Երեկ, տասնչորսերորդ Սաղմոսի մասին մինչև ուշ ժամը խոսելով, ուժասպառ եղանք, սակայն այժմ ձեզնից, որ բարեմտության պարտապաններն եք, պետք է պահանջեմ ձեր պարտքը, այն է՝ կիսատ թողնվածի լրացումը: Դուք պետք է միայն շարունակեք մի փոքր էլ ինձ լսել, որպեսզի եթե ձեզնից շատերը մոռացած էլ լինեն իմ նախկին խոսքերը, այժմ ինձ լսելու շնորհիվ չլինի այնպես, որ Սաղմոսից որևէ խոսք առանց ուսուցանվելու թողնվի:
Այս փոքր խոսքը մեծ զորություն ունի կյանքի համար, ուստի անհրաժեշտ է զանց չառնել այն քննության ենթարկելը: Մարգարեն, խոսելով առաքինության գործերի շնորհիվ հավիտենական կյանքին արժանանալու մասին, առաքինություններ ունենալու քաջագործություն է համարում մանավանդ նաև սեփական արծաթը վաշխով չտալը (հմմտ. Սղմ. ԺԴ 5):
Սուրբ Գրքի շատ տեղերում է պախարակվում այս մեղքը: Եզեկիել մարգարեն մեծամեծ չարիք է համարում տոկոսով տալն ու ավելիով վերցնելը (հմմտ. Եզկ. ԻԲ 12): Նաև Օրենքն է հայտնապես հրաժարեցնում այդ ախտից՝ պատվիրելով. «Քո եղբորը վաշխով արծաթ չտաս» (հմմտ. Բ Օրն. ԻԳ 19): Դարձյալ Երեմիան էլ ասում է՝ «չեն դադարել կուտակելուց նենգություն՝ նենգության, վաշխ՝ վաշխի վրա» (հմմտ. Երմ. Թ 6): Իսկ ի՞նչ է ասում Սաղմոսը չարիքի բազմությունից հղփացած քաղաքի մասին. «Վաշխառությունն ու նենգությունը չվերացան նրա հրապարակներից» (Սղմ. ԾԴ 12):
Եվ այժմ էլ ինքը՝ նույն մարգարեն, մարդկային առաքինությունները թվարկելիս նաև այս է շեշտում՝ ասելով, որ առաքինի մարդը «սեփական արծաթը տոկոսով չի տա» (հմմտ. Սղմ. ԺԴ 5), քանի որ, արդարև, անմարդկային երևույթ է, երբ մեկը իրեն անհրաժեշտ մի բանի կարիք ունենալով՝ ժամանակավորապես իրեն որևէ բան փոխ տալ է խնդրում իր կյանքը բարելավելու համար, սակայն մյուսը, առանց մտածելու՝ իմանալով հանդերձ իրեն դիմող աղքատի թշվառության աստիճանի մասին, կամենում է իր շահը ավելացնել դիմացինի «միջոցով»:
Արդ, Ինքը՝ Տերը, մեզ հայտնապես պատվիրեց՝ ասելով. «ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից» (Մտթ. Ե 42): Բայց ահա արծաթասերը, տեսնելով կարիքի մեջ կռացած մեկին իր մոտ գալիս, մեղավորաբար հրաժարվում է ողորմել նրան: Սակայն ինչպե՞ս կարելի է մերժել քեզ ծնկաչոք աղաչողին, ինչպե՞ս կարելի է նրան «նվաստացած» թողնել, ինչպե՞ս կարելի է չխոսել նրա հետ, չողորմել ու չմտածել նրա՝ քո իսկ բնությունն ունենալու՝ քեզ պես մարդ լինելու մասին, ինչպե՞ս կարելի է արհամարհել նրան, ականջ չխոնարհել նրա խնդրանքի առաջ ու չօգնել նրան:
Այդպիսին ո՛չ դիմացինի պաղատանքներից է «խղճահարվում», ո՛չ արտասուքներից՝ «ազդվում», այլ երդումներով ու ինքն իրեն նզովելով՝ այնպես է ուրանում, որ ինքն ինչ-որ բան ունի, որ քիչ է մնում ես ևս տարակուսեմ այդ հարցում: Սակայն երբ գտնում է մեկին, ով կամենում է փոխ առնել իրենից, իր սուտ երդումներով համոզում է նրան այդ հարցում՝ հետագայում աղքատից անմարդկայնորեն ավելին պահանջելով, քան իր տվածն էր։
Եվ այդպիսով, երբ իրենից փոխառությամբ ինչ-որ բան խնդրողին վերջինիս ցանկացածը վաշխով տալու հնարավորություն է տեսնում, ամբողջովին կերպարանափոխվում է, դեպքին ժպիտ է «նկարում» և չգիտես որտեղից իր մարդկային բնությանը բնորոշ մի սիրալիրություն է դրսևորում ու իրեն դիմողին հանկարծ այնպիսի «ընդունելության» է արժանացնում, որ ասես, ինչպես հենց ինքն է ասում, բարեկամին տեսած լինի, ու այդժամ միայն սկսում է խոսել իր՝ ինչ-որ տեղ պահած արծաթի մասին:
Ու այնուհետև էլ սկսում է խոսել դիմացինին ավանդ տալու միջոցով «օգնելու» իր պատրաստակամության մասին՝ ասելով. «Ուրիշները սաստիկ մեծ վաշխով են փոխ տալիս, սակայն քանի որ դու իմ սիրելին ես, բացառված է, որ քեզ մեծ վաշխով փոխ տամ, այլ հնարավորինս ավելի «հարմար» պայմաններով քեզ կօգնեմ»: Այսպես ձևացնելով՝ իր նմանատիպ խոսքերով խաբում է թշվառականին՝ գրով նրա համաձայնությունն ստանալով առ այն, որ թեպետ ինքը վտանգավոր աղքատության շեմին է՝ պայմանավորվածությունը խախտելու դեպքում սեփական ազատությամբ է պարտավորվում «վճարել»:
Այս հարկադրանքով է միայն, որ անհուսալի վիճակում գտնվող աղքատը վերցնում է իրեն փոխ տրված գումարը և հեռանում, սակայն նա, ով նրան տոկոսի տակ է դնում, այդպիսով պարտական է դարձնում ու «կապում» իրեն, ու եթե հանկարծ էլ ի վիճակի չի լինում հետ վճարելու փոխ տրված գումարը՝ տոկոսներով հանդերձ, ստիպված է լինում «վճարել»՝ իր ողջ կյանքը իբրև ծառայություն մատուցելով:
Սակայն, ասա՛ ինձ, օգուտ ես ուզում ստանալ աղքատ կարիքավորի՞ց: Բայց չէ՞ որ եթե նա քեզնից ավելի հարստություն ունենար, չէր դիմի քո դուռը, այնպես չէ՞: Ու փաստորեն, այնպես է ստացվում, որ այդ աղքատն իր աղքատության դեմ մարտնչելու համար ընկեր փնտրելով՝ մեկ այլ պատերազմի մեջ է ներքաշվում, և ապաքինող դեղ փնտրելով՝ մահացու թո՛ւյն է գտնում:
Մինչդեռ հարկավոր էր մխիթարել աղքատության մեջ գտնվող մարդուն, դու դեռ մի բան էլ բազմապատկում ես նրա կարիքները՝ ասես պտուղ փնտրելով անապատում: Դա նույնն է, թե բժիշկը, հիվանդի մոտ մտնելով, նրա առողջության մասին հոգ տանելու ու նրան կազդուրվելու միջոց տալու փոխարեն՝ մի դեղ է տալիս, որն առավել վատթարացնում է այդ թշվառ ու խեղճ հիվանդի վիճակը:
Եվ այնպես, ինչպես որ հողագործները անձրևի են փափագում, որպեսզի իրենց ցանած սերմերը բարեհաջող պտուղ տան, նույնպես և դու աղքատություն ու կարիքավորություն ես ցանկանում ուրիշներին, որպեսզի այդ ամենի հետևանքով քո հարստությունը շատանա: Մի՞թե չես գիտակցում, սակայն, որ մթերքների առատության հետ նաև առատ մեղք ես ամբարում, երբ քո հարստությունն ավելացնում ես ստացածդ տոկոսների հաշվին:
Նաև չէ՞ որ չպետք է մոռացության մատնել այն հանգամանքը, որ անելանելիության մեջ գտնվող կարիքավորը՝ հայացք գցելով ներկա պահին աղքատության մեջ եղող իր վիճակին, առանց «տեսնելու» ստացածը հետ վճարելու անհրաժեշտությունը, վերահասու վտանգի պայմաններում համարձակորեն դիմում է տոկոսով փոխառության միջոցին: Ու երբ իրադարձությունների բերումով պարտքի բեռի տակ է մնում, դու առանց խղճի խայթ զգալու՝ «գրոհում» ես այդ թշվառի վրա՝ նրա ստորագրած պարտավորագիրն ու երաշխավորությունը ձեռքումդ ամուր սեղմած:
Իսկ ահա կարիքավորը, վերցնելով իրեն փոխ տրվածը, ուրախանում, զվարճանում է, ինչպես մեկը, ով հրճվում է օտար ծաղկով: Նա փոխում է իր կենցաղը, քանի որ նրա սեղանը «հղփանում» է կերակուրներով, նա իրեն բազմապատիկ պատմուճաններ է կարել տալիս, ծառաներ է վարձում, որո՛նք անգամ զվարթ կենցաղով են ապրում: Ու այդպիսով նախկին «կարիքավորը» փոխ առած գումարը շռայլելով՝ փաղաքշանքների է մատնում սեփական անձը՝ դեռ մի բան էլ իր զվարճանքներին մասնակից դարձնելով ուրիշներին, որոնք բյուրավոր իշամեղուների նման լցվում են նրա տուն:
Սակայն երբ նրա «ունեցվածքը» սպառվում է ու վրա է հասնում վաշխը հետ վերադարձնելու ժամանակը, էլ ո՛չ գիշերն է նրան հանգիստ բերում, ո՛չ ցերեկը՝ զվարճություն: Մինչև անգամ արեգակը նրան այլևս վայելուչ չի թվում, առավել դժվարանում է նրա կյանքը, նա սկսում է ատել օրերը, որոնք անցնելով՝ նրան մոտեցնում են գումարը հետ վերադարձնելու պահին, ու սկսում է վախենալ ամիսներից, որոնք ավելացնում են վճարելիք տոկոսները:
Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս․ Էջմիածին, 2008թ․,
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը
(Շարունակելի)