Սբ.Վահանը Գողթն գավառի Խոսրով նախարարի որդին էր: Մանուկ հասակում արաբների կողմից բազում հայ իշխանների հետ գերի է տարվում Դամասկոս, ուր թլփատվում է` վերանվանվելով Վահաբ:
Նա չափազանց խելացի և ուշիմ երեխա էր: Ստանալով պատշաճ կրթություն` զանազան պատասխանատու պաշտոններ էր ստանձնել արքունիքում: Չնայած մեծացել էր արաբական միջավայրում, բայց Վահանը գիտեր, որ իր նախնիները եղել են քրիստոնյա եւ ինքն իշխանական տնից է: 719 թվականին Հովհաննես Օձնեցի կաթողիկոսն այցելում է Դամասկոսի ամիրապետին եւ վերջինս թույլատրում է հայ գերյալներին վերադառնալ հայրենիք: Վահանն էլ, օգտվելով պատեհ առիթից, ցանկություն է հայտնում գնալ եւ տեսնել հայրենիքը` վերադառնալու պայմանով: Հասնելով Հայաստան` լսում է ամիրապետի մահվան մասին եւ վերջնականապես որոշում մնալ հայրենի երկրում: Ամուսնանում է Սյունյաց Բաբկեն իշխանի դստեր հետ և խաղաղությամբ կառավարում իր երկիրը: Սակայն նոր ամիրապետն սկսում է Վահանին որոնել: Վերջինս, որպես ծպտված թափառական, դեգերում է հայրենի երկրում` Վրաստանում, լինում բազմաթիվ վանքերում` վերջնականապես հաստատվում Սիրիայի Ռուծափ քաղաքում: Բայց մերժելով ամիրապետի կրոնափոխության առաջարկը` նահատակվում է 737 թվականին, դասվելով երանելի սրբերի շարքը: Սրբի հիշատակության օրը երգում են հատուկ շարական, որի հեղինակը նրա քույր Խոսրովիդուխտն է:
Երգերի եղանակներից ավելի,
քո ողբերի հնչյունները
ինձ համար զարմանալի եղան.
ով երանելի տեր Վահան, Աստծուց ընտրյալդ:
Քաջ նահատակի նման պատերազմի պատրաստվեցիր.
հարավային ազգերից արիաբար ընթացքդ կատարեցիր…
անմարմին հրեշտակների հետ դասվեցիր,
Ով երանելի Գողթնյաց իշխան Վահան:
Փիլիպպոսը հռոմեացի ազնվական էր: Նշանակվելով Եգիպտոսի կառավարիչ` ընտանիքով տեղափոխվում է Ալեքսանդրիա: Եվգինեն հոր խորհրդով սովորում է գիտության այդ նշանավոր կենտրոնում, որտեղ մեծ հետաքրքրությամբ ընթերցում է Պողոս առաքյալի թղթերը: Հավատալով Հիսուս Քրիստոսին` իր երկու ներքինիների հետ մկրտվում է և դառնում քրիստոնյա: Այնուհետև տղամարդու զգեստ հագած գնում է վանք, դառնում վանահայր: Երիտասարդ մի կին սիրահարվելով Եվգինեին` մերժվում է, հետո մեղադրում նրան բռնության փորձ կատարելու համար: Կանգնելով դատավորի առջև, որը նրա հարազատ հայրն էր, Եվգինեն ստիպված է լինում բացահայտել իր ինքնությունը: Հայրը և մյուս հարազատները, լսելով Եվգինեից Փրկչի մասին, դառնում են քրիստոնյաներ: Կայսրը, իմանալով այդ մասին, սպանել է տալիս Փիլիպպոսին: Նրանց ընտանիքը տեղափոխվում է Հռոմ, ուր քրիստոնյա լինելու պատճառով ձերբակալվում են: Քրիստոսի Ծննդյան տոնին Եվգինեին գլխատում են: Քիչ անց, նահատակության փառապսակն է ընդունում նաև նրա մայր Կղոդիան: