Պարզությունը հոգու մի վիճակ է, սովորության ուժ ստացած, որ բացառում է որևէ արհեստականություն, և հոգին ախտազերծում է չարամտությունից։ Չարության բացակայությունը մի բերկրալի վիճակ է՝ հոգու, որը զերծ է որևէ հետին մտքից։ Մանկության առաջին առանձնաշնորհությունը արհեստականությունից զերծ պարզությունն է. ողջ այն ժամանակվա ընթացքում, որ Ադամը պահպանեց այն, չտեսավ ո՛չ հոգու, ո՛չ էլ մարմնի մերկությունը։
Գեղեցիկ և երանելի է պարզությունը, որով ոմանք օժտված են ի ծնե, բայց սա նվազ գեղեցիկ ու երանելի է, քան այն պարզությունը, որը ճիգ ու ջանքի գործադրմամբ և քրտինքով է կարողանում պատվաստվել ոչ-լավորակ արմատի վրա։ Առաջինը պաշտպանված է բազմաթիվ արհեստականություններից ու կրքերից, բայց երկրորդը հայթայթում է մի խորագույն խոնարհություն և մի ամբողջական հեզություն(*)։ Առաջինը հատուցման գրեթե ոչ մի արժանիք չունի, մինչդեռ երկրորդն արժանի է անսահման հատուցման։
Մենք բոլորս, որ ցանկանում ենք ձգել Տիրոջը դեպի մեզ, մերձենանք Նրան ինչպես աշակերտներն իրենց ուսուցչին, ամենայն պարզությամբ, առանց կեղծավորության, առանց չարության, առանց արհեստականությունների, առանց բարդացումների։ Արդարև, Նա Ինքը պարզ է և առանց բարդությունների, և կամենում է, որ Իրեն մերձեցող հոգիները պարզ լինեն ու անմեղ։ Քանի որ երբեք չեք գտնի պարզությունը խոնարհությունից բաժանված։ […]
——————————————————————————————————————————————————
(*) Բառացի՝ քաղցրություն, անուշություն։
Սբ. Հովհաննես Կղիմաքոս (մոտ 575 — մոտ 650). Սանդուղք Դրախտի, 24֊րդ աստիճան.
Աղբյուր՝ https://mashtoz.org/