Բարկացողի դեմքն էլ փոխվում ու այլակերպվում է և ամենքին բնորոշ ու ծանոթ կերպարանքը կորցնում: Մինչև իսկ փոխվում է նրա շարժուձևը, նրա աչքերը դադարում են բնականոն, սովորական տեսք ունենալուց՝ զանազան տեսիլքներ ունենալով: Բարկացողն իր աչքերով կրակ է տեսնում, սրում է ատամներն ու խոզերի նման՝ միանգամից հարձակում է գործում: Նրա դեմքը կապտած ու այտուցված է դառնում, ինքը մարմնի ծանրությունից ուռչում է, երակները պատռվում են իր ներքին խռովությունից ու շունչն էլ կտրվում է: Բարկացողի ձայնը բարձ ու բիրտ է, մինչդեռ խոսքը՝ անհոդաբաշխ, իրենից «առաջ ընկած», անկանոն, անկարգ ու տգեղ:
Իսկ երբ զայրացկոտի անիրավությունն իր գագաթնակետին է հասնում, նրա բարկությունը նմանվում է անծայրածիր անտառի մեջ բռնկված հրդեհի, ու այդժամ իրեն զայրացնողի հանդեպ նրա վերաբերմունքը ո՛չ խոսքով է հնարավոր բացատրել, ո՛չ որևէ մեկի համար ցանկալի է երբևէ վերստին տեսնել: Այդպիսին իր ձեռքը բարձրացնելով՝ դիմացինի աչքին ու մարմնի մնացած մասերին անզուսպ հարվածել է սկսում, առանց ոտքերը «խնայելու»՝ անդադար այս ու այն կողմ է վազում, և ինչ էլ որ աչքով ընկնում է՝ իր ձեռքին զենք է դարձնում:
Եվ եթե դիմացինն էլ չար բարկությամբ զինված մեկն է լինում՝ մոլության մեջ մյուսին համապատիվ, ապա նրանք բախվում են միմյանց ու այնպես են մարտնչում, որ ասես պատերազմի ելած զորավարներ լինեն, և նրանց սրտմտության «մրցանակն» էլ շատ անգամ մարմնի խեղանդամությունը ու մինչև իսկ մահն է լինում: Մեկը մի անիրավություն է գործում, մյուսն էլ կամենում է վրեժ լուծել, ու այդպես՝ իսկույն վրա է հասնում բախումը: Իսկ մարմինը վերքերից տանջվում է, մինչդեռ զայրույթը բթացնում է ցավի զգայարաններն անգամ, քանի որ զայրացած մարդը չի մտածում իր առողջության մասին, այլ միայն իր բոլոր զգայարաններով միտվում է իրեն տրտմեցնողից վրեժ լուծելուն:
Դուք, սակայն, չարով չարը մի՛ «բժշկեք» և քայլեր մի՛ ձեռնարկեք՝ միմյանց առավել թշվառացնելու համար, քանի որ չարության որևէ խղճուկ ձեռնարկում, անգամ եթե հաջողությամբ էլ պսակվի, իր այդ հաղթանակին իբրև «մրցանակ» պիտի իր մեղքերի առատությունն ունենա: Եվ հանկարծ թույլ չտաս, որ չարությամբ լցվի անձդ, քանի որ քո գործած չարիքների պատճառով մինչև իսկ որդուդ չարիք պիտի ժառանգես: Մեկի կողմից թշնամանքի՞ արժանացար, բարկացա՞ր. չարին լռությա՛մբդ դադարեցրու: Իսկ եթե դիմացինիդ սխալ վարմունքին ի պատասխան սիրտդ բարկությամբ լցնես, կնմանվես ամեն բան մի կողմ քշող հողմի: Թշնամանքի «գիտությամբ» մի՛ վարվիր դիմացինիդ հետ և մի՛ նախանձիր նրան, ում ատում ես:
Նաև, հայելի մի՛ եղիր բարկացողի համար՝ նրա պատկերը քո վարմունքով ցուցադրելով: Գուցե և նա բարկությունից շառագունի, ուրեմն դու և՞ս պիտի շառագունես: Նրա աչքերը կարող են կատաղությունից չարությամբ քարանալ, բայց դու միշտ խաղա՛ղ պահիր հայացքդ: Նրա ձայնը թող որ բիրտ հնչի, սակայն դու մշտապես զգա՛ստ եղիր: Անգամ անապատն այնպես արագ չի արձագանքում որևէ չնչին խոսքի, ինչպես որ թշնամանք սերմանողին իր թշնամանքն է վերադառնում:
Եթե մանավանդ մեկն էլ թշնամանքի խոսքեր ասողին նույն կերպ է պատասխանում, էլ ավելի է սաստկանում առաջինի թշնամանքը: Եվ ի՞նչ է լինում հետո. մեկը մյուսի դեմ թշնամական խոսքեր են բարբառում, մեկը մյուսին ասելով՝ «չնչիններից ամենաչնչին», մյուսը պատասխանելով՝ «ստրուկների ստրուկ»: Սա՝ «թշվառ», մյուսը՝ «անզգամ», մեկը՝ «անուսում», մյուսը՝ «խեղանդամ»: Եվ այսպես այնքան ժամանակ, մինչև որ նրանց թշնամանքը, նետերի պես, չի սպառվում: Իսկ երբ լեզվով ողջ թշնամանքը դուրս են թափում, այնուհետ արդեն գործով են դիմում վրեժխնդրության, քանի որ բարկությունը թշնամանք է հարուցում, իսկ թշնամանքը ծնում է կռիվ, կռիվը՝ հարվածներ, հարվածները՝ վերքեր, իսկ վերքերի պատճառով էլ շատ դեպքերում վրա է հասնում մահը:
Ուստի առաջին իսկ քայլից արգելե՛նք, որպեսզի չարը տարածվի՝ բարկությունը մեր միջից ամեն կերպ դուրս հանելով: Այդ դեպքում է միայն, որ ինչպես չար արմատը հողից դուրս հանելիս, նույնպես և այս չար ախտը կկարողանանք ամբողջովին «կտրել» մեզնից: Դիմացինդ թշնամանո՞ւմ է քեզ. դու օրհնի՛ր նրան: Նա քեզ հարվածե՞ց. դու համբերի՛ր: Արհամարհե՞ց քեզ՝ ամենքի առաջ վարկաբեկելով. դու խորհիր ա՛յն մասին, որ նա ևս «հողից է ստեղծվել ու դարձյալ մի օր հող պիտի դառնա» (հմմտ. Ծննդ. Գ 19): Եվ նա, ով այս կերպերով իրեն սկզբից ևեթ արգելի թշնամանքին թշնամությամբ պատասխանել, ամեն անպատվություն էլ իսկույն կբախվի ճշմարտությանը:
Այդկերպ վարվելով՝ նաև թշնամուդ համար անհնար կդարձնես իր վրեժխնդրության իրականացումը և ինքդ քեզ անխոցելի կդարձնես թշնամիներիդ առաջ: Իսկ դու էլ մեծ համբերությանդ շնորհիվ Տիրոջից պսակի կարժանանաս, քանի որ ընկերոջդ մոլությանը իմաստությամբ պատասխանեցիր: Ու այդպիսով՝ կստացվի այնպես, որ նա քո դեմ մեծ թշնամանք ցուցաբերելով՝ իրականում քեզ լավություն արած կլինի:
Քեզ չնչի՞ն, անփառունա՞կ ու քեզնից ոչինչ չներկայացնող մե՞կը կոչեց նա: Իսկ դու հող և մոխի՛ր համարիր ինքդ քեզ (հմմտ. Ծննդ. ԺԸ 27), մի՞թե դու առավել ես, քան մեր հայր Աբրահամը, որը իրեն այդպես էր կոչում: Անուսո՞ւմ ու ամեն բանի անարժա՞ն կոչեց քեզ, իսկ դու էլ Դավթի պես ինքդ քեզ աղբածին ո՛րդ համարիր, և ոչ թե՝ մարդ (հմմտ. Սղմ. ԻԱ 7): Դու նաև կարող ես կրկնել Մովսեսի գործած բարի վարմունքը: Նա, Ահարոնից ու Մարիամից թշնամանքի արժանանալով (հմմտ. Թվ. ԺԲ 1), Աստծուց նրանց դեմ պատիժ չխնդրեց, այլ աղոթե՛ց նրանց համար: Դու ո՞ւմ աշակերտն ես ավելի շատ կամենում լինել. աստվածասեր ու երանելի մարդկա՞նց, թե՞ նրանց, ովքեր իրենց ողջ հոգով չարությամբ են լցված:
Երբ թշնամիներդ կամենան քեզ փորձության մեջ գցել, դու ինքդ քեզ դատել իմացիր՝ խորհելով, թե ինչպե՞ս կարող ես համբերատարության շնորհիվ դեպի Աստված ընթանալ, եթե բարկությամբ հակառակորդներիդ դեմ ելնես: Քո մտքին ժամանակ տուր բարին ընտրելու համար, որպեսզի օգուտ ունենաս և, հեզության շնորհիվ, արհամարհելով՝ հաղթես դժնդակ թշնամուն, քանի որ թշնամու համար ի՞նչն ավելի մորմոքելի կլինի, եթե ոչ այն, որ նա իր հակառակորդին թշնամանքից առավել բարձր կանգնած տեսնի: Ուստի դու քո բարքերը չվատթարացնե՛ս և չհամարձակվե՛ս թշնամանք գործելուն ընդունակ դառնալ: Թող որ նրանք անգործաբար քեզ վրա հաչեն և այդպիսով՝ իրենք իրենց երգիծանքի ենթարկեն:
Ինչպես օրինակ մեկը, որ հարվածում է թշնամուն՝ նրան ցավ պատճառելու նպատակով, սակայն վրիպում է, ինքն իրեն է տանջում այդպիսով (քանի որ թշնամուն հաղթել չկարողացավ և իր բարկությունն էլ չհանդարտվեց), նույնպես և նա, ով իր դեմ թշնամությամբ չվարվողի դեմ թշնամանք է գործում, չի կարողանում մխիթարություն գտնել իր ախտին: Այլ, ինչպես որ ասացի, այս երկուսը միմյանց հակապատկերն են՝ սղոցի երկու հակառակ ծայրերի նման: Եվ իսկապես, նրանցից յուրաքանչյուրի մասին իսկույն ի՞նչ կարծիք է ձևավորվում ձեր մտքում: Եթե նա թշնամացող է, դու լայնախո՛հ եղիր, նա բարկացկոտ ու անկառավարելի է, դու եղի՛ր համբերատար ու հեզ: Եվ այդ դեպքում նա զղջալու կարիք կունենա այն ամենի համար, ինչ որ խոսեց, բայց դու երբևէ քո առաքինության համար ապաշխարելու պետք չես ունենա:
Իսկ ի՞նչ կարիք կա՝ շատ բան խոսելու: Այդպիսի մեկի թշնամանքը իրեն թույլ չի տալու Երկնքի արքայություն մտնել, քանի որ «թշնամացողները Աստծո արքայությունը չեն ժառանգելու» (հմմտ. Ա Կորնթ. Զ 10): Իսկ քո լռությունը քեզ պատրաստ կդարձնի Երկնքի արքայություն մտնելուն, քանի որ «ով համբերի մինչև վերջ, նա՛ կփրկվի» (Մտթ. Ժ 22): Բայց եթե վրիժառությամբ լցվես ու քո դեմ թշնամացողին նույն կերպ պատասխանես, ի՞նչ պատասխան ես տալու Տիրոջը: Մի՞թե պիտի ասես՝ «նա՛ ինձ զայրացրեց»: Արդյո՞ք այդ պատճառով ներումի պիտի արժանանաս. չէ՞ որ շնացողը, որը անբարոյականի մոտ գնալով՝ նրա հորդորով մեղքի մեջ է ընկնում, ինքը չի՛ դադարում դատապարտության արժանի լինելուց:
Նաև իմացի՛ր, որ առանց քո դեմ մարտնչող թշնամու դու նաև պսակների՛ արժանանալ չես կարող, բայց և դյուրությամբ էլ կարող ես կործանվել հակառակորդներիդ պատճառով: Ուստի լսի՛ր Դավթին, որն ասում է. «Երբ մեղավորն ինձ հակառակվեց, չզայրացա ու վրեժ չլուծեցի նրանից, այլ խուլ եղա և խոնարհվեցի, հանուն բարության լռեցի» (հմմտ. Սղմ. ԼԸ 3): Իսկ դու զայրանո՞ւմ ես քո հանդեպ ցուցաբերած թշնամուդ վատ վերաբերմունքից: Բարո՛ւն նմանվող եղիր, քանի որ եթե մեղադրես քո դեմ ելած թշնամուդ, արդյոք չի՞ ստացվի այնպես, որ դու քեզ համար օտար համարվող չարը տեսնելով՝ խնամքով կրկնում ես նրա արածը՝ քո միջի զազրությունը մի կողմ չդնելով:
Չա՞ր է թշնամանքը, փախի՛ր այն գործողին նմանվելու վտանգից: Հրաժարվի՛ր բարկացած ընկերոջդ դեմ դուրս գալուց: Ճշմարիտ ես ասում, և ես լիովին ընդունում եմ քո ասածը, որ նա երկարեց իր ցասումը, քանի որ ողջախոհություն չուներ իր մեջ: Իսկ դո՞ւ՝ տեսնելով նրա բարկությունը, անամոթաբար դու և՞ս կորցնում ես ինքդ քեզ ու զայրանում և հոխորտում ես՝ նրա վրա բարկանալով ու այդպիսով միևնույն ախտո՞վ պատասխանելով այդ ախտի մեջ եղողին: Չէ՞ որ նրանց դեմ բարկանալով՝ դու նրանց ազատում ես իրենց արածի պատասխանատվությունից և ինքդ քեզ ես դատապարտության ենթակա դարձնում:
Արդարև, եթե չար է բարկությունը, ինչո՞ւ չհեռացար չարից, իսկ եթե արժանի է ներման, ինչո՞ւ դժվարացար ներել զայրացած եղբորդ: Չէ՞ որ դու միայն մեկ անգամ ես հատուցման առաջ կանգնելու և ոչ՝ մի քանի, որպեսզի հաջորդ անգամներին թողության արժանանաս: Իսկ ահա նահատակության պսակին էլ ոչ թե նա է արժանանում, ով մարտնչել է սկսել միայն, այլ ով հաղթե՛լ է պատերազմում: Եվ ինչպես որ դատապարտվելու է նա, ով հավանություն տվեց դժնդակ չարիքներին, այդ կերպ նաև նա՛ է դատապարտվելու, ով չար Իշխանի հետ գնաց մեղքի հետևից՝ կրկնելով այն: Արդ, եթե քեզ աղքատ կոչեց և ճշմարիտ է նրա ասածը, ընդունի՛ր այն, իսկ եթե ստեց, ապա քեզ ի՞նչ վնաս նրա ասածից: Քո անձի գովասանքին ավելի շատ տեղ մի՛ տուր, քան ճշմարտությանը, և վայրենաբար մի՛ թշնամացիր նրա հետ, ով քեզ չի «հպվել»:
Չե՞ս տեսնում, որ նետաձգության ժամանակ ովքեր անզգուշորեն մարտի են դուրս գալիս, պարտության են մատնվում, իսկ ովքեր խոհեմաբար են ընդունում հարձակումը, կարողանում են չեզոքացնել այն: Կարծում եմ՝ այսպես է նաև թշնամանքի պարագայում: Ով ընդդիմանում է, ինքն է պարտության մատնվում, իսկ ով «տեղի է տալիս» և իր փափկության օրինակով թուլացնում է դիմացինին, իր վրա եկող չարությունը ոչնչացնում է:
Ինչո՞ւ է քեզ խռովեցնում «աղքատություն» բառը: Հիշի՛ր, որ «մերկ ես աշխարհ եկել, մերկ էլ պիտի գնաս աշխարհից» (հմմտ. Հոբ Ա 21): Իսկ ո՞վ է մերկից ավելի աղքատ: Քեզ սարսափելի չի թվա քո այդ լսածը, եթե այն ճիշտ կերպով ըմբռնես: Ո՞վ երբևէ աղքատության պատճառով կապանքների ենթարկվեց: Ոչ թե աղքատ լինելն է ամոթալի, այլ անառաքինի գործերի պատճառով աղքատանալը: Իսկ դու հիշի՛ր Տիրոջը, որ «Իր հարստությունից աղքատացավ մեզ համար» (հմմտ. Բ Կորնթ. Ը 9):
Եթե մեկը քեզ անզգամ ու անուսում անվանի, հիշի՛ր հրեաների թշնամանքը, որով նրանք թշնամանում էին ճշմարիտ իմաստության դեմ՝ ասելով Հիսուսին. «Սամարացի ես դու և դև կա քո մեջ» (հմմտ. Հովհ. Ը 48): Եթե բարկանաս, իմացի՛ր, որ այդպիսով հաստատեցիր քո դեմ ասված թշնամական խոսքը, քանի որ բարկությունից ավելի ի՞նչ անզգամություն կա: Իսկ եթե չբարկանաս, կամաչեցնես քո դեմ թշնամացողին՝ ողջախոհությունդ նրան ցույց տալով: Ապտակվեցի՞ր. մեր Տերը ևս ապտակվեց: Թքեցի՞ն քեզ վրա. նաև մեր Տիրոջ վրա թքեցին, քանի որ «Նա երեսը չդարձրեց երեսին թուքի նախատինքի պատճառով» (Ես. Ծ 6): Զրպարտվեցի՞ր. զրպարտվեց նաև արդար Դատավորը: Պատառոտեցի՞ն քո պատմուճանը. մերկացրին նաև իմ Տիրո՛ջը և իրար մեջ «բաժանեցին նրա հանդերձները» (հմմտ. Մտթ. ԻԷ 35): Իսկ չէ՞ որ դու երբեք չդատապարտվեցիր ու չխաչվեցիր, ուստի շա՜տ բան է քեզ պակաս Նրա հետ նմանության համար:
(Շարունակելի)
Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս․ Էջմիածին, 2008թ․,
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը
Սկիզբն այստեղ՝https://matyan.am/2024/08/15/surb-barsegh-episkopos-barkatsoghneri-masin/