Մեծագույն աղետը սակայն այն է, որ հրաման ստացանք ուրիշների մեղքերի համար սգալ, իսկ մենք ոչ միայն մեր մեղքերի համար չենք ապաշխարում, այլ օրեցօր ավելի ենք մեղանչում և աշխարհիկ ուրախություններով ենք զվարճանում, որ շատ շուտով կանցնի և բազմաթիվ ցավեր կծնի: Տրտմենք այն տխրությամբ, որ մայրն է ուրախության, և ոչ թե ցնծանք այն ուրախությամբ, որ նեղություն է ծնում: Թափենք այնպիսի արցունքներ, որոնք ուրախություն են սերմանում. «Ուրախ եղեք, քանի որ Քրիստոսի չարչարանքներին հաղորդակից եք» (Ա Պետրոս 4:13), և ոչ թե ծիծաղենք այն խնդուքով, որ ատամների կրճտոց է ծնում. «Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու պիտի լաք» (Ղուկաս 6:25): Այնպիսի նեղություն կրենք, որ հանգստի պատճառ լինի, և ոչ թե՝ ուրախանանք այն փափկությամբ, որտեղից նեղություն և ցավ է ծնվում:
Սարգիս Շնորհալի