Ինչպես որ, օրինակ, բժշկի նշանակումների դեպքում է, երբ դրանք ճիշտ կերպով ընդունվում ու հմտությամբ կիրառվում են, դրանցից մեծ օգուտ է լինում, նույնպես հոգևոր խրատների դեպքում է նաև, և մանավանդ երբ մարդը մինչև վերջ հավատարիմ է մնում հոգևոր պատվիրանին, այնժամ պատվիրանը նրան իմաստուն է դարձնում ու մեծապես օգտակար է լինում իր կյանքը դեպի կատարելություն ուղղելու հարցում: Եվ եթե լսելու լինենք Առակաց գրքին, այն հայտնապես մեզ պիտի ասի, որ «բարկությունը կործանում է անգամ իմաստուններին» (հմմտ. Առակ. ԺԵ 1): Առաքելական խրատներին ականջալուր լինելով էլ՝ այն պատվերը պիտի լսենք, թե՝ «ամեն բարկություն, զայրույթ, աղաղակ թող վերանա ձեզնից իր ողջ չարությամբ հանդերձ» (հմմտ. Եփես. Դ 31):
Իսկ ահա Քրիստոսին լսելով էլ այն ենք իմանում, որ եթե մեկն անտեղի բարկանա իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի (հմմտ. Մտթ. Ե 22): Եվ այժմ էլ, քաջ գիտենալով, որ այս ախտը ոչ թե ինքն իրենով է ծնունդ առնում մեր ներսում, այլ արտաքին ազդեցությունների պատճառով է մեր մեջ «ընկնում»՝ ինչպես մի անսպասելի մրրիկ, մենք առավել ևս պարտավորվում ենք աստվածային պատվիրանների սքանչելիությունը ճանաչել:
Ուստի և մենք, որ հաճախ տեղի ենք տալիս բարկությանը, որը նման է իր ընթացքից շեղված ու այլ ուղով ընթացող գետի հոսանքի, հանդարտությամբ ա՛յն պետք է ուսանենք, որ այդ ախտով վարակվածները իրենց համար անպատվաբեր խռովքի մեջ են ընկնում, ինչից հեռու մնալու համար էլ հարկավոր է այս գեղեցիկ խոսքը միշտ մտապահել, որ «բարկացող մարդը տգեղ կերպարանք ունի» (հմմտ. Առակ. ԺԱ 25): Եվ այդ այն պատճառով, քանի որ երբ այս ախտը մեկ անգամ միայն հեռու է վանում մարդու միտքը ու բռնությամբ տիրանում է նրա հոգուն, այդժամ այնպե՜ս է գազազեցնում մարդուն, որ ամենևին մարդու կերպարանք իսկ չի մնում նրա վրա ու բանականությունն էլ անզոր է լինում իրեն օգնելու:
Եվ ինչպես որ, օրինակ, թունավոր կենդանիները թույն են արտադրում, նույնպես և բարկացողներն էլ՝ ցասում են ունենում: Կատաղում են շան նման, խայթում են՝ ինչպես կարիճ, թունավորում են՝ ինչպես օձ: Սուրբ Գրքից մեզ հայտնի է այդ ախտով բռնվածների մասին, որոնք գազանների անունով են կոչվում, քանի որ իրենք իրենց չարությանն են ընտելացրել: Ըստ այդմ էլ՝ համրացած շներ, «օձեր և իժի ծնունդներ» հենց այդպիսիննե՛րն են անվանվում, որոնք միմյանց հանդեպ ապականությամբ լցված՝ դիմացինին ունակ են միայն վնաս պատճառելու, ուստի և, իրապես, ինչպես իրենց գործերն իսկ վկայում են, նրանք մարդկային բնության հանդեպ անհաշտ ատելությամբ լցված գազանների ու թունավոր զեռունների են նմանվում:
Իրենց բարկացկոտության պատճառով նրանց լեզուներն անսանձ են, բերաններն՝ առանց «փականների», ձեռքերը՝ անժուժկալ, իսկ թշնամանքը, նախատինքը, չարախոսությունները, վիրավորանքներն ու բարկության և ցասումի ծնունդ եղող այլ ախտերը, որոնք որևէ մեկը մինչև վերջ թվել անկարող է, նրանց բարքի անբաժան մասնիկն են: Այդպիսիք իրենց սրտմտության պատճառով և՛ սրածայր սրի դիմելուն, և՛ մարդկային ձեռքով մարդու մահվանն են պատրաստ անգամ: Բարկության պատճառով եղբայրները «անծանոթանում են» միմյանց, ծնողներն ու զավակները մոռանում են իրար հանդեպ ունեցած պարտքի մասին, քանի որ բարկացողները նախ ընդհարվում են նրանց հետ, ում վրա որ բարկացել էին, իսկ ապա նաև՝ իրենց հանդիպող յուրաքանչյուր մեկի հետ:
Եվ ինչպես որ, օրինակ, հեղեղները, խորխորատների միջով հոսելով, ինչի որ հանդիպում են՝ քշում-տանում են իրենց հետ, նույն կերպ նաև բարկացկոտները բոլորին անխտիր բռնի ու անկառավարելի հարձակման են ենթարկում: Որևէ բան բարկացողների աչքին պատկառելի չի թվում, ո՛չ դիմացինի՝ առաքինություններով լի կյանքը, ո՛չ իր՝ մարդկային բնությանը պատկանելը, ո՛չ աստվածային շնորհները, ո՛չ որևէ ուրիշ պատիվ: Կարճ ժամանակյա ցասումը անգամ մոլություն է, և ովքեր որ քանիցս դիմացինի հանդեպ չարը գործելուն են միտված լինում, այդպիսիք, վրեժխնդրության մասին միայն «հոգ տանելով», ծուլանում են մնացյալ ամեն բանի մեջ:
Բարկացողները, իրենց տրտմեցնողների կողմից «խայթված» լինելով, ողջ եռանդով ջանում են հագուրդ տալ իրենց ցասումին և չեն հանգստանում, մինչև որ որևէ չար բան չեն հնարում ու գործում իրենց բարկացնողի հանդեպ, սակայն իրականում նրանք իրենց այդ վարմունքով ավելի շատ իրենք իրենց հանդեպ են «բռնություն» գործադրած լինում, քան թե վնաս են պատճառում «հակառակորդներին»՝ չնայած վերջիններիս կորստյան մատնելու իրենց մեծ փափագին:
«Ո՞վ կարող է արդյոք չարին համբերել»,- ասում են նրանք՝ փորձելով արդարացնել այն, որ երբ հանկարծ որևէ պատճառով ցասում են ունենում, անմիջապես բորբոքվում են, ձայնը գլուխը գցելով՝ վայրենիանում ու լրբանում: Նրանք, ի տարբերություն թունավոր գազանների, մեկ անգամ խայթելուց հետո միանգամից չեն հանդարտվում, այլ ավելի ու ավելի մեծ չարիք են կամենում գործել դիմացինին, և նրանց բարկությունն էլ, պղպջակի նման պայթելով, տարածվում է շուրջբոլորը:
Իսկ բարկության այդ մոլորության դեմ էլ ո՛չ սրասայր սուրը, ո՛չ հուրը, ո՛չ որևէ այլ ահավոր բան չի կարող դիմանալ, քանի որ բարկացողները ոչ մի կերպ չեն զանազանվում դիվահարներից՝ ո՛չ իրենց կերպարանքով և ո՛չ էլ իրենց չար մտադրություններով: Եվ ինչպես որ դևերը, դիվահարի մեջ մտնելով, իրենք իրենց չէ, որ վնաս են հասցնում, այլ՝ դիվահարվածին, նույնպես և բարկացողի պարագայում նա միմիայն իրեն է վնասում, քանի որ զայրացած մեկի սրտում տրտմության պատճառով ոչ թե արյուն է հոսում, այլ բռնության հուրն է «շրջում» նրա մեջ ու նրանից էլ դուրս հորդում:
(Շարունակելի)
Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս․ Էջմիածին, 2008թ․,
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը