Ու թեպետ քնած էլ է լինում՝ երազում տեսնում է իր փոխատուին ու չար անուրջները չեն հեռանում նրա գլխից: Եվ թեպետ արթուն էլ է լինում, նրա միակ մտածումն ու հոգսը վաշխն է: «Վաշխ տվողն ու փոխապարտը,- ասում է Սուրբ Գիրքը,- հասնելու են նույն տեղը, և երկուսին էլ առերեսելու է Տերը» (հմմտ. Առակ. ԻԹ 13), քանի որ մեկը ինչպես շուն՝ ընթանում է որսի հետևից, իսկ մյուսն էլ, իբրև պատրաստի որս, խուսափում է հանդիպումից, որովհետև աղքատությունը նրանից խլած է լինում ամեն համարձակություն:
Նրանք երկուսն էլ «հաշվարկի» մեջ են. մեկը խնդությամբ իր տոկոսներն է հաշվում, մյուսը՝ հառաչանքով «չափում» է իր ավելացող թշվառության մեծությունը: «Քո ջուրը խմի՛ր քո ամանից» (Առակ. Ե 15). ա՛յս է քեզ ժառանգված պատվիրանը: Շո՛ւրջդ նայիր ու զգո՛ւյշ եղիր, որ օտար աղբյուրների հետևից չգնաս, այլ քո սեփական «բերքի՛ց» քո կյանքի համար ապրուստ քաղիր: Պղինձ, հանդերձներ, լծկան կենդանիներ, տարատեսակ անոթներ ունե՞ս, դրանցի՛ց հրաժարվիր, սակայն ո՛չ ազատությունիցդ: Ասում ես, թե վախենում ես ամենքի աչքին տեսանելի քո այդ «անպատվաբեր» վաճառքի՞ց: Սակայն մի՞թե մի փոքր հետո ավելի վատ չի լինի, երբ պարտատերդ ի լուր ամենքի կհայտարարի, որ դու պարտք ես իրեն, սակայն վճարելու՝ անկարող, մինչդեռ կարող էիր քո ունեցվածքը վաճառելով՝ այնուհետ կրկին հետ գնել այն փոխատուից:
Ուրիշի դռները մի՛ ընկիր, քանի որ, արդարև, «օտար բանը նեղ ջրհոր է» (Առակ. ԻԳ 27): Ավելի լավ է քո քիչ ունեցածով կարիքներդ բավարարես, քան միանգամից «տիրանաս» ուրիշի տվածին ու այնուհետ էլ միանգամից ամբողջովին զրկվես քո ողջ ունեցվածքից: Քանի որ եթե կարծում ես, թե երբ ժամանակը գա, կկարողանաս հատուցել քո պարտքը, ապա ուրեմն ինչո՞ւ քո այդ միջոցներով ինքդ քեզ քո մոտալուտ սնանկությունից չես ապահովագրում։ Իսկ եթե տարակուսում էլ ես այն հարցում, որ կարող ես վերադարձնել քեզ փոխ տրվածը, ուրեմն քո այդ քայլը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ չարը չարով «դարմանելու» փորձ։
Մի՛ արա այնպես, որ փոխատուն «շրջափակի» քեզ, այնպես մի՛ արա, որ հետո ստիպված լինես հանդուրժել, որ նա անընդհատ պահանջատեր լինի քեզնից ու զննի քո ամեն քայլը։ Վաշխառությունը կեղծիքի սկիզբն է, շնորհազրկության, ըմբոստության, սուտ երդման պատճառը։ Այլ բան է վաշխով փոխ վերցնելը, և մեկ ուրիշ բան՝ այն հետ վերադարձնելը։ Այն, ինչ նախկինում երբեք քեզ հետ չէր պատահել, գուցե սկսի պատահել՝ գումարը հետ վճարելու վտանգի տակ լինելուդ պատճառով։ Սակայն չէ՞ որ դու քո կամքով ես գնացել այդ քայլին, բայց նաև ի՞նչ պետք է անես, եթե հանկարծ քեզ ասվի, որ քո տված ոսկին պղնձախառն էր, իսկ դահեկանն էլ՝ կտրված։
Արդ, եթե քեզ սիրելի մեկն է քո փոխատուն, որևէ բան փոխ մի վերցրու նրանից ա՛յն բանի համար, որ չտուժի ձեր մտերմությունը, իսկ եթե քեզ թշնամի մեկն է, ապա այդ քայլին մի՛ գնա, որպեսզի ինքդ քեզ քո թշնամու ձեռքը չգցես։ Տե՛ս, որ օտարի տվածով փոքր-ինչ պաճուճվելուց հետո սեփական ունեցածիցդ էլ չզրկվես։ Ասա՛ ինքդ քեզ. «Այժմ ես աղքատ եմ, բայց նաև՝ ազատ»։ Փոխ առնելով՝ չես հարստանալու, և դեռ ազատությունիցդ էլ զրկվելու ես։ Վաշխով գումար վերցնողը իր փոխատուի ծառան է, իսկ վարձաբեր ծառան, որ պարտավոր է իր պարտքը փոխհատուցել, հավիտյան կապված է մնում փոխատուին։
Շները՝ կերակուր ստանալով, ընտելանում են, մինչդեռ վաշխառուն՝ իր վաշխն առնելով, առավել է զայրանում, քանի որ չի բավականանում իր ստացածով, այլ միշտ ավելին է ուզում։ Եթե երդվես էլ, որ գումար չունես, որպեսզի տաս իրեն, նա չի հավատա, այլ դեռ ի՛նքը երդվելով՝ շարունակ կպահանջի, կխառնվի քո առ ու ծախին, կքննի քո ելն ու մուտը։ Հենց տանից դուրս ելնես, դռանդ մոտից քեզ իր կողմը կքաշի ու հաշիվ կպահանջի։ Եթե տանդ ներսում թաքնվես, նա կսպասի քո տան շեմին, տանդ դուռը բախելով՝ թշնամաբար կխոսի կնոջդ հետ, ամոթահար կանի քեզ սիրելիներիդ մոտ, հրապարակներում կբռնի քո օձիքից ու մի օր էլ, որևէ մի տոնակատարության ժամանակ, չար պատահականությամբ քեզ հանդիպելով՝ կյանքիցդ էլ կզրկի քեզ։
«Մեծ կարիքի մեջ եմ,- կասես,- և որևէ միջոց էլ չունեմ կարիքներս բավարարելու համար»։ Սակայն ի՞նչ օգուտ քեզ ժամանակավոր «առատությունից», երբ դարձյալ քեզ վրա պիտի հասնի աղքատությունը՝ արագընթաց սուրհանդակի նման (հմմտ. Առակ. ԻԴ 34), ու քո նույն կարիքները՝ և դեռ ավելիով, քո առաջ պիտի հայտնվեն։ Քանի որ փոխ տրվածը վճարելն ամենևին դյուրին չէ, իսկ հապաղումն էլ զանազան տարակուսանքներ է առաջացնում։
Ուստի լավ է այսօր չարչարվել աղքատության դժվարությունների տակ ու չմտածել վաղվա օրվա համար կուտակելու մասին, քանի որ փոխ չվերցնելով, միևնույն է, և՛ այսօր, և՛ առաջիկայում աղքատ պիտի լինես, մինչդեռ փոխ առնելով՝ առավել դժնդակ վիճակում կհայտնվես վճարելիք վաշխի պատճառով՝ առավել երկարացնելով աղքատությունդ։ Եվ այժմ էլ ոչ ոք չի բամբասի քո աղքատանալու մասին, քանի որ քո կամքից անկախ է այդ չար բանը քեզ պատահել, բայց եթե տոկոսներ վճարելուն պարտական դարձնես ինքդ քեզ, ոչ ոք չի լինի, որ չի բամբասի քո անխոհեմության մասին։
Ուրեմն, ակամա վրա հասնող չարիքին մենք մեր անմտությամբ ինքնահորդոր կերպով այլ չարիք չավելացնե՛նք։ Մանկամտություն է սեփական ունեցածով բավարարվելու փոխարեն դեպի հայտնի վնասներն անհայտ հույսով ընթանալը ու հանդգնելը՝ անելու անբացատրելին։ Կրկի՛ն խորհիր. որտեղի՞ց ես այժմ հայթայթում քո ունեցվածքը։ Եվ եթե այժմվա ունեցածդ բավական չէ պետքերդ ու կարիքներդ ապահովելու համար, իսկ երբ դեռ վաշխն էլ կուտակես քեզ վրա, որտեղի՞ց պիտի այդքան բազմապատկես ունեցվածքդ, որ այն և՛ քո ու մտերիմներիդ կարիքները բավարարի, և՛ դեռ մի բան էլ տոկոսները վճարելուդ բավականացնի։ Այդ դեպքում ինչպե՞ս պիտի փոխհատուցես վերցրածդ։
Ինչի՞ վրա ենք դնում մեր հույսը, երբ այդ քայլին ենք գնում։ Արդյոք ձկների նման, որ կերակրից հետո կարթն են կլանում, մենք ևս նույնը չե՞նք անում՝ ունեցվածքի հետ նաև տոկոսները «կուլ տալով»։ Մի՞թե ամոթ է երբևէ աղքատանալը։ Ապա ինչո՞ւ ենք մեր աղքատության վրա նաև թշնամանք ավելացնում։ Ոչ ոք չի կարող վերքը վերքով դարմանել և ոչ էլ՝ չարը չարով բժշկել, ու այդկերպ էլ նաև՝ աղքատությունը հնարավոր չէ վաշխ վերցնելով՝ վերացնել։
Հարո՞ւստ ես, վաշխով գումար փոխ մի՛ տուր, աղքա՞տ ես, փոխ մի՛ վերցրու, քանի որ եթե ունևոր ես, փոխ տալու պետք չունես, իսկ եթե աղքատ ես ու ոչինչ չունես, փոխ վերցրածդ չես կարող հետ վճարել։ Քո կյանքը մի՛ մատնիր անխոհեմությանը, որպեսզի չլինի թե հետո զղջաս ու երանի տաս նախքան կուտակված տոկոսներ ունեցածդ օրերին։ Միայն նրանով են աղքատները զանազանվում հարուստներից, որ անհոգս են ու կենսախինդ, քանի որ թե՛ քնած ժամանակ, թե՛ արթուն պահին նրանց հոգիները խաղաղ են ու աներկյուղ։ Իսկ այն աղքատը, որն իրեն պարտքերի ենթակա է դարձնում, և՛ շարունակում է աղքատ մնալ, և՛ դառնում է բազմահոգ. անքուն՝ թե՛ գիշերն ու թե՛ ցերեկը, մտախոհ՝ իր ողջ կյանքի ընթացքում։ Այդպիսին մե՛կ իր գույքն է վաճառել կամենում, մե՛կ խորհում է բազում տների, հարուստների անդաստանների, նրանց հանդերձանքների ու տան կահ-կարասիների մասին՝ ասելով, որ «եթե այդ ամենն իմը լիներ, այսքանով կվաճառեի, այսքան գումար կունենայի ու կվճարեի կուտակված վաշխերս»։
Նմանատիպ մտքերն են, որ և՛ գիշերն են նրա սրտում հանգրվանում, և՛ ցերեկը՝ նրա միտքը տանջում։ Եվ եթե հանկարծ մեկն էլ դուռը թակում է, պարտապանը վախից վայր է ընկնում իր մահճից։ Երբ մեկն արագընթաց ներս է մտնում, նրա սիրտը ճաքում է։ Երբ անգամ շունն է հաչում, վախից քրտինքը հոսում է այդպիսի մարդու վրայից և երկյուղն է պատում նրան ու փնտրում է, թե ու՛ր փախչի։ Իսկ երբ մոտենում է պարտքը վճարելու ժամանակը, նա տառապում է՝ մտածելով, թե ինչ պատճառաբանություն պիտի բերի՝ վերցրածը փոխհատուցելու նպատակով վաշխառուից ևս որոշ ժամանակ խնդրելու համար։
Մտքումդ միայն վերցնելդ մի՛ ունեցիր, այլև մտաբերի՛ր քեզնից պահանջվելը։ Ինչո՞ւ ես ինքդ քեզ բազմաբեղուն գազանի լծի տակ դնում։ Նապաստակներին է բնորոշ կարճ ժամանակամիջոցում և՛ ծնվելը, և՛ մեծանալը, և՛ հղանալը. այսկերպ է նաև վաշխակերների ունեցվածքը, որը ծնվում ու շուտով աճում է։ Եվ հազիվ նոր փոխ առած գումարդ ձեռքդ վերցրած՝ վրա է հասնում մոտակա ամիսը և այն վերադարձնելու ժամանակը։ Եվ այդժամ վաշխառուն դարձյալ չար կերակրով է կերակրում քեզ՝ ամսեամիս ավելացնելով վաշխը և այդպիսով քեզ անբավ տոկոսների մեջ գցելով։ Ուստի և ագահության այս տեսակն այս անվանն է արժանացել, քանի որ, որքան գիտեմ, չարի բազմածնությունն է տոկոս անվանվում։ Արդարև, ի՞նչ է այդ, եթե ոչ՝ տրտմության ու նզովքի երկունք՝ պարտապանների համար։ Քանի որ, իսկապես, ինչպիսին ծնողի համար երկունքն է, նույնպիսին նաև պարտապանի համար վաշխառուի հետ հանդիպումն է։
Եվ այդկերպ վաշխին վաշխ է ավելանում, ինչպես որ չար մարդուց՝ չար սերունդ է ծնվում։ Նաև՝ տոկոսների «ծնունդը» քարբ օձի ծնունդին է նման, քանի որ քարբը, ասում են, իր մոր որովայնն ուտելով է ծնվում։ Այսկերպ նաև՝ վաշխը պարտապանի տունը «ուտելով» է ծնվում։ Սերմերի աճելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ, պետք է ժամանակ անցնի նաև, որպեսզի կենդանիները հասունանան, մինչդեռ տոկոսները, այսօր ծնվելով, այս նույն օրն իսկ աճել են սկսում։ Կենդանիները, եթե ժամանակից շուտ են ծնվում, սատկում են վաղ ծնվելու պատճառով, մինչդեռ կարիքավորի փոխ առած ունեցվածքի հավելավճարները, սկզբում թեպետ չնչին ու «մեռած» են թվում, սակայն այնուհետ մեծ արագությամբ սկսում են աճել։