Եսայի 19.8-19
8 գետի եզերքներին եղած ողջ կանաչը եւ բոլոր հերկերը, որոնք գետի ջրով են մշակւում, խորշակահար չորանալու են։ 9 Ձկնորսները տրտմելու են, գետի մէջ բոլոր կարթ գցողները հոգոց են հանելու, ցանց եւ ուռկան գցողները սուգ են անելու։ 10 Ամաչելու են նաեւ բարակ կտաւ մանող կտաւագործները, եւ նրանք, որ բեհեզ են գործում։ 11 Բոլոր արհեստաւորները տրտմութեամբ են համակուելու, բոլոր տարազագործները տխրելու են, եւ նրանց սրտերը ցաւելու են։12 Տայանի իշխանները՝ թագաւորի իմաստուն խորհրդականները, յիմարանալու են, նրանց ժողովը դառնալու է անմիտ։ Էլ ինչպէ՞ս կ՚ասէք արքային. «Իմաստունների զաւակներ ենք մենք, նախկին թագաւորների զաւակներ»։ 13 Արդ, ո՞ւր են քո իմաստունները, թող պատմեն քեզ եւ ասեն, թէ ինչ խորհուրդ խորհեց Զօրութիւնների Տէրը Եգիպտոսի մասին։ 14 Տայանի իշխանները յիմարացան, մեմփացիների իշխանները մեծամտացան, որոնք մոլորեցնելու են եգիպտացիներին՝ իրենց բոլոր ցեղերով։ 15 Տէրը մոլորութեան ոգի խառնեց նրանց, եւ նրանք Եգիպտոսն ամէն բանի մէջ մոլորեցրին այնպէս, ինչպէս մոլորւում է այն հարբածը, որ փսխում է։ 16 Եւ թող եգիպտացիներն այլեւս գործ չունենան՝ ո՛չ յետոյ եւ ո՛չ էլ առաջ, ո՛չ սկզբում եւ ո՛չ էլ վերջում։ 17 Այն օրը եգիպտացիները պիտի դառնան կանանց նման՝ դողալով եւ զարհուրելով Զօրութիւնների տիրոջ ձեռքից, որ երկարելու է նրանց վրայ։ 18 Իսկ Հրէաստան երկիրը պիտի ահի մատնի եգիպտացիներին, եւ ամէնքն էլ, ովքեր այդ երկրի անունը տալու լինեն նրանց մօտ, պիտի սարսափեն այն խորհրդից, որ Զօրութիւնների Տէրը խորհեց իրենց մասին։ 19 Այն ժամանակ Եգիպտացիների երկրում պիտի լինի հինգ քաղաք, որտեղ մարդիկ խօսելու են քանանացիների լեզուով եւ երդուելու են Զօրութիւնների Տիրոջ անունով։ Մի քաղաքը կոչուելու է Ասեդեկ քաղաք։
Բ Կորնթացիներ 1.1-11
Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի առաքեալը Աստծու կամքով, եւ Տիմոթէոս եղբայրը, Կորնթոսում գտնուող Աստծու եկեղեցուն, Աքայիայի բոլոր կողմերում եղող բոլոր սրբերով հանդերձ. 2 շնո՜րհ ընդ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։ 3 Օրհնեալ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Հայրը գթութիւնների եւ Աստուած ամենայն մխիթարութեան, 4 որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղութիւնների մէջ, որպէսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, որոնք ամէն տեսակ նեղութիւնների մէջ են, այն մխիթարութեամբ, որով մենք ենք մխիթարւում Աստծուց. 5 որովհետեւ ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նոյնքան եւ Քրիստոսի միջոցով մեր մխիթարութիւնն էլ առաւել կը լինի.6 քանզի, եթէ նեղութիւն ենք կրում, այդ՝ ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է։ Եւ եթէ մխիթարւում ենք, այդ՝ ձեր այն մխիթարութեան համար է, որ համբերութեամբ կրել է տալիս այն չարչարանքները, որոնցով եւ մենք ենք չարչարւում։ 7 Եւ ձեր հանդէպ մեր յոյսը հաստատուն է, քանզի գիտենք, որ մասնակից էք ինչպէս չարչարանքներին, այնպէս էլ մխիթարութեանը. 8 որովհետեւ, եղբայրնե՛ր, ուզում եմ, որ դուք գիտենաք Ասիայում մեզ պատահած այն նեղութեան մասին, որը մեր կարողութիւնից աւելի ծանր տարանք, մինչեւ իսկ կեանքից մեր յոյսը կտրելու աստիճան. 9 եւ մենք մեր անձի վրայ իսկ կրեցինք մահուան վճիռը, որպէսզի մենք չապաւինենք մեզ, այլ՝ Աստծուն, որ յարութիւն է տալիս մեռելներին, 10 որ այդպիսի մահուանից փրկեց մեզ եւ կը փրկի. 11 քանզի յոյս ունենք, թէ դեռ պիտի փրկի՝ մեզ համար ձեր արած աղօթքների օգնութեամբ, որպէսզի շատեր այդ աղօթքների միջոցով առատօրէն մեզ տրուած շնորհները տեսնելով՝ գոհութիւն տան Աստծուն մեզ համար։
Ավ. ըստ Մարկոսի 4.35-40
35 Այդ նոյն օրը, երեկոյեան դէմ, աշակերտներին ասաց. «Եկէ՛ք անցնենք ծովի միւս կողմը»։ 36 Թողնելով ժողովրդին՝ նրան իրենց հետ տարան նաւակով, ինչպէս նաեւ՝ միւս նաւակները, որ նրա հետ էին։ 37 Եւ մեծ հողմամրրիկ բարձրացաւ ու ալիքները նաւակի մէջ էր թափում, այնպէս որ նաւակը գրեթէ լցւում էր։ 38 Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»։39 Եւ նա, արթնանալով, սաստեց հողմին եւ ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»։ Եւ հողմը դադարեց, ու մեծ խաղաղութիւն եղաւ։ 40 Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. դեռեւս հաւատ չունէ՞ք»։