Վարդենյաց լեռնանցքի մոտ կառուցված Օրբելյանների քարավանատունը (հայտնի է նաև Սելիմի քարավանատուն անունով) միջնադարյան Հայաստանի նման կառույցների շարքում եզակի է, որն ունի կառոուցման ստույգ թվականներ՝ հիմնադրումը՝ 1327 թ., ավարտը՝ 1332 թ.։ Առաջինը գրված է մուտքի վրա եղած պարսկերեն արձանագրության մեջ, երկրորդը՝ ներսում, հայերեն արձանագրության մեջ։ Դրանցում նշված է նաև կառուցողի՝ Չեսար Օրբելյան իշխանի անունը։ Պարսկերեն արձանագրության առկայությունը վկայում է այն մասին, որ այս քարավանատունը առևտրական միջազգային ճանապարհի մի կարևոր հանգույց էր, որտեղով տարբեր ազգության առևտրականների բազմաթիվ քարավաններ էին անցնում։ Բուն շինությունն աչքի է ընկնում ինքնատիպ ճարտարապետությամբ, ի տարբերություն այլ քարավանատների, որոնք հիմնականում իրար կրկնող եռանավ դահլիճի հատակագիծ ունեն։ Օրբելյան իշխանի կառուցածը եռադահլիճ է՝ կառուցվածքային յուրահատկություններով, ճակատային մասի գեղեցիկ քանդակային հարդարանքով։ Այսինքն, սա ինքնատիպ մտածողությամբ ճարտարարպետի մտահղացման ծնունդ է։ Շատ հավանական է, որ քարավանատան ճարտարապետը եղել է Օրբելյանների իշխանական տան ճարտարապետ բազմաշնորհ Մոմիկը։ Վերջինս Գլաձորի համալսարանի շրջանավարտ էր։ Հետաքրքիր է, որ ըստ հայերեն արձանագրության, այս կառույցի հիմնադրումը և ավարտից հետո՝ բացումը, տեղի է ունեցել Գլաձորի համալսարանի ուսուցչապետ Եսայի Նչեցու օրհնությամբ։
Կ. Մաթևոսյան
Աղբյուր՝http://ArmenianArt