Օսէէ 10:12
12 Եփրեմը մարզուած երինջ է, որ սիրում է հակառակութիւնը, բայց ես կը նետուեմ նրա գեղեցիկ պարանոցի վրայ, կը բարձրանամ Եփրեմի վրայ, կ՚անտեսեմ Յուդային, եւ Յակոբը կը յաղթի նրան։
Ամովս 5:10-14
10 Դռների առաջ նրանք ատեցին յանդիմանողներին եւ սուրբ խօսքերը պիղծ դարձրին։ 11 Դրա համար աղքատներին նեղելով եւ նրանցից ընտրութեամբ կաշառք առնելով՝ շքեղազարդ ապարանքներ պիտի շինէք, բայց չէք բնակուի նրանց մէջ, գեղեցիկ այգիներ պիտի տնկէք, սակայն նրանց գինին չէք խմի, 12 քանի որ ես իմացայ ձեր բազում ամբարշտութիւնները, եւ սարսափելի են ձեր մեղքերը։ Արդարին ոտնակոխ էիք անում՝ կաշառք առնելով եւ աղքատին դռնէ դուռ էիք գցում։ 13 Ահա թէ ինչու նա, ով իմաստուն է, այդ ժամանակ կը լռի, քանի որ ժամանակը չար է։14 Բարի՛ն փնտռեցէք եւ ոչ թէ չարը, որպէսզի ապրէք, եւ ձեզ հետ կը լինի Ամենակալ Տէր Աստուածը.ինչպէս որ ասում էիք, թէ՝ «Ատեցինք չարը եւ սիրեցինք բարին»։
Միքիա 7:7-9
7 Սակայն ես Տիրոջը կը սպասեմ, կը սպասեմ իմ փրկիչ Աստծուն, եւ իմ Տէր Աստուածը կը լսի ինձ։ 8 Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թէ գլորուեցի, նորի՛ց կը կանգնեմ, քանի որ, եթէ խաւարում նստեմ, Տէրն է իմ լոյսը։ 9 Քանի որ մեղանչեցի Տիրոջ դէմ, համբերութեամբ կը տանեմ նրա բարկութիւնը, մինչեւ որ նա արդարացնի իմ դատաստանը, իրաւունք տայ ինձ, ինձ հանի դէպի լոյսը, եւ ես տեսնեմ նրա արդարութիւնը։
Հովել 2:12-13
12 «Եւ արդ, — ասում է ձեր Տէր Աստուածը, — դարձէ՛ք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահութեամբ, լալով ու կոծելով։ 13 Ձեր սրտե՛րը պատռեցէք եւ ոչ թէ ձեր հագուստները»։ Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար։
Աբդիու 1:21
21 Փրկուածները Սիոնի լեռից ոտքի կը կանգնեն՝ վրէժ լուծելու Եսաւի լեռից, եւ կը հաստատուի Տիրոջ արքայութիւնը»։
Հովնան 4:2
2 Աղօթեց Տէր Աստծուն եւ ասաց. «Ո՛վ Տէր, ես այդ նոյն բանը չասացի՞, երբ տակաւին իմ երկրում էի։ Այդ պատճառով էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտէի, որ դու գթասիրտ ես ու ողորմած, համբերող ես ու բազումողորմ եւ զղջում ես չարիքների համար։
Ամբակում 1:1-3
Պատում, որ տեսաւ Ամբակում մարգարէն։ 2 Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, աղօթեմ, բայց դու չլսես, զրկուած՝ ձայն տամ քեզ, եւ դու չփրկես։ 3 Ինչո՞ւ ինձ ջանք ու յոգնութիւն պատճառեցիր՝ թշուառութիւն եւ ամբարշտութիւն տեսնելու։ Իմ առաջ եղաւ դատաստանը, եւ դատաւորը կաշառք էր առնում։
Սոփոնիա 1:7-8
7 Վախեցէ՛ք Տէր Աստծուց, քանի որ մօտիկ է Տիրոջ օրը, որովհետեւ Տէրը պատրաստեց իր զոհերը 8 եւ հրաւիրեց իր հրաւիրեալներին։ «Կը լինի այնպէս, որ Տիրոջ զոհի օրը կը պատժեմ իշխաններին, թագաւորի տունը եւ բոլորին, ովքեր օտար զգեստ են հագել։
Անգե 2:10
10 որպէսզի այդ Տան վերջին փառքը լինի աւելի մեծ, քան նախկին փառքը, — ասում է Ամենակալ Տէրը։ — Ես այս տեղին խաղաղութիւն պիտի տամ, — ասում է Ամենակալ Տէրը, — հոգո՛ւ խաղաղութիւն՝ որպէս փրկութիւն բոլոր նրանց, ովքեր կ՚աշխատեն վերականգնել այդ տաճար
Զաքարիա 7:9-10
9 այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Արդար դատո՛վ դատեցէք, ողորմութի՛ւն եւ գթութի՛ւն արէք իւրաքանչիւրն իր եղբօրը։ 10 Մի՛ կեղեքէք այրուն, որբին, պանդխտին եւ տնանկին։Թող ոչ ոք իր սրտում ոխ չպահի իր ընկերոջ դէմ՝նրա գործած չարիքների համար»։
Մաղաքիա 1:6
6 «Որդին փառաւորում է Հօրը, եւ ծառան երկնչում է իր Տիրոջից։ Իսկ արդ, եթէ ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, իսկ եթէ Տէր եմ, ո՞ւր է իմ պատիւը, — ասում է Ամենակալ Տէրը։ Դուք, քահանանե՛ր, անարգում էք իմ անունը եւ ասում. «Ինչո՞վ անարգեցինք քո անունը.
Հռոմեացիներ 11:2-5
2 Աստուած չմերժեց իր ժողովրդին, որին նախապէս ճանաչել էր։ Կամ՝ չգիտէ՞ք ինչ է ասում Գիրքը Եղիայի մասին. թէ ինչպէս է նա գանգատւում Աստծուն Իսրայէլի դէմ. 3 «Տէ՛ր, կոտորեցին քո մարգարէներին եւ կործանեցին քո սեղանները. ե՛ս մնացի միայն, եւ իմ կեանքն են ուզում»։ 4 Իսկ ի՞նչ է ասում նրան պատասխանը. «Թողեցի ինձ, — ասում է, — եօթը հազար մարդ, որոնք Բահաղին չծնրադրեցին»։ 5 Նոյնպէս եւ ներկայ ժամանակում մնացորդներ կան ըստ ընտրութեան շնորհի։
Ավ. ըստ Ղուկասի 13:31-35
31 Նոյն օրը մի քանի փարիսեցիներ մօտեցան եւ ասացին նրան. «Վե՛ր կաց, գնա՛ այստեղից, որովհետեւ Հերովդէսն ուզում է քեզ սպանել»։ 32 Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէք ասացէ՛ք այն աղուէսին, թէ ահա դեւեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր եւ վաղը, իսկ երրորդ օրը գործս կ՚աւարտեմ։ 33 Բայց պէտք է այսօր, վաղը եւ միւս օրը գնալ. որովհետեւ մարգարէն պէտք չէ, որ Երուսաղէմից դուրս կորստեան մատնուի»։ 34 «Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո որդիներին, ինչպէս հաւը իր ձագերին՝ թեւերի տակ, բայց դու չկամեցար։ 35 Ահա ձեր տունը ձեզ պիտի թողնուի աւերակ. բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ չասէք՝ «Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»