Փառավորե՛նք ամենակալ Աստծուն, որ ողորմած է, բազմագութ ու մարդասեր, որ համբերատար է մեղավորների հանդեպ, որպեսզի նրանք ապաշխարեն: Տե՛ս, սիրելիս, բարերար Աստծու մեծ ողորմությունը, որ ոչ միայն թողություն է շնորհում մեղքերին, երբ դառնում են դեպի Նա, այլև արդարացնում է, պսակում Իր ողորմությամբ, և, ըստ Իր կամքի, ուրախության ու ցնծության է արժանի դարձնում: Տե՛ս Դավթին, որը մեղանչեց, բայց արտասուքով թողություն գտավ, և ոչ միայն թողություն գտավ, այլև Աստծու սիրելին և բարեկամը եղավ: Այն աստիճանի, որ մինչև իսկ Աստված ասում է, թե «այս քաղաքը (Երուսաղեմը) պիտի հովանավորեմ, որպեսզի այն ազատեմ ինձ ու իմ ծառա Դավթի համար» (Դ Թագ. ԺԹ 34), քանի որ անչափ է Նրա ողորմությունը: Աստված մարդուն չի դատում ըստ նրա մեղքերի, եթե ապաշխարության ու սգի մեջ է տեսնում նրան: Այդ պատճառով Հիսուս էլ է երանի տալիս սգավորներին, որոնք սգում են իրենց մեղքերի համար: Իսկ մխիթարությունը ոչ թե մի որևէ օր կամ մի որևէ ժամանակ է լինելու, այլ այն անմահ է լինելու և հավիտենական:
Եվ հայտնի է, որ չկա այնպիսի մեղք, որն ի զորու կլինի մարտնչելու ապաշխարության և ջերմ արտասուքի դեմ: Եթե անգամ մահու չափ սաստիկ էլ լինեն մեղքերը, միևնույն է, ապաշխարությունը կհաղթի դրանց: Այն ի զորու է հաղթելու և՛ ծերության, և՛ երիտասարդության մեղքերը ու ամբողջովին վերացնելու դրանք: Եվ եթե մարդասպանը մերձենա Աստծուն, Աստված կարդարացնի ու կսրբի նրան և նա հաճելի կդառնա Աստծուն: Ինչպես Դավիթը, որ շնացավ և սպանություն գործեց, բայց քանի որ ապաշխարեց, արժանելիորեն արդարացվեց շնություն և սպանություն գործելուց հետո: Մեղքի մեջ սուզվածն ու կորուսյալը սրբվեց արդարության վաստակով և արժանի դարձավ Սուրբ Հոգու ողորմությանը: Իր ապաշխարությամբ ցնծության բերկրանք պարգևեց Աստծուն և ուրախացրեց բոլոր հրեշտակներին: Նույն օրինակով և դու կարող ես արդարանալ, եթե անգամ հույժ մեղավոր լինես, քանի որ Աստծու գթության շնորհիվ ապաշխարությունը բոլոր մեղքերից առավել զորավոր եղավ, որովհետև Նա կամենում է, որ ամենքը դեպի փրկություն գնան: Աստված չի ախորժում մեղավորների վար գլորումը, այլ նրանց դարձը, այդ իսկ պատճառով էլ բոլոր մեղքերից ավելի զորավոր դարձրեց ապաշխարությունը, որով կարելի է ամեն մեղք էլ հաղթել ու հալածել ամենայն չարիք:
Աստված ապաշխարությունը սատանայի բոլոր հարվածներից ավելի վեր դասեց, որպեսզի ով մերձենա ապաշխարությանը, բժշկվի: Ինքը՝ Տերը, ասում է, որ «Ես մեղանչածի մահը չեմ տենչում, այլ նա թող հետ կանգնի իր չար ճանապարհներից ու փրկի իր հոգին» (Եզեկ. ԺԸ 32): Այդ պատճառով էլ դարձյալ ասում է. «Ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղավորներին՝ ապաշխարության» (Մտթ. Թ 13):
Կամենում եմ անդադար խոսել Աստծու սիրո և ողորմության մասին, որը առատապես հեղվում է մեղավորների վրա, որպեսզի նրանք ապաշխարեն, և Ինքը՝ սիրող ու գթառատ Տերը, իր հրեշտակներով հանդերձ ուրախ լինի յուրաքանչյուր ապաշխարողի համար, այնպես, ինչպես մոլորյալ ոչխարը գտնելիս և անառակ Որդու դարձի ժամանակ: Եվ ինչպես որ մարգարեն է ասում. «Գետերը թող ծափ տան միասին իրենց ձեռքերով, ու լեռները ցնծան Տիրոջ առջև, քանզի եկել հասել է ամենքի Տերը» (Սաղմ. ՂԷ 8):
Նույնպես և մոլորյալների՝ դարձի և կորուսյալ մեղավորների՝ գտնվելու համար կցնծան երկինքն ու երկիրը և ուրախ կլինեն Աստված ու բոլոր հրեշտակները: Միայն լսի՛ր հրեշտակների օրհնությունը Փրկչի Ծննդյան ժամանակ. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում»,- ասում էին, քանի որ Հայրը բարձունքներից առաքեց Որդուն ի փրկություն բոլոր մեղավորների և լույս՝ խավարյալների: Սրա համար էին օրհնում և ասում. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությու՜ն և հաճությու՜ն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 14), քանի որ մարդկությունը մոտ էր կորչելուն, սակայն Աստծու ողորմության շնորհիվ գտնվեցինք ամենքս: Հրեշտակների օրհնության պատճառը Աստծու գալուստն էր և նրանք օրհնելով՝ այսպես էին ասում. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում, և երկրում խաղաղություն թող լինի», քանի որ Աստված հաշտվեց մեղավորների հետ և նրանք փրկվեցին ապաշխարությամբ: Այս ավետիսն էին տալիս երկնային զորքերը, թե՝ «Այսօր ձեզ համար ծնվեց մի Փրկիչ» (Ղուկ. Բ 11), որը պիտի փրկի մեղավորներիդ սատանայի ճիրաններից և խաղաղություն պիտի հաստատի Աստծու ու մեղավորների միջև: Խաղաղություն է քարոզում երկնքում և երկրի վրա, քանի որ Ինքը խաղաղություն հաստատեց Իր խաչով ու չարչարանքներով և Իր մահվամբ ապրեցրեց մեզ ու լուսավորեց երկինքն ու երկիրը, արդարներին ու մեղավորներին: «Խաղաղություն» է կոչում Որդու գալուստը, քանի որ արդարև մեծ և ճշմարիտ խաղաղություն է Աստծու Ծնունդը Կույսից, որովհետև Նրա Ծննդյամբ Աստված հաշտվեց նախաստեղծի ու նրա ժառանգների հետ: Մեղավորներիս համար եկավ երկիր՝ փրկելու մեզ, գլորյալներին, այսինքն՝ մաքսավորներին, պոռնիկներին, ավազակներին ու հայհոյիչներին, ոտքի կանգնեցնելու ու Աստծու որդիներ դարձնելու համար եկավ Տերը, այսպիսինների համար չարչարվեց, թաղվեց ու հարություն առավ մեռյալներից: Նրա գալուստը, որով մենք փրկվեցինք, ոչ միայն արդարների, այլև մեղավորներիս և մոլորյալներիս համար էր: Ինչպես որ Տերն էլ ասաց. «Առողջներին բժիշկներ պետք չեն, այլ՝ հիվանդներին» (Ղուկ. Ե 31), նաև՝ «Ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղավորներին» (Մտթ. Թ 13), մոլորությունից ապաշխարություն դարձնելու նրանց և փրկելու թշնամուց: Եվ Պողոսն էլ ասում է. «Մինչ մեռած էինք մեր մեղքերի մեջ, մեզ կենդանացրեց Քրիստոսով» (Եփես. Բ 5): Ինքը՝ մեր Տերն էլ ասաց. «Չեկա դատելու աշխարհը, այլ՝ փրկելու» (Հմմտ. Հովհ. Գ 13):
Արդ, ինչո՞ւ ես հուսահատ կանգնում Աստծու Որդու գալստյան ժամանակ, որը եկավ ոչ թե աշխարհը դատապարտության ենթարկելու, այլ փրկության համար: Մեր Տերը ոչ թե արդարների, այլ մեղավորների համար մեռավ, նրանց համար մինչև իսկ փշե պսակ առավ, որպեսզի դու փրկվես ու ապրես և փառավորես Տիրոջ չարչարանքները, որոնք պատճառ եղան մեր կյանքի ու փրկության: Եվ Ինքն իսկ ասաց, թե «Իմ մահը մեղավորների համար եղավ»: Մեղավորների համար չարչարվեց Աստծու Որդին. դու ինչո՞ւ չես ապաշխարում, որպեսզի փրկվես, ո՜վ մեղավոր: Նինվեացիները երկնչեցին հանցանքներից, ապաշխարեցին ջերմեռանդ զղջմամբ ու փրկվեցին: Իսկ դու ինչո՞ւ չես երկնչում Աստծուց և չես մտնում ապաշխարության ջերմեռանդ սգի մեջ. գուցե ներո՞ւմ գտնես, ո՜վ մեղավոր: Մի՞թե Աստծու քաղցրությունը փույթ չէ քեզ համար կամ չգիտե՞ս, որ երբ դարձի գաս ու ապաշխարես, Աստված թողություն կշնորհի քո մեղքերին և ողորմած կլինի քո հանդեպ: Իսկ եթե այստեղ չապաշխարես, այնտեղ հոգուդ և մարմնիդ կորուստը պիտի գտնես ու պիտի արտասվես գեհենում, որտեղ ոչ լալն օգուտ կլինի, ոչ էլ արտասուքը՝ փրկություն: Եվ արդ, լսում ես Քրիստոսից, որն ասում է, թե «իմ բոլոր չարչարանքները մեղավորների համար են»: Ուրեմն, Տիրոջ բոլոր չարչարանքները մեզ համար եղան, որպեսզի մեղավորներին ապաշխարության կանչի, բայց դու քո անարդար վարմունքով բարկացնում ես Աստծուն և անարժան համարվում Նրա առաջ: Արդ, խնդրեմ, ասա՛, եթե որևէ մեկի որդին մահանա, և դու, նրա տուն մտնելով, ծիծաղես նրա վրա, ո՞վ կընդունի քո խոսքերը. անպետք ու թշնամի կհամարվես մահացածի ծնողների համար: Նույնպես և այն ժամանակ, երբ դու ծիծաղում ես, իմանալով, որ մեղքերի ախտից մեռած է քո հոգին, թշնամի ես դառնում քո անձին: Սա տեղին է ասել նրանց մասին, ովքեր սատանայական խորհուրդներ են բարբառում: Փակվելու են բոլոր նրանց շուրթերը, ովքեր կասեն, թե պոռնկությունը մեղք չէ, և այդպիսով կորսան շատերին՝ նրանց դեպի մահ ու կորուստ տանելով: Բայց մենք խոսենք նրա՛նց հետ, ովքեր հավատացյալներ են, և սիրով մխիթարենք Աստծուց երկյուղողներին, քանի որ բոլոր իմաստությունների և գիտությունների սկիզբը Աստծուց երկնչելն է: Քրիստոս մեղավորների համար եկավ, որպեսզի նրանք ապաշխարությամբ մուտք գործեն Իր ճշմարիտ դռնով ու ապրեն Աստծու մարդասիրության շնորհիվ, որով ի փառս Աստծու Որդու նորոգվեց և անմահացավ տիեզերքը, որը, հնացած մեղքերի կռապաշտությունից ու մոռացած ճշմարիտ Աստծուն, մեռած էր անմռունչ աստվածությունների ճենճահոտ զոհերի ախտից: Սակայն դո՛ւ, սիրելիս, փութա՛ արտասուքով և խոստովանությամբ հասնելու հավիտենական փրկությանը, որին շա՜տ մեղավորներ հասան: Տերը հույժ կամենում է մեր փրկությունը, որի համար և Ինքը հաճեց չարչարվել: Դու ևս հնազանդությամբ խոստովանի՛ր քո բոլոր հանցանքներն ու լալով և հառաչանքով քավի՛ր քո մեղքերը, ինչպես արեցին նինվեացիներն ու այն պոռնիկը, եկեղեցու վեմ Պետրոսն ու մաքսավոր Մատթեոսը: Նույնպես և դո՛ւ, եթե կամենաս, կարող ես լինել նրանց նման և քեզնից հեռու վանել ամենայն չարիք: Այդ դեպքում Աստված էլ այլևս չի հիշի քո մեղքերը, այլ Իր փառքին կերպարանակից՝ հրեշտակներին հավասար և Աստծու որդի կդարձնի քեզ, որդի՝ լույսի ու տվնջյան, սակայն ո՛չ կեղծ ու օտար, այլ ճշմարիտ լույսի, ինչպես Որոտման որդին է ասում. «Նա է ճշմարիտ Լույսը, որը լուսավորում է ամենքին, ովքեր աշխարհ են գալիս, ու նաև նրանց, ովքեր խավարյալ են մեղքի պատճառով»:
Գրաբարից արևելահայերենի փոխադրեց
Գևորգ ուրկ. Կարապետյանը
(Շարունակելի)