Առակներ 14:1-6
1 Իմաստուն կանայք շինում են իրենց տները, իսկ անզգամ կանայք կործանում են դրանք իրենց ձեռքով։ 2Ուղիղ ընթացողը երկիւղ է կրում Տիրոջից, բայց ով ծռմռում է իր ճանապարհը՝ պիտի անարգուի։3Յիմարների բերանները թշնամանքի գաւազաններ են, բայց իմաստունների լեզուները պահպանում են դրանցից։ 4Ուր որ եզներ չկան, մաքուր են մսուրները, բայց ուր որ շատ արդիւնք կայ, այնտեղ երեւում է եզան զօրութիւնը։ 5Հաւատարիմ վկան չի ստում, բայց անիրաւ վկան ստերի կրակ է թափում։ 6Չարերի մօտ եթէ իմաստութիւն փնտռես, չես գտնի, բայց հեշտութեամբ իմաստութիւն կը գտնես իմաստունների մօտ։
Զաքարիա 8:4-5
4 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը.«Դարձեալ ծերունիներ եւ պառաւներ պիտի նստեն Երուսաղէմի հրապարակներում,ապրած օրերի շատութիւնից՝ամէն մէկը ցուպն իր ձեռքին։ 5 Քաղաքի հրապարակները պիտի լցուեն տղաներով ու աղջիկներով,որոնք պիտի խաղան նրա հրապարակներում»։
Եսայի 60:8-9
8 Ովքե՞ր են սրանք, որ թռել են ինչպէս ամպ եւ ինչպէս ձագերի հետ խառնուած աղաւնիներ՝ երամով գալիս են ինձ մօտ։ 9 Ինձ են սպասում կղզիները եւ Թարսիսի նաւերը, որպէսզի նախօրօք հեռուներից բերեն քո որդիներին եւ նրանց հետ՝ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անուան համար, Իսրայէլի փառաւորեալ սրբի համար։
Եբրայեցիներ 2:14-18
14 Արդ, որովհետեւ զաւակները հաղորդակից եղան արեանը եւ մարմնին, ինքն էլ մարդկային բնութեամբ մասնակից եղաւ նրանց, որպէսզի իր մահով կործանի նրան, ով մահուան իշխանութիւն ունէր, այսինքն՝ սատանային, 15 եւ ազատի նրանց, որ մահուան երկիւղով միշտ գերութեան վիճակում էին: 16 Ահա թէ ինչու նա օգնելու համար երբեք հրեշտակներին ձեռք չերկարեց, այլ՝ Աբրահամի սերնդին: 17 Ուստի պէտք էր, որ նա ամէն ինչով եղբայրներին նմանուէր, որպէսզի ողորմած լինէր եւ հաւատարիմ քահանայապետ Աստծոյ առաջ իր ծառայութեան մէջ՝ քաւելու համար ժողովրդի մեղքերը. 18 որովհետեւ, ինչպէս որ ինքն իսկ չարչարուեց՝ փորձութեան մատնուելով, այնպէս էլ կարող է օգնել փորձութեան ենթարկուածներին:
Ավ. ըստ Ղուկասի 9:44-48
44 Եւ ամէնքը զարմանում էին Աստծոյ մեծագործութիւնների վրայ: Եւ մինչդեռ բոլորը զարմանում էին այն ամէնի վրայ, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ականջների մէջ պահեցէ՛ք դուք այս խօսքերը, որ մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը»: 45 Սակայն նրանք չէին ըմբռնում այս խօսքը, եւ այն ծածկուած էր նրանցից, որ չիմանան. եւ վախենում էին այդ խօսքի մասին հարց տալ նրան: 46 Աշակերտների մէջ մի վէճ առաջ եկաւ, թէ արդեօք իրենցից ով է մեծ: 47 Երբ Յիսուս իմացաւ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մէջ իր մօտ 48 եւ ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ Ուղարկողին. որովհետեւ ով որ ձեր մէջ փոքրագոյնն է, նա է մեծ»: