Նիկիայի Ա տիեզերական ժողովը գումարվել է 325թ-ին Բյուզանդական կայսր Մեծն Կոստանդիանոսի (306-337թթ.) հրամանով, Բութանիայի Նիկիա քաղաքում, մայիսի 20-ին: Ժողովին մասնակցել են Ընդհանրական եկեղեցու 318 հայրապետներ, այդ թվում Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացին, Աթանաս Ալեքսանդրացին, Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին՝ Արիստակեսը և եկեղեցու այլ նշանավոր եպիսկոպոսներ:
Առաջին տիեզերական ժողովի հրավիրման շարժառիթն էր Ալեքսանդրիայի քահանա Արիոսի հերետիկոսական ուսմունքի քննությունը և դատապարտումը: Արիոսը քարոզում էր, թե Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից առաջ, Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը: Միակ անծնունդը, հավիտենականը և անսկիզբը Հայր Աստվածն է: Ըստ Արիոսի՝ կա մեկ և միակ Աստված: Դա Հայր Աստվածն է: Մնացած ամեն ինչ, որ գոյություն ունի, իր էությամբ խորթ է Աստծուն և ունի մեկ այլ ինքնուրույն էություն: Որդին առաջացել է ոչ թե Հոր էությունից, այլ՝ ոչնչից: Կար ժամանակ, երբ Որդին չկար: Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ ինչպես Հայրը, այլ այլայլելի, ինչպես արարածները: Նա ժխտում էր Հիսուսի հավասարությունը Հայր Աստծո հետ և չէր ընդունում Հիսուսի Աստված լինելը: Այլ խոսքով Որդին չի եղել, այլ առաջացել է, այսինքն արարած է: Նրա համար Հիսուսը պարզապես գերմարդկային մի արարած էր:
Արիոսի այս վարդապետության դեմ դուրս է գալիս Ալեքսանդրիայի արքեպիսկոպոս Ալեքսանդրը, որն իր քարոզներում շեշտում էր, թե՝ «Հավիտենական է Աստված, հավիտենական է և Որդին, Հայրը և Որդին միաժամանակ են, Որդին համագո է Աստծո մեջ անսկիզբ կերպով, հավիտենական ծնունդ է, ծնված անծնունդից: Հայրը Որդուն չի նախորդում ոչ իսկ մի վայրկյան, միշտ եղել է Հայրը, միշտ էլ՝ Որդին: Նույն էությունից է Որդին»:
Նիկիայի տիեզերական ժողովում մերժվում է Արիոսի մոլար ու հերետիկոսական շարժումը և դատապարտվում նրա վարդապետությունը
Նիկիայի, ինչպես նաև մյուս երկու տիեզերական ժողովների հիշատակի օրը եկեղեցում երգվում են հայրապետներին նվիրված շարականներ, ուր նրանց ներբողն է հյուսվում որպես հավատի հիմքերը հաստատողների: Հայ եկեղեցին Նիկիո Ա տիեզերական ժողովի 318 սուրբ հայրապետների հիշատակը տոնում է Վերափոխման չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ սեպտեմբեր ամսին:
Հավիտենական է Աստված, հավիտենական է և Որդին