Եթե քեզ պես ամենքն էլ իմ նշած մտքի միևնույն ուղղությամբ առաջնորդվեն, բախումներ տեղի չեն ունենա, քանի որ այդպիսի պատրաստակամությունն ու մտադրվածությունը կխաղաղեցնի սրտիդ փոթորիկն ու խռովքը և բարեկեցություն կապահովի քեզ համար ու մտքերիդ ընթացքը խաղաղությամբ դեպի վեր կուղղի: Եվ այս է, թերևս, Դավթի կողմից ասվածը, թե՝ «պատրաստվեցի և չխռովվեցի» (Սղմ. ՃԺԸ 60): Ուրեմն, այսուհետև հարկավոր է մեր անձի մոլեգին ու խելագար շարժումները զսպել երանելի պատվիրանների հիշողությամբ: Ինչպե՞ս մեծն Դավիթը հեզաբար համբերեց Սեմեինի արբեցությանը: Նա տեղի չտվեց իր բարկությանը, այլ Աստծուն հիշեց՝ այս իմաստը տալով Սեմեինի խոսքերին ու ասելով. «Տե՛րն ասաց Սեմեինին, որ անիծի Դավթին» (հմմտ. Բ Թագ. ԺԶ 10):
Եվ արդ, ամենքի թագավորը, լսելով իր մասին ասված «անօրեն մարդ» խոսքը, չչարացավ ասողի դեմ, այլ դեռ ինքն իրեն նվաստացրեց՝ ասելով, թե ինքն արժանի է իր թշնամիների կողմից նման վերաբերմունքին: Դու ևս այս կերպ վարվելով՝ երկու բան քեզնից հեռու կվանես. նախ ինքդ քեզ դատելով՝ քեզնից ավելի զորեղների կողմից դատի չես ենթարկվի, և երկրորդ՝ մարդիկ էլ, այդ տեսնելով, առավել նվազ հաճախությամբ քեզ այս կամ այն բանում կմեղադրեն: Ու այդպիսով քեզ վրա հասած բարկությունը, եթե զսպես, երբեք անպատվության չի հանգեցնի: Իրապես, սարսափելի երևույթ է, երբ գտնվում են այնպիսի անշնորհակալներ, որ թշնամանք ու ատելություն են գործում բարեգործների ու իրենց մեծամեծ պարտքերը ներածների դեմ, սակայն նաև ա՛յն իմացիր, որ է՛լ ավելի սարսափելի է, երբ մեկը չարիք է գործում, քան որ՝ մյուսը կրում է այն:
Նա թշնամանո՞ւմ է քո դեմ. դու մի՛ թշնամացիր: Նրա խոսքերից քեզ համար իմաստություն քաղիր: Եթե չընդունես, անվիրավորելի ես, իսկ եթե արդարև մեղավոր ես, ապա հոգուդ խորքում միայն պիտի տրտմես, ըստ այն խոսքի, թե՝ «սիրտս խռովվեց իմ մեջ» (Սղմ. ՃԽԲ 4): Այդ դեպքում դու ոչ թե արտաքինից ախտ ընդունեցիր՝ դիմացինի թշնամանքի պատճառով, այլ քո ներսում արդեն իսկ եղող ախտը ալեկոծություն սկսեց: Իսկ դու դադարեցրո՛ւ այդ ալեկոծությունը՝ թույլ չտալով սրտիդ վայրենիանալ: Խոսքով հնազանդեցրո՛ւ բարկության ախտին՝ այդ ախտով բռնվելուց ավելի բարձր նպատակներ ունենալով:
Ինչպե՞ս փախչենք ցասումի վնասներից: Եթե տեղի տանք բարկությանը՝ մտքով առաջնորդվելու փոխարեն, ապա բարկությունը մշտապես իր «նախախնամությամբ» մեզ հունից կհանի: Մենք միտքն ունենք իբրև մեզ լծված ձի, և եթե խոսքով միշտ այդ «ձիու» սանձը բռնել կարողանանք, երբեք այլևս բանականության սահմաններից դուրս չենք գա, այլ թույլ կտանք, որ այն մեզ ուղղորդի ճիշտ ճանապարհով: Հոգու սրտմտությունը առաքինության բազում գործեր է արել, երբ, միտքը, ինչպես զորավարից զենք առած զինվոր, մարտի մեջ է մտել ու, հաջողությամբ կատարելով իրեն տրված հանձնարարությունը, խոսքի հետ մարտակից է եղել ընդդեմ մեղքի:
Զայրույթը հոգու ջիղն է, որի զորությունը բարուն հակառակվելու մեջ է: Ու եթե չտիրապետես զայրույթդ, ապա ինչպես ջրի մեջ կարծրացրած սուր երկաթը, այն դաժան զենք կդառնա ու դրա թվացյալ կակղությունն ու թուլությունը անկառավարելի ուժի կվերածվի: Իսկ եթե չբարկանաս չարի դեմ՝ կկարողանաս ատել այն ու չմեղանչել, քանի որ, կարծում եմ, պիտի ջանանք երկու բանի հասնել. սիրո՝ առաքինության նկատմամբ, և ատելության՝ մեղքի նկատմամբ: Այս հարցում մանավանդ պիտանի է սրտմտությունը, ինչպես շունը՝ հովվին, քանի որ ինչպես շունը, երբ հովվի հետ է, նույնպես և բարկությունը, երբ մտքի «տիրապետության» տակ է, հանդարտ է, օգտակար ու մտքին «լսող»: Եվ ինչպես որ շունը, երբ օտարոտի բան է նկատում, սկսում է ձայներ արձակել ու պաշտպանել իր տիրոջը, նույնպես և չափավոր բարկությունը նույն այդ սպասավորությունն է կատարում՝ երկնչելով իր տիրոջ դեմ ապստամբելուց ու պաշտպանելով նրան ամեն օտարոտի բանից՝ մեղքից:
Խոհեմ մարդը այսպիսի՛ գործակցության մեջ է մտնում բարկության հետ՝ չափավոր բարկությունն իբրև ընդդեմ մեղքի քաջարի պաշտպան ունենալով: Եվ եթե բարկությունը, շան նման, անհաշտ լինի դավաճանների հանդեպ ու չնվիրվի նրանց, այդպիսով երբեք թույլ չի տա, որ մարդը վնասակար սովորություններն ընդունի, այլ կընդդիմանա իր տիրոջն օտար այդ մեղքերի դեմ, ինչպես որ շունն է միշտ ընդդիմանում գայլին՝ հաչելով ու պատառոտելով նրան:
Արդ, սրտմտությունից այսպիսի օգուտ կարող են քաղել նրանք, ովքեր ճիշտ կերպով այն տնօրինել գիտեն: Այսպես նաև ուրիշ զորություններն էլ յուրաքանչյուր մարդ չարին կամ բարուն է ծառայեցնում, ինչպես օրինակ՝ մեկի հանդեպ ցանկասիրությունը, որ մարմինը վայելելուն ու անմաքուր հեշտություններին հագուրդ տալուն է միտված, պիղծ է ու վավաշոտ, մինչդեռ նա, ով իր անձը նվիրում է առ Աստված ունեցած սիրուն և հավիտենական բարիքներն է փափագում, նախանձելի ու երանելի է: Եվ դարձյալ, խելացի մարդը, երբ իր խելքը բարուն է ծառայեցնում, իմաստուն է ու հանճարեղ, մինչդեռ եթե իր ընկերոջը վնաս հասցնելու համար է սրում իր միտքը, ապա չարախայթ չարագործ է:
Ուրեմն, մեր փրկության համար Արարչից տրված միջոցները մեղքի պատճառ չդարձնե՛նք մեզ համար: Այդ թվում նաև սրտմտությունը, երբ արդարապես ու ինչպես հարկն է կիրառենք, այն մեզ քաջություն, համբերություն և ժուժկալություն կնվիրի, բայց եթե այն իր ուղիղ ընթացքից շեղվի՝ մոլություն կդառնա: Այս պատճառով է սաղմոսը մեզ խրատում՝ ասելով. «Բարկացե՛ք, բայց մի՛ մեղանչեք» (Սղմ. Դ 5): Նաև Տե՛րն է անզուսպ բարկացողին դատաստանի ենթակա համարում, բայց երբ մեկը տեղին է բարկությամբ վարվում, այն իբրև դեղ, մերժելի չի համարում, քանի որ ասում է. «Թշնամություն պիտի դնեմ քո և օձի միջև» (Ծննդ. Գ 15) և «թշնամինե՛ր եղեք մադիանացիներին» (հմմտ. Թվ. ԻԵ 17):
Տիրոջ ուսուցո՛ւմն է բարկություն ունենալն՝ ըստ անհրաժեշտության, ինչպես գինու դեպքում է: Ըստ այսմ նաև Մովսեսը, որ բոլոր մարդկանցից ավելի հեզ էր (հմմտ. Թվ. ԺԲ 3), կռապաշտությունից վրեժ լուծելով՝ ղևտացիներին զինեց ընդդեմ իրենց եղբայրների սպանության: Եվ Մովսեսն ասաց. «Յուրաքանչյուրը իր սուրը թող կապի իր ազդրին: Բանակատեղիի մի մուտքից մյուսը գնացեք-եկեք, և ձեզնից յուրաքանչյուրը թող սպանի իր եղբորը, յուրաքանչյուրը՝ իր ընկերոջը, յուրաքանչյուրը՝ իր մերձավորին» (Ելք ԼԲ 27): Իսկ փոքր-ինչ անց էլ ասաց. «Այսօր յուրաքանչյուրդ ձեր ձեռքով ծառայեցիք Տիրոջը. մեկն սպանեց իր որդուն, մյուսն՝ իր եղբորը, որի համար այսօր ձեզ վրա կիջնի Տիրոջ օրհնությունը» (Ելք ԼԲ 29):
Նաև ի՞նչն էր, որ հեզ Փենեեսին արդարացրեց: Ո՞չ արդյոք արդար զայրույթն ընդդեմ պոռնկացողների: Նա, որ հատկապես հեզ ու զգաստ էր, երբ տեսավ Ամբրեի ու մադիանացիների բացեիբաց ու առանց ամաչելու պոռնկանալը՝ այն աստիճան, որ մինչև իսկ իրենց ամոթույքն ու տգեղ կերպարանքը զլացել էին ծածկել, չհանդուրժեց այդ և սաստիկ բարկությամբ երկուսին էլ սրով խոցեց (հմմտ. Թվ. ԻԵ 8): Նաև չէ՞ որ Աստծո հրամանով էր, որ Սամուելը արդար բարկությամբ սպանեց Սավուղի ձեղքով ողջ մնացած ամաղեկացիների Ագագ թագավորին (հմմտ. Ա Թագ. ԺԵ 33):
Ահա նմատի՛պ կերպերով զայրույթը շատ անգամ բարի գործերի սպասավոր է լինում: Այսկերպ նաև նախանձախնդիր Եղիան ամոթի չորս հարյուր հիսուն քրմերին և մեհյանների չորս հարյուր կռապաշտ մարգարեներին, որոնք սնվում էին Հեզաբել թագուհու սեղանից, խոհեմ զայրույթով ու ողջախոհությամբ սպանեց հօգուտ ողջ Իսրայելի բարօրության (հմմտ. Գ Թագ. ԺԸ 19): Իսկ դու զուր տեղը բարկանո՞ւմ ես քո եղբոր վրա։ Իսկ ինչո՞ւ ուրիշ քեզ բարկացնողների վրա չես զայրանում։ Այդպիսով նմանվում ես շներին, որոնք, իրենց վրա քար նետողներից վախենալով, չեն մոտենում նրանց։ Ով որ ուրիշի զայրույթը կրում է իր վրա, ողորմելի է, իսկ ով որ զայրանում է՝ ատելի։ Ուրեմն, դու քո զայրույթն ուղղի՛ր մարդասպանի, ստի հոր, մեղքի մշակների՛ դեմ, իսկ եղբորդ ցավակի՛ց եղիր, քանի որ եթե նա մեղքի մեջ մնա, սատանայի հետ հավիտենական հրին կմատնվի։
Եվ ինչպես որ տարբեր են սրտմտությունն ու բարկությունն իրենց անվանումներով, նույնպես նաև նրանց նշանակությունն է տարբեր։ Սրտմտությունը ինչ-որ մի բռնկում է և բարկության ախտի գոլորշին միայն։ Իսկ ահա բարկությունը տրտմագին ոխն է և վրիժառու հարձակումը զրկված մեկի վրա։ Մենք պետք է գիտենանք, որ այս ախտով մեղանչելու երկու ճանապարհ կա. կա՛մ մոլեգնաբար ու անզգամորեն քեզ զայրացնողի դեմ ելնել, կա՛մ նենգությամբ ու խելագարորեն դարանակալ լինել քեզ տրտմեցնողին։ Հարկ է, որ այս երկուսից էլ հեռու պահենք մեզ։
Իսկ ինչպե՞ս ընթանաս, որ ախտի մեջ չընկնես։ Ինչպե՞ս. սկզբից ևեթ զորացրու քեզանում խոնարհությո՛ւնը, որը Տերը և՛ խոսքով հրամայեց, և՛ գործով կատարեց. երբեմն մատնացույց արեց՝ ասելով. «ձեզնից ով կամենա առաջին լինել, բոլորից կրտսերն է լինելու» (հմմտ. Մրկ. Թ 34), երբեմն՝ հեզաբար ու հանդարտորեն համբերեց Իրեն հալածողներին։
Նա, որ երկնքի ու երկրի Արարիչն ու Տերն է, որ երկրպագվում է բոլոր իմանալի արարածներից, որ «Իր խոսքի զորությամբ հաստատ է պահում տիեզերքը» (Եբր. Ա 3), ողջ-ողջ դժոխք չուղարկեց այս երկիրը քայքայող ամբարշտին, այլ խրատեց ու վարդապետեց նրան՝ ասելով. «Եթե վատ խոսեցի, վկայի՛ր վատի մասին, իսկ եթե լավ՝ ինձ ինչո՞ւ ես խփում» (Հովհ. ԺԸ 23)։ Իսկ դու, երբ սովորես ամենքից կրտսերը լինել՝ ըստ Տիրոջ պատվիրանի (հմմտ Մրկ. Թ 3), եթե զայրանաս էլ՝ չես թշնամանա որևէ մեկի հետ։ Երբ քո դեմ թշնամանալ փորձի մի դեռահաս երիտասարդ, գեթ ծաղրի արժանի կհամարես նրա թշնամանքը։ Իսկ երբ խելագար ու մտազուրկ մեկը քո դեմ անպատվաբեր խոսքեր ասի, չես տրտմի, քանի որ այդպիսին ավելի շատ խղճահարության արժանի մի ողորմելի է, քան թե՝ ատելության արժանի մեկը։
Արդ, թող որ մեր դեմ թշնամացողների խոսքերը մեր բարկությունը չառաջացնեն, այլ, ի հեճուկս նրանց, մեր արհամարհա՛նքը, որն էլ հենց կխոցի այդպիսինների հպարտությունը։ Այդկերպ դու քո իմաստությամբ քեզնից կվանես քո դեմ թշնամանալ կամեցող յուրաքանչյուրին՝ նրա թշնամության ճայթյունը մի զուր «հնչման» վերածելով։ «Դադարի՛ր բարկանալուց ու նվազեցրո՛ւ սրտմտութիւնդ» (հմմտ. Սղմ. ԼԶ 8), որպեսզի խուսափես Աստծո բարկության փորձությունից, որը «երկնքից հայտնվելու է մարդկանց ամբողջ ամբարշտության և անիրավության վրա» (հմմտ. Հռոմ. Ա 18)։
Եթե ողջախոհ մտքով կարողանաս արմատախիլ անել սրտմտության դառն արմատը, ապա այդ ախտի հետ բազում այլ ախտեր ևս արմատախիլ արած կլինես, քանի որ և՛ նենգությունը, և՛ անհամաձայնությունը, և՛ անհավատությունը, և՛ չարախոսությունը, և՛ անհավատարմությունը, և՛ ամբարշտությունը, և՛ նմանատիպ մյուս չարիքները զայրույթ կոչված չարիքի շառավիղներն են։
Ուստի այսուհետև հեռո՛ւ վանենք մեզնից չարը, որը հոգու հիվանդություն է, մտքի խավարում, Աստծուց օտարացում, օտարամետություն, պատերազմի սկիզբ, թշվառության լրում, չար դև՝ մեր հոգում ծնունդ առած։ Իսկ երբ այդ չարը լրբաբար տիրում է մեզ, ներսից գոցում է Սուրբ Հոգու ճանապարհը, քանի որ ուր թշնամանքը, նախանձը, սրտմտությունն ու հակառակություններն են (հմմտ. Գաղ. Ե 20), այնտեղ հոգուն տիրում են խռովությամբ ամբոխված պառակտումները, իսկ հեզությունը փախչում է այնտեղից։
Ուստի, երանելի Պողոսի խրատին անսալով, «ամեն բարկություն, զայրույթ ու աղաղակ» (Եփես. Դ 31)՝ իրենց ողջ չարությամբ հանդերձ, վերացնե՛նք մեզնից, և միմյանց նկատմամբ քաղցրաբարո ու բարեգո՛ւթ լինենք՝ համբերելով այն երանելի հույսի իրականացմանը, որը հեզերի՛ն է խոստացված (քանի որ երանելի են հեզերը, որովհետև նրանք Երկիրը պիտի ժառանգեն (հմմտ. Մտթ. Ե 5)) մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն։
Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս․ Էջմիածին, 2008թ․,
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը
Սկիզբն այստեղ՝https://matyan.am/2024/08/15/surb-barsegh-episkopos-barkatsoghneri-masin/, Մաս Բ ՝https://matyan.am/2024/08/16/surb-barsegh-episkoposi-khosq-barkatsoghneri-masin/