Երկու ժողովրդական երգ՝ Սուրբ Կարապետ-Վանքի Բոլոր
Մշակումը՝ Արզաս Ոսկանյանի
ԱՐԱՐ Երգչախումբ
Խմբավար՝ Գոռ Մելքումյան
Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում առանձնահատուկ վերաբերմունքի է արժանացրել իր սրբատեղերին՝ ձոնելով գովքեր, երգեր, որտեղ խտացված է մաքրամաքուր հավատքն առ Աստված և սրբատեղերի պաշտամունք։ Եվ հավատքը չի խարխլվել նույնիսկ այն ժամանակ, երբ ավերվել է որևէ վանք կամ սրբատեղի, պարզապես այնժամ երգերը դարձել են կորստի, ցավի և միևնույն ժամանակ անմար հավատքի երգեր։ Ս. Կարապետի վանքը գտնվում է Մուշ քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք` Քարքե կոչվող լեռան լանջին։ Նա ամենագեղեցիկն ու ամենաընդարձակն է եղել գավառական վանքերից։ Ս. Կարապետը միայն մի եկեղեցի կամ տաճար չէ, այլ մի քանի տաճարների ամբողջություն, որոնք կազմում են սրբավայրերի մի խումբ։Վանքը կառուցվել է 4-րդ դարում։ Ըստ ավանդության հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, և նրա մահից հետո նրա մարմինը ամվափվել է ս. Կարապետ կոչված մատուռի տակ:Ս. Կարապետի վանքից դեպի Մուշի դաշտը բացվում է մի գեղեցիկ տեսարան, հեռվում երևում են դաշտի եզրում ընկած լեռները և Տավրոսի շղթան։ Ս. Կարապետի վանքը Արևմտյան Հայաստանում համարվում էր ամենամեծ ու ամենանվիրական սրբավայրը։ Նա ոչ միայն Տարոն աշխարհի ամենանշանավոր վանքն էր, այլև ամբողջ հայությանը ծանոթ մեծագույն մենաստանը ս. Էջմիածնից հետո։ Նրա համբավն ու հռչակը դուրս էր եկել ազգային սահմաններից և դարձել նաև սրբավայր տեղացի և օտար ազգերի համար: Բացի այդ` մեր մատենագիրների մոտ կան հիշատակություններ, որ օտարազգի քրիստոնյաներ շատ հաճախ են ուխտի եկել ս. Կարապետի վանքը։