Ի մահ դատապարտվածը դահիճի առաջև ծունկ չոքած կամ կախաղանի պարանը պարանոցը գցած միջոցին դեռ ապրելու հնարք է որոնում , դա հուսո ներկայությունն է:
Հոգևարք հիվանդի բարձի մոտ հմուտ բժշկի նման խոստանում է փրկել հիվանդին մահվան ճիրանից,, երբ ձեռներն ու ոտները սառչում են, մահվան հոտը զգալի բուրում է , շնչերակները և արյան շրջանառությունը դադարում են, մինչդեռ սիրտը տրոփում է , դեռ ապրելու հույսով, դա հուսո ներկայությունն է, նույն հուսով խփում է իր աչքերը հավիտենականության մեջ ապրելու:
Վերջապես աշխարհի դառնությանց և աղետից հանդիպող թշվառի միակ մխիթարիչը հույսն է, թեև գիշեր և ցերեկ նույն դրությամբ իրար են հաջորդում,թշվառն միևնույն թշվառության մեջ տառապում է, բայց ժամ առ ժամ սպասում է ազատության , դա հուսո ներկայությունն է, որ կյանք է ներշնչում մարդուն:
Ծովու կատաղությունը, պատերազմի կենագրավ սուրն, դառն աղքատություն, ոտից մինչև ցգլուխ սև բորոտություն և քաղցկեղ, մահամերձ հիվանդություն և նույնիսկ մահը միահավասար խոնարհվում են հուսո զորության առաջ, որի հաղթող դրոշակը միշտ ծածանվում է մարդու սրտի մեջ, սկսած այն րոպեից, երբ նա ճանաչեց թե ինչ է կյանքը:
Թշվառի սրտի մեջ ավելի փայլում է հույսը երբ արևը իր առաջին ճառագայթներով ողջունում է աշխարհին, նա զորություն և ուժ է տալիս համբերել մինչ երեկո ի ներկայության արևու լսել բախտի ողջույնը, իսկ երբ արփին հավաքում է իր վերջին ճառագայթները սարերի գագաթներից, մութը վետ վետ ալիքաձև դիզվելով սև ծածկոցի տակ է առնում աշխարհը, թշվառը միևնույն դրության մեջ է մնում, կրկին հուսով որոնում է իր փափագը, իր նպատակը և ազատությունը նույն համատարած լռության ու մթության մեջ գտնել, երբ տարին բոլորվում է նույն կարգավիճակով և այն օրը երբ առաջին ամգամ պիտի բարևի նոր տարվան, մի պահ կանգ է առնում հետ է նայում իր տխուր անցյալի վրա՝ իսկույն անեծք և նախատինք է թափում լրացած տարվանն ասելով.«Գնա կորիր հավիտենականության մեջ, դու իմ հույսս ամուլ թողիր, իմ նպատակս, իմ կյանքս ու շունչս բառնալու(ջնջելու) աշխտեցիր». և ապա իսկույն և եթգեղածիծաղ դեմքո’վ դառնալով դեպի նոր տարին ասում է «Ողջույն քեզ նոր տարի, ողջույն քեզ նոր օր՝ բարի եկար հազար բարի նոր տարի , ի՞նչ նորություն կպարգև ես ինձ այս տարի, ես հավատում եմ , ես հուսամ,որ քո մեջ կգտնեմ վիճակիս փոփոխություն մի, որ կենացս արժողություն պիտի ունենա»:
Աստված իմ, Դու այն րոպեից սկսած երբ տվիր ինձ շունչ կենդանության , նրան պահապան շնորհեցիր անմահ հույսը, որ և ամեն պատահարաց և ձախորդությանց համբերելու զորություն, պայծառ պահիր զայն իմ հոգու մեջ , մի թողնիր որ երջանկությունս զայն հատանելու մեջ որոնեմ, մեղանչելով Քո Ամենակարող Զորության դեմ, տուր ինձ միշտ երգել Սաղմոսի հետ.«Ի ՔԵԶ ՏԷՐ ՅՈՒՍԱՑԱՅ, ՄԻ ԱՄԱՉԵՑԻՑ ՅԱՒԻՏԵԱՆ»: «Տե՛ր, հույսս քեզ վրա դրի, թող հավետ ամոթով չմնամ»:(Սաղմ.Հ)
Սկիզբն այստեղ՝https://matyan.am/2024/07/16/huys/
(Որոշակի խբագրությամբ)
Ս. Գնունի
«Արարատ ամսագիր» 1882. Համար Ա.