտեղ են մինչեւ այսօր: 32 Իսրայէլացիները Եգիպտոսից հանեցին Յովսէփի ոսկորները եւ դրանք թաղեցին Սիկիմում՝ ագարակի այն մասում, որ հարիւր գառով առել էր Յակոբը Սիկիմում բնակուող ամորհացիներից եւ բաժին էր տուել Յովսէփին: 33 Դրանից յետոյ վախճանուեց Եղիազար քահանան՝ Ահարոնի որդին, եւ թաղուեց իր որդի Փենէէսին պատկանող Գաբաաթում, որ տուել էին նրան Եփրեմի լեռան վրայ:
Ա Թագավորություններ 15.34-16.13
15.34 Սամուէլը գնաց Արիմաթէմ, իսկ Սաւուղը ելաւ գնաց Գաբաա, իր տունը: 35 Սամուէլը մինչեւ իր մահուան օրը այլեւս չտեսաւ Սաւուղին, քանզի Սամուէլը Սաւուղի համար սուգ էր անում: Եւ Տէրը զղջացել էր, որ Սաւուղին թագաւոր էր օծել Իսրայէլի վրայ:
16.1 Տէրն ասաց Սամուէլին. «Մինչեւ ե՞րբ պէտք է սգաս Սաւուղին, ես նրան զրկել եմ Իսրայէլի վրայ թագաւորելուց: Քո եղջիւրը իւղով լցրո՛ւ, ե՛կ քեզ առաքեմ Բեթղեհէմ, Յեսսէի մօտ, քանզի նրա որդիներից մէկին եմ թագաւոր ընտրել»: 2 Սամուէլն ասաց. «Ինչպէ՞ս երթամ: Սաւուղը կը լսի, եւ ինձ կը սպանի»: Տէրն ասաց. «Դու քեզ հետ մի երինջ վերցրո՛ւ եւ ասա՛, թէ Տիրոջը զոհելու համար եմ եկել: 3 Եւ Յեսսէին հրաւիրի՛ր զոհաբերութիւն անելու ու ինչ որ պիտի անես, ես կ՚ասեմ: Դու կ՚օծես նրա՛ն, որին քեզ կ՚ասեմ»: 4 Սամուէլն արեց այն, ինչ Տէրն ասել էր, ու եկաւ Բեթղեհէմ: Քաղաքի ծերերը զարհուրած դիմաւորեցին նրան՝ ասելով. «Քո մուտքը թող խաղաղութեամբ լինի, ո՜վ տեսանող»: 5 Նա ասաց. «Խաղաղութեամբ է, Տիրոջը զոհաբերութիւն անելու եմ եկել: Մաքրուեցէ՛ք ու ինձ հետ ուրա՛խ եղէք այսօր»: Նա Յեսսէին ու նրա որդիներին մաքրեց եւ զոհաբերութեան հրաւիրեց նրանց: 6 Երբ նրանք մտնում էին, նա Եղիաբին տեսնելով՝ ասաց. «Իրօք, Տիրոջ օծեալն իր առջեւ է»: 7 Տէրը, սակայն, ասաց Սամուէլին. «Նրա տեսքին մի՛ նայիր եւ ոչ էլ հասակի բարձրութեանը, քանզի ես նրան չեմ ընտրել: Աստուած այնպէս չի նկատում, ինչպէս նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստուած՝ սրտին»: 8 Յեսսէն կանչեց Ամինադաբին ու նրան անցկացրեց Սամուէլի առջեւից: Սամուէլն ասաց. «Տէրը սրան չի ընտրել»: 9 Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց Սամաային, եւ Սամուէլն ասաց. «Ոչ էլ սրան է ընտրել Տէրը»: 10 Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց իր եօթը որդիներին էլ, բայց Սամուէլն ասաց Յեսսէին. 11 «Տէրը դրանցից որեւէ մէկին չի ընտրել»: Սամուէլը Յեսսէին ասաց. «Այսքա՞ն են քո որդիները»: Յեսսէն ասաց. «Մի փոքրիկ տղայ էլ ունեմ, որ ոչխար է արածեցնում»: Սամուէլն ասաց Յեսսէին. «Մարդ ուղարկի՛ր ու բերել տո՛ւր նրան, քանզի մենք սեղան չենք նստի, մինչեւ նա այստեղ չգայ»: 12 Յեսսէն մարդ ուղարկեց ու բերել տուեց նրան: Նա խարտեաշ էր, սիրուն աչքերով ու Տիրոջ համար գեղանի տեսքով: 13 Տէրն ասաց Սամուէլին. «Վե՛ր կաց, օծի՛ր Դաւթին, քանզի նա լաւ է»: Սամուէլը իւղով լի եղջիւրն առաւ եւ իր եղբայրների մէջ օծեց նրան: Այդ օրուանից եւ յետոյ Տիրոջ հոգին շարժուեց Դաւթի վրայ: Սամուէլը վեր կացաւ ու գնաց Արիմաթէմ:
Եբրայեցիներ 11.1-31
1 Ի՞նչ է հաւատը, եթէ ոչ՝ յուսացուած բաների հաստատումը եւ ապացոյցն այն բաների, որոնք չեն երեւում. 2 քանզի նախնիք հաւատո՛վ վկայութիւն ընդունեցին: 3 Հաւատով ենք իմանում, որ աշխարհները ստեղծուել են Աստծոյ խօսքով՝ անտեսանելի բաներից տեսանելիներ դառնալով: 4 Հաւատով էր, որ Աբէլը Աստծուն աւելի լաւ զոհ մատուցեց, քան Կայէնը, որով էլ վկայութիւն ստացաւ, որ արդար է. քանի որ նրա մատուցած զոհերի համար տրուեց նրան վկայութիւն Աստծուց: Նա թէպէտ եւ հաւատով մեռաւ, սակայն խօսում է դեռ: 5 Հաւատով Ենոքը փոխադրուեց երկինք, որպէսզի մահ չճաշակի. եւ նա ոչ մի տեղ չգտնուեց, քանի որ Աստուած նրան տարել էր: Եւ նախքան իր տարուելը նրան վկայութիւն էր տրուել, որ ինքը հաճելի է Աստծուն: 6 Բայց առանց հաւատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մօտենում է Աստծուն, պէտք է հաւատայ, որ Աստուած կայ եւ վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն: 7 Հաւատով է, որ Նոյը, պատգամ ստանալով դեռեւս անտեսանելի բաների մասին, վախից բռնուած, իր ընտանիքի փրկութեան համար տապանը պատրաստեց, որով եւ դատապարտեց աշխարհը եւ ժառանգորդ եղաւ այն արդարութեան, որ հաւատից է: 8 Հաւատով է, որ Աբրահամը, երբ կանչուեց, հնազանդուեց եւ գնաց այն տեղը, որը ստանալու էր որպէս ժառանգութիւն. ելաւ-գնաց եւ չգիտէր՝ ուր է գնում: 9 Հաւատով նա պանդուխտ դարձաւ Աւետեաց երկրում, ինչպէս օտարութեան մէջ, վրանների տակ բնակուեց Իսահակի եւ Յակոբի հետ միասին, որոնք ժառանգակից էին նոյն խոստման. 10 քանզի սպասում էր հիմքերով հաստատուած քաղաքին, որի Ճարտարապետը եւ Արարիչը Աստուած է: 11 Հաւատով ինքը Սառան էլ, որ ամուլ էր, որդեծնութեան սերմը ստանալու զօրութիւնն ունեցաւ եւ ծնեց առաջացած տարիքում, քանի որ հաւատարիմ համարեց նրան, ով խոստացաւ այդ բանը: 12 Ուստի մէկից, այն էլ տարիքն առած մի մարդուց, ծնուեցին սերունդներ այնքան շատ, որքան երկնքի աստղերը եւ անթիւ անհամար աւազը ծովի ափին: 13 Հաւատի մէջ մեռան սրանք բոլորը, եւ՝ դեռեւս խոստումները չստացած. բայց հեռուից տեսան այդ խոստումները եւ ցնծացին ու խոստովանեցին, թէ իրենք օտար եւ պանդուխտ են երկրի վրայ: 14 Բոլոր նրանք, որ այսպիսի բաներ են խօսում, յայտնի են անում, թէ մի հայրենի երկիր են փնտրում. 15 քանզի եթէ յիշէին այն երկիրը, որտեղից իրենք ելան, ժամանակ ունէին նորից դառնալու այնտեղ: 16 Յիրաւի, մի աւելի լաւ տեղ են տենչում, այսինքն՝ երկնաւոր մի վայր: Ահա թէ ինչու Աստուած ամօթ չի համարում նրանց Աստուածը կոչուել, քանի որ քաղաք պատրաստեց նրանց համար: 17 Հաւատով է, որ Աբրահամը իր փորձութեան մէջ Իսահակին որպէս զոհ մատուցեց. եւ նա, ով խոստումն էր ընդունել, իր միամօրիկ որդուն էր որպէս զոհ մատուցում: 18 Աբրահամին ասուած էր, թէ՝ «Իսահակո՛վ քեզ սերունդ պիտի տրուի»: 19 Աբրահամը իր մտքում մտածեց, թէ Աստուած կարող է մեռելներից էլ յարութիւն տալ Իսահակին: Ուստի եւ, որպէս նախօրինակ այդ բանի, նա յետ ստացաւ իր որդուն: 20 Հաւատո՛վ Իսահակը օրհնեց Յակոբին եւ Եսաւին՝ գալիք բաների յոյսով: 21 Հաւատո՛վ օրհնեց Յակոբը իր մեռնելու ժամանակ Յովսէփի որդիներից ամէն մէկին եւ երկրպագեց Աստծուն՝ իր գաւազանի ծայրին յենուած: 22 Հաւատո՛վ յիշեց Յովսէփը իր կեանքի վախճանին իսրայէլացիների ելքը եւ իր ոսկորների վերաբերեալ պատուէր տուեց: 23 Հաւատով է, որ երբ Մովսէսին ծնեցին, նրա ծնողները երեք ամիս թաքցրին նրան, քանզի տեսան կայտառ մանկանը եւ չվախեցան թագաւորի հրամանից: 24 Հաւատով է, որ Մովսէսը, երբ մեծացաւ, մերժեց փարաւոնի դստեր որդի կոչուել. 25 նախընտրեց չարչարուել Աստծոյ ժողովրդի հետ, քան միառժամանակ մեղապարտ հաճոյքներ վայելել. 26 կարեւոր համարեց Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատութիւնը. որովհետեւ աչքերը յառած՝ վարձատրութեան էր սպասում: 27 Հաւատո՛վ թողեց Եգիպտոսը եւ չէր վախենում թագաւորի ցասումից, քանզի համբերեց, որպէս թէ անտեսանելին էր տեսնում: 28 Հաւատո՛վ կատարեց Զատիկը եւ արեան շաղ տալը, որպէսզի անդրանիկներին սպանողը չմօտենայ նրանց: 29 Հաւատո՛վ անցան նրանք Կարմիր ծովով, որպէս թէ ցամաք երկիր լինէր, մինչ եգիպտացիները, նոյնը փորձելով, խեղդուեցին: 30 Հաւատո՛վ ընկան Երիքովի պարիսպները, երբ նրանք եօթ օր շրջեցին նրանց շուրջը: 31 Հաւատով է, որ անհաւատների հետ կորստեան չմատնուեց պոռնիկ Ռախաբը, որ խաղաղութեամբ ընդունել էր լրտեսներին:
Ավ. ըստ Ղուկասի 20.34-40
34 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այս աշխարհի որդիները կին են առնում եւ մարդի են գնում. 35 իսկ նրանք, որոնք արժանի կլինեն այն աշխարհին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդի են գնում, 36 քանի որ այլեւս մեռնել անգամ չեն կարող, որովհետեւ հրեշտակների նման են եւ Աստծոյ որդիներ, քանի որ յարութեան որդիներ են: 37 Իսկ որ մեռելները յարութիւն են առնում, Մովսէսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մէջ, ինչպէս որ ասում է Տիրոջ մասին. «Աստուած Աբրահամի, Աստուած Իսահակի եւ Աստուած Յակոբի»: 38 Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի, որովհետեւ բոլորը նրա համար կենդանի են»: 39 Օրէնսգէտներից ոմանք նրան պատասխանեցին եւ ասացին. «Վարդապե՛տ, լա՛ւ ասացիր»: 40 Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան որեւէ բան հարցնել: