Ա Կորնթացիներ 11.1-16
1 Նմանուեցէ՛ք ինձ, ինչպէս որ ես՝ Քրիստոսին: 2 Գովում եմ ձեզ, որ յիշում էք ինձ ամէն ինչում եւ պահում էք աւանդուած բաները, ինչպէս որ աւանդեցի ձեզ: 3 Ուզում եմ, որ դուք իմանաք, որ ամէն մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ մարդը, եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած: 4 Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը: 5 Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը. որովհետեւ այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլուած լինի. 6 քանզի եթէ կինը քողով չի ծածկւում, թող կտրի իր մազերը: Իսկ եթէ ամօթ է կնոջ համար մազը կտրել կամ ածիլել, թող քողով ծածկուի: 7 Պէտք չէ, որ տղամարդն իր գլուխը ծածկի, որովհետեւ նա պատկերն ու փառքն է Աստծոյ. իսկ կինը իր մարդու փառքն է. 8 որովհետեւ ոչ թէ մարդն է կնոջից, այլ կինը՝ մարդուց. 9 քանզի մարդը չստեղծուեց կնոջ համար, այլ կինը՝ մարդու համար: 10 Դրա համար կինը պարտաւոր է քող դնել գլխին՝ հրեշտակների պատճառով: 11 Բայց կինն առանց մարդու եւ մարդն առանց կնոջ չկան ի Տէր. 12 որովհետեւ ինչպէս որ կինը մարդուց է, այնպէս եւ մարդը՝ կնոջ միջոցով, եւ ամէն ինչ՝ Աստծուց: 13 Եւ դուք ինքներդ դատեցէք. վայե՞լ է կին արարածին գլխաբաց աղօթքի կանգնել Աստծոյ առաջ: 14 Եւ բնութիւնն իսկ չի՞ ուսուցանում ձեզ, որ եթէ մարդը երկար մազերով է, այդ անարգանք է իրեն. 15 բայց կինը եթէ երկար մազերով է, այդ պատիւ է իրեն. որովհետեւ մազերը քողի փոխարէն են տրուած նրան: 16 Իսկ եթէ մէկն ուզում է առարկել, մենք չունենք այդպիսի սովորութիւն, ոչ էլ՝ Աստծոյ եկեղեցիները:
Ավ. ըստ Մարկոսի 1.35-45
35 Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ եւ ելաւ-գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղօթում էր: 36 Նրա յետեւից նրան փնտրելու գնացին Սիմոնը եւ նրանք, որ նրա հետ էին: 37 Եւ երբ գտան նրան, ասացին. «Ամէնքը փնտրում են քեզ»: 38 Եւ նրանց ասաց. «Եկէք գնանք այլ մօտակայ գիւղաքաղաքներ եւս, որպէսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետեւ հէնց դրա համար եմ եկել»: 39 Եւ ամբողջ Գալիլիայում նրանց ժողովարաններում քարոզում եւ դեւեր էր հանում: 40 Նրա մօտ եկաւ մի բորոտ. նա ծնկի եկած աղաչում էր եւ ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել»: 41 Իսկ Յիսուս գթալով ձեռքը երկարեց, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: 42 Եւ երբ նրան այս ասաց, բորոտութիւնը նրանից իսկոյն գնաց, եւ նա մաքրուեց: 43 Եւ Յիսուս իսկոյն դուրս հանեց նրան եւ խստիւ պատուիրեց. 44 «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի բան չասե՛ս, այլ գնա, քեզ քահանայի՛ն ցոյց տուր եւ մաքրուելուդ համար ընծա՛յ տուր այն, ինչ հրամայել էր Մովսէսը նրանց համար իբրեւ վկայութիւն»: 45 Բայց նա դուրս գնալով սկսեց եռանդուն կերպով քարոզել եւ լուրը տարածել այն աստիճան, որ Յիսուս չէր կարողանում այլեւս յայտնապէս քաղաք մտնել, այլ դրսում՝ ամայի տեղերում էր մնում. եւ բոլոր կողմերից ժողովուրդը նրա մօտ էր գալիս: