Բարի է Աստված և բարի արժանիքների պարգևողը, իսկ բանսարկուն չար է և ամեն չար բանի արարիչը: Ու ինչպես որ բարուն պատշաճում է աննախանձությունը, այդպես էլ բանսարկուին բնորոշ է նախանձը: Հեռո՛ւ մնանք, եղբայրներ, նախանձի ախտից, հակառակորդի չար գործերին մասնակից չլինե՛նք, որպեսզի նրա հետ էլ ատյանում դատապարտության չարժանանանք: Քանի որ եթե հպարտացողը «սատանային վիճակված դատապարտության մեջ է ընկնելու (Ա Տիմ. Գ 6), ուրեմն նախանձողն ինչպե՞ս կարող է բանսարկուի պատրաստած տանջանքներից փախչել:
Որևէ այլ բան չկա՝ նախանձի ախտից առավել, որ այսպես սպանի մարդուն, որ արտաքնապես փոքր-ինչ տրտմեցնելով՝ չարը գործի նրա դեմ և «իրենով անի» վերջինիս: Քանի որ, ինչպես, օրինակ, ժանգը՝ երկաթին, նույնպես և նախանձն իրենով բռնվածների հոգի՛ն է կորստյան մատնում: Եվ ինչպես որ ասում են, թե քարբ օձն է իր ծնողի որովայնն ուտելով՝ ծնվում, նույնպես և նախանձը սպանում է նրան, ով երկնում է իրեն: Այդպիսի մեկի համար տրտմություն է, երբ իր ընկերոջը մի բարի բան է պատահում, և այդ պատճառով էլ թախիծն ու տրտմությունը երբեք չարակն մարդուց չեն հեռանում: Պտղաբերե՞ց ընկերոջ անդաստանը, բարգավաճե՞ց նրա տունը, նրա բոլոր երազանքները կատարվեցի՞ն արդյոք. այս ամենը նախանձող մարդու այն «կերակուրներն» են, որոնք նրան հիվանդություններ ու մեծ ցավեր են պատճառում:
Նախանձը ոչնչով չի զանազանվում մերկ մարդուց, որը ամենքի կողմից խոցոտվում է: Որևէ բարի մարդ քաջ առողջությո՞ւն ունի. դա վիրավորում է նախանձողին: Ընկերը շնորհալի գեղեցկությա՞մբ է փայլում. դա վերք է նախանձի սրտին: Նախանձը արտահայտող բառերով են լեցուն նրա շուրթերը, և ոչ՝ իմաստությամբ ու կարեկցանքով: Եվ երբ մեկը հարստանում է ու շատ պատվարժան մարդ է դառնում՝ միաժամանակ օգնության ձեռք մեկնելով կարիքավորներին և իր այդ բարի գործերի համար գովասանքի արժանանալով, նախանձը անգամ այս տեսնելով՝ նախանձով է լցվում այդ բարեգործի հանդեպ: Այս բոլորը նախանձի հոգում վերք ու խոցեր են առաջացնում՝ տակնուվրա անելով նրա սիրտը:
Շատ սարսափելի հիվանդություն է նախանձությունը, քանի որ նախանձողը իր «վշտի» մասին չի կարողանում հայտնել իր նախանձի առարկան եղող մարդուն, այլ ամփոփվում է ինքն իր մեջ ու տխրում: Եվ թեպետ նա տանջվում է, սակայն ողորմության արժանի չի լինում, այլ լուռ կործանվում է չարի ձեռքով: Իսկ երբ նրան հարցնում էլ են իր հիվանդության պատճառը, որով նա ակնհայտ տառապում է, նախանձ մարդը ամաչում է մեկնաբանել իր այդ թշվառությունն ու ասել. «Ես նախանձության ախտով եմ տառապում և երբ անգամ իմ սիրելիին մի բարիք է պատահում կամ եղբայրս ուրախանում է որևէ հաջողությամբ, դա ինձ դառնապես հալումաշ է անում: Ես ողբում եմ այդժամ ու չեմ կարողանում տեսնել, որ ուրիշները բարիք են գտնում, և ընկերներիս բարօրությունը ինձ թշվառություն է պատճառում»: Այս խոսքերը, սակայն, նախանձողը չի ասում, թեպետ եթե ասեր, ճշմարիտն ասած կլիներ: Եվ քանի որ նա չի խոստովանում իր այդ ախտը, այն հյուծում է նրան այնպես, որ ասես նախանձողը ներսից ուտում է ինքն իր փորոտիքը:
Այս պատճառով էլ նաև նախանձ մարդուն իր այդ հիվանդության պահին ոչ մի բժիշկ մոտ գալ և այդ ախտի հաղթահարման համար որևէ դեղամիջոց տալ չի կարող, ուստի նախանձողը միայնակ ու դյուրախոցելի է մնում չարի հարվածների առաջ՝ փափագելով միայն որևէ մեկին «գետնին» ընկած տեսնել: Նրա համար, ով նախանձում է, ատելության «սահմանը» հետևյալն է՝ թշվառական դարձած տեսնել երանելի վիճակում գտնվողին ու ողորմելի դրության մեջ գտնել նախկինում նախանձելի եղողին:
Միայն այնժամ է նախանձողը հաշտվում դիմացինի հետ ու վերջինս «սիրելի» է դառնում նախանձ մարդու համար միայն այնժա՛մ, երբ արտասվում է ու ողբալի վիճակում է հայտնվում: Եվ չնայած նախանձը ուրախամիտներին ուրախակից չի լինում, սակայն արտասվակից է լինում ողբացողներին: Իսկ երբ մեկը կյանքից հեռանում է, նախանձողը կարեկցանք է արտահայտում հանգուցյալի մտերիմներին՝ սակայն ոչ թե մարդասիրությունից դրդված կամ նրանց ախտակից լինելու և խոսքով զորավիգ լինելու նպատակով, այլ միայն՝ մահացածի հարազատների թշվառությունն առավել ծանրացնելու մտադրվածությամբ:
Մահացած մանկանը գովում է որդեկորույս ծնողների մոտ ու բյուրավոր գովասանքի խոսքեր է շռայլում՝ նկարագրելով, թե ինչպիսի՜ պարկեշտ, գեղեցկատեսիլ, խելացի ու բարեմիտ զավակ էր վախճանվածը՝ և այս ա՛յն դեպքում, երբ վերջինիս կենդանության ժամանակ նրա մասին այս նախանձի լեզուն երբեք բարեհամբավություն չէր բարբառել: Իսկ այդ խեղճի մահանալուց հետո էլ, երբ նախանձը տեսնում է, որ հանգուցյալի մասին շատ գովասանքի խոսքեր են հնչում, անգամ այդ մահացածին էլ դարձյալ նախանձում է:
Այսպես նաև՝ նա չար աչքով է նայում այլոց հարստությանը, սակայն գովասանքի խոսքեր է ասում նրան, ով հիվանդության պատճառով զրկվում է մարմնի գեղեցկությունից, զորությունից ու քաջ առողջությունից: Այսպիսի մեկի համար բոլորովին թշնամի են իր մերձավորները, և սիրելի՝ կորուսյալները:
Արդ, մարդու համար ի՞նչը կարող է լինել այս հիվանդությունից ավելի սատակեցուցիչ: Ապականված կյանք, հոգու ժանտախտ, թշնամություն՝ Աստծու կողմից մեզ տրված բարիքների հանդեպ, ընդդիմություն Աստծուն: Այդ ո՞ր չարարմատ դևն էր, որ մարդուն պատերազմի մեջ գցեց՝ թշնամանալով նրա դեմ: Ո՞չ արդյոք նախանձը, որի պատճառով աստվածամարտ սատանան հանդիմանվեց, քանի որ նախանձեց Աստծու՝ մեծագույն պարգևը մարդուն շնորհած լինելուն, որի պատճառով էլ այլ մարդկանցից իր վրեժը լուծել կամեցավ՝ Աստծուց վրեժ լուծելու անկարող լինելու պատճառով: Այս իսկ խորհրդով էր, որ Կայենը սատանայի առաջին աշակերտը դարձավ և նրանից նախանձն ուսանած լինելով՝ անօրինություն գործեց ու սպանեց իր եղբորը, ինչպես Պողոս առաքյալն է ասում՝ «լցված լինելով ամենայն անիրավությամբ…սպանությամբ» (հմմտ. Հռոմ. Ա 29):
Իսկ ի՞նչ արեց նա. տեսնելով, որ Աստված ավելի շատ պատիվ է տվել իր եղբորը, նախանձով բորբոքվեց ու սպանեց պատվի արժանացածին, որպեսզի տրտմեցնի Պատվողին: Եվ քանի որ աստվածամարտության անկարող էր, այն եղբայրասպանության վերափոխեց ու ա՛յդ ախտով մեղանչեց: Ուրեմն, փախչե՛նք, եղբայրներ, աստվածամարտության ախտի վարդապետից, մարդասպանության մորից, մեր բնության խառնակությունից, Աստծու սիրուն անծանոթությունից ու անբանական թշվառությունից:
Ինչո՞ւ ես տրտմում, ո՛վ մարդ, երբ դիմացինդ որևէ ախտով չի տառապում: Ինչո՞ւ ես մարտնչում ինքդ քո դեմ, երբ այլք բարիք են կուտակում՝ առանց քո ունեցածը նվազեցնելու: Եվ եթե ուրիշների արած բարեգործությունների վրա էլ զայրանում ես, ո՞չ արդյոք քո՛ իսկ օգուտին ես նախանձող դառնում: Ի՞նչ արեց Սավուղը: Չէ՞ որ նա Դավթի՝ առավել շատ բարեգործություններ կատարելու պատճառով պատերազմ սկսեց նրա դեմ, չնայած որ սկզբում Դավիթը իր ծառայությամբ, Սավուղին աստվածային երաժշտություն մատուցելով՝ շատ սիրելի էր վերջինիս կողմից ու Սավուղին էլ հանապազ բարիք էր գործում, սակայն այնուհետ՝ նախանձի պատճառով, Սավուղը փորձեց իր այդ բարեգործին խոցել գեղարդով:
Դավիթը՝ պատերազմում փրկվելով ու Գողիաթին ամոթի մատնելով՝ հաղթական էր դուրս եկել մարտից, ուստի և պարող կանայք հաղթական երգով տասնապատիկ ավելի պատիվ նվիրեցեն Դավթին, քան Սավուղին՝ ասելով. «Դավիթը բյուր մարդկանց սպանեց, իսկ Սավուղը՝ հազար մարդու» (հմմտ. Ա Թագ. ԺԸ 7): Միայն այս մի երգի պատճառով, որը միաժամանակ նաև ճշմարտության վկայությունն էր, Սավուղը նախ ինքն իր ձեռքով փորձեց դարանակալ լինել ու սպանել Դավթին, ապա նաև փախստական դարձրեց Դավթին ու դեռ այդքանով էլ չմոռացավ իր թշնամանքը, այլ զորաժողով գումարելով՝ երեք հազար ընտրյալ զինվորներով խուզարկեց անապատը:
Եվ եթե մեկը Սավուղին հարցներ Դավթի դեմ պատերազմելու պատճառի մասին, նա անկեղծորեն կասե՞ր արդյոք, որ պատճառը Դավթի բարեգործություններն էին, որոնց պատճառով Սավուղի մարդիկ անընդհատ հալածում էին Դավթին ու կամենում քնի մեջ բռնացնել և սպանել այդ «թշնամուն», սակայն արդար Դավիթը շարունակ փրկվում էր նրանց ձեռքից: Սակայն Սավուղը չի դադարում Դավթին հետապնդելուց՝ վերջինիս կատարած բարեգործությունների պատճառով, այլ նորից զորք է ժողովում ու դարձյալ հալածում նրան, մինչև որ երկրորդ փորձից վերջապես բռնում է Դավթին, սակայն այդժամ էլ ևս իրենց ողջ պայծառությամբ փայլում են Դավթի առաքինությունները և ի հայտ է գալիս Սավուղի ողջ չարությունը:
Դժոխային թշնամություն հարուցող ատելության տեսակ է նախանձությունը, քանի որ օտար ու ոխերիմ թշնամիներն անգամ միմյանց հանդեպ դրսևորված բարեգործության շնորհիվ մտերմանում են, մինչդեռ նախանձ ու չարաբարո մարդուն բարիք գործելը զայրացնում է նրան, և որքան մեծ է իր հանդեպ դրսևորվող այդ բարիքը, այնքան նա ավելի շատ է զայրանում, տրտմում ու նեղսրտում: Նա առավել թախծում է բարեգործի ունեցած կարողության պատճառով, քան թե ինքն իր մեջ շնորհ է գտնում այդ բարեգործությունը երախտապարտությամբ ընդունելու համար:
Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս․ Էջմիածին, 2008թ․,
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը
(Շարունակելի)