Առակներ 11.30-12.4
11.30 Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան: 31 Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կլինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը:
12.1 Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է: 2 լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի: 3 Մարդ անօրինութեամբ յաջողութեան չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն: 4 Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է.
Օսեե 14.6-9
6 Ես ցօղ կդառնամ Իսրայէլի համար, նա կծաղկի, ինչպէս շուշանը, եւ իր արմատները կտարածի, ինչպէս լիբանոսը: Կընդարձակուեն նրա ճիւղերը, 7 նա կդառնայ ինչպէս պտղալից ձիթենի, եւ նրա հոտը կբուրի ինչպէս կնդրուկի բոյր: 8 Կդառնան եւ կնստեն նրա յարկի տակ, կապրեն եւ ապահով կլինեն ցորենով, նա կբողբոջի ինչպէս որթատունկ, 9 եւ նրա յիշատակը կլինի ինչպէս Լիբանանի գինի Եփրեմի համար:
Բ Կորնթացիներ 4.6-14
6 որովհետեւ Աստուած է, որ ասաց. «Խաւարից թող լոյս ծագի». եւ նա ծագեցրեց մեր սրտերում Աստծոյ փառքի գիտութեան լոյսը, որը ճառագայթում է Յիսուս Քրիստոսի դէմքից: 7 Այսուհետեւ այս գանձերն ունենք կաւէ ամանների մէջ, որպէսզի զօրութեան գերազանցութիւնը Աստծուց լինի եւ ոչ՝ մեզնից: 8 Ամէն կողմից ճնշուած, բայց ոչ՝ ընկճուած, կարօտեալ, բայց ոչ՝ յուսահատ, 9 հալածուած, բայց ոչ՝ լքուած, չարչարուած, բայց ոչ՝ մեռած: 10 Ամէն ժամ մեր մարմիններում կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մարմինների մէջ. 11 քանզի քանի դեռ կենդանի ենք, միշտ մահուան ենք մատնւում Յիսուսի համար, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմինների մէջ: 12 Այնպէս որ, մահը զօրանում է մեր մէջ, իսկ կեանքը՝ ձեր մէջ: 13 Արդ, հաւատի նոյն հոգին ունենք, ինչպէս գրուած էլ է. «Հաւատացի, դրա համար էլ խօսեցի»: Եւ մենք հաւատում ենք, դրա համար էլ խօսում ենք: 14 Այս գիտենք, որ նա, ով յարութիւն տուեց Յիսուսին, մեզ էլ յարութիւն կտայ Յիսուսի հետ եւ ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ.
Ավ. ըստ Ղուկասի 12.2-10
2 որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, 3 քանի որ ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ: 4 Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին. մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ. վախեցէ՛ք Նրանից: 6 Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծոյ առաջ մոռացուած չէ: 7 Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշւուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները: 8 Ասում եմ ձեզ. ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: 9 Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի: 10 Եւ ով որ մարդու Որդու դէմ բան ասի, նրան պիտի ներուի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներուի: