Կիրակիի այս անդրանիկ և սուրբ օրը Քրիստոսի եկեղեցու ընտրյալ հոտն ու հովիվները կոչում են ծառայական սպասավորության, որովհետև եկեղեցու մարմնի իսկ, Քրիստոսի անդամների ծառաներն ենք, [որոնց հարկ է] ոտքի կանգնել ու մատռվակել Տիրոջ տան մեջ աստվածեղեն խորհուրդների հոգևոր և հորդաբուխ հնձանի [գինին]: Արդ, տեղն ու ժամանակը խոսքի և խոսքի շինարարների զարդարողն ու գեղեցկացնողն է, ինչպես գարնան ժամանակ, երբ ծաղիկներով զարդարվում և հրճվում է երկիրը ու երգող թռչուններով` օդն ու լսելիքը, այդպես էլ տերունական օրն է` կիրակին և մեր սուրբ մայր եկեղեցու դռանը Աստծո փառքի համար հնչող խոսքն է, որովհետև Աստված այսօր բացեց անճառելի ու անպատմելի բարիքի խորքը և սկսեց ստեղծել արարածներին, որով և երկինքն ու երկիրն իբրև հիմք դրեց, ինչպես օրինակ` երբ բակի եզրին պատ են բարձրացնում և հետո աստիճանաբար միջնամասը լեցնում շինություններով: Որովհետև անսահման Բարին չկամեցավ միայն Ինքը վայելել Իր իսկ բարիքը, այլ պարտ և արժան համարեց տարածել և բազմացնել բարիքի առատությունը աշխարհի շինության համար ոչ թե հանուն Իր կարիքի ու պետքի բավարարման, այլ որպեսզի վայելեն նրա անբավ պարգևները և աննախանձ բարիքը: Եվ այս մեկշաբթի` կիրակի օրը ստեղծվեցին յոթ արարածները. այս չորս տարրերը` հուրը, օդը, ջուրը, հողը, նաև հրեղեն երկինքն ու նրա մեջ` հրեշտակները: Եվ յոթերորդ առաջին լույսը, որից չորեքշաբթի օրը արեգակը, լուսինը և աստղերը գոյացան, այդ օրը կոչվեց տիվ, որովհետև լույսը, որքան տևում է օդի մեջ և մեր գլուխների վրա, տիվ է կոչվում, որին նաև ցերեկ ենք անվանում[1], և կոչվում է մեկշաբթի, որ Աստծո հանգիստն է, որովհետև շաբաթը հանգիստ է հորջորջվում, քանզի Աստված ինչ որ անում էր, հանգստանում էր` տեսնելով, թե բարի է (Ծննդ. Ա 4): Այս պատճառով մեծն Բարսեղն ասում է. Մեկ օր կոչեց, որ ստեղծեց այն. «Եղավ երեկո եւ առավոտ եղավ` մեկ օր» (Ծննդ. Ա 5): Եվ այս անունը պետք չէ վերցնել դրանից, որովհետև մեծ մեկշաբթի (կիրակի) օրը մեկն է, որ Քրիստոսի հարության հարատև մեծարողն է[2], նաև Ադամի բոլոր որդիներին պետք է հարություն տա աշխարհի վախճանին, երբ լուսանա վերջին կիրակին, և ուրիշ օր ու գիշեր նրան չի հետևի: Որովհետև այն օրը արեգակն աստված է, որ երևում և հայտնվում է աշխարհին, և այլևս չի քողարկվում, բայց նաև հրախառն խավարը մեկտեղվում է մեղավորների տանջանքի վայրում, որ կոչվում է արտաքին խավար, որովհետև օտար և անհաղորդ է այս խավարին, որ մենք գիտենք, քանզի մեր իմացած խավարը լույս ունի, իսկ այն անշեջ կրակը [անթափանց] խավար է, մինչդեռ Աստված արդարների լույսն ու փառքն է, ինչպես և գրված է, թե` «Արդարների լույսը ամեն ժամ է» (Առակ. ԺԳ 9): Եվ այս պատճառով մեզ անհարժեշտ է կիրակին սուրբ պահել ամեն տեսակ մեղքից, և այս կիրակի եկեղեցի ու պատարագի գնալ, և խոստովանությամբ հաշվի տալ, թե կամա և ակամա ինչ ենք արել վեց օրերի ընթացքում, որպեսզի վերջին կիրակիին, երբ մեռելներից հարություն առնենք և գնանք Աստծո դատաստանին, մեր գործերի ու խոսքերի համար հաշիվ չպահանջի մեզնից: Այնժամ և ոչ մեկը չի կարող քողարկվել այն մեծ հրապարակում, ուր երկնավորներն ու երկրավորներն են մեկտեղված, ուր ահագին և սոսկալի ամոթն է, որից ոչ մի օգուտ չկա, ինչպես և այս ամոթից, սակայն ով խոստովանության ժամին ամաչի` նա զերծ կմնա այնտեղի ամոթից: Մինչդեռ հետո նրանք, իբրև Աստծո և իրենց իսկ թշնամիներ կուղարկվեն անվախճան տանջանքի, ուր աչքերի լաց ու ատամների կրճտոց կա (տե՛ս Մտթ. Ը 12, Ղուկ. ԺԳ 28): Արդ, հարկ է պատվել ու պահել կիրակին, բայց ոչ թե անասնաբար միայն աշխատանքից և գործից հեռու մնալ, այլև` գինով, ծաղրով, կատակաբանությամբ, դատարկախոսությամբ օրն անցկացնելուց: Կիրակի օրվա պատիվն այն է, որ, ինչպես ասվեց, այն անցկացվի ժամերգությամբ, խոստովանությամբ, հաղորդությամբ, Ս.Գրոց ունկնդրությամբ, որին և ձեզ արժանի դաձնի մեր Քրիստոս Աստված Իր փառքի և մեր հոգիների ու մարմինների փրկության համար` ավարտել մեր ժամանակների օրերը, և նրան` պատիվ և գոհություն:
Երկուշաբթի օրն իր առանձին պատիվն ունի. իբրև հաստատության լինելության [օր], որին և Աստված երկնքի հաստատություն կոչեց առաջին երկնքից հետո, որին արարեց կիրակիի առաջին օրը, որ հրեղեն ու անտեսանելի է, որի համար ասում են, թե անմարմին ու պարզ բնություն է, և չորս տարրերից չէ, որի պատճառով և [տեսանելի] չէր մարմնավոր աչքերին: Մինչդեռ այս, որ երևում է, կազմված և հաստատված է օդից և կրակից, որի վրա Աստված հաստատեց ջրի կեսը, որ ծովանալով զբաղեցնում էր երկրի կեսը, ասելով, թե` թող զատվի, բաժանվի ջրի կեսի այս հաստատությունը, որ նրա վրա է և ջրի [մյուս] կեսը, որ նրա տակ է: Որովհետև Արարիչն այս այսպես անելով` երկու օգտակար բան արեց. նախ երկիրը թեթևացրեց ծանրությունից, երկրորդ` [շղարշելով]` արգելափակեց հրեղեն երկնքի այրումն ու անտանելի պատկերը և առաջքն առնելով փակեց ջրերի վերհորդումն ու թանձրությունը և ոչ թե հաստատությունն իր վրա վերցրեց ջրերը, որովհետև Դավիթն ասում է, թե` «Օրհնեցեք Տիրոջ անունը, ջրեր, որ վեր եք երկնքից» (Սղմ. ՃԽԸ 4): Հայտնի է, որ մի կամարը հրեղեն երկինքն է և մյուս կամարը` ջուրը և նրա տակ մի ուրիշ կամար` հաստատությունը, որը և նա երկինք է անվանում: Եվ այս երեք կամարները մեկը մյուսից շատ հեռու, իրար հետևից քամով խառնված շրջապտույտ են գործում, և իրենց արանքում ունեն ցամաքն ու ջուրը, որոնք երկրի վրա են, ինչպես ասում է մեծն Եղիշեն. «Դու մի՛ տարակուսիր, թե վերին միաձույլ, հավասարակշիռ ջուրը ինչպես է շրջապտույտ կատարում երկու երկինքների հետ` անցնելով երկրի տակով և դարձյալ բարձրանալով և հաստատությունից էլ վեր կամար կազմելով: Բայց տես, ասում է, ջրով լցված ամպը, որ տիկի նման կախված է օդի մեջ և չի թափվում ներքև քանի դեռ չի հրամայել Արարիչըե[3]: Նույնպես և սրա մեջ պետք է տեսնել Աստծո հրամանով ճանապարհորդելը: Եվ մեր (Գրիգոր) Լուսավորիչն ասում է, թե անդադար փառաբանության մեջ գտնվող հազարավոր ու բյուրավոր հրեշտակների կայանները ջրերի վրա են[4]: Եվ նրանցից շատերը մարդկանց պահպանելու համար իջնում են ջրի մեջ, և դարձյալ բարձրանում, դուրս են գալիս ջրից` Աստծուն պաշտելու և երկրպագելու նպատակով, և Տիրոջը պատմում են մարդկանց գործերը, ինչպես և ասաց Տերը. «Զգույշ եղեք, որպեսզի չվշտացնեք աղքատներից որևէ մեկին, որովհետև նրա հրեշտակները մշտապես տեսնում են իմ Հոր երեսը, որ երկնքում է» (Հմմտ. Մտթ. ԺԹ 10): Եվ սրանից իմանում և հավատում ենք, թե յուրաքանչյուր մարդ իր պահապան հրեշտակն ունի, և եթե մարդը մարդուն վատություն է անում` նրա պահապան հրեշտակին է տրտմեցնում, և այն հրեշտակը գնում գանգատվում է Աստծուն: Ինքն` Աստված ասում է մարգարեի միջոցով, թե`«Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար բարձրանալու եմ իմ Աթոռից և հարվածելու երկրին» (Սղմ. ԺԱ 6): Այս պատճառով հարկ է սոսկալ ու դողալ այս խոսքից և մեկին չտրտմեցնել և չզրկել աղքատին, որոնց օգնականն ու վրեժխնդիրը Աստված և Աստծո հրեշտակն է, որով և մեր Քրիստոս Աստված թող մեզ պարզերես անի իր և սուրբ հրեշտակների ու բոլոր մարդկանց առջև. Նրան օրհնություն և փառք:
Երեքշաբթի օրը երևում է կատարումն ու փառավորումը քրիստոնյաների ուղղափառ հավատքի, որովհետև անմարմին և աննյութ երեք օրերը մեզ ցույց են տալիս անմարմին և անժամանակ երեքանձնյա Աստվածությունը, քանզի այն երեք օրերի լույսը աննյութ և անմարմին էր, որ օրվա տասներկու ժամերին օդով տարածվում էր բովանդակ երկրի վրա, և երեկոյան ժամին մի վայրում էր մեկտեղվում. ոմանք ասում են արևելքում և ուրիշներ, թե` երկինք էր վերանում և օդով թանձրանալով ծածկվում, բայց հավանական է, թե արևելքում դրախտի վրա էր ծածկվում` [ցույց տալով] Աստվածածնի խորհուրդը, որի մեջ ծրարվեց անճառելի Լույսը, ըստ այն խոսքի, որ Աստված ասաց Հոբին. «Ո՞րն է այն երկիրը, ուր լույսն է օթևանում» (Հոբ ԼԸ 19): Եվ այն երեք օրերում ոչ ժամ կա, ոչ մասն, ոչ րոպե, քանզի տակավին չկար նյութեղեն արեգակը: Եվ երեքշաբթի գոյացան պտղաբեր ու անպտուղ ծառերը. յուրաքանչյուր ծառ սերմանվեց իր պտղով, իսկ բույսերն ու բանջարեղենն` իրենց կատարյալ սերմերով, որպեսզի արևապաշտները չասեն, թե արեգակն է պտուղների ու բույսերի պատճառը, այլ` արեգակի արարիչը, որ [ստեղծում է] երբ կամենում է: Եվ այն օրը այլևայլ ծառերի հետ դրախտը եղավ, ուր և տնկվեց կյանքի ծառը, նաև` բարու և չարի գիտության ծառը, որի համար Աստված ասաց Ադամին. «Մի՛ կերեք, որպեսզի չմեռնենք» (Ծննդ. Գ 3): Եվ դրախտը թավ թանձր վայր է` անթառամ տերևներով, անսպառ պտղով լի, ինչպես և վայել է աստվածատունկ ծաղկանոցին և աստվածագործ այգուն, ուր չկա ամառ և գարուն, ձմեռ և աշուն, այլ` բարեխառն ու աստվածատես տեղ է` անուշաբույր հոտով և արեգակնափայլ գույնով ու գեղեցկությամբ պայծառացած` երկնավայելուչ փառքի շնորհի շուքի համար, որը թեպետև երկրի վրա է հաստատված, արմատացած և հողեղեն է, բայց ասում են, թե Նա բարձր է ու հավասար լուսնին և արեգակին: Եվ լուսնի կարիք չունի և այնտեղ չի հասնում այս լույսը, այլ Աստված է նրա լույսը: Եվ այս տունկերը պայծառազարդ են, որ արեգակից ավելի են զարդափայլում, որովհետև, եթե մեզ մոտ տնկված ծառաշատ և ծաղկավետ վայրերն այսքան ցանկալի են, ապա այն, որ ասվում է թե Աստված է տնկել, որքա՜ն զարմանալի և ախորժելի վայր [կարող է լինել]: Եվ եթե երկրի վրա եղած բանջարներն իրենց անթիվ բազմությամբ ու անսպառ տեսակներով այսքան պիտանի են կերակուրի և բժշկության, հաճելի են հայացքի և բարի` առողջության համար և ի պետս խելքի, ապա որքա՜ն երկնաբերձ ու աստվածավայելուչ են դրախտի բույսերն ու բողբոջները: Այլև այնտեղ ամեն ինչ բարիք է, ազնիվ, լավ ու հրաշալի, որի պատճառով մեղավորները արժանի չեն մտնելու այնտեղ, ինչպես և առաջին մեղավորներ Ադամն ու Եվան, որովհետև այն վայրը մեղքով մեռածների գերեզման չէր, այլ սրբությամբ ողջերի հանգստարան: Իսկ մեզ մոտ եղած ծառերից, բանջարներից շատերը թթվահամ ու դառնահամ են, վնասակար և թունավոր, որովհետև սա մեղավորների ու արդարների վայր է, քանզի սրանք մեղավոր ու նաև հաջողակ են, ինչպես անպիտան բույսերն ու բողբոջները, և մյուս կողմից լեցուն, լիալիր և բազմողկույզ պտուղները, որոնք ավելի քան պիտանի են. դուք մի՜ նմանվեք նրանց, ովքեր անպտուղ են բարու մեջ կամ դառնահամ, փշաբեր, մեղսածին, և ձեր ու մյուս ընկերների ոգիները սպանողներ և դրացիների [հասցեին] հայհոյանքի փուշը, բամբասանքի տատասկը բերող [մարդիկ], նաև` գողության, պոռնկության, շնության և այլ մահաբեր թույների չարությունը: Այլ թող բոլորիդ հետ լինի պտղաբեր առաքինությունն ու պարկեշտությունը, ողորմությունն ու ամեն տեսակ բարեգործություններն ու ժրությունը ի փառս հավիտյանս օրհնյալ մեր Քրիստոս Աստծո:
Չորեքշաբթի օրը Աստված արարեց արեգակը, լուսինը, աստղերը, և այնտեղից սկսվեց ժամանակը, որովհետև ժամանակը լուսատուների շարժումներից է, որոնցով չափվում են ցերեկվա տասներկու ժամերը, նույնքան և` գիշերվա, ցերեկվա և գիշերվա քսանչորս ժամերը, որ օր է: Եվ այդ օրվա ժամերը բաժանվում են երեք հարյուր վաթսուն մասի, յուրաքանչյուր ժամ [բաժանվում է] երեսուն մասի, որովհետև օրը տարվա մանրապատկերն է, քանզի տարին որքան ամիսներ ունի այնքան օրը (ցերեկը)` ժամեր, և որքան տարին օր ունի, այնքան օրը` մասեր: Եվ ասում են, թե արեգակը թավալվելով է գնում, և յուրաքանչյուր թավալ մեկ մաս է. արդ, արեգակը արևելքից մինչև արևմուտք երեք հարյուր վաթսուն թավալ է կատարում, և իբրև հավելյալ մասեր, հինգ [թավալ] է կատարում: Արեգակը դուրս է գալիս առավոտյան, իսկ լուսինն ու աստղերը` երեկոյան: Եվ լուսինը լի էր, կատարյալ ինչպես բոլոր արարածները, որոհվետև Արարիչը վերցրեց լույսը, որ ստեղծել էր առաջին օրը, և դրանից ստեղծեց օդեղեն աման արեգակի, լուսնի և աստղերի համար և առավել հստակ լույսն ու ջերմությունը դրեց արեգակի ամանի մեջ, իսկ աղոտ և տկար [լույսը]` լուսնի և մրանմանը` աստղերի [ամանում], որովհետև ինչպես լուսինը, որ տկար և խոնավ է, թուլացնում և խոնավությամբ փափկեցնում է աստղերի հետ միասին, ինչպես և արեգակը չոր լինելով` առավելապես զորացնում է տաքությունը ու ցամաքեցնում բույսերը և պտուղները դարձնում է դիմացկուն: Ոմանք ասում են, թե լուսինն իր լույսը վերցնում է արեգակից, բայց մյուսները չեն համաձայնում, այլ ասում են, թե ինչպես արարչությունից ի վեր առանձին հորինվեց լուսնի ամանը և նրա մեջ լույս դրվեց, նույն ձևով էլ նա կա և մնում է, որոհվետև լուսինը երկբերան ամանի պես գոգավոր է. երբ սկսում է պակասել, դուրս է գալիս մի դռնից, պատում թիկունքով և գալիս ամբողջական սպառվում ստորին կողմում և վերին կողմ է հասնում մյուս դռան մոտ, որի միջով ներս մտնելով դարձյալ մեղմությամբ գալիս է և լրանալիս լցնում է գոգը և դարձյալ պակասելիս դուրս է գալիս սայլի անիվի նման, ինչը և ուրիշներ անվանում են ջրաղաց և աղորիք: Իսկ լուսինը թռիչքով է առաջ ընթանում, և աստղը` ոստոստելով: Արեգակը մեծ ակ է ասվում, իսկ Լուսինն էլ լուսո ակ` եթե լույս ունի. սրանք առավել և նվազ առաքինիների օրինակն են, որ Աստծո փառքով են ծածկվում հանդերձյալ կյանքում` մեկն իբրև արեգակ և մյուսն` իբրև լուսին, ուրիշներ աստղերի նման, որով ոմանք փառքով առավել են մյուսներից, որովհետև փառքով զգեստավորվում են, ըստ արդարության չափի, իբրև մեղքով խավարյալներ, ովքեր դժոխքի հատակում մեկը մյուսից ավելի շատ են զգեստավորված խավարով` գտնվելով ստորին անդունդում` տանջանքի վայրում, համաձայն մեղքերի մեծության: Արեգակի դուրս գալը նշանակում է մեր ծնունդը, մայր մտնելը` գերեզման իջնելը, և լուսնի մաշելով` մեր ծերանալը, և նորանալով` մեր հարությամբ նորանալը, դարձյալ հնանալով` մեր հնանալը մեղքերով, նորանալով` ապաշխարությամբ և խոստովանությամբ նորոգվելը: Եվ այսպես արեգակն ու լուսինը մեծամեծ ու գեղեցիկ օրինակներ են տալիս մեզ: Եվ դարձյալ Տերն իր գալուստը նմանեցնում է արեգակի ծագմանն` ասելով. «Ինչպես փայլակը, որ դուրս է գալիս արևելքից» (Մտթ. ԻԴ 27), քանզի նա, որ ծննդյամբ ծագեց սուրբ Կույսի ծոցից և մեռավ Խաչի վրա, գերեզման մտավ, ինչպես արեգակը` արևմուտք,և երեք օրից հարություն առավ, ինչպես արեգակն է արևելքից ծագում և մտնելով երկինք վերանում է ամպերով արևելքից գալու համար` երկնքի զորությամբ և բազում փառքով` լուսեղեն Խաչը կերպարելով արևելքից` ուրբաթ օրը առաքելով փայլակնաբորբոք ճառագայթներով: Եվ ինքը կիրակի օրը իջնելով մեծ ու ահագին դատաստանի մեջ, երբ հարություն տալով Ադամի բոլոր որդիներին` առաքում է իր հրեշտակներին` բոլորին հավաքելու իր առջև` հաշիվ տալ համաձայն խոսքերի ու գործերի, այն օրը Քրիստոս Աստված թող ձեզ արեգակի նման պայծառացնելով պարզ երեսով լուսո առագաստի մեջ ընդունի մեզ հետ միասին բոլոր արդարների աղոթքով: Նրան փառք Հոր և նամենասուրբ Հոգու հետ այժմ և միշտ:
Հինգշաբթի օրը Աստված արարեց ջրային կենդանիներին, որոնք ջուրն ու օդը զարդարեցին, ինչպես երկիրը` ծառերով և ծաղիկներով և երկինքը` լուսատուների գեղեցկությամբ, որովհետև թռչունները ևս ջրից են, որ ստանում են իրենց գեղեցկությունը, քանզի իրենց գոյությունը ջրից են ստանում նաև նրանք, որ օդով են ընթանում` զարմանազան կենդանիները, որ ծածկված են ջրի խորքերում, լողում են և այնտեղ ձագ ծնելով սնվում են խեցեմորթները, պատենավորները, կակղամորթները, թևավորները, թեփավորները, լերկամարմինները, չորքոտանիները, երկոտանիները, բազմոտանիները, անոտանիները, որոնք թիվ չունեն, ինչպես ասում է մարգարեն. «Այս ծովը` մեծ ու լայնատարած [որի մեջ վխտացող կենդանիներին թիվ չկա]» (Սղմ. ՃԳ 25): Սրանց մեջ անդրանիկն ու առաջին արարածը, նրանց թագավոր հորջորջվածը մեծ ու ահագին գազան Լեվիաթանն է, որի մասին ասում են, թե իր մեջքի վրա է կրում ցամաք երկիրը և պոչը գլխին է դրել և պորտով փակել է անդունդների ջրերը, որպեսզի ջրերի ալիքները դուրս չգան և չողողեն այս ցամաք աշխարհը, այն այնքան է թույլ տալիս, որ ջուրը բավականացնի միայն մարմինը ծածկելու[5]: Եվ նույնն է այն, ինչ Աստված ստեղծեց աշխարհի սկզբից, և մնալու է մինչև վախճանը, երբ ջրի բնությունը վերածվելու է հրի ու ծածկելու երկրի բոլոր լեռներն ու դաշտերը և օդի մեծ մասը, ինչպես Նոյի ժամանակ էր, երբ ջուրը աճեց և զբաղեցրեց օդի տեղը` մեղավոր մարդկանց ջնջելու, ինչպես այն հավիտենական կրակը` անդարձ մեղավորներին տանջելու համար: Ուր ջրածին կենդանիների փոխարեն հրածին կենդանիներն են և կրակե որդերը, որ անքուն են, և անհագ ուտում են մեղավորների անհատնելի մարմինները, ինչպես գրված է Աստծո խոսքում, թե` «Արարածները պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդեպ հանցանք կատարած մարդկանց ոսկորները, որովհետև նրանց որդը չի մեռնելու և կրակը չի հանգչելուե (Եսայի ԿԶ 24, Մրկ. Թ 47): Եվ այս լինելու է ի տես բոլոր մսազանգված արարածների: Այն ժամանակ պիտի կարգադրվի սպանել այն վիշապին, որ օրինակն է սատանայի, որ հանգչում է տռփամոլ, տղմասեր և բոզամիտ մարդկանց մեջ, ինչպես այն Լեվիաթանը` ջրերում, որը և գրգռում է բոլոր մարդկանց դեպ չար գործեր մինչև այն օրը, երբ երկիրը կծովանա կրակով և նա էլ անմահապես կկլանվի հավիտենական տանջանքի մեջ, քանզի այդ կրակը ևս պատրաստված է սատանայի և նրա կամարարների համար[6]:
Բարու և չարի բազում օրինակներ կան ծովում, որովհետև ընկերասերների ու մարդասերների օրինակ են խեցեմորթերը, որ որս են կատարում աշխատանքով և [այն] հավասարապես կիսում սպասավոր խեցեմորթերի հետ և միասին ուտում: Եվ որդեսերների օրինակ են փոկ կոչվածները, որ երբ որոտ է լինում և կամ ահագին գազան է երևում` բացում է իր արգանդը և փորի մեջ առնում ձագերին մինչև անցնի վտանգը, որովհետև Արարիչը նրան այնպես է ստեղծել: Եվ ծնողասերների օրինակ են ճայերը, որ ծերացած ծնողներին այստեղ այնտեղ են անցկացնում ու թևերի տակ առած մեղմորեն տանում քանի կարող են գնալ, իսկ երբ չեն կարող գնալ` նրանց բույնի մեջ են դնում ու կերակրում: Բայց նենգավոր ոչ վնասակար ու ճարպիկ մարդկանց օրինակ է խեցգետինը, որ ցանկանում է ուտել խեցեմորթի միսը, և քանի որ պատյանով է ծածկված, ժամանակ է փնտրում, որ երբ միդիան դուրս գա և բանա իր երկփեղկ պայտանն ու տաքացնի իրեն, այնժամ խեցգետինը քար է դնում խեցեպատյանի արանքը, որպեսզի չկարողանա կոծկվել պատյանով և մտնել ծով. սատկում է տեղում, որից հետո [խեցգետինը] վերցնելով հանգիստ ուտում է նրան[7]: Դրանից է առաջանում նաև պատվական մարգարիտը, երբ ժամանակին խեցեմորթը բացում է իր խեցին, փայլատակում օդի մեջ ու անձրևի կաթիլը ներս է ընկնում և անձրևների կաթիլները դառնում են մարգարտի հատիկներ, որ սնվում են [խեցեմորթով]: Երբ խեղգետինը ուտում է իր թշնամուն, մարգարիտները թափվում են, և մարդիկ հավաքում են: Դարձյալ խառնակասեր [մարդկանց օրինակ է] թունաբեր իժը, որ գնում սուզվում է ծովի մեջ և կանչում է մռնեսին` խառնակվելու նրա հետ: Այնպիսի դառն գազանի և թունաբեր սողունի են նմանվում նրանք, ովքեր չեն բավարարվում իրենց օրինավոր ամուսիններով, այլ խառնակվում են օտարների հետ: Այդպիսիք նման են ոչ միայն իժերի, այլև Երեմիա մարգարեն [նրանց] նմանեցնում է ձիերի` ասելով. «Իգամոլ ձիերից յուրաքանչյուրը իր ընկերոջ կնոջ վրա էր վրնջում» (Երեմիա Ե 8), իսկ ամբարտավանները` այլոց վրա խոցոտող լեզվով. նմանվում են արծիվների, բազեների և այլ կեռաշուրթ և կորամագիլ թռչունների, որոնց դուք մի՛ նմանվեք, քրիստոսական ժողովուրդ, այլ ինչպիսիք նրանք ջրով լվացվելով դառնում են անաղտ ու գեղեցիկ, նույնպես և դուք ավազանի ջրի լվացումով մկրտության շնորհը մի ապականեք և ժանգոտեք, որովհետև սրբերից մեկն ասել է, թե` Վա՜յ այն մարդուն, ով մեղանչում է մկրտությունից հետո, որովհետև այլևս չի կարող ուրախանալ իր կյանքում, բայց եթե հաղթահարի գայթակղությունները ու տկարանա մարմնով և հավատի մեջ ամրանա` արժանի է մնալ և առողջանալ, այլև Աստծո ողորմության հուսով զերծ մնալ գլորումից, քանզի Աստված Մարդ եղավ, որովհետև մարդասեր է, և այդ պատճառով մեռավ` անպարտ լինելով մահվանը, որպեսզի մահապարտներին ազատի մեղքի ծառայությունից, և մահվան խորհուրդը օրինադրեց մինչև աշխարհի վախճանը եկեղեցուց (մատուցված) պատարագով` ի քավություն մեռյալների և ողջերի, ու մեր գլխի` Քրիստոսի կողի խոցը, տեգի վերքը և մեխերի տեղը (տակավին) չեն ապաքինվել, որովհետև մեր վերքն ու խոցը նրա վերքերով են ապաքինվելու, քանզի քրիստոնյաներս Քրիստոսի մարմինն ու ոսկորներն ենք, և երկնավոր Հայրը, որն Իր Միածին Որդուն մահվան ենթարկեց մեզ համար, մշտապես տեսնում է Որդու կողի և ձեռքերի հարվածները և ողորմությամբ քավում ապաշխարողների մեղքերը և դրանք դարձնում անսպի` միայն թե տեսնի մեր դարձը և մեղքերից կտրվելը, ճշմարիտ խոստովանությունը և աղքատների ու կարոտյալների հանդեպ ողորմությունը, որովհետև Տերն ասում է, թե` Երանելի են ողորմածները, որովհետև նրանք ողորմություն են գտնելու (Մտթ. Ե 7) որի խրատին ու փրկությանը արժանի եղեք և դուք, որպեսզի ձեր մեջ եղածները անարատ ու անբիծ մնան, խնդությունից անպակաս, և բանսարկուն, ում որ խոցել է մեծ կամ փոքր մեղքով, թող Տերը նրանց տա փխրուն սիրտ, խոնարհ հոգի, կակուղ և զղջացող միտք` քանի դեռ այս ժամանակը մեր ձեռքում է` Աստծո դառնալ և Աստծո ամենառատ ողորմությունից մեղքերի քավություն և թողություն գտնել մեր Քրիստոս Աստծո շնորհքով, որ օրհնված և փառավորված է, գովերգված և գոհաբանված է Հոր և ամենասուրբ Հոգու հետ միասին այժմ և միշտ և հավիտյան:
Ուրբաթ օրը Աստված արարեց ցամաքային կենդանիներին և նրանց պարագլխին Բեհեմովթ կոչված գազանին ինչպես ջրայինների [մեծին], որ Լեվիաթանն էր: Ինչպես ասում է սուրբ և երանելի Եփրեմը, որովհետև ասում են, թե Աստված հազար տեսակ կենդանի արարեց. վեց հարյուրը` ջրում, չորս հարյուրը` ցամաքում և բոլորին իշխող ու վայելող առաջին մարդուն` Ադամին, որին ստեղծեց իր փառքի պատկերով և կերպարանքով` ոչ թե հետո եղավ այն պատճառով, որ պատվով կրտսեր ու փոքր էր, այլ կամեցավ նրան տեր ու թագավոր դարձնել, [ուստի] պատշաճ էր նախ ստեղծել թագավորությունն ու տերությունը և հետո միայն աշխարհի տիրոջն ու թագավորին ցույց տալ: Կամ ինչպես օրինակ, երբ մեկին ճաշի կամ սեղանի հրավերք են անում, նախ կերակուրի պատրաստությունն են տեսնում, զարդարում տունը և ապա ներս հրավիրում, այնպես էլ տան հատակը` երկիրն արարեց որպես բնության մեծ հացատուն, երկինքը իբրև [տան] առաստաղ և ձեղուն ու վեց լուսատուները վառեց իբրև ջահ ու ճրագ, ծովերը, աղբյուրներն ու գետերը, բազմապտուղ մրգերն ու ցորենն` իբրև լի սեղան` ծանրաբեռնված գանձերով, ոսկով, արծաթով, պատվական ակնեղենով և մարգարիտներով, որ շտեմարանեց ծովի և ցամաքի ծոցում, և թռչուններին ստեղծեց իբրև երաժշտական խմբի երիգիչներ, և հետո միայն աստվածագեղ փառքով զարդարված Ադամին և Եվային ներս բերեց` մասնակցելու ուրախ խրախճանքին: Եվ քանի որ առաջին օրը երկինքը գոյանալիս հրեշտակներին ստեղծեց իբրև անմարմին հոգիներ, որոնցից ոմանք ապստամբեցին և հպարտության պատճառով մեղանչեցին և հինգշաբթի օրը երկնքից ընկան, ինչպես ասում են, ստորին աշխարհը, Աստված բանականներիս համար ստեղծեց հոգի և մարմին, որպեսզի երբ նայելով հոգու անկարոտ[8] բնությանը` գոռոզանա` տեսնի [նյութի] կարոտ և ստորին հողեղեն բնությունն ու խոնարհվի: Եվ դարձյալ, որովհետև երկնավորներն անմարմին էին, իսկ ցամաքի և ծովի կենդանիները` լոկ մարմնավոր` Աստված մարդուն ստեղծեց միջակ, երկուսն իրար խառնված` հոգուց ու մարմնից, որպեսզի արարածներն իրարից չօտարանան, և այսպես մարդը միջնորդն ու հաշտեցնողն է հակառակորդների, քանզի ունի անմահ հոգի, որ երկնքից է, իսկ մահկանացու մարմինը` հողից, ու եթե հոգով մեղանչի` մարմնով չարչարվելով կարդարանա, որ չի կարող սատանան, որ մեղք գործեց և մարմին չուներ[9], որ չի չարչարվում ապաշխարությամբ` չի արդարանում, որովհետև այս երկու շնորհները մարդն ունի մարմնի ու մեղքերի թողության համար: Եվ մեղքերի թողություն է լինում մարմնի տկարության պատճառով ու [մարդ] մարմնի հարության ակնկալությունն է ունենում հոգու անմահության պատճառով, որովհետև ինչով որ մեղք գործեցին մարդիկ նրանով էլ արդարացան. դրանով էլ և՛ պսակվում և՛ տանջվում ենք: Եվ մարդը հոգով Աստծո պատկերն է, քանզի Աստծո նման անմահ է, անմարմին, բանական և իմաստուն, անվայր և անիմանալի և մի փոքր էլ մարմնով է նման, որովհետև ուղղաձիգ է հասակով, քանզի Տերը նմանապես ուղիղ է, որովհետև լսում է ամեն ինչ և ընտրում ու կատարում, և քանի որ հոգով անձնիշխան է, ուստի և կոչվում է «պատկեր»: Եվ սուրբ Գրիգորը ասում է. թե Արարիչը մարդու նման էր, երբ արարում էր մարդուն, որովհետև պատրաստվում էր մարդ լինել[10]: Եվ եթե առաջ միայն հոգով էր Աստծո պատկերը, ապա Աստծո մարդեղությունից հետո հոգով, մարմնով և մտքով ենք Աստծո պատկերը, որ իբրև սուրբ Աստծո սուրբ և անարատ պատկեր հարկ է պահել անարատ ահով և ակնածանքով: Բայց և օրերի անունը Մովսեսը հետևյալ կերպ կոչեց. օր առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթներորդ: Հետո անուններ դրվեցին աստղերի մոլորակներին. Արեգակ, Լուսին, Հրատ, և այլն մինչև որ Հռոմի Սեղբեստրոս պապը[11], որ այսպես անվանեց. մեկշաբթի, երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և այլն` դնելով շաբաթվա յուրաքանչյուր օրվա անունը[12], որովհետև Աստված հանգստությամբ ստեղծեց ամենայն ինչ. ասաց և եղավ, հրամայեց և հաստատվեցին: Իսկ վեցերորդ օրը «պարսկյավի» կոչեց, որ այլ կերպ պահքի համար է ասվում և մեր լեզվի համաձայն «ավարտ» է թարգմանվում, նախ որովհետև մարդու լինելությամբ ավարտվեց արարածների (արարումը), քանզի մարդը գլուխն ու ավարտը եղավ: Երկրորդ Աստծո սերը սրանով հայտնի եղավ, որովհետև մյուս արարածներից ավելի մարդուն այնպես փառավորեց, որ իր աստվածեղեն փառքին հաղորդակից դարձրեց, որպեսզի վերցնողի բարիքը որևէ բանով նվազ չլինի պարգևատուի սերմերից, ասում է Գրիգոր Աստվածաբանը[13]: Եվ դարձյալ ուրիշ մեծ ու սոսկալի խորհուրդ կատարվեց, որովհետև այսօր իր մարդեղության խորհուրդը կատարեց և իր կատարյալ սերը հայտնեց Խաչի վրա մահվամբ, որովհետև «ուրբաթ» համաձայն եբրայեցիների «կազմություն» է կոչվում, որովհետև մարդն այսօր կազմվեց Աստծո պատկերով, և մեր լեզվով «ուրբաթ» է ասվում, այսինքն` «ուր բոթն» է, որ սգո բոթ եղավ, քանզի Ադամի մեղքի օրը ուրբաթ է ասվում, երբ արարածներս սգո մեջ մտանք: Նաև այն [պատճառով է սգո օր], որովհետև մեծ Ուրբաթ օրը, երբ Աստծո Որդին մարմնով Խաչի վրա անարգապես մեռավ, լուսատուների խավարումով, երկրի ցնցումով, ժայռերի պատառմամբ, սգո և տրտմության կերպարանք հագավ տիեզերքը, ինչպես մեծն Դիոնիսոսն է ասում, թե` [բնության] տարրերից աղիողորմ ողբերի ձայն էր լսվում իբրև դառնացած այրու ձայն, որն իր որդուն սպանված է տեսնում և ողբում նրա վրա: Եվ արդ, ի մտի ունենալով այս խորհրդավոր և սոսկալի օրը, տևապես հիշենք Քրիստոսի սերը, որով այսօր պատվեց մեզ: Եվ մեր մեղքերից հետո անհիշաչար լինելով մեր հանդեպ ուրբաթացած դարում, մեզ մոտ եկավ գթությամբ և ողորմությամբ, և ուրբաթ օրը ուրբաթացած ժամին Աստծո Գառը մեզ ազատեց մեղքից և մահից, Ով վերցրեց մեր մեղքերը, նրան օրհնություն և փառք հավիտյանս:
Շաբաթ օրը` յոթներորդ օրը Արարիչը, ոչ մի գործ չարեց, այլ հանգստացավ սկզբում արած գործերից, քանզի ամեն ինչ, որ արեց, տեսավ, թե շատ բարի է, որի պատճառով Աստված օրհնեց յոթներորդ օրը և սրբեց այն, քանզի Աստված այն օրը հանգստացավ իր բոլոր գործերից, որ արեց, որովհետև ով օրհնությամբ և սրբությամբ չպատվեց այդ օրը` հրեից ազգի վրա օրենք դրեց: Նույնպես և Աստված. վեց օր գործեց և [հոգաց արարչության] մարմնական պետքերը ու պատվիրեց յոթներորդ օրը հանգստանալ ծառաներով և անասուններով, և տեսնել գործերից յուրաքանչյուրը. եթե այն վեց օրերի մեջ սխալներ լինեն` խոստովանությամբ և աղքատներին ողորմալով քավել դրանք: Եվ նշանակն է այն յոթ հազար տարվա, երբ մարդիկ աշխատում են ծնվելով, սնվելով, մեռնելով և անհրաժեշտ պետքերով և ութ հազարերորդին հանգչում են արդարների արքայության մեջ, եթե իրենց վաստակի մեջ բարություն տեսնեն: Իսկ սուրբ առաքյալներից քրիստոնյաներին օրենք դրվեց` ամբողջ շաբաթը աշխատել և կիրակի օրը հանգստանալ, որպեսզի հրեաների նման քրիստոնյաները ձեռնունայն չմնան այն օրը. սակայն մի բան պատշաճ է հրեաների նման կատարել. որովհետև նրանք շաբաթ օրը կարդում էին օրենքներն ու մարգարեներին, և վարդապետները մեկնաբանում էին: Քրիստոնյաներին ևս վայել է կատարել այս` չհեռանալ եկեղեցու սահմաններից, խոստովանել, հաղորդվել և Սուրբ Գիրք լսել ու կիրակի օրն ակնկալել Աստծո Որդու գալուստը, որովհետև յուրաքանչյուրի մահը Աստծո գալուստն է, որի համար Քրիստոս Ինքն ասաց. «Միշտ արթուն մնացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա. առավոտյա՞ն», որ երիտասարդությունն է, «թե՞ կեսգիշերին», որ քառասնամյա տարիքն է. «թե՞ երեկոյան», որ ծերությունն է, «գուցե հանկարծակի գալով ձեզ քնի մեջ գտնի» ու (Մրկ. ԺԳ 35-36), որ անպատրաստ և աշխարհային ցնորքների մեջ գտնվելն է[14]: Եվ դարձյալ Աստծո գալուստը [այն ժամանակն է], երբ ընդհանուր հարության ժամանակ գալիս է դատաստանի, և դա ոչ ոք չգիտի, քանզի Տերն ասաց. «Մարդու որդին գալու է այն ժամին, որ չեք էլ ակնկալի» (Ղուկ. ԺԲ 40): Եվ աշակերտներին ասաց. Դուք չեք կարող իմանալ ժամն ու ժամանակները, որ Հայրը սահմանեց իր իշխանության համար (Հմմտ. Մրկ. ԺԳ 32): Բայց «շաբաթը» «հանգիստ» է թարգմանվում, ինչպես և գրված է «Աստված հանգստացավ» (Ծննդ. Գ 3): Ու պատշաճ չէ, եթե մեկն այսպես մտածի առաջին արարածների համար, որովհետև այնտեղ չեղավ. հրամայեց ու հաստատվեց, քանզի աստվածաբար գործեց` միայն հրամանով, իսկ երբ Աստված մարդ եղավ և կամեցավ մեղքով հնացած մարդկությունը նորոգել և երկրի [վրա ծանրացած] անեծքը օրհնության փոխել` ուրբաթացնող և խաչաչարչար մահից հետո իջնելով գերեզման` հանգստացավ շաբաթ օրը. երբ մարդկանց հոգիների տունը չարչարվում էր, ավիրեց դժոխքը, բացեց դրախտը և բնակեցրեց հոգիներին, որոնց ազատեց դրախտի առջևում գտնվող դժոխքից, ինչպես ասում է սուրբ վկա Կալիստրատոսը, և հողի մեջ իջած մարդկանց մարմնին հույս տվեց մտնելու դրախտի հավիտենական վայելչության մեջ[15]: Եվ մենք թեպետ և հրեաբար չենք պատվում շաբաթ օրը, բայց նահատակների հիշատակը կատարելով պատվում ենք այդ օրը, համաձայն նիկիական կանոնի, որ սահմանեց շաբաթ օրը տոնել նրանց հիշատակը[16], որովհետև նահատակների բույլերը Աստծո Որդու մահը ուրբաթ օրը տեսան և շաբաթ օրը սիրով բորբոքված դիմեցին տեսակ տեսակ տանջանքների և գոհացրին Աստծո կամքը: Եվ նահատակները թիվ չունեն, ինչպես [թիվ ունեն] տասներկու առաքյալները կամ յոթանասուներկու աշակերտները, այլ հազար հազարներ են և բյուրաբյուր, ինչպես երկնքի աստղերը, ինչպես լեռների ու դաշտերի ծաղիկները, որոնք չունեն թիվ ու համար, ովքեր չարչարվեցին հրով ու սրով, սովով ու բանտով, կապանքներով ու քերանքով, գազանների ժանիքներով, և մեռան անմահ կյանքի և անթառամ պսակի հուսով, ու նրանց տոնը մեզ համար ամուր պարիսպ և բարձր աշտարակ է, որ հոժար կամքով կատարում ենք նրանց հիշատակը և ակնկալում [կրել] նրանց պսակը, միան թե հանձն առնենք նրանց համբերության օրինակը, որովհետև ով հանուն Քրիստոսի համբերի լեզվի [հարվածներին] նա համբերեց սրին, և ով համբերի ցանկության բոցին. թե՛ կնոջ ցանկության, թե՛ ուտելու և խմելու` համարեք թե հրով պատարագվեց հանուն Աստծո, և ով տանի բարկությունը կամ արգելի իրենը և ուրիշներինը` համարեք թե դրանով գազաններին հաղթեց, և այս մասին է, որ մարգարեն ասում է. «Հանուն Քեզ ենք մեռնում ամեն օր», որովհետև բնական մահը մեկ անգամ է, մինչդեռ հոժար մահը աշխույժ է` ամեն ժամ կարող է լինել. ով հանուն Աստծո սիրո իր կամքը չի կատարում` այնպիսին մեռավ Աստծո համար և նահատակ դարձավ: Բովանդակ տարում է կատարվում հիշատակը նրանց, ովքեր լինելով Ադամի որդիները, իրենց Արարչին են պատվում: Ինչպես ասում է սուրբ Եփրեմը. Յուրքանչյուր օր իր առանձին վկա-նահատակն ունի, և այն օրը, երբ նա իր մահվամբ պատվում է Աստծուն և աշխարհում նրա հիշատակն է կատարվում, նա Աստծո դրախտի և բանալիների բանալեպանը և իր բարեխոսությամբ բարիքների բաշխողն է[17]: Եվ այս պատճառով հարկ է ջերմ սիրով գնալ եկեղեցի, վկաների տոնն և նրանց տանջանքի, չարչարանքի [հիշատակը կատարել] ու նրանց պսակին արժանի դառնալ, որոնց փառքի բարիքին ու պսակին թող ձեզ արժանի անի մեր Քրիստոս Աստված նրանց բարեխոսությամբ, որոնց հիշատակն այսօր է, որովհետև տղամարդիկ և կանայք, ծերերն ու երիտասարդները արհամարհում են մահն ու այս աշխարհի դյուրությունները, քանզի չկա արուի և էգի որևէ հասակ և տեսակ, որոնցից նահատակ և մարտիրոս չլինի. նրանց բարեխոսությամբ և մաղթանքով դուք ևս նրանցից եղեք, հայրեր և եղբայրներ, մայրեր, քույրեր և ուստրեր և այս օրերին երկար ժամանակով, խաղաղ և անմեղ կյանքով հաճոյացեք Աստծո առջև` առաքինանալով հոգով և մարմնով, և այստեղից գնալուց հետո [թող նրանք] երկնքի արքայությանը և անթառամ պսակին արժանի լինեն, որով նաև մեզ և մեր երախտավորներին թող ողորմություն լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով, Որ օրհնված է Հոր և ամենասուրբ Հոգու հետ հավիտյանս հավիտենից. ամեն:
[1] Վարդան Արևելցու «տևել=տիվե ստուգաբանությունն առկա է նաև նրա Դանիելի մարգարեության մեկնության մեջ. տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», Բ, էջ 879 («տիւ»):
[2] Ս.Բարսեղ Կեսարացի (+379). Տիեզերական եկեղեցու խոշորագույն հեղինակություններից մեկը, որին վերագրվում է հայկական ծագում (Ն.Ադոնց, Գրիգոր Պարթևի Հարցարանը և Եզնիկ, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1928, N 7, էջ 75): Նրա երկերը հայերեն թարգմանվել են Ե դ.: Ներկա վկայությունը քաղված է Ս. Բարսեղի նշանավոր Վեցօրյա արարչության մեկնությունից. տե՛ս Յաղագս Վեցաւրեայ արարչութեան, աշխատ., Կիմ Մուրադյանի, Երևան, 1984, էջ 62:
[3] Ս. Եղիշե. Ե դարի եկեղեցական մատենագրության համբավաշատ դեմքերից մեկը, որ հայտնի է բազմաթիվ ու բազմաբնույթ երկերով (պատմագրական, մեկնաբանական, ճառախոսական), որոնց մեջ երևում է աստվածաբան, գեղագետ հեղինակը: Ի դեպ, ներկա Ժողովածուում ընդգրկված է ս. Եղիշեի Հեսուի և Դատավորների մեկնության աշխարհաբար թարգմանությունը: Վկայությունս քաղված է այսօր լոկ հատվածաբար հայտնի Եղիշեի Ծննդոց գրքի մեկնությունից. տե՛ս Լևոն Խաչիկյան, Եղիշէի «Արարածոց մեկնութիւնըե, Երևան, 1992, էջ 235:
[4] Ագաթանգեղոս, պարբեր. ԻԴ, տե՛ս Մատենագիրք Հայոց, հտ. Բ, Անթիլիաս, 2003, էջ 1426:
[5] Լեվիաթանը, որ եբրայերեն ստուգաբանվում է` «փաթաթում», «ոլորում», Ս. Գրոց մեջ մերթ հիշատակվում է իբրև օրինակ աստվածային արարչության անմատչելիության (Հմմտ. Խ 20-41, Սղմ. ՃԳ 26), մերթ Աստծուն հակառակ հզոր էակ, որ պիտի կործանվի ժամանակների սկզբում (Սղմ. ՀԳ 14, Ես. ԻԷ 1): Լեվիաթանի այս նշանակությունը տրված է նաև Վարդանի Արարածոց և Սաղմոսաց մեկնություններում. տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան», Ա, էջ 884:
[6] Քաղված է Արևելաքրիստոնեական եկեղեցու նշանավոր հայրերից մեկի` ս. Եփրեմ Ասորու (+373) Պողոս առաքյալի գաղատացիներին հղած թղթի մեկնությունից, տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», Ա, էջ 1041 («կամարար»):
[7] Հմմտ. ս.Բարսեղ Կեսարացի, Յաղագս վեցօրեայ արարչութեան, էջ 229:
[8] Այսինք` որևէ բանի կարիք չունեցող:
[9] Ի դեպ, ըստ Որոգինեսի (+253) ի շարս այլ արարածների Աստծուց առավելագույն չափով հեռանալու պատճառով մարմին են ստանում նաև սատանաները, որոնք սակայն անտեսանելի են իրենց մթության, սևության հետևանքով. տե՛ս Եզնիկ ծ. վրդ., Հայրաբանություն, Ա, Ս.Էջմիածին, 1996, էջ 155:
[10] Քաղված է Ս. Գրիգորի վարդապետությունից, տե՛ս Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, աշխարհ. թրգմ և ծանոթ. Արամ Տեր-Ղևոնդյանի, Երևան, 1983, էջ 153 (պարբ. 271):
[11] Սեղբեստրոս Ա, Հռոմի պապ (314-335), որ ըստ ավանդության մկրտել է Մեծն Կոնստանդիանոս կայսրին (306-337):
[12] Վարդանն այս միտքը բառացիորեն քաղել է իր ուսուցչի` Վանական վարդապետի (+1251) «Յաղագս տարեմտինե երկից. տե՛ս Լեւոն Խաչիկեան, Աշխատութիւններ, հտ. Ա, Եր., 1995, էջ 185:
[13] Ս.Գրիգոր Աստվածաբանը (Նազիանզացի (+389)) Տիեզերական եկեղեցու հզոր սյուներից մեկն է, որի ժառանգությունը կարևոր նպաստ է վարդապետական աստվածաբանության մարզում: Նրա երկերի մի զգալի մասը թարգմանվել է Ե դ. և լայնորեն
օգտագործվել է հայ դավանաբանական գրականության մեջ:
[14] Այս բացատրությունը համաձայն է Հովհաննես Ծործորեցուն (ԺԳ-ԺԴ դդ.) վերագրելի «Արթուն կացէք, զի ոչ գիտէք` երբ տէր տանն գայցէ…» բնաբանով քարոզի մեջ առկա համապատասխան մեկնաբանությանը. տե՛ս «Էջմիածին», 2003, Բ, էջ 45-46:
[15] Կալիստրատոսը ծնվել է Քաղկեդոնում, եղել է հռոմեական բանակի զինվոր: Դարձից հետո ձերբակալվել է, ենթարկվել է անասելի չարչարանքների և իր քրիստոնյա 49 ընկերների հետ նահատակվել Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ 304 թ. նրա մասին մանրամասն տե՛ս Յայսմաւուրք, Կ.Պոլիս, 1730, էջ 111-119 (Սեպ. ԻԷ), նաև Շնորհք Արք. Գալուստեան, Համաքրիստոնեական սուրբեր, Երևան, 1997, էջ 156: Կալիստրատոսի վկայաբանությունն ու վարդապետությունը, որտեղից քաղված է այս միտքը, առկա է Մաշտոցի անվ. Մատենադարանի թիվ 6196 ձեռագրում:
[16] Տե՛ս Կանոնագիրք հայոց, Ա, աշխատ. Վ.Հակոբյանի, Եր.,
1965, էջ 30-31:
[17] Ինչպես երևում է, վկայությունը քաղված է ս. Եփրեմ Ասորու մեկնություններից կամ ճառերից:
Սրբազան ավանդություն. Աստվածաբանություն/ աշխատասիրությամբ` Հակոբ Քյոսեյանի
shavigh.am