Տէ՛ր երկնքի եւ երկրի Յիսուս Քրիստոս, իշխա՛ն կեանքի եւ մահուան, դատաւո՛ր կենդանիների եւ մեռեալների, յո՛յս եւ ապաւե՛ն իմ հոգու, Քեզ եմ մատուցում իմ աղօթքի երկրպագութիւնը եւ աղերսները: Լսի՛ր ինձ եւ քաւի՛ր իմ մեղքերը, որ միա՛կդ ես առանց մեղքերի, որ միա՛կդ ես սուրբ եւ սուրբերի մէջ բնակւում, որ միա՛կդ ես գթած ու ողորմած: Ողորմի՛ր ինձ, Ստեղծի՛չ իմ, եւ օրհնի՛ր ինձ: Հաշտուի՛ր ինձ հետ, կենսատո՛ւ իմ, եւ արքայութեանդ էջ յիշի՛ր ինձ, ինչպէս աւազակին: Դարձի՛ր դէպ ինձ, Փրկի՛չ իմ Աստուած, եւ դարձրո՛ւ ինձանից Քո ցասումը: Բարկութեամբդ մի՛ խրատիր ինձ եւ Քո ցասումով մի՛ յանդիմանիր:
Մի՛ բարկացիր ինձ վրայ յաւիտեան եւ մի՛ յիշիր իմ չարիքները եւ մի՛ պարտաւորիր ինձ ըստ իմ անօրէնութիւնների: Մի՛ վարուիր ինձ հետ ըստ իմ մեղքերի եւ մի՛ հատուցիր ինձ ըստ իմ անօրէնութեան: Մի՛ զրկիր ինձ Քո երեսից եւ մի՛ դատապարտիր ինձ, քանի որ ես ինքս գիտեմ, որ յանցաւոր եմ իմ մանկութիւնից եւ անպատասխան եմ Քո առջեւ:
Բայց Դո՛ւ, Թագաւո՛ր հզօր եւ անոխակալ, որ մեղաւոր կնոջ յանցանքները ներեցիր, ների՛ր իմ՝ մեղաւոր եւ անօրէն Քո ծառայի, պարտքերը: Քանզի Քո առատ բարերարութիւնն այնժամ է երեւում, երբ ողորմում ես ինձ, որ արժանի չեմ Քո ողորմութեանը, երբ ինձ ցոյց ես տալիս գթութիւնդ, որ արժանի եմ բիւր տանջանքների, քանի որ իմ բոլոր օրերն անցկացրեցի չարութեան մէջ եւ չմնացի Քո հրամանով:
Արդ, քաղցրացի՛ր իմ նկատմամբ, բարի եւ քա՛ղցր Թագաւոր, հաշտուի՛ր բազմամեղիս հետ եւ մի՛ դարձրու Քո երեսն ինձանից եւ բարկութեամբ մի՛ հեռացիր Քո ծառայից: Մի՛ անարգիր ինձ եւ մի թող ինձ, իմ Փրկի՛չ Աստուած, քանի որ թէպէտ ես Սուրբ Հոգուդ տաճարն ապականեցի անառակ վարքով, բայց գթա՛ ինձ, Ստեղծի՛չ իմ՝ ողորմած եւ անյիշաչար, եւ մի՛ ապականիր իմ հոգին գեհենի հրու յաւիտենական այրմամբ: Ներողամի՛տ եղիր իմ հանդէպ, մարդասէ՛ր, եւ շնորհի՛ր ինձ ապաշխարութեան ժամանակ եւ արցունքով զղջում եւ զօրացրո՛ւ սիրտն իմ՝ իմաստութեամբ խորհելու Քո օրէնքների մասին օր ու գիշեր, բարութիւն եւ արդարութիւն գործելու Քո առջեւ:
Բարձրացնում եմ դէպի Քեզ իմ աչքերը եւ իմ ամբողջ սրտով կանչում Քեզ, Տէ՛ր Քրիստոս, Միածի՛ն Որդի Աստուծոյ, որ, Քո մարդասիրութիւնից յաղթուելով, կամովին խոնարհուեցիր անճառ փառքիցդ եւ առար ծառայի կերպարանք, խաչի ու մահուան չարչարանքներին համբերեցիր Քո ստեղծածների փրկութեան համար:
Արդ, որ այսպիսի սէր ունես մարդկանց հանդէպ եւ կամենու ես, որ ամէն մարդ ապրի եւ ճշմարիտ գիտութեանը դառնայ, գթա եւ ինձ՝ բազմամեղիս մարդասէ՛ր Տէր, եւ կամեցի՛ր իմ փրկութիւնը եւ արա ինձ ողորմութիւն, որ առաւել ողորմելի եմ, քան բոլոր մարդիկ: Քանի որ Քեզ չսիրեցի իմ ողջ սրտով եւ իմ ողջ զօրութեամբ չպահեցի Քո պատուիրանները, այլ ունայնութեամբ անցկացրեցի իմ օրերն ու կատարեցի իմ սրտի կամքը: Իմ օրերը պակասեցին, եւ իմ անօրէնութիւնները շատացան, եւ ինձ համար չկայ յոյս փրկութեան եւ տեղ ապաւինութեան Քեզանից բացի, քանի որ միայն Քո բարերարութեանն եմ յուսացած եւ Քո առատ ողորմութեանն ապաւինած:
Եւ արդ, արտասուքների բխմամբ աղաչում եմ Քեզ՝ քանի դեռ իմ դարձի ժամանակը չի հասել, քանի դեռ իսպառ կորուսեալ չեմ, շնորհի՛ր ինձ ապաշխարութիւն եւ իմ վախճանից առաջ արձակի՛ր ինձ իմ մեղքերի կապանքներից եւ անտեսի՛ր իմ անթիւ անօրէնութիւնները:
Որ ամէն բարու տէր եւ մեղքերը ներող իշխան ես, ծածկի՛ր իմ բոլոր յանցանքները Քո բարեգթութեամբ եւ մխիթարի՛ր իմ վշտացած ու տարակուսած հոգին եւ առաջնորդի՛ր ինձ ասուհետեւ ըստ Քո կամքի՛ ապրել իմ պանդխտութեան մնացած ժամանակը. եւ մի՛ թող ինձ իմ անձի կամքով [ապրել], մինչեւ տանես բնակեցնես երկնքիդ արքայութեան օթեւաններում:
Լսի՛ր, Տէ՛ր, Քո անարժան ծառայի աղօթքներն ու խոնարհեցրո՛ւ Քո ունկն իմ պաղատանքներին, որ ասացիր. «Փնտրէ՛ք եւ կգտնէք, բախեցէ՛ք, եւ կբացուի» ինձ համար: Եւ այժմ բա՛ց իմ առջեւ, Տէ՛ր, Քո ողորմութեան Դուռը, որ ողբալով կանչում եմ Քեզ, եւ մի՛ անտեսիր իմ մեղաւոր անձի աղաչանքները, որ չեկար կանչելու արդարներին, այլ՝ մեղաւորներին ապաշխարութեան:
Եւ արդ, խոնարհուած հոգով, փշրուած սրտով, ամօթալից երեսով պաղատում եմ Քո անոխակալ տէրութեանը եւ ատեան դնելուց առաջ աղաչում եմ եւ նախքան դռան փակելը եւ անփոփոխելի վճիռ սահմանելն իմ արտասուքը Քո առջեւ հեղում, ողորմա՛ծ Տէր, քա՛ղցր եւ անյիշաչա՛ր եւ ներողամի՛տ՝ արարածներիդ հանդէպ: Յիմար կոյսերի հետ մի՛ դատապարտիր ինձ՝ փակելով ողորմութեանդ դուռը, եւ չար ու վատ ծառայի հետ մի՛ առաքիր ինձ արտաքին խաւարն, ուր աչքերի լաց է եւ ատամների կրճտում: Մի՛ հեռացրու ինձ Քո սիրելիների դասից եւ տարագիր մի՛ արա երանաւետ յաւիտենական կեանքից: Անբաժին մի՛ հանիր ինձ հայրենի ժառանգութիւնից, որ պատրաստել ես Քո սուրբերի համար աշխարհի սկզբից, եւ մի՛ զրկիր ինձ երկնաւոր հարսնարանից:
Եւ յանուն Քո մեծ ու փառաւորեալ թագաւորութեան դատաստան մի՛ մտիր Քո ծառայի հետ եւ մի՛ հատուցիր ինձ ըստ իմ բազում անօրէնութիւնների: Այլ շնորհի՛ր ինձ աջակողմեան դասի արժանաւոր եւ կատարեալ հոգիների հետ լուսեղէն ամպերին [բազմած] բարձրանալ օդի միջով Քեզ ընդառաջ եւ Քո սիրելիների եւ կամարարների հետ ուրախացրո՛ւ յարազուարճ ուրախութիւններում եւ առատապարգեւ փառքովդ փառաւորի՛ր ինձ արդարների երամներում՝ նրանց հետ բնակեցնելով Քո երկնային արքայութեան մէջ՝ Վերին Երուսաղէմում: Որպէսզի, նրանց հետ ձայնակցելով, փառաւորեմ Քեզ Հօր եւ Սուրբ Հոգու հետ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Եփրեմ Ասորի