Ա. Ինչպես որ մարդու մարմինն է անդամներից` իբրև մասերից բաղկացած մի ամբողջություն, այդպես և ազգի հասարակությունն է մի ամբողջություն, որի մասերը կամ անդամներն ազգի բոլոր անհատներն են: Եվ ինչպես որ մարմնի անդամներից մեկի հիվանդության պատճառով վշտանալու դեպքում մյուս բոլոր անդամները ջանում են դարմանում տալ ու բժշկել նրան, որպեսզի մահաբեր հիվանդությունն ամբողջ մարմինը չապականի, որով իրենք ևս կապականվեն, այդպես և ազգի հասարակության բոլոր անհատները պարտավոր են օգնական ու դարմանիչ լինել ձախողակի պատահարներով վշտացած ընկերոջ տկարությանն ու ցավերին, որպեսզի ախտը հետզհետե չտարածվի հասարակության մյուս բոլոր անդամների վրա. որովհետև ողջ ազգի տկարանալու և կործանվելու դեպքում անշուշտ կկործանվեն և իրենք: Ուստի ովքեր կարող են, բայց չեն ջանում ցավակից ու օգնական լինել իրենց ազգակիցներին, արժանի են դատաստանի, որովհետև անհոգությամբ ամբողջ ազգի կործանման պատճառ են դառնում: Ով իր հաջողության ժամանակ ձեռք չի մեկնում փորձության ենթարկվածներին, իր ձախորդության ժամանակ չի գտնի իրեն ձեռք մեկնող մեկի:
Բ. Աստվածային ամենիմաստ տեսչությունը, որ քաղցրությամբ խնամում է իր արարածներին, բոլոր մարդկանց միօրինակ չստեղծեց, այլ ոմանցհարուստ, ոմանց էլ
աղքատ, որպեսզի աղքատների ողորմելի վիճակը հարուստների գութը շարժի, հարուստներն իրենց ունեցվածքից հոգան աղքատների կարիքները, և փոխնիփոխ միմյանց բարեգործության պատճառ լինելով՝ ամենքն Աստծուց վարձ ընդունեն: Եթե ամենքն աղքատ լինեին, ո՞վ կկարողանար ողորմություն տալ, և եթե ամենքը հարուստ լինեին, ո՞վ կխոնարհվեր ողորմություն առնելու: Ուրեմն՝ովքեր կարող են ողորմել, թող գոհանան Տիրոջից, որ նրանց ունեցվածք տվեց կարոտյալներին օգնելու, որպեսզի իրենց բարերարության դիմաց անեզրական վարձ ընդունեն: Նույնպես և աղքատներն իրենց կարիքները հարուստների տվածով հոգալիս թող գոհությամբ երախտահատույց լինեն Տիրոջը և պարգևողներին, որպեսզի արժանի դառնան Աստծուց վարձ ստանալու: Նույնիսկ եթե բազմությունը երախտագետ չլինի, հարուստները պիտի չդադարեն բարերարելուց, եթե կամենում են Աստծուն նմանվել: Որովհետև ահա շատերը, Աստծուց բազում բարիքներ ստանալով, չեն ճանաչում նրա բարերարությունը, սակայն նա տակավին բարիք է գործում նրանց:
Գ. Ազգասեր մարդուն բավական չէ միայն ժողովրդի օգուտը սիրել ու նրա համար աշխատել, նաև պիտի ատի ու հեռու հալածի նրան, ով ընդդիմանում է իր բարվոք դիտողությանն ու ջանում վնաս հասցնել հայրենիքին:
Դ. Հայրենասերին վայել չէ իսպառ համակվել տրտմությամբ ու վհատությամբ՝տեսնելով, որ բազում մարդիկ միմյանց հանդեպ ատելությամբ են լցված, առերես բարեկամ են ձևանում, իսկ իրենց սրտում չարիք խորհում. կեղծում են, իբր միմյանց օգուտն են կամենում, այնինչ գործով չեն դադարում վնասելուց. որոգայթներ են լարում իրենց երախտավորների ոտքերին և դավաճանության հայտնի դառնալու ժամանակ մի կողմ քաշվում ու անմեղ ձևանում. խրատվում են ու չեն զգաստանում, հանդիմանվում ու չեն պատկառում: Բայց հայրենասերը պետք է քաջալերվի ու մխիթարվի նրանով, որ կան և սակավ մարդիկ, որոնք ճշմարտապես սիրում են իրենց ընկերներին, ջանում նրանց բարիք գործել, ընդհանուրի օգտի համար իրենց վտանգի են մատնում և սուտ բարեկամների թշնամությունից սրտաբեկ լինելով՝ հետ չեն քաշվում:
Ե. Ով բարերարելու կարողություն ունի, բայց կարիքավոր մեկը չի գտնվում, որ իրենից օգնություն խնդրի, ինքն անարդյուն է մնում, իսկ եթե գտնվում են կարոտյալներ, բայց ինքը նրանց օգնել չի կամենում, պարտապան է մնում: Որովհետև ի՞նչ օգուտ է հարուստ լինել և աղքատներին ձեռք չմեկնել, կամ գիտնական՝ և տգետներին չուսուցանել, կամ խորագետ՝ և փորձանավորներին խորհուրդ չտալ, կամ ուժեղ՝ և տկարներին տկարությունից չազատել: Որովհետև նրա բոլոր բարիքները, որ ընդարձակ աշխարհում որևէ մեկին օգուտ չտվեցին, բնավ օգուտ չեն տա նրան անձուկ գերեզմանում, ավելին՝ պատիժ ու դատապարտություն կդառնան նրա անձին, որովհետև անաչառադատ ատյանում Տիրոջից լսելու է. «Չա’ր ու վա’տ ծառա, ինչո՞ւ Իմ դրամը լումայափոխներին չտվիր, որպեսզի Ես գալով տոկոսներով միասին պահանջեի այն¦ (տե’ս Մատթ. ԻԵ 26, Ղուկ. ԺԹ 23):
Զ. Ով որևէ մասնավոր անձի բարերարում է, որպես հատուցում նրանից շնորհակալություն է ստանում, իսկ ընդհանուրի բարերարին ոչ ոք չի համարում հատուկ ի’ր երախտավորը, որպեսզի գոնե շնորհակալությա’մբ իր պարտքը հատուցի նրան: Ուստի ընդհանուրի բարերարն իր աշխատանքի հատուցումը ստանում է Տիրոջից, ով անթերի հատուցում է յուրաքանչյուրին ըստ գործերի:
Է. Ով կարոտյալին կարող է օգնել խոսքով ու գործով, բայց միայն բերանի խոսքով է օգնոէթյունմատուցում և ոչ թե գործով, գործի վարձին պարտապան է դառնում, որովհետև կարող էր, բայց չկամեցավ կատարել. կորցնում է վարձը նաև իր լեզվի, որով աշխատեց նրա համար: Իսկ ով գործով օգնել չի կարող և միայն խոսքով է ջանում նպաստ մատուցել` միջնորդությամբ, խրատով կամ մխիթարությամբ, հոժարության համար գործի վարձը ստանում է, որովհետև կամենում էր, բայց ձեռնհաս չէր կատարելու: Մարդիկ դժոխքում պատժվելու են ոչ միայն գործած չարիքների համար, այլև այն բարիքների, որոնք պարտավոր էին անել, բայց զանց առան:
Ը. Կանացի ու անարի սրտին է հատուկ աշխատանքի ծանրությունից երկնչելն ու ազգօգուտ գործերից ետ կանգնելը, երբ դժվարությունների հանձնառությամբ կարելի է դրանք կատարել: Այսպիսին ոչ միայն անվարձ է մնում, այլև պարտապան, որովհետև անելուն ձեռնհաս էր, բայց չարեց: Իշխան լինելը ոչ այլ ինչ է, եթե ոչ հասարակության բեռը կրելը:
Թ. Ամբողջ աշխարհով տարածված մարդկային ցեղերն իրենց սերնդի սկիզբը մեկից ունեն և միմյանց եղբայրներ են, ուստի պարտավոր են սիրել միմյանց, և ընկերները պիտի օգնեն միմյանց: Իսկ ով վնասում է ընկերոջը, վնասում է իրեն, որովհետև նույն արյունից են շաղախված:
Ժ. Ուրիշներին ծառայեցնող բռնակալը նման է զայրացած գետի, որ փոխանակ հեզիկ ընթացքով երկիրը ոռոգելու, ուժգին հոսանքով իր հունից դուրս վայթելով, ավերում է այն հանդերն ու ծառաստանները, որոնց միջով անցնում է:
ԺԱ. Իշխանների բռնությունները չեն կարող քաղաքում զարգացնել որևէ օգտակար արհեստ. այդ կարող են անել արհեստավորների վարձատրությունն ու ժողովրդի օգուտը. որովհետև մարդիկ իրենց օգտի համար են ջանում արհեստներ ստեղծել կամ կատարելագործել:
ԺԲ. Բարերար ու իմաստուն իշխանի կողմից առաջնորդվող մարդիկ երջանիկ ու ամեն բարիքով լի են ապրում, ուստի իշխանին սիրում են իրենց կյանքից առավել և կամենում ամեն բարիք նրան նվիրել, քանի որ ամեն ինչ նրա շնորհիվ ունեն: Բայց իշխաններն էլ պարտավոր են սիրել իրենց հպատակներին իբրև որդիների, որպեսզի իրենք ևս նրանց կողմից սիրվեն իբրև հայր:
ԺԳ. Իր ժողովրդի բարու ու հանգստյան համար աշխատող իշխանին ժողովուրդընույնպես օգնում է նեղության ժամանակ. նրա համար չի խնայում իր ունեցվածքը, որ նրա ջանքերով է ձեռք բերել: Եվ այսպես հասարակության ունեցվածքն իշխանինն է լինում առանց զըրկողության ու հափշտակության. նա հասարակության անդամների համար իբրև բարեգութ հայր է, իսկ նրանք իբրև հավատարիմ որդիներ:
ԺԴ. Բարի ու ազգասեր իշխանը չի հոգում իր կյանքի համար պահապաններ կարգելու մասին, որովհետև հասարակության սերը պահպանում է նրա կյանքը. հասարակության անդամները գիտեն, որ նրան կորցնելով՝ կկորցնեն իրենց երջանկությունը, ուստի իրենց նվիրում են նրա պահպանությանը՝ նրա շնորհիվ ձեռք բերած իրենց երջանկությունը պահպանելու համար:
ԺԵ. Ազգի կամ քաղաքի օգտի համար աշխատանքը կարող է լինել երկու տեսակ՝կա’մ հայրենիքի սիրո համար անձնվիրությամբ, առանց վարձատրության ակնկալության, կա’մ էլ աշխատանքի վաճառմամբ, վարձ ստանալու համար: Արդ, անձի անվարձահատույց նվիրումը հատուկ է ազատաբարոյին, իսկ վարձի ակնկալությունը՝ ծառային, որովհետև այս երկու ծայրերն անմեջ են: Բայց արդարությունը պահանջում է, որ հասարակությունն անվարձահատույց աշխատող բարերարի երախտիքի չափն իմանա և փոխարենը շնորհակալություն կամ վարձ հատուցի: Միայն թե երախտավորը որևէ ակնկալություն չունենա, որպեսզի ազնվական ազատությունն անարգ ծառայություն չդառնա. որովհետև ծառաներն են աշխատանքի դիմաց վարձ առնում: Անհնար է, որ ընկերոջ օգտի համար բարիք գործողը կորուստ ունենա:
«Թանգարան խրատու, յօրինեալ ի Պօղոս Պատրիարքէ Անդրիանուպօլսեցւոյ»
Երուսաղէմ, Սրբոց Յակովբեանց տպարան, 1870 թ.
Թարգմանությունը՝ Վազգեն Համբարձումյանի
( Շարունակելի )