Մեզ մնում է բացատրել երկրորդ նշանաբանը. «Նա, ով կանչում է Տիրոջ անունը, պարտավոր է հեռու մնալ անիրավությունից»։ Այս խոսքը սերտորեն կապված է առաջինի հետ. նախ ցույց տանք այս կապը։
Ասացինք, որ Աստված ճանաչում է յուրայիններին։ Սակայն այս խոսքը գուցե հակասական թվա, քանի որ եթե Աստված ճանաչում է Իրեններին ու քանի որ Աստված է միայն Դատավորը, ուրեմն մենք կարող ենք ամեն տեսակի չարությո՞ւն անել Եկեղեցու ներսում։ -Ո՛չ և ո՛չ, կարգապահություն կոչված երևույթը գոյություն ունի. պետք է նկատի ունենանք դա։ Եթե մենք չէ, որ պիտի դատենք ուրիշների անձերը, սակայն մենք ենք, որ պիտի կարողանանք դատել մեր նմանների գործերը։ Երբ տեսնում եմ մի մարդու, որն ինքն իր մասին ասում է, թե քրիստոնյա է, սակայն ապրում է հանցավորի կյանքով, այդժամ ես իրավունք և պարտավորություն ունեմ ասելու. «Այս մարդու գործերը քրիստոնյայի գործեր չեն, քանի որ նա, ով Տիրոջ անունն է կանչում, պարտավոր է հեռու մնալ անիրավությունից»։
Քրիստոնեական կրոնի այս սկզբունքը շատ արդար ու օրինավոր է։ Այն լավագույն ապացույցն է իր ճշմարտացիության։ Այն կրոնը, որը պահանջում է կյանքի սրբություն, ուղղամտություն, կատարելություն, որը դատապարտում է կեղծիքը, ագահությունը, հպարտությունը և բոլոր գետնաքարշ մոլությունները, որը պարտադրում է անիրավությունից հեռու պահել սեփական անձը, այդ կրո՛նն է ճշմարիտ կրոնը, և չեմ հապաղի ասել, որ այդ կրոնը քրիստոնեությունն իսկ է։
Արդ, այսպես չի կարելի ասել բոլոր կրոնների մասին։ Կարծիք կա, որ կրոնական զգացումը մարդուն առաջնորդում է բարոյական կյանքով ապրելու. այդ ճիշտ է, եթե միայն կրոնը մոլեռանդ կրոն չէ։ Մենք հաճախ բարեպաշտության քողի տակ անբարո երևույթներ ենք տեսնում։ Մոնաքսում Մայր եկեղեցին հեռու չէ խաղատնից և խաղամոլների «գուրգուրանքի» առարկան է դարձել նրանց կողմից մատուցվող նվերների տեսքով։ Այդ պատճառով էլ այս Մայր եկեղեցին ամենաճոխ ու հարուստ եկեղեցին է ու իր ճոխությամբ գերազանցում է մինչև անգամ Մոնտե-Կարլոյի զբոսարաններին։
Նմանատիպ գայթակղությունները հիշեցնում են մարգարեի՝ վրեժխնդրություն արտահայտող խոսքը նրա՛նց վերաբերյալ, ովքեր «զոհեր են ընծայում հափշտակության պտուղներով»։ Ճշմարիտ չէ այն կրոնը, որը զուրկ է բարոյականությունից։ Ցավալին ու զայրացնողն այն է, որ շատ անգամ անբարոյությունները կրոնով «սրբագործելու» միտում է նկատվում։ Սակայն մեր ներսում կա անսխալական մի բնազդ, որը մեզ զեկուցում է, թե մեր արածն Աստծու կամքին դեմ է, հաճելի չէ Աստծուն։ Երբ կանչում ենք Տիրոջ անունը, պետք է նաև հեռանանք մեղքից, պետք է երես թեքենք անիրավությունից։ Անկարելի է մեր կրոնը սուրբ, վսեմ ու աստվածային կրոն համարել, եթե մենք պարկեշտ ու բարոյական կյանքով չենք ապրում։
Քրիստոնյան իր խոսքերի մեջ՝ քաղցրաբարբառ, իր գործերի մեջ՝ նրբանկատ, իր նվերների մեջ՝ զվարթասիրտ պիտի լինի։ Արդ, հարցրե՛ք ինքներդ ձեզ, թե դուք ինչպիսի՞ վարվելակերպ ունեք ձեր խոսքերի, ձեր գործերի, ձեր նվերների մեջ։ Եկեղեցու «բախտը» ձեր ձեռքին է։ Եթե դուք անտարբեր եք ձեր խոսքերի, ձեր գործերի, ձեր նվերների մեջ, էլ ի՞նչ արժեք ունի ձեր քրիստոնյա լինելը։ Քրիստոնյա չէ նա, ով չի հեռացել անիրավությունից։ Ի՞նչ արժեք ունի ձեր ընդունած Ավետարանն այնժամ, երբ այն ազդեցություն չունի ձեր կյանքի վրա, երբ այն չի փոխում ձեր սիրտը, երբ այն զորություն չունի, երբ աղը կորցրել իր համը։
Դո՛ւք, որ այս պահին ունկնդրում եք ինձ և աղաղակում եք Տիրոջ անունը, հարցնում եմ ձե՛զ. «Հեռացե՞լ եք դուք անիրավությունից, կամեցե՞լ եք հետևել խղճի ձայնին, շարժվել ճշմարտության համեմատ։ Զգուշացե՞լ եք դուք չարից, մինչև իսկ երես թեքե՞լ եք ցուցամոլությունից, բոլոր չար բաներից հեռու մնացե՞լ եք» (հմմտ. Ա Թես. Ե 22)։
Քրիստոնեության պատմության այն ժամանակաշրջանում, երբ հեթանոսները դեռևս չէին ընդունել Ավետարանը, նրանք ամբաստանում էին քրիստոնյաներին իբրև անաստվածների ու անբարոյականների։ Սակայն բոլոր նրանք, ովքեր ուղղամտորեն և մանրամասնորեն ուսումնասիրում էին քրիստոնեական վարդապետությունն ու բարքերը, համոզվում էին, որ հնչող ամբաստանություններն անտեղի ու անպատշաճ էին։
Մարկոս Ավրելիոս կայսեր օրոք Լիոնում տեղի ունեցող սարսափելի հալածանքի ժամանակ մի քրիստոնյա երիտասարդ ևս մատնվում է ամֆիթատրոնի գազանների ճիրաններին։ Նա ամբաստանված էր ոճրագործության մեջ։ Այս դյուցազուն պատանու մահվան ճիչերի մեջ լսելի էր նրա այս քաջարի աղաղակը. «Sum christiana! Sum christiana! Քրիստոնյա՜ եմ, քրիստոնյա՜ եմ», և այնուհետ էլ նա ավելացնում է այս վսեմ խոսքը. «Մեզանում չարություն չեն գործում»։
Մահվան ճիչերին խառնված այս արիական աղաղակից ավելի վսեմ խոսք կարո՞ղ եք երևակայել, գիտե՞ք սրանից առավել ճշմարիտ մի խոսք, որն ավելի լավ կերպով է ապացուցում Ավետարանի՝ Աստծուց «եկած» լինելու հանգամանքը, և վերջապես մի խոսք, որն ուղղակիորեն ձեր խղճին է խոսում։ Դուք չարիք գործո՞ւմ եք, թե՞ ոչ, դուք սեր ունե՞ք, թե՞ ոչ։ Ձեր մեջ քրիստոնեություն կա՞, թե՞ ոչ։ Ի՞նչ մթնոլորտ է տիրում ձեր տան ներսում. խաղաղությո՞ւն, քաղցրությո՞ւն, եղբայրական խանդաղատա՞նք, թե՞ վեճ, կռիվ, անհաշտություն, անհամբերություն ու խռովություն։
Այսօր Ավետարանն այնքան չի անպատվվում անհավատների հալածանքներից, որքան որ քրիստոնյաների թերություններից ու պարտազանցություններից։ Մենք պետք է ապացուցենք, որ քրիստոնեությունը գթության ու բարոյական մեծության դպրոցն է։ Հիսուս «Իրենը եղողներին» ժողովրդականություն չխոստացավ, չասաց, թե «ամենքին հաճելի պիտի լինեք»։ Ուստի և, թերևս, ձեր լրջմտությունն ու պարկեշտությունը պախարակվի, սակայն այդկերպ գործելով մարդիկ պատիվ է, որ պիտի ընծայեն ձեզ։ Կարիք չկա, որ մենք ժողովրդական լինենք, այլ հարկ է, որ մենք ինքներս մեզ այնպիսի մի վիճակի մեջ դնենք, որ կարող լինենք մեզ ճանաչեցնելու իբրև բարի, առաքինի ու պարկեշտ մեկը. «Ծառն իր պտղից է ճանաչվում» (Մտթ. Է 20)։
Ի՞նչ արժեք ունեն արտաքին փայլն ու ցուցադրությունը, երբ մարդ ներքնապես դժգույն ու ոչ երանելի վիճակում է գտնվում։ Անհամ աղի է նմանվում այն եկեղեցականը, որը պերճախոս է իր արտահայտությունների մեջ, բայց որի «ներքին» կյանքը բնավ խրախուսելի չէ։ Նա նմանվում է փտած գերեզմանի, որը իր տեսանելի մասով մաքուր ու սպիտակ է երևում, բայց որը ներքնապես լի է ամենայն աղտեղությամբ ու ամենայն պղծությամբ։
Տեսե՛ք, ահա, մի «բարեպաշտ», որը ճառում է աստվածպաշտության մասին, սակայն որի տունն ամբարշտության բնակատեղին է։ Ահա՛ և մեկ ուրիշը, որը կիրակի օրերին ջերմ հավատացյալ է երևում, բայց որը շաբաթվա մյուս օրերին իր գործերի ու արարքների մեջ անհավատից էլ ավելի մեծ չարությամբ է դրսևորում իրեն։ Այդպիսիք կիրակի օրերին Տիրոջ անունն են աղաղակում, սակայն ահա շաբաթվա ընթացքում ետ չեն դառնում անիրավությունից։
Գիտեք, անշուշտ, այն գեղարվեստական վսեմ տեսարանի մասին, որով Հիսուս ավարտում է Իր լեռան քարոզը։ Այդ «բնապատկերում» երևում են նրանք, ովքեր իրենք իրենց Քրիստոսի մերձավորներն ու սիրելիներն են համարում, քանի որ նրանք իրենց կյանքում ամենից շատ աղաղակել են՝ «Տե՜ր, Տե՜ր»։ Նրանք սպասում են, իբրև վարձատրություն, լուսեղեն պսակ ստանալուն և Երկնքի արքայություն մտնելուն, սակայն Հիսուս ասում է նրանց. «Ոչ ամեն մարդ, որ Ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, Երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է»,- ու այնուհետ էլ ավելացնում է նաև Իր քաղցր ու հեզ սրտից բխող այս խոսքն էլ, թե՝ «հեռո՛ւ կացեք Ինձնից, Ես ձեզ չեմ ճանաչում»։
Ո՜վ հավատացյալներ, աններելի է կյանքի երկդիմի ընթացքը։ Ես հարցնում եմ ձեզ. դուք խզե՞լ եք ձեր կապը մեղքի հետ, դուք լուրջ քննության ենթարկե՞լ եք ինքներդ ձեզ։ Արդյո՞ք «փրկեա՛ զմեզ ի չարէն» աղոթքը խաբեպատիր սուտ չէ միայն ձեր շութերին ու ձեր սրտում։ Աններելի սուտ պիտի լիներ, եթե այս աղոթքն ասեիք, ու ինքներդ ձեզ չարից ազատելու համար որևէ բան չանեիք։ Մինչև ե՞րբ պիտի այս ու այն կողմ տատանվեք։ Եթե Հավիտենական Աստված է ձեր Աստվածը, ծառայեցե՛ք Նրան ուրախությամբ, իսկ եթե Բահաղն է ձեր Աստվածը, ինքներդ որոշեք ձեր դիրքը։
Ո՜վ հավիտենական Տե՛ր, Դու, որ մեր ճշմարիտ Աստվածն ես, շնո՛րհ արա մեզ հեռու մնալու անիրավությունից։ Ամեն։
Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Գ հատոր, Փարիզ, 1925 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը
Սկիզբն այստէղ՝https://matyan.am/2024/09/01/erku-nshanabanner/