ԺԶ. Ընկերոջ օգտի համար ի սեր Աստծու անվարձահատույց աշխատելն Աստծուն ծառայել է և ընկերոջը բարերարել: Իսկ վարձի ակնկալությամբ ընկերոջ համար աշխատելը մարդկանց ծառայել է և սեփական անձի’ն բարերարել: Ով պատվի ու հարստության ակնկալությամբ է աշխատում հասարակության օգտին, պատվի ու հարստության ծառա է, իսկ ով աշխատում է ազատորեն՝ առաքինության հանդեպ սիրուց միայն, պատվի ու հարստության վրա իշխող է:
ԺԷ. Փառքը բարերարության մեջ է և ոչ թե հարստության: Ուրեմն ով կամենում է փառք ստանալ, թող չդադարի ուրիշներին բարիք գործելուց: Ոչ ոք չի կարող ճշմարիտ մեծարանք ու փառք ունենալ, եթե բարերարություն չունի: Հասարակության օգտին պետք է աշխատել սոսկ առաքինության հանդեպ սիրուց և ոչ թե փառքի, գովության ու շահի համար: Որովհետև եթե մեկն իբրև աշխատանքի վարձ ընդունի փառք, գովություն կամ ինչք, կկորցնի առաքինության հարգը և ասես ոսկին կփոխանակի հողով: Հնում մի օրենսդիր հարուստ իր ազգի համար բազում օգտակար օրենքներ սահմանեց, ժողովրդին երդմնեցրեց իր բացակայության ընթացքում այդ օրենքներից ոչ մեկը չխախտել և ապա իր հայրենիքից գաղտնի հեռանալով օտար երկիր՝այնտեղ իբրև մի աղքատ մարդ մնաց մինչև մահ: Այս արեց ազգի հանդեպ սիրուց, որպեսզի երդման պարտավորության տակ օրենքները հաստատուն ու մշտնջենավոր մնան: Եգիպտացի Սեքրուպը, որ դարձավ աթենացիների իմաստուն թագավոր, այնքան էր կամենում հասարակության բարին, որ մինչև իսկ չուզեց իր որդուն թագավորության հաջորդ կարգել՝ մտածելով, որ գուցե իր որդուց առավել արժանավոր այլ մեկը գտնվի:
ԺԸ. Բնավ զարմանալի չէ, եթե բարի ու հասարակության հանդեպ երախտավոր իշխանը վարկաբեկվի նրանց կողմից, ում բարիք է գործել: Որովհետև ա’յս իսկ է այժմ աշխարհի օրենքը, երախտավորն ամենքից պիտի ատվի: Ուստի և բարերար իշխանը, այս իմանալով, բնավ չի նեղվում ստացած դաժան հատուցումից, այլ մխիթարվում է իր դյուցազնական առաքինություններով, որոնք ի վիճակի են նրա սիրտը սփոփելու, մանավանդ որ համոզված է, թե վայել է, որ բարի իշխանը բազում բարիքներ գործի հասարակության համար՝ գիտենալով հանդերձ, որ ապաշնորհներից իբրև հատուցում բազում չարիքներ պիտի ստանա:
ԺԹ. Ընկերային կենցաղավարությունը, ուր ընկերության անդամները միմյանց հետ հաղորդակցությամբ բարիք են գործում հասարակությանը, նման է անվավոր ժամացույցի. մեկը հողն է մշակում, մյուսը՝ խաշներն արածեցնում, մեկը ոստայնանկությամբ է զբաղվում, մյուսը՝ երկաթ մշակում, մեկն օգտակար օրենքներով հասարակությանն է կառավարում, մյուսը՝ զենքի ուժով հայրենիքը պաշտպանում, մնացած բոլորը նույնպես Աստծուց ստացած պես-պես շնորհներով, աշխատանքի արդյունքներով ծառայում են հասարակությանը: Եվ օրինակ՝ եթե որևէ անիվ ժամացույցից պակասում կամ խանգարվում է, այնուհետև ժամացույցը չի կարողանում պարտուպատշաճ գործողությունն անվրեպ կատարել,այլ մերթ կաղիկաղ է ընթանում, մերթ էլ արգելակվելով կանգնում, նույն ձևով էլ, եթե հա-սարակության կարևոր անդամներից մեկը պակասի կամ խանգարվի, ողջ հասարակությունը վտանգի մեջ կհայտնվի կամ իսպառ կկործանվի, օրինակ՝ եթե պակասի մշակը, ոստայնանկը կամ դարբինը, կամ էլ եթե խանգարվի զինվորական բարեկարգությունը կամ օրենքի արդարությունը, օրինակ՝ եթե զինվորը քաջասիրտ ու հայրենասեր լինելու փոխարեն վատասիրտ ու հայրենիքի դավաճան լինի, և իշխանը կամ դատավորն օգտակար ու իմաստուն օրենքների փոխարեն անիրավ ու հասարակությանը վնասակար օրենքներ սահմանի, մանավանդ եթե իր կա’մքն օրենք դարձնի: Ուրեմն՝ ազգասերը պիտի փութա այդ անդամների պակասը լրացնել ու խանգարվածին ուղղել: Իսկ եթե վերջինս չկամենա ուղղվել, պատեհ է այդպիսինին հասարակության մարմնից կտրել-հեռացնել, որպեսզի մյուս անդամներին էլ չփչացնի: Ահա սրանում են հաստատված ընկերային կենցաղավարության երջանկությունն ու թշվառությունը:
Ի. Ազգի երջանկության համար չորս բան է խիստ անհրաժեշտ. առաջինª մեծ ու ա-ռաջնային համարել օրենքի պահպանությունը, երկրորդ՝ անհրաժեշտ բաներն ունենալու համար յուրաքանչյուրը պիտի աշխատի, երրորդ՝ նեղության ժամանակ ընկերոջը թիկունք կանգնել, չորրորդ՝ հասարակության օգտի ու բարու համար ջանք թափել: Երջանիկ է այն ազգը, որի առաջնորդները բարեկարգ են, իշխանները՝հայրենասեր, քահանաներն՝ իմաստուն, դատավորներն՝ արդար, ուսուցիչներն՝առաքինի, ծերերը՝ խորհրդատու, երիտասարդները՝ ջանասեր:
ԻԱ. Աստված անում է ոչ թե այնքան, որքան կարող է, այլ որքան կամենում է. իսկ մարդն անում է ոչ թե այնքան, որքան կամենում է, այլ որքան կարող է, Աստված էլ մարդուց այնքան բարիք է պահանջում, որքան մարդը կարող է գործել: Բայց հայրենասեր մարդը պիտի նախընտրի ազգին օգտակար գործերը, քան փառավորները, երբ երկուսը միաժամանակ գործելու հնարավորություն չկա:
ԻԲ. Ով իր սրտում բնակված ունի Աստծու հանդեպ սերը, չի դադարում իր ընկերոջը սիրելուց: Իսկ ընկերոջը սիրելը նրան բարիք գործելն է, որովհետև սերը հիմքն ու արմատն է, իսկ բարերարությունը՝ ոստն ու բողբոջը, և եթե ոստը դալար է, նշանակում է՝ նրա արմատը կենսունակ է: Իսկ ով ընկերոջ հանդեպ սերը լոկ խոսքով է ցուցադրում և որևէ օգտակար գործ նրա համար չի անում, Աստծու հանդեպ սիրո մեջ կատարյալ չէ:
ԻԳ. Ով գութն ու մարդասիրությունը կորցնում է, այլևս մարդ չէ, այլ այլանդակ գազան: Ուստի երբ վտանգի մեջ է ընկնում, նրան կարեկից ու օգնական մեկը չի գտնվում, այլ ամենքը հեռու են մնում նրանիցª իբրև մի ահավոր գազանից: Որովհետև ով ուրիշների հանդեպ անգութ է, Աստծու արդարությունը թույլ չի տալիս, որ նա որևէ մեկից գթություն գտնի: Ուստի թող ոչ ոքի չմեղադրի իր նեղության մեջ, որովհետև իր անգութ սրտին արժանի հատուցում է ստանում:
ԻԴ. Ով օգնել կարող է, բայց հանձն չի առնում, անգութ է, իսկ ով կարող է ու հանձն է առնում, բայց չի օգնում, անգութ ու անիրավ է, որովհետև կարոտյալին ավելի է սրտաբեկում: Բարեգութ սրտի նշան է, նեղության մեջ լինելով հանդերձ, ըստ ձեռնհասության նեղյալին օգնել ջանալը:
ԻԵ. Ամենքին ամեն ժամանակ օգնելը գործն է Աստծու, բոլոր խնդիրքները կատարելը՝ծառայի, որոշ խնդիրքներ կատարելն ու որոշներ զանց առնելըª ազատի, խնդրածը չստանալու համար տրտնջալը՝ անիրավի, խնդրածը ստանալով հանդերձ ապերախտ գտնվելը՝ անհավատի, խնդրածը չստանալու համար չտրտմելը՝ բարեբարո անձի:
ԻԶ. Քաջ ու երկայնամիտ մարդը չի հուսաբեկվում, երբ իր օգտի համար արած իր խնդիրքի կատարումը հապաղում է, այլ քաջությամբ համբերում է, մինչև ստանա: Իսկ ով անարի ու փոքրոգի է, խնդիրքի կատարման հապաղելու պարագային վհատվում է ու հետ կանգնում: Եվ նա, ով մոռանում է մեկից ստացած բարերարությունը և գանգատվում խնդրածը չստանալու համար, անիրավ է ու ապերախտ:
ԻԷ. Հետին անմտություն ու հակաբնական բան է սեփական անձը վատաբանելը: Եվ զարմանալի է, թե ինչպես են ոմանք վատաբանում իրենց ազգը՝ նրանից չարախոսելով, կարծես միայն իրենք են ընտիր ու պատվական, իսկ ամբողջ ազգը՝ անարգ ու վատ:Կրքից կուրացածները չեն տեսնում, թե ամեն մաս ամբողջին է պատկանում ու նրանում պարունակվում, իսկ եթե ամբողջը վատ ու արհամարհելի է, քաջ հայտնի է, որ նրա որևէմաս և’ս նրա հետ անարգ ու վատ է:Արդ, եթե ողջ ազգի հասարակությունն արհամարհելի է ու վատ, ապա իրենք իսկ չարախոսները, որ ազգի ողջ հասարակության անդամ ու մաս են, արհամարհելի են ու վատ: Ուրեմն չարաչար կուրություն է սեփական ազգը վատաբանելը:
«Թանգարան խրատու, յօրինեալ ի Պօղոս Պատրիարքէ Անդրիանուպօլսեցւոյ»
Երուսաղէմ, Սրբոց Յակովբեանց տպարան, 1870 թ.
Թարգմանությունը՝ Վազգեն Համբարձումյանի
( Շարունակելի )
Սկիզբն այստեղ՝https://matyan.am/2024/08/04/azgaser/