Պե՜տք է և արժա՜ն է իմանալ այն ամենը, ինչ պատահեց հետագայում ամենաօրհնյալ սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի հետ: Երբ Փրկչի համբարձումից անցավ տասներկու տարի և երբ սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից, վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը, նա ով հղիության ավետիսն էր տվել նրան, այս անգամ տալով Կույսին երկրից երկինք փոխման ավետիսը:
Երբ սուրբ Կույսն աղոթում էր իր սենյակում, նրան երևաց Գաբրիելը, ողջունեց ու կանչեց նրան Ձիթենյաց լեռ, ուր սուրբ Կույսը սովորաբար գնում էր աղոթելու: Կույսը գնաց և ծնրադրելով աղոթեց այն տեղում, որտեղից Փրկիչը համբարձվեց, և լեռան վրա եղող բոլոր տունկերը խոնարհվում ու երկրպագություն էին մատուցում նրան: Այստեղ նրան դարձյալ երևաց հրեշտակն ու ողջունեց՝ ասելով. ՙՄա՜յր սրբության և առագա՜ստ երանության, տաճա՜ր խնդության և քաղա՜ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՜րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել՚:
Ապա հայտնեց, որ լրացել է օտարության մեջ նրա պանդխտության ժամանակը, և այժմ պահն է գնալու դեպի իր հայրենի ժառանգությունը: Ասեց նաև, որ Տիրուհին չի մնալու մահվան գավառում, քանզի անմահ կյանք վիճակվեց իրեն, և վերջացան նրա չարչարանքներն ու լրացան տառապանքները, և անցնելու են տրտմություններն, ու մոտ է ուրախությունը: Հանգիստը պատրաստ է, լույսի խորանը՝ կազմված, և փառքի աթոռը՝ հարդարված: Արդ պետք է գնալ ու հանգստանալ բազում չարչարանքներից և վայելել այն փառքը, որ աշխարհի ստեղծումից առաջ կար:
Ապա տասնչորս օր անց կրկին եկավ Գաբրիել հրեշտակապետը և կրկին Տիրուհուն ասաց մարմնից ելնելու և Աստծու մոտ փոխվելու մասին, որից բերկրեց Մարիամը, և զվարճացավ նրա հոգին: Եվ նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու այդ տեղերում աղոթում: Ապա, տասներկու օր անց, երրորդ անգամ եկավ Գաբրիելը և դարձյալ խորնարհվելով տիրածին Կույսի առջև՝ ասաց. ՙՈւրախացիր բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին՚, և այս ասելով նրան տվեց բրաբիոնից, արմավենիների ոստերի նման մի պսակ, որը հյուսել և բերել էր Ադամի դրախտից, և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը սա տեսնելով օրհնեն Աստծուն:
Իսկ ամենասուրբ Կույս Մարիամն, երբ ստացավ իր երկինք փոխվելու ավետիսը և բրաբիոնի ծաղիկներից կազմած պսակը, գնաց Ձիթենյաց լեռ աղոթելու և բոլոր բույսերն ու տնկիները կրկին խոնարհվելով երկրպագեցին նրան: Եվ իր աղոթքում Աստվածածինն այսպես էր ասում. ՙԴու իմ Տեր Հիսուս և Որդի, Քո Հոր՝ Աստծու և իմ՝ Քո աղախին մոր, Տեր իմ Միածին, Դու Ինքդ խոստացար գալ ինձ մոտ, որպեսզի Քեզ ավանդեմ իմ հոգին՚: Այնժամ երկնքից մի ձայն նրան պատասխանեց. ՙՉեմ թողելու քեզ մայր Իմ, Տիրուհի, այլ կգամ քեզ մոտ և կկատարեմ քո խնդրանքը՚:
Երբ սուրբ Կույսը լսեց այս լուրը, անասելի բերկրանք ապրեց: Վերացավ նրա մարմնավոր տրտմությունն, ու հոգին լցվեց հոգևոր խնդությամբ: Ապա դարձավ իր տուն և կանչեց իր բոլոր դրացիներին, ազգակիցներին ու այն սուրբ կույսերին, ովքեր իր հետ ժուժկալությամբ ճգնում էին ու նրանց հանձնարարեց, որպեսզի վառեն բոլոր ջահերը և իր հետ լինեն երեք օր, և այդ օրերին նրանց շատ բաներ էր պատմում Աստծու մեծամեծ գործերի մասին:
Երբ կույսերը լսեցին Աստվածածնի խոսքերը, թե փոխվելու է աշխարհից, սաստիկ խռովվեցին և արտասուքներով պատված մեկմեկու ասում էին. ՙՈ՜չ ոք մեզ չի լուսավորի, երբ զրկվենք այս պայծառ արեգակից, և երբ սպառվի այս անսպառ աղբյուրը, և մեր միջից վերցվի ամբողջ աշխարհի այս մխիթարիչը, ո՞վ կմխիթարի մեզ: Երբ վերանում են բերդաքաղաքի պարիսպները, քաղաքացիներից ոչ ոք այլևս չի ապրում այնտեղ՚:
Եվ մինչ նրանց հետ խոսում էր, եկավ նրա հոգևոր որդին՝ Հովհաննես ավետարանիչը, ով Քրիստոս էր քարոզում Երուսաղեմի մոտակա գյուղերում, և ողջունեց ու երկրպագեց իր մորը՝ Աստվածամայր սուրբ Կույս Մարիամին: Եվ Կույսն, ընդունելով Հովհաննեսի ողջույնը, ասաց. ՙԲարով եկար, որդիս, և սիրելին իմ Որդու՚: Ապա Հովհաննեսը հարցրեց, թե ինչո՞ւ են մարդիկ տրտմության մեջ: Եվ սրբուհին զվարթ երեսով և բերկրալի սրտով նրան կարգով պատմեց հրեշտակի այցելության և իր փոխման մասին և մատնանշեց իր թաղման տեղը, որը լինելու էր իր հայրենի Գեթսեմանիում: Երբ Հովհաննեսը լսեց այս ամենը, սկսեց ողբալ, որ այսուհետև որբ է մնալու իր հոգևոր մորից:
Սուրբ Կույսը նրանց ասաց. ՙԱստծու Խոսքի ծառանե՜ր, լսե՜ք Տիրոջ աղախնին, քանզի ողորմելով ողորմեց ինձ իմ Տերը և հույժ գթաց: Հասել է իմ ժամանակն այս աշխարհից փոխվելու Նրա մոտ, Ում անձկում եմ, Ով նախկինում անմայր էր, սակայն Իր գթությամբ ինձ Իրեն մայր դարձրեց՝ առանց հոր: Արդ դո՜ւք, դուստրե՜ր վերին Երուսաղեմի, լույսի՜ որդիներ և հավատի՜ ծնունդներ, քաջալրվե՜ք ձեր հույսն եղող Քրիստոսով, զգաստացե՜ք ձեր կյանքում սատանայի պատրանքներից, որ ամեն օր մարտնչում է Աստծու ծառաների դեմ, մի՜ թուլացեք ձեր ամենօրյա աղոթքներում և Աստծու շնորհներով պահպանված կլինեք՚: Ապա սուրբ Կույսն աղոթքով խնդրում էր Տիրոջից տեսնել առաքյալներին, քանի որ նրանք գնացել էին աշխարհի տարբեր ծայրերը՝ փրկության Ավետարանը քարոզելու:
Այնուհետև Կույսը խնդրեց Հովհաննեսին մատուցել աստվածային պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու մարմնին ու արյանը: Այնժամ Հովհաննեսը Հիսուսի մայր Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելավ Վերնատուն և այնտեղ կատարեց Պատարագի սուրբ խորհուրդը: Եվ մինչ մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ լսվեց և Հովհաննեսին սկսեցին ձայնակցել սուրբ առաքյալները, որոնց Սուրբ Հոգին նույն պահին ժողովեց աշխարհի տարբեր ծայրերից, ուր նրանք Քրիստոս էին քարոզում: Եվ այսպես Վերնատանը Սուրբ Հոգու կանչով ամպով հափշտակելով՝ համագումար միաբանությամբ հավաքվեցին սրբազան առաքյալների դասերը, հրաժեշտ տալու Աստվածամորը, և նրանց հետ էլ յոթանասուներկուսը, յուրաքանչյուրն իրեն վիճակված վայրից, ըստ այն խոսքի. ՙՈւր մարմինն է, այնտեղ են հավաքվում արծիվները՚ (Ղուկ. ԺԷ 37): Եվ սուրբ հաղորդության ավարտին՝ սուրբ պատարագի արձակման պահին, առաքյալներն երկրպագեցին Աստվածամորը և տվեցին Հիսուսի ավանդած ողջույնը: Եվ ապա ողջունում էին միմյանց սրբության համբույրով և օրհնում Աստծուն իրենց այս զարմանահրաշ հավաքի համար:
Առաքյալներն ինչպես Տիրոջը ճանապարհեցին համբարձվելիս, այնպես էլ պետք է Տիրամորը ճանապարհեին երկինք, ուր և մեզ է առաջնորդելու մեր Տերը՝ ելնելու ու ժառանգելու մեր հայրենիքը, որ պատրաստված է սրբերի համար:
Ապա այնտեղից ելնելով առաքյալները մտան Աստվածամոր տունը, որը Վերնատան մոտ էր, և սուրբ Աստվածածինը նրանց ցույց տվեց այն բրաբիոնը, որն Եդեմի դրախտից իրեն էր բերել Գաբրիելը, և հայտնեց իր ննջման մասին ու մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանի պարտեզում: Այս խոսքերից առաքյալները նույնպես սկսեցին ողբալ: Աստվածամայրը նրանց ասաց, որ պետք չէ ողբով խափանել իր ուրախությունը և պետք չէ մարդկորեն մտածել, այլ խնդրում էր առաքյալներին, որպեսզի իրենց աղոթքներով ուղեկցեն իրեն, որպեսզի խաղաղությամբ անցնի խավարի իշխանության միջով և հասնի երկնավոր նավահանգիստ: Առաքյալներն արտասվում էին ու միաժամանակ հիանում, ապա բրաբիոնի վայելուչ պայծառության համար գոհություն հայտնում Աստծուն: