Հովհաննես Երզնկացու (XIII դար) «Յաւուրց վերջին ժամանակի» շարականն է՝ նվիրված յոթ խոտաճարակներին։ Յուրաքանչյուր տան առաջին տառերով կարդացվում է «Յոհանիսի երգ» կապակցությունը։ Իսկ ովքե՞ր էին յոթ խոտաճարակները և ի՞նչ պատմություն կա կապված նրանց անվան հետ․ նրանք այն ճգնավորներն էին, որոնք 584 թվականին Տարոնի Գլակա կամ Ս. Կարապետ եկեղեցի էին եկել և բնակվել Իննակնյա վանքի մոտ գտնվող Ավետյաց կոչվող բլուրի մոտ: Քանի որ նրանք սնվում էին միայն խոտերով, մարդիկ նրանց կոչեցին խոտաճարակներ: Պատմությունն ավանդել է նրանց անունները՝ Պողիկարպոս, Թեովնաս, Սիմեոն, Հովհաննես, Եպիփան, Դիմառիոս և Նարկեսոս: Պարսից Խոսրով թագավորը պատերազմ է հայտարարում հույների դեմ և իր զորքի մի թևն ուղարկում է Տարոնի կողմերը՝ կողոպուտի: Կանխազգալով թշնամու մոտալուտ հարձակումը` վանականները վանքի գանձերը փրկելու նպատակով թաքցնում են ապահով տեղերում, իսկ իրենք` հեռանում, սակայն սուրբ Խոտաճարակները ոչ մի կերպ չեն համաձայնվում հեռանալ վանքից: 604 թվականին պարսից զորքը հարձակվում է վանքի վրա, բայց գանձեր չգտնելով՝ հուսախաբ է լինում և զայրույթը թափում յոթ խոտաճարակների վրա՝ գլխատելով նրանց և հեռանալով: Երեք օր հետո միաբանները վերադառնում են և թաղում նրանց մարմինները Ս. Անտոնի և Ս. Կրոնիդեսի գերեզմանների մոտ:
Երգի խոսքերը՝ (երգված հատվածները)
Յաւուրց վերջին ժամանակի,
Շինեաց իւր տուն զեկեղեցի,
Հօրն գթած երկնաւորի,
Իմաստութիւն բան եւ որդի,
Ետ զմարմին իւր ի զէնլի,
Զգինի արեանն խառնելի,
Սմին հրաշից ներգործողի,
Տո՛ւք օրհնութիւն յամենայնի։
Որ եւ զծառայս իւր առաքեաց,
Ի խառնելիսն հրավիրեաց,
Զքաղցեալս ի հաց մարմնոյն կոչեաց,
Զգինի արեանն ետ ծարաւեաց,
Յայս կոչմանէս ապստամբեաց
Ազգ հիւսիսոյ Հայաստանեաց,
Այն, որ զհրաշս զայս ներգործեաց,
Մեզ նորագոյն յոյս հաստատեաց։